ԼԻԲԱՆԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ՖԵՏԵՐԱՍԻՈՆԻ ԺՈՂՈՎ. ՌԱԷՖ ԱԼԱՄԷԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԱԾ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՄԵՐԺՈՒԵՑԱՒ ԲՈԼՈՐԻՆ ԿՈՂՄԷ
Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը օրակարգի վրայ իր ունեցած բազմաթիւ հարցերէն առաջնահերթը դասեց ֆետերասիոնի ընդհանուր քարտուղար Ռաէֆ Ալամէի ներկայացուցած հրաժարականը:
Նշենք, որ նիստէն կը բացակայէին Հաշեմ Հայտար, Ահմետ Ամարէտտին (ճամբորդած), Ռաէֆ Ալամէ եւ Ժորժ Շահին:
Գնահատելով Լիբանանի ֆութպոլին նկատմամբ Ռաէֆ Ալամէի ունեցած սէրը եւ անոր յառաջխաղացքին մէջ ունեցած մեծ ներդրումը` բոլոր ժողովականները անոր ներկայացուցած հրաժարականը մերժեցին եւ անկէ պահանջեցին վերադառնալ եւ ստանձնել իր պաշտօնը:
Ֆետերասիոնը մանրամասն քննարկելէ ետք Լիբանանի ֆութպոլի Ա. դասակարգի ախոյեանութեան 12-րդ հանգրուանին գծով տեղի ունեցած Սալամ Սուր – Ահտ մրցումին մանրամասնութիւնները, մէկ տարիով կախակայեց չորրորդ իրաւարար Հասսան Զահրին, որ խախտած էր օրէնքը` թոյլ տալով Սալամ Սուրի չորրորդ մարզիկի մը փոխարինման: Ասկէ բացի, Սալամ Սուր պարտուած հռչակուեցաւ եւ մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
Առ ի յիշեցում, ֆետերասիոնը տեղեակ պահեց մարզական լրագրողները, որ 29 փետրուարին տեղի ունենալիք Արաբական Միացեալ Էմիրութիւններ – Լիբանան 2014-ի Մոնտիալի զտումի մրցումը պիտի սկսի յետմիջօրէի ժամը 16:00-ին (Պէյրութի ժամանակացոյցով)` Հարաւային Քորէա – Քուէյթ մրցումին նման:
Ֆետերասիոնը վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները հրապարակեց Բ. դասակարգի ախոյեանութեան Բ. խմբակի վերջնական դասաւորումը, որ կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Իրշատ | 7 | 2 | 3 | 15 | 12 | 23 |
| 2.- Խըյուլ | 7 | 2 | 3 | 14 | 7 | 23 |
| 3.- Շապապ Ղազիէ | 6 | 3 | 3 | 24 | 12 | 21 |
| 4.- Ահլի Նապաթիէ | 4 | 5 | 3 | 12 | 12 | 17 |
| 5.- Արապսալիմ | 4 | 3 | 5 | 18 | 19 | 15 |
| 6.- ՀՄՄ | 4 | 1 | 7 | 15 | 25 | 13 |
| 7.- Իսլահ Պըրժ Շիմալի | 1 | 2 | 9 | 12 | 23 | 5 |
Այս դասաւորումը նկատի առնելով` Իրշատ եւ Խըյուլ պիտի մասնակցին Ա. դասակարգի տոմս մը ապահովելու փլէյ-օֆի մրցումներուն, իսկ ՀՄՄ եւ Իսլահ Պըրժ Շիմալի` Գ. դասակարգ չփոխադրուելու փլէյ-օֆի մրցումներուն:
Ինչ կը վերաբերի Ա. դասակարգի ախոյեանութեան 15-րդ հանգրուանի մրցումներուն, անոնք տեղի պիտի ունենան հետեւեալ յայտագիրին հիմամբ.
| ՈՒՐԲԱԹ, 10 ՓԵՏՐՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ահտ – Թատամոն Սուր | 3:45 | Սայտա |
| ՇԱԲԱԹ, 11 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Շապապ Սահել – Սալամ Սուր | 2:15 | Պէյրութ |
| Նըժմէ – Մապարրա | 5:30 | Մարզական Աւան |
| ԿԻՐԱԿԻ, 12 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Սաֆա – Ռասինկ | 2:15 | Սաֆա |
| Ահլի Սայտա – Ախա Ահլի Ալէյ | 2:15 | Սայտա |
| Անսար – Թրիփոլի | 5:30 | Պէյրութ |

