ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ. ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ-ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՎԷՃԸ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Այսօր Հայաստանի իշխանական եւ ընդդիմադիր գրեթէ բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը  (բացառութեամբ Հանրապետական կուսակցութէան եւ յատկապէս նրա առաջնորդ Սերժ Սարգսեանի) պաշտպանում են բացառապէս համամասնական ընտրակարգով խորհրդարան ձեւաւորելու սկզբունքը: Սա նշանակում է` ընտրութիւններն անցկացնել բացառապէս կուսակցական ցուցակներով, եւ եթէ ոեւէ մէկը ցանկանում է դառնալ խորհրդարանի պատգամաւոր, ապա նա պէտք է մաս կազմի այդ ցուցակներին:

Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրութիւնները բացառապէս համամասնական ընտրակարգով անցկացնելու կողմնակիցներն էին Ազգային ժողովի երկու ընդդիմադիր ուժերը` ՀՅԴ-ն ու Ժառանգութիւնը: Կարճ ժամանակ անց նրանց միացաւ արտախորհրդարանական ընդդիմութիւնը` Հայ ազգային քոնկրեսը` (ՀԱՔ) Լեւոն Տէր Պետրոսեանի գլխաւորութեամբ, ապա նաեւ` իշխանական քոալիսիոնին մաս կազմող Բարգաւաճ Հայաստանը, որը խորհրդարանում մեծութեամբ երկրորդ ուժն է Հանրապետականից յետոյ:

Անկասկած, ընտրութիւնները համամասնական ընտրակարգով անցկացնելը ունի իր առաւելութիւնները, յատկապէս Հայաստանի դէպքում, երբ ընտրական գործընթացին միջամտում են սակաւապետները, թաղային հեղինակութիւններն ու քրէական տարրերը: Համամասնական ընտրակարգի դէպքում կայանում եւ ուժեղանում են կուսակցութիւնները, խորհրդարանը դառնում է աւելի անկախ, այնտեղ տեղ են զբաղեցնում քաղաքական գործիչները եւ ոչ թէ սակաւապետներն ու թաղային հեղինակութիւնները, ինչպէս այսօրուայ խորհրդարանն է:

Մեծամասնական ընտրակարգով ընտրւում են հիմնականում իշխանութիւններին մօտ գտնուող սակաւապետները եւ ոչ կուսակցական գործիչները: Եւ եթէ անգամ ընդդիմութիւնը յաղթի ընտրութիւններում, ապա մեծամասնական տեղերի հաշուին խորհրդարանում ուժերի յարաբերակցութիւնը թեքւում է իշխանութիւնների օգտին: Շատ քիչ են դէպքերը, երբ մեծամասնական ընտրակարգում յաղթում է ընդդիմութեան ներկայացուցիչը, քանի որ նրա դէմ աշխատում են ողջ պետական մեքենան ու քրէասակաւապետական հատուածը:

Բայց պէտք է նաեւ գիտակցել, որ միայն համամասնական ընտրակարգով ընտրութիւններ կազմակերպելը դեռ երաշխիք չէ, որպէսզի ընտրութիւնները չկեղծուեն: Ճիշդ է, սակաւապետները, թաղային հեղինակութիւններն ու քրէական տարրերը ընտրութիւնների ընթացքում աշխատում են բացառապէս իշխանութիւնների համար եւ ընդդէմ ընդդիմութեան, սակայն նոյնը նրանք անելու են այն դէպքում նաեւ, երբ ընտրութիւններն անցնեն բացառապէս համամասնական ընտրակարգով: Նախ, այն սակաւապետները, ովքեր ընտրւում են մեծամասնական ընտրակարգով, մտնելու են Հանրապետական կուսակցութեան ցուցակ, եթէ իրօք վերացուի մեծամասնական ընտրակարգը: Այդ սակաւապետները իրենց դրամը ծախսելու են կուսակցութեան համար, որի դիմաց նրանց ցուցակի այնպիսի տեղերում են դնելու, որ նրանք մտնեն խորհրդարան: Թաղային հեղինակութիւնները, քրէական տարրերը, ոստիկանութիւնը եւ միւս ուժային կառոյցները ընտրութիւնների ընթացքում աշխատելու են բացառապէս Հանրապետական կուսակցութեան ցուցակի օգտին: Կարելի է բերել այլ փաստարկներ եւս եւ ցոյց տալ, որ համամասնական ընտրակարգի անցնելը ընտրութիւնները կեղծելուց փրկելու համադարման չէ: Բայց, կրկնենք, անցումը դէպի բացառապէս համամասնական ընտրակարգի, աւելի ճիշդ է, քանի որ կայացած ժողովրդավարական երկրներում հէնց այդ ընտրակարգն է գործում:

Մեծամասնական-համամասնական վէճի իմաստով Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնների պատմութիւնը հետաքրքրական է: Ուշագրաւ է, որ հէնց այս վէճի պատճառով ընտրութիւնից ընտրութիւն Հայաստանում փոխուել է «Ընտրական օրէնսգիրքը»: Ու թէեւ անկախութեան քսան տարիների ընթացքում հարիւր տոկոսանոց մեծամասնականից անցում է կատարուել խառը ընտրական համակարգի եւ այսօր խորհրդարանի պատգամաւորների մեծ մասը (131-ից 90-ը) ընտրւում է հէնց համամասնականով՝ կուսակցական ցուցակներով, սակայն ընտրակարգի փոփոխութիւնը չի օգնել, որպէսզի ընտրութիւնները աւելի արդար անցնեն, ինչպէս նաեւ չի օգնել, որպէսզի խորհրդարանում աւելի քիչ սակաւապետներ ու թաղային հեղինակութիւններ յայտնուեն:

1990 թուականին անցկացուած խորհրդարանական ընտրութիւնները բացառապէս մեծամասնական ընտրակարգով են անցել: Այն ժամանակ խորհրդարանն ունէր 260 պատգամաւոր, որոնց ընտրուելուն, որպէս անհատներ, աջակցում էին կա՛մ համայնավարները, կա՛մ ՀՀՇ-ն: 1990-1995 թթ. խորհրդարանում հետագայում ձեւաւորուեցին ՀՀՇ, ՀՀԿ (համայնավարներ), ՀՅԴ, ՀՌԱԿ կուսակցական խմբակցութիւնները:

1995 թուականի խորհրդարանական ընտրութիւններում կատարուեց երկու հիմնական փոփոխութիւն: Ազգային ժողովի պատգամաւորների թիւը 260-ից իջեցուեց 190-ի, որից 150-ը ընտրուեց մեծամասնական, իսկ 40-ը` համամասնական ընտրակարգով: Համամասնական` կուսակցական ընտրակարգով խորհրդարան մտնելու սահմանուած հինգ տոկոսի արգելքը յաղթահարեցին «Հանրապետութիւն» միաւորումը (որի կորիզը ՀՀՇ-ն էր, ինչպէս նաեւ` Հանրապետական կուսակցութիւնը, ազատական-դեմոկրատները, Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւնը, Մտաւորական Հայաստանը, անկուսակցական մի շարք գործիչներ), «Շամիրամը» (Վանօ Սիրադեղեանի ստեղծած կանանց այս միաւորման մասին կը գրենք այլ առիթով), ՀՀԿ-ն  (համայնավարներ), Վազգէն Մանուկեանի ԱԺՄ-ն եւ Պարոյր Հայրիկեանի ԱԻՄ-ը: Ընտրութիւններից կէս տարի առաջ երկրի նախագահ Տէր Պետրոսեանի հրամանագրով արգելուել էր հիմնական ընդդիմադիր ուժի` ՀՅԴ-ի գործունէութիւնը: Ընդունուած է համարել, որ խորհրդարանական ընտրութիւնների մէջ ամենակեղծուածը հէնց 1995-ի ընտրութիւններն էին, քանի որ իշխանութիւնները ընտրելու հնարաւորութիւնից զրկել էին ՀՅԴ-ին:

1999 թուականի խորհրդարանական ընտրութիւններում մտցուել էին երկու հիմնական նորամուծութիւններ. Ազգային ժողովի պատգամաւորների թիւը 190-ից իջեցուեց 131-ի, որից 75-ը ընտրուեց մեծամասնական, իսկ 56-ը` համամասնական` կուսակցական ցուցակներով: Ինչպէս տեսնում ենք, կրկին աւելացաւ համամասնականի չափաբաժինը: Ընդունուած է համարել, որ Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնների մէջ համեմատաբար արդար են եղել հէնց 1999-ի ընտրութիւնները: Խորհրդարան անցան «Միասնութիւն» դաշինքը (Վազգէն Սարգսեանի ՀՀԿ-ն եւ Կարէն Դեմիրճեանի ՀԺԿ-ն), ՀՀԿ-ն (համայնավարներ), «Իրաւունք եւ միաբանութիւն» դաշինքը, ՀՅԴ-ն, «Օրինաց երկիրը» եւ ԱԺՄ-ն: 2003 թուականի խորհրդարանական ընտրութիւնները եւս անցան 75 մեծամասնական, 56 համամասնական ընտրակարգով: Խորհրդարան անցան Հանրապետական կուսակցութիւնը, «Արդարութիւն» դաշինքը, «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն, «Ազգային միաբանութիւնը» եւ Միաւորուած աշխատանքային կուսակցութիւնը:

Խորհրդարանական նախորդ` 2007 թ. ընտրութիւններում, կրկին աւելացաւ համամասնականի թիւը ի հաշիւ մեծամասնականի: 131 պատգամաւորներից միայն 41-ն ընտրուեց մեծամասնական ընտրակարգով, իսկ 90-ը` կուսակցական ցուցակներով: Խորհրդարան մտնելու հինգ տոկոս շեմը յաղթահարեցին` Հանրապետականը, Բարգաւաճ Հայաստանը, ՀՅԴ-ն, «Օրինաց երկիրը» եւ «Ժառանգութիւնը»:

Մայիսի առաջին շաբաթը կայանալիք ընտրութիւններից ամիսներ առաջ Հայաստանի քաղաքական դաշտի ազդեցիկ հինգ կուսակցութիւններից չորսը` ՀՅԴ-ն, Ժառանգութիւնը, ՀԱԿ-ը եւ Բարգաւաճ Հայաստանը պահանջում են, որ ընտրութիւններն անց կացուեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով: Իշխող Հանրապետական կուսակցութիւնը եւ առաջին հերթին նրա առաջնորդ Սերժ Սարգսեանը դրան դէմ են:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES