ԾՈՎԱՆԿԱՐՉՈՒԹԵԱՆ ՀՍԿԱՆ. ՊՍԱԿԱԴՐՈՒԹԻՒՆ` ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Յայտնի հայ  ծովանկարիչ Յովհաննէս Այվազովսկին ամուսնացել է այն ժամանակների համար բաւական ուշ տարիքում`  31 տարեկանում: Եւ ճակատագրական այդ քայլը նա կատարել է բաւականին անսպասելի ու արագ: Մեծ ծովանկարչին ճանաչողներից շատերն էին մնացել զարմացած: Ինքն` Այվազովսկին խոստովանել է ` «Ես ամուսնացայ, քանզի սիրահարուեցի` ինչպէս երբեք»:

Իսկ դա տեղի է ունեցել այսպէս.

Փեթերսպուրկի ազնուական ընտանիքի մի այրի Այվազովսկիին առաջարկում է գծագրութեան անհատական դասեր անցկացնել իր երկու աղջիկների հետ, որոնք արդէն հասել էին ամուսնութեան տարիքի. նրա մտքում, ի հարկէ, ուրիշ այլ նպատակ էլ կար. մայրը դէմ չէր, որ Այվազովսքու նման անուն ունեցող մէկը հաւանէր աղջիկներից մէկին եւ դառնար իր փեսան: Մայրը ամէն կերպ աշխատում էր երազային պահել տան մթնոլորտը. նա յաճախ էր երաժշտական եւ գծանկարչական երեկոներ  կազմակերպում, որին մասնակցում էր նաեւ աղջիկների անգլերէնի եւ երաժշտութեան ուսուցչուհին` սկովտուհի լուտերադաւան մի օրիորդ:  Մեծ էր բոլորի զարմանքը, երբ Այվազովսքին յանկարծ ամուսնութեան  առաջարկութիւն է անում ոչ թէ ազնուական օրիորդներից մէկին, այլ` ուսուցչուհի Ճուլիա Կրեւսին: Սկովտուհին չի մերժում հայ գեղանկարչին: Շուտով նրանք մեկնում են Ղրիմ: Ամուսնութիւնը տեղի է ունենում 1848 թուականի  օգոստոսին, Ղրիմի հայոց եկեղեցում`   հայկական աւանդական սովորոյթներին համաձայն: Հէնց այդ ժամանակ էլ  պայման է դրւում, որ լուսաւորչականի եւ լուտերականի միասնութիւնից ծնուած զաւակները պէտք է մկրտուեն հայ առաքելական եկեղեցում:

Պսակադրութեան գեղեցիկ արարողութիւնից  յետոյ եկեղեցուց նորապսակ հարսին տուն են տանում ծաղիկներով զարդարուած կառքով: Սակայն ճանապարհին անտառից դուրս են գալիս լեռներում պատսպարուած աւազակները  եւ կանգնեցնում հարսանեկան թափօրը: Երբ նրանք տեղեկանում են, որ ամուսնացողը յայտնի մարդ է,  աւազակախմբի առաջնորդը մօտենում է կառքին, իջնում ձիուց, բացում կառքի դռնակը, հանդիսաւորութեամբ գլուխ տալիս եւ շնորհաւորում նորապսակներին: Այնուհետեւ հարսի ծնկներին է դնում մի թաշկինակ, երկուսին էլ մաղթում երջանկութիւն եւ իր թիկնապահ հեծեալների հետ անհետանում: Նա առասպելական Շամիլն էր` հիւսիս կովկասեան  լեռնականների առաջնորդը` կովկասեան լեռների արծիւը: Շամիլի ասպետական արարքը հետագայում  ոգեշնչում է Այվազովսկուն, եւ նա նկարում է  Անդրկովկասի լեռնային բնապատկերների մի շարք, որը մեծ գեղանկարչի գլուխ գործոցներից է:

Ճուլիա Կրեւսի հետ ամուսնութիւնը անսահման երջանկացնում է Այվազովսկուն: Սիրահարուած նկարիչը իր ընկերոջը գրում է. «Շտապում եմ պատմել քեզ իմ երջանկութեան մասին: Ես այնքան երջանիկ եմ, որ երբեք չէի կարող պատկերացնել նոյնիսկ դրա կէսը»: Այվազովսկին աշխատում էր ոգեւորուած, կլանուած, առաւել եռանդով, մի խօսքով` ինչպէս երբեւէ: Կեանքի վերջում նա խոստովանել է` «Իմ լաւագոյն կտաւները ծնուել են ամուսնութիւնից յետոյ…»:  Դրանցից էր նաեւ նշանաւոր «9-րդ ալիքը»:  Օտարուհին Այվազովսկուն պարգեւում է չորս դուստր:  Նրանք բոլորն էլ, ըստ պայմանաւորուածութեան` մկրտւում են հայ առաքելական եկեղեցում…  Սակայն  ամուսնութիւնից 22 տարի անց ծովանկարիչը կրկին դիմում է հայ եկեղեցի` այս անգամ Սուրբ Էջմիածնի սինոդից խնդրելով լուծարել իր պսակը` սկովտուհի կնոջ հետ: Եւ միայն 1877-ին ստանալով այդ համաձայնութիւնը, Այվազովսկին երկրորդ անգամ ամուսնանալու իրաւունք է ունենում: 1882 թուականին մեծանուն նկարիչը կրկին ամուսնանում է, այս անգամ` հայազգի Աննա Բուռնազեանի հետ, կրկին եկեղեցական պսակով, Սիմֆերոփոլի հայկական եկեղեցում: Հայուհի կինը նկարչին աւելի է մօտեցնում հայութեանը:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵՏԱԼՆԵՐԸ ՆԵՏՈՒԵՑԻՆ ԾՈՎԸ

Այվազովսկին իր կեանքի ընթացքում ստեղծած հանճարեղ գեղանկարների համար պարգեւատրուել է բազմաթիւ կայսերական ընտանիքների եւ  բազմաթիւ պետութիւնների գեղարուեստների ակադեմիաների կողմից, այդ թւում նաեւ` օսմանեան Թուրքիայի կողմից. Այվազովսկին նկարներ է նկարել նաեւ թուրք սուլթանի համար (այդ նկարներն այժմ թուրքական թանգարաններում են): Սակայն  1890-ականներին Թուրքիայում տեղի ունեցած հայկական կոտորածները շատ ծանր են  ազդում Այվազովսկու վրայ: Մի առաւօտ Այվազովսկին արթնանում է ծանր զգացումով: Մի քանի անգամ սենեակում շրջելուց յետոյ  վերցնում է թուրքական շքանշաններն ու մետալներն ու իր հաւատարիմ շան հետ գնում  դէպի ծովափ: Թեոդոսիայի ողջ բնակչութիւնը հետեւում է այդ մեծ մարդուն: Հասնելով ափ` նկարիչը շքանշանները կախում է շան պարանոցից, նաւակ է նստում եւ, բաւականին հեռանալով ափից` հանում է դրանք շան վրայից եւ նետում ծովը: Ստիպում է շանը լողանալ ծովի մաքուր ջրում, որպէսզի հաւատարիմ կենդանին էլ մաքրուի դրանցից: Լուանալով իր ձեռքերը` Այվազովսկին վերադառնում է ափ, անցնում ապշահար ամբոխի մէջով, մտնում է իր արուեստանոցը եւ սկսում  նկարել: Յաջորդ առաւօտեան նրա արուեստանոցի պատին արդէն կախուած էր «Հայ ժողովրդի ջարդը Տրապիզոնում» անմահ կտաւը® (1895 թիւ):   Այդ տրամադրութեամբ նա նկարել է նաեւ «Հայերին կենդանի նետում են ծով», «Նաւերի բեռնկումը», ինչպէս նաեւ վերջին անաւարտ կտաւներից մէկը` «Թուրքական նաւի պայթիւնը» (1900թ):

Չնայած իր օտար ազգանուանն ու գրեթէ ամբողջ կեանքը օտար երկրում ստեղծագործելուն, Այվազովսկին շատ կապուած է եղել հայութեանը:  Նա օգնել է նաեւ հայ գաղթականներին: Նրա նկարների մի մասն այսօր ցուցադրւում են Հայաստանի Ազգային պատկերասրահում եւ Մարտիրոս Սարեանի տուն-թանգարանում:

ԾՈՎՆ ԻՐ ՏԱՐԵՐՔՆ ԷՐ

Ազգութեամբ հայ շատ քիչ գեղանկարիչների մասին կարող ենք ասել` աշխարհահռչակ: Յովհաննէս Այվազովսկին այդ քչերից մէկն է, եթէ չասենք այն հազուագիւտ հայ գեղանկարիչը, որի անունը երբեք չի խամրել համաշխարհային արուեստի երկնակամարում: Հանճարեղ ծովանկարիչը ստեղծել է  ծովանկարների, նաւանկարների եւ բնանկարների մի այնպիսի շարք, որոնք այդպէս էլ մնացին անկրկնելի ու հազուագիւտ` մեծ հռչակ բերելով ոչ միայն իրեն` ծովանկարչին, այլ նաեւ հայութեանը, ինչպէս նաեւ` այն երկրներին, ուր ծնուել, ապրել եւ ստեղծագործել է  նա: Այվազովսկին ծնուել է  Արեւմտեան Հայաստանից  Լեհաստան, այնուհետեւ Մոլտովա, այնուհետեւ Պուքովիա, իսկ այնտեղից էլ Ղրիմ գաղթած  Այվազեանների ընտանիքում:  Իրենց ազգանուանը կցելով «սքի» լեհական մասնիկը, նրանք երկար ժամանակ ստորագրում էին Գայվազովսքի, այնուհետեւ, հանելով Գ տառը, մնացին Այվազովսկի, չնայած ծովանկարիչն իր նկարների մի մասը ստորագրել է Այվազեան հայկական տարբերակով:

Յովհաննէս Այվազովսկու մանկութիւնն ու պատանեկութիւնն անցել են Թեոդոսիա քաղաքում, որը շատ մեծ ազդեցութիւն է ունեցել նկարչի ստեղծագործական աշխարհի ձեւաւորման մէջ:

Թեդոսիան այն ժամանակ փոքրիկ ծայրամասին քաղաք էր, որի բնակչութեան մեծ մասը հայեր էին: Հինգ տարի նա սովորել է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից ծխական դպրոցում, որտեղ էլ ընդհանուր գիտելիքներ է ստացել հայերէնի, հայ ժողովրդի պատմութեան վերաբերեալ: Գծանկարչութեան հանդէպ սէրը նրա մէջ առաջացել է վաղ տարիքից. Նկարում էր տարբեր թղթերի, ձեռքի տակ եղած գրքերի վրայ, պատերին, երբեմն` ածուխով եւ  կաւիճով:  Նկարչութիւնից զատ, Այվազովսկին նաեւ երաժշտական բնածին տաղանդ է ունեցել. նա փոքր տարիքում նաեւ  ինքնուրոյն սովորել է ջութակ նուագել:

Այվազովսկու նկարչական ձիրքը  գրաւել  է Թեոդոսիայի ճարտարապետ Կոխի ուշադրութիւնը: Նա պատանուն խորհուրդներ է տուել, ծանօթացրել հեռանկարչութեան գաղտնիքներին, լոյսի եւ ստուերի փոխյարաբերութեանը, մի բան, որ  հետագայում շատ լաւ արտայայտուել է Այվազովսկու գլուխգործոցների մէջ:

Աղքատ մանկութիւն է ունեցել աշխարհահռչակ  ծովանկարիչը, սակայն նա երբեք չի թողել իր սիրած նկարչութիւնը: Իր առաջին ջրաներկը  նա նուէր է ստացել Թեոդոսիայի քաղաքապետ Կազնաչեւից, որը գնահատել է պատանու տաղանդը եւ բարեկամանալով նրա հետ` առաջարկել յաճախ լինել իր տանը: Յովհաննէս Այվազովսկին դարձել է այդ քաղաքակիրթ ընտանիքի սիրելի հիւրերից մէկը, ընկերացել է քաղաքապետի որդու հետ… 1830 թուականին Կազնաչեւը նշանակուել է Ղրիմի նահանգապետ եւ  ընտանիքով տեղափոխուել Սիմֆերոփոլ: Նա իր հետ տարել է նաեւ Յովհաննէս Այվազովսկուն: Պատանու հիմնաւոր կրթութեան հարցով սկսում է մտայոգուել

նրա արուեստով հիացած իշխանուհի Նատալեա Նարիշկինան: Որոշ ժամանակ անց 14-ամեայ Յովհաննէսը ընդունւում է Սիմֆերոփոլի ռուսական գիմնազիայի առաջին դասարան:

Մէկ տարի անց` 1833 թուականի մայիսի 8-ին, նկարչի հայրը գրաւոր դիմում է Սիմֆերոփոլի գիմնազիայի վարչութեանը, որ իր որդուն տան ուսման մեջ ունեցած յաջողութեան վկայական, որպէսզի ընդունուի Փեթերսպուրկի գեղարուեստական ակադեմիա: Նոյն տարուայ յուլիսի 9-ին Յովհաննէս Այվազովսկին ընդունւում է Փեթերսպուրկի գեղարուեստի ակադեմիա: Այստեղ նրա առջեւ բացւում են նոր դռներ: Նա գրաւում է ցարի ուշադրութիւնը  (չնայած` մինչ այդ նրա մասին ցարի հրաւէրով Փեթերսպուրկում աշխատող ֆրանսացի ծովանկարիչ  Տաները բամբասանքներ էր տարածել. ի դէպ, նոյն Տաներն էլ,  որի մօտ աշակերտել է Այվազովսկին, օգտուել է հայ նկարչի  ճշգրիտ  էսքիզներից եւ ստեղծել նկարներ): Ցարը սկզբնական շրջանում հաւատացել է բամբասանքներին, այնուհետեւ, անձամբ տեսնելով Այվազովսկու նկարները,  հիացել եւ նրան գումար վճարելով` ընդգրկել է պալատական շատ ծրագրերի մէջ:  Նա Այվազովսկուն  նշանակել է իր որդու ուղեկիցը` Պալթիք ծովում զօրավարժութիւնների ժամանակ: Գտնուելով ռազմանաւի վրայ` Այվազովսկին մօտիկից տեսել եւ ուսումնասիրել  է ռազմանաւերի շարժումը` ծովի ալիքների մէջ:

Այդ զօրավարժութիւններից վերադառնալուց անմիջապէս յետոյ  նկարել է «Մեծ նաւատորմը Կրոնշտադտում» կտաւը եւ մի քանի ծովանկար, որոնք ներկայացնում է ակադեմիայի վարչութեանը: Բարձր գնահատելով ուսանողի յառաջադիմութիւնը` Գեղարուեստի ակադեմիան որոշում է նրան պարգեւատրել երկրորդ կարգի ոսկէ մետալով: Յաջողութիւնները յաջորդում են մէկը միւսին. Այվազովսկին սկսում է ցուցադրուել, նրա առաջին նկարները գնում է անձամբ ինքը` ցարը, ինչպէս նաեւ` ցարի որդին: Որոշ շրջան աշխատում է  Ղրիմում, ստեղծում հիանալի ծովանկարներ, այնուհետեւ մեկնում է Իտալիա: Այստեղ նա հանդիպում է ժամանակի շատ արուեստագէտների հետ, ինչպէս նաեւ այցելում է Մխիթարեան միաբանութիւն (նրա եղբայրը` Գաբրիէլը եղել է Մխիթարեան միաբանութեան անդամ):

Իր կեանքի ընթացքում Յովհաննէս Այվազովսկին ստեղծել է 6000-ից աւելի կտաւ, դարձել է շատ երկրների գեղարուեստի ակադեմիաների անդամ, արժանացել Ֆրանսայի Պատուոյ լեգէոն շքանշանին, ոսկէ մետալների…

Իր աշխատած գումարներով նա Թեոդոսիայում բացել է արուեստի դպրոց եւ պատկերասրահ,  քաջալերել արուեստի զարգացմանը:

Մեծ է եղել նրա ներդրումը նաեւ հայկական մշակոյթում: 1869-ին Թիֆլիսում բացել է հայ իրականութեան մէջ առաջին գեղարուեստական ցուցահանդէսը: Սեւանայ լիճը, Արարատը, Արարատեան դաշտը ներկայացնող նկարներով նա սկիզբ է դրել եւ խթանել հայ կերպարուեստում բնանկարչութեան զարգացմանը: Իր վերջին կտաւներից մէկը նոյնպէս հայկական նիւթով էր եւ նուիրուած էր մեծ հայագէտ Ճորճ Պայրոնին` «Պայրոնը ժամանում է Սուրբ Ղազար» կղզի խորագրով:

Այվազովսկու ծովանկարներն այսօր ընդգրկուած են դասական ծովանկարչութեան համաշխարհային ցանկի մէջ եւ վաճառւում են հսկայական գումարներով: Դասական ժանրի այդ նկարներում պատկերուած է ծովը`  ամենատարբեր ժամերի: Նա նկարել է` շատ արագ` տեսողական ու զգացական յիշողութեամբ` պատկերելով ծովը, փոթորիկը, ալիքները, նաւերը, ծովի վրայ կախուած ամպերը եւ ծովին ու բնութեանն առնչուող այլ երեւոյթներ: Նա ասել է` «Ծովն իմ տարերքն է», եւ ամբողջութեամբ տրուել է այդ տարերքին:

Յովհաննէս Այվազովսկու նկարները աճուրդով  վաճառուել են մինչեւ 2 միլիոն 125 հազար ամերիկեան տոլարով:

Այվազովսկին մահացել է 1900 թ-ի ապրիլի 19-ին եւ թաղուել է հարազատ Թեոդոսիայի  Սուրբ Սարգիս եկեղեցու բակում: Նրա շիրմաքարի մակագրութիւնը քաղուած է Մովսէս Խորենացու «Հայոց պատմութիւնից»`

«Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Share this Article
CATEGORIES