ՊՈՐԻՍ ԵԼՑԻՆԸ ՎԼԱՏԻՄԻՐ ՓՈՒԹԻՆԻՆ. «ԵՍ ՁԵԶ ՆՈՒԻՐՈՒՄ ԵՄ ԾԱՆՐ ՃԱԿԱՏԱԳԻՐ»

Շատ շուտով Ռուսաստանում կ՛անցկացուեն նախագահական ընտրութիւններ եւ այդ հզօր եւ բարեկամական երկրի ժողովուրդը կ՛որոշի, թէ կը ղեկավարի՞ արդեօք Վլատիմիր Փութինը Ռուսաստանի Դաշնութիւնը երրորդ անգամ:

Պաշտօնաթողութիւնից չորս տարի անց, Պորիս Ելցինը Լիւտմիլա Թելենին (Մոսքովսքիէ Նովոսթի», 2003թ.) տուած հարցազրոյցում պատմել է, թէ ինչո՛ւ է ինքը որպէս իր իրաւայաջորդ ընտրել հէնց Փութինին: Այդ փաստարկները, կարծում ենք, այսօր էլ այժմէական են եւ կը հետաքրքրեն մեր հայրենակիցներին:

ՀԱՐՑՈՒՄ.- Ինչպէ՞ս ընդունեցիք իրաւայաջորդի մասին որոշումը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ես շատ երկար ուսումնասիրում էի նրան, եւ` ոչ միայն թղթերի միջոցով: Շատ լաւ ծանօթ էի նրա աշխատանքին` Սոպչաքի մօտ Փիթերում: Երբ նա տեղափոխուեց Մոսկուա, առաւել ուշադիր սկսեցի հետեւել: Ես բաւականին շատ ժամանակ ծախսեցի դրա վրայ: Տեսայ, որ նա ոչ միայն խելացի եւ գրագէտ է, այլեւ` շատ զուսպ եւ օրինապաշտ:

Հ.- Բայց ինչո՞ւ յատկապէս նա, այլ ոչ թէ նրանք, ում քաղաքականութիւն բերեցիք 90-ականներին:

Պ.- Այդ խմբակից ոչ մէկը ընտրութիւնների ժամանակ չէր անցնի, մենք արդէն քննարկել ենք, թէ ինչո՛ւ:

Հ.- Վլատիմիր Փութինն այնպիսի յատկանիշներ ունէր, որ չունէին նրա սերնդի միւս քաղաքական գործիչները:

Պ.- Նա առաւելապաշտ չի, դա կարեւոր տարբերութիւնն է:

Հ.- Իսկ այդ սերնդի քաղաքական գործիչները շատ ընդհանրութիւններ ունե՞ն:

Պ.- Տարբերութիւններն աւելի շատ են: Շատ ընդհանրութիւն կա՞յ Փութինի եւ Կայտարի, Վոլոշինի եւ Քասեանովի, Չուպայսի եւ Սթեփաշինի միջեւ: Այդպիսի 20 զոյգ կարող եմ նշել: Միաւորում է մի առանցք, բոլորը Ռուսաստանը տեսնում են ժողովրդավարական եւ ամէն ինչ անում են դրա համար:

Հ.- Ե՞րբ կանգ առաք Փութինի վրայ:

Պ.- Աւելի վաղ, քան առաջարկեցի նրան վարչապետ դառնալ:

Հ.- Չսխալուեցի՞ք:

Պ.- Ո՛չ:

Հ.- Իսկ դուք յաճախ է՞ք սխալւում մարդկանց հարցում:

Պ.- Երբ համալսարանից յետոյ սկսեցի աշխատել արտադրութիւնում, հրաժարուեցի միանգամից վարպետ աշխատել: Գտնում էի, որ սկզբում պէտք է սովորեմ ճանաչել մարդկանց: Սովորեցի: Ես, օրինակ, չեմ յիշում, որ արտադրութեան մէջ որեւէ քատրային սխալ թոյլ տուած լինեմ:

Հ.- Իսկ Կրեմլո՞ւմ:

Պ.- Կրեմլում եղել է:

Հ.- Դուք գերագնահատե՞լ էք մարդկանց:

Պ.- Պարզապէս ես նրանց բաւականաչափ չէի ճանաչում: Կեանքն այնքան բուռն էր, որ ժամանակ չէր մնում մարդուն լիարժէք, մանրակրկիտ ուսումնասիրելու համար: Բայց արդէն ասացի, որ Փութինի ընտրութեան դէպքում այլ էր:

Հ.- Դուք խորհրդակցո՞ւմ էիք ձեզ շրջապատող մարդկանց հետ:

Պ.- Ո՛չ, դա իմ անձնական որոշումն է: Ես ոչ ոքի հետ չեմ խօսել: Բացարձակապէս ոչ ոքի: Ի դէպ, երբ ես Չինաստանում էի, Ցեան Ծեմինը ինձ ասաց. Պորիս Նիքոլայնիչ, ինձ այնքան դուր եկաւ ձեր արարքը: Ես որոշեցի, որ նոյնպէս ժամկէտից շուտ կը հեռանամ»: Յետոյ շշուկով աւելացրեց. «Ես առաջինը ձեզ եմ ասում: Ոչ ոք չգիտի»: Եւ հեռացաւ:

Հ.- Ինչո՞ւ դուք հեռացաք ընտրութիւններից կէս տարի առաջ:

Պ.- Պէտք էր Փութինին ժամանակ տալ:

Հ.- Որպէսզի միաւորնե՞ր հաւաքի:

Պ.- Որպէսզի մարդիկ ճանաչեն նրան, սկսեն հասկանալ, գնահատեն: Չէ՞ որ նրան մինչ այդ քիչ գիտէին: Եւ նա, պէտք է խոստովանել, այդ ժամանակն արդիւնաւէտ օգտագործեց, կարողացաւ իրեն ցոյց տալ:

Հ.- Կրեմլում ձեր ընտրութիւնը միանգամից բոլո՞րն ընդունեցին:

Պ.- Ի հարկէ ոչ: Ինձ մօտենում էին վարչական բաժնից` բղաւելով. «Դուք խելագարուել էք, Պորիս Նիքոլայնիչ»: Իսկ ես նրանց. «Ես արդէն յանձնում եմ լիազօրութիւններս»:

Հ.- Իսկ Փութինը հեշտութեա՞մբ ընդունեց ձեր առաջարկութիւնը:

Պ.- Ես նրա հետ խօսել եմ երկու անգամ: Սկզբում նա չընդունեց իմ առաջարկը, ո՛չ: Նա ասաց, որ դա իրենը չէ: «Դուք մտածէք, խօսակցութիւնը դեռ աւարտուած չէ»: Այդպէս էլ բաժանուեցինք: Երկու շաբաթ անց նրան կրկին հրաւիրեցի: Երկրորդ անգամ նա համաձայնեց:

Հ.- Յիշում էք` ի՛նչ ասացիք նրան այն ժամանակ:

Պ.- «Ես ձեզ նուիրում եմ ծանր ճակատագիր»:

Հ.- Իսկ նա յիշո՞ւմ է:

Պ.- Յիշում է եւ ինձ էլ յիշեցնում է:

Հ.- Իսկ դուք ինչ-որ պայմաններ առաջադրել է՞ք ձեր իրաւայաջորդին:

Պ.- Ինձ համար` ոչ մի: Ընդհանրապէս, ոչինչ չեմ խնդրել:

Հ.- Իսկ ոչ ձեզ համա՞ր:

Պ.- Մենք շատ ենք խօսել ապագայ քաղաքականութեան մասին, որն անհրաժեշտ է երկրին: Ի հարկէ, այն ժամանակ հնարաւոր չէր ամէն ինչ կանխատեսել: Փոխւում է իրադրութիւնը, եւ նախագահի իրաւունքն է փոփոխել, համապատասխանեցնել քաղաքականութիւնը: Բայց սկզբունքային տարաձայնութիւններ չեն եղել եւ չկան:

Հ.- Ո՞ւմ հետ էք հանդիպում այսօր աւելի յաճախ:

Պ.- Կայտարի, Չուպայսի, Նեմցովն, Վոլոշինի, Չեռնոմիրտինի, Քասեանովի, շատ ուրիշների հետ, ում մասին այսօր չհասցրեցինք խօսել: Ես մշտական կապի մէջ եմ մեր հանրապետութիւնների նախագահների, նահանգապետների հետ: Նաեւ` ԱՊՀ երկրների նախագահների հետ, ի հարկէ:

Հ.- Իսկ նախագահ Փութինը:

Պ.- Ի հարկէ, մենք հանդիպում ենք:

Հ.- Դուք գիտակցաբա՞ր խուսափում էք հրապարակայնութիւնից:

Պ.- Ես կարծում եմ, որ պաշտօնաթողութիւնից յետոյ իրաւասու չեմ հրապարակային քաղաքական գործիչ մնալ: Ինձ խօսք եմ տուել չմեկնաբանել ներկայ նախագահի գործունէութիւնը: Այն ամէնի մասին, ինչ ինձ դուր է գալիս, կամ դուր չի գալիս, ես նրան ասում եմ անձամբ:

Հ.- Բայց ասում է՞ք:

Պ.- Բայց ասում եմ: Հասարակութեան մէջ միշտ պէտք է լինեն ընդդիմադիր կարծիքներ, առանց դրանց` անկարելի է: Այդ մասին նոյնպէս ասել եմ Վլատիմիր Վլատիմիրովիչին:

***

Նախորդն ասել է: Լսել է արդեօք իրաւայաջորդը:

 

Կատարող` Կ. ԲԱԲԱՋԱՆԵԱՆ

Share this Article
CATEGORIES