ՏԵՍԱԿԷՏ. ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Անկասկած ռուսաստանցիներն իրենք պէտք է որոշեն, թէ գարնան սկզբին (մարտին) ո՛ւմ են ընտրելու Ռուսաստանի նախագահ, բայց այդ ընտրութիւնից կախուած է նաեւ հայերի վիճակը , Ռուսաստան-Հայաստան յարաբերութիւնները: Բոլորիս է յայտնի, որ Հայաստանի տնտեսութեան զարգացումը, անվտանգութեան ապահովումը կապ ունի ռուսաստանեան իրավիճակից: Ռուսաստանում բնակուող մեր միլիոնաւոր հայրենակիցների լաւ գործերի մասին լսում ենք յաճախ, գիտենք, թէ ինչպէ՛ս են պահպանում իրենց ազգային արժէքները, լեզուն, մշակոյթը: Պարզից էլ պարզ է, որ այն պայմանաւորուած է տարուող պետական քաղաքականութեամբ:
Մենք շուքով եւ հպարտութեամբ տօնեցինք մեր պետութեան անկախութեան 20-ամեակը, որի տնտեսութիւնը, պաշտպանունակութիւնը, ԼՂՀ-ի սթաթիւս-քուոյի պահպանումը պայմանաւորուած է նաեւ հայ-ռուսական յարաբերութիւններով:
Այդ ամէնը հնարաւոր է դարձել Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարութեան, միջպետական պայմանագրերի, հայ եւ ռուս ժողովուրդների աւանդական բարի փոխյարաբերութիւնների շնորհիւ:
Ինչպէ՞ս կը փոխուի եւ ի՞նչ ուղղութեամբ կը զարգանայ Ռուսաստանի քաղաքականութիւնը` այլ նախագահի պայմաններում, դժուար է ասել, բայց որ կը փոխուի, միանշանակ է, եւ գուցէ` ոչ դէպի լաւը:
Որպէսզի խօսքերս անհիմն չլինեն, որոշեցի դիմել Ազգային վիճակագրական ծառայութեան հետազօտութեան արդիւնքներին. 2011թ. տուեալներով դէպի Հայաստան ռուսական արտածումի հիմքը կազմել են հանքանիւթեր (39,6%), պարէնային ապրանքներ եւ գիւղատնտեսական հումք (22,2%), մետաղ եւ մետաղեայ ապրանքներ` մեքենաներ, սարքաւորումներ եւ փոխադրամիջոցներ (7,4%), քիմիական արդիւնաբերութեան արտադրանք, քաուչուք (5,0%), թանկարժէք քարեր, մետաղներ (7,0%):
Հայաստանից 2011 թ. արտահանուել են` պարէնային ապրանքներ եւ գիւղատնտեսական հումք (69,0%), թանկարժէք քարեր, մետաղներ եւ նրանցից պատրաստուած իրեր (14,2%), մեքենաներ, սարքաւորումներ եւ փոխադրամիջոցներ (6,4%), հիւսուածեղէն ապրանքներ եւ կօշկեղէն (1,8%), քիմիական արդիւնաբերութեան արտադրանք, քաուչուք (1,5%):
Ի դէպ, 1988թ. մինչեւ 2011թ. Ռուսաստանի զուտ կուտակային ներդրումները Հայաստանի տնտեսութեան մէջ կազմել են $2685,4 միլիոն` Հայաստանի Հանրապետութեան տնտեսութեանը յատկացուած օտարերկրեայ ներդրումների 54,96%-ը:
2011թ. յունուարի 1-ի դրութեամբ, Հայաստանում ռուսական կապիտալով աշխատող ձեռնարկութիւնների ու յատուկ բաժանմունքների ընդհանուր թիւը կազմել է 1277, այսինքն` օտարերկրեայ դրամագլխով աշխատող ձեռնարկութիւնների ընդհանուր թուի 27,6%-ը: Կարեւորւում է ադամանդի արտադրութիւնը, բեռնափոխադրումների կազմակերպումը: Բեռնափոխադրումների կազմակերպման եւ Կովկաս (Ռուսաստան) ու Փոթի (Վրաստան) նաւահանգիստների միջեւ միջազգային երկաթուղա-լաստանաւային հաղորդակցութեան համար բացուել է Կովկաս-Փոթի-Կովկաս երթուղով բեռնատարարային-լաստանաւային ճանապարհը:
Պարզ է, որ անկախութեան ընթացքում Հայաստանը վերցրել է նաեւ վարկեր Ռուսաստանից:
2009թ. Ռուսաստանի Դաշնութեան կառավարութիւնը Հայաստանին յատկացրել է $500 միլիոն վարկ, որը զգալի դեր է կատարել համաշխարհային ելեւմտական ճգնաժամի պայմաններում` Հայաստանի տնտեսական իրավիճակի կայունացման գործում:
1999 թուականից սկսուել եւ զարգացել են նշանակալի ներդրումային ծրագրեր: «Ռուսալ» ընկերութիւնը, որը հանդիսանում է Կովկասում ալիւմինիոմէ փայլաթիթեղի միակ արտադրողը, ձեռք է բերել «Արմենալ» գործարանի բաժնետոմսերի 100%-ը: Այսօր գործարանն աշխատում է տարեկան 25 հազար թոն փայլաթիթեղ հզօրութեամբ:
Ռուսական համապատասխան ընկերութեանն է պատկանում «Հայաստանի ելեկտրացանցեր» կազմակերպութեան բաժնետոմսերի 100%-ը:
Աւարտման փուլում է Հրազդանի ՋԵԿ-ի 5-րդ պլոքի շինարարութիւնը: Հայաստան է մուտք գործում հիմնականում Ռուսաստանի կազը, համատեղ է շահագործւում հիւլէական կայանը եւ ապահովում նրա անվտանգութիւնը, հայկական երկաթուղիները եւ այլն:
Բջջային կապի շուկայում այսօր գործում են 2 հեռահաղորդակցման «Արմենթէլ» եւ «Կ-թելեքոմ» ընկերութիւնները: «Արմենթէլ»-ի ներդրումները անցնում են 100 միլիոնը, երկրում միակ օփերաթէօրը, որը տիրապետում է Հայաստանից 5 ելքերի, Ռուսական ՎՏԲ, որի նկատմամբ եւրապական զարգացման դրամատները ունեն մեծ համարում:
Մենք յաճախ ենք ականատես դառնում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների, վարչապետների փոխադարձ այցելութիւններին, որոնց ընթացքում ստորագրւում են պայմանագրեր, համաձայնագրեր:
Այս ոլորտները եւ թուերը կարելի է շարունակել: Ակնյայտ է, որ Հայաստանի փոքր տնտեսութիւնը լաւագոյնս համարկուած է ռուսական շուկային, իսկ դա հնարաւոր է միայն լուրջ քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւնների դէպքում, որ իրականացնում են ներկայի ՌԴ-ի եւ ՀՀ-ի ղեկավարները:
Հայ-ռուսական յարաբերութիւնների կամուրջը, շաղախը նաեւ հայկական հզօր, կարող համայնքն է Ռուսաստանում: Երկու միլիոնից աւելի մարդիկ այսօր ապրում եւ աշխատում են այս երկրում: Ունենք հայազգի միլիոնատէրերի մեծ բանակ, արուեստի եւ գրականութեան մէջ աչքի ընկած վառ անհատականութիւններ: Հայերը միշտ էլ մեծ հպարտութեամբ են խօսում, որ Ռուսաստանի քաղաքացի են, որ նրանց համար ստեղծուած են բոլոր պայմանները` իրենց լեզուն, մշակոյթը, աւանդոյթները պահելու եւ տարածելու համար:
Անծայրածիր Ռուսաստանի բոլոր վայրերում էլ ապրում են մեր հայրենակիցները եւ հնարաւոր օգնութիւն ուղարկում Հայաստան:
Մենք պէտք է ողջունենք ազատ, ժողովրդավարական ընտրութիւնների անցկացումը Ռուսաստանում: Մենք պէտք է խաղաղութիւն եւ կայունութիւն ցանկանանք Ռուսաստանին:
Եւ մեզ պէտք չեն նոր ցնցումներ, անյայտ անուններ, մեզ պէտք է Վ. Փութինի վարած քաղաքականութիւնը շարունակուի, որպէսզի Հայաստան-Ռուսաստան կանխատեսելի եւ փորձուած յարաբերութիւնները եւս շարունակուեն, իսկ հայկական համայնքն էլ այդ քաղաքականութեան ներքոյ շարունակի իր ստեղծագործ աշխատանքը:
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՍԱՏՐԵԱՆ
Անկախ լրագրող

