ՆԱՀԱՏԱԿՈՒԹԵԱՄԲ ՅԱՂԹԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Լրացաւ Պոլսում լոյս տեսնող «Ակօս» թերթի խմբագիր Հրանդ Տինքի ողբերգական մահուան 5-րդ տարելիցը, որը Թուրքիայում ու ողջ աշխարհում լայնօրէն ոգեկոչուեց սգոյ հանդիսութիւնների ու երթերի միջոցով:

Այդ թերթի խմբագրի ճակատագիրը անցած 5 տարիների ընթացքում արդէն հասցրել է այնպիսի խոր հետք թողնել մեր նորագոյն պատմութեան մէջ, որ արժանի է ոչ միայն քաղաքական, այլեւ լայն աշխարհայեացքային ու պատմահամեմատական գնահատականի:

Հրանդ Տինքի սպանութիւնը, լինելով Թուրքիայի յանցաւոր գործելակերպի հերթական դրսեւորումը, լուրջ հարուած է հասցրել այդ երկրի գոյութեան գաղափարաքաղաքական հիմքերին:

Դրա վկայութիւնն է օրերս հրապարակուած թրքական դատարանի որոշման հանդէպ այդ երկրում բարձրացած բողոքի ալիքը: Անգամ Թուրքիայի առաջին դէմքերն են նշում, որ ներկայ դատավարութեան հետ կապուած բոլոր հարցերը դեռեւս չեն փակուել ու պէտք է սպասել Վերաքննիչ դատարանի որոշմանը:

Այսինքն, սկսած միջազգային իրաւապաշտպաններից մինչեւ Թուրքիայի ղեկավարները, ուղղակի կամ էլ անուղղակի խոստովանում են, որ առայժմ դատապարտուել են միայն Հրանդ Տինքի սպանութեան անմիջական կատարողները, իսկ նրանց թիկունքին կանգնած ուժերի ու անհատների բացայայտման հարցը մնում է օդում կախուած:

Աւելորդ է անգամ եզրակացնել, որ Հրանդ Տինքին սպաննել է «Թուրքիա» պետութիւնը, որտեղ տասնամեակներ շարունակ ձեւաւորուել է նման բարբարոսական եղանակներով անցանկալի անձանց վերացնելու կայուն աւանդոյթ, ինչի հիմքերը դրուել են դեռեւս Հայոց ցեղասպանութեան շրջանում ստեղծուած` թրքական ուրուային պետութեան առաջին կառոյցի` «Թեշքիլաթ ի մահսուսէ»-ի կողմից:

Այսինքն թրքական պետութիւնը իր ձեռքի տակ ստեղծել եւ հարկ եղած դէպքում օգտագործում է նման կառոյցներին, իսկ վերջում էլ, ինչպէս ներկայումս նախագահ Կիւլը, փորձում է սահմանազատուել դրանցից: Բայց չէ՞ որ նոյն կերպ էլ Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքն էր փորձում «սահմանազատուել» իր հոգեւոր հայրերից եւ անմիջական նախորդներից` երիտթուրքերից:

Խոստովանենք, որ յանցագործութիւնը պարտակելու նման արհեստագիտութիւնները Թուրքիայում անվրէպ գործում էին ընդհուպ մինչեւ Հրանդ Տինքի սպանութիւնը, բայց այժմ դա անզօր է ընդամէնը մի սովորական թերթի խմբագրի յիշատակի առջեւ: Այսօր Թուրքիայում ըստ էութեան այլեւս ոչ ոք չի հաւատում, թէ պետութիւնը մեղսակից չէ սպանութեանը: Առանց չափազանցութեան` սրանով դրւում են ցեղային-ֆաշական խտրականութեան վրայ կառուցուած այդ պետութեան քայքայման ու փլուզման հիմքերը:

Ցանկացած պետական համակարգի գոյութիւնը պայմանաւորւում է ոչ թէ նրա թնդանօթների ու հրասայլերի քանակով, այլ նրանով, թէ ինչպէ՞ս են վերաբերւում նրա քաղաքացիները կառավարող վերնախաւի քայլերի ու գործողութիւնների հաւաստիութեանն ու արդարացիութեանը: Ներկայումս Թուրքիայի ղեկավարութիւնը ոչ մէկին չի կարող համոզել, որ Հրանդ Տինքի կեանքը խլած անմիջական մարդասպանների շարժառիթները պայմանաւորուած են եղել միայն նրանց անձնական համոզմունքներով, կամ էլ` նեղ խմբակային դիտաւորութիւններով: Այսինքն գոյութիւն ունի համընդհանուր անվստահութիւն պետութեան ու նրա կառոյցների անմեղսունակութեան կանխավարկածի հանդէպ:

Անշուշտ նման անվստահութիւնը բաժանւում է երկու` միմեանցից տարանջատուող խմբերի: Թուրքերի մի մասը գիտի, որ այդ ամէնի թիկունքին կանգնած է պետութիւնը, բայց սրտի խորքում հաւանութիւն է տալիս նրա գործողութիւններին ու խորիմաստօրէն լռում է` օրինաչափ համարելով սեփական յանցանքը պարտակելու ուղղութեամբ իշխանութեան գործադրած ջանքերին:

Միւսները, հակառակը, գիտենալով ճշմարտութիւնը, ամենեւին էլ չեն պատրաստւում լռել: Երկու դէպքում էլ Թուրքիայի իշխանութիւնը ինչպէս սեփական քաղաքացիների, այնպէս էլ միջազգային հանրութեան առջեւ յայտնուել է այն բացայայտուած խաբեբայի կարգավիճակում, որին այլեւս ոչ ոք չի հաւատում:

Պատահական չէ, որ Թուրքիայում նորանոր ձայներ են հնչում ոչ միայն Հրանդ Տինքի սպանութեան իրական պատուիրատուների բացայայտման, այլեւ` յօգուտ Հայոց ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման: Վերջին օրինակները` ի դէմս մի շարք քաղաքական գործիչների ու պիզնըս-էլիտայի ականաւոր ներկայացուցիչների յայտարարութիւնների, գալիս են վկայելու, որ թրքական ժխտողականութեան հիմքերը քայքայւում են ոչ միայն միջազգային ասպարէզում, այլեւ` սեփական երկրի ներսում:

Հրանդ Տինքը իր մահուամբ ճեղքեց լռութեան պատը, դրանով իսկ այնպիսի հարուած հասցրեց իր հակառակորդին` կեղծիքի ու արեան վրայ հիմնուած Թուրքիայի պետական համակարգին, որ վերջինս այսօր սկսել է լրջօրէն տատանուել` սեփական պահուածքի անհեռանկարայնութեան գիտակցումից:

Երեւան

Share this Article
CATEGORIES