ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵ՛Լ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՄԵՆԱՏԻՐՈՒԹԻՒՆԸ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԻՆԳ ՏԱՐԻ ՄԱՇՒՈՒՄ ՈՒ ԱՐԻՒՆԱՔԱՄ Է ԼԻՆՈՒՄ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Մէկ տարի առաջ` 2011 թուականի փետրուարին, «Ազդակ»-ի իմ ամէնշաբաթեայ հրապարակումներից մէկում («Պայքար երեք նախագահների միջեւ») կանխատեսել էի, որ 2012 թուականի մայիսին կայանալիք խորհրդարանական, ապա 2013 թուականի փետրուարին սպասուող նախագահական ընտրութիւններում հիմնական պայքարը ծաւալուելու է Հայաստանի երեք նախագահների` Լեւոն Տէր Պետրոսեանի, Ռոպերթ Քոչարեանի եւ   Սերժ Սարգսեանի ու նրանց համակիր քաղաքական ուժերի միջեւ:

Իշխանական քոալիսիոնի մաս կազմող Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը (ԲՀԿ), որը այսօրուայ խորհրդարանում մեծութեամբ երկրորդ ուժն է Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնից (ՀՀԿ) յետոյ, մայիսի առաջին օրերին կայանալիք  խորհրդարանական ընտրութիւններին մասնակցելու է առանձին ցուցակով: Նախագահ Սերժ Սարգսեանը վերջին մէկ տարուայ ընթացքում ջանքեր թափեց եւ  ուժային կառոյցների միջոցով ճնշումներ բանեցրեց քոալիսիոնի իր գործընկեր ԲՀԿ-ի վրայ, որպէսզի խոշոր գործարար Գագիկ Ծառուկեանի գլխաւորած կուսակցութիւնը ՀՀԿ-ի հետ մէկ ցուցակով մասնակցի ընտրութիւններին: Ծառուկեանը, հաւանաբար ոչ առանց երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի օժանդակութեան եւ քաջալերանքի, տեղի չտուեց: Քոչարեանը ԲՀԿ-ի անդամ չէ, սակայն Հայաստանի քաղաքական եւ  հասարակական շրջանակներում կայ ընկալում-համոզմունք, որ իրականում հէնց երկրորդ նախագահն է կանգնած Բարգաւաճ Հայաստանի հիմնադրման ակունքներում:

Մի քանի օր առաջ ԲՀԿ-ին անդամակցեց արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանեանը, ով Ռոպերթ Քոչարեանին ամենամօտ կանգնած գործիչներից է: Վերջին օրերին հայաստանեան լրատուամիջոցները աննախադէպ սեւ քարոզչութիւն ձեռնարկեցին արտաքին գործերի նախկին նախարարի դէմ: Ընդ որում, Օսկանեանին հաւասարապէս քննադատում էին եւ իշխանական, եւ ընդդիմադիր լրատուամիջոցներն ու կուսակցութիւնները: Հէնց Բարգաւաճ Հայաստանի միջոցով Օսկանեանի վերադարձը գործուն քաղաքականութիւն հասարակական եւ քաղաքական շրջանակներում ընկալուեց իբրեւ Ռոպերթ Քոչարեանի` գործուն քաղաքականութեան վերադարձի նախերգանք:

Չափազանցութիւն կը լինի ենթադրել, որ ԲՀԿ-ն կը դառնայ ընդդիմութիւն: Բայց ակնյայտ է, որ Գագիկ Ծառուկեանը ձգտում է ոչ միայն աւելացնել իր կուսակցութեան ներկայութիւնը խորհրդարանում, այլ` յաղթել ՀՀԿ-ին առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններում: Դա, անկասկած, դժուար իրականանալի ցանկութիւն է:

Եթէ ընտրութիւնների ընթացքում չլինեն արտառոց դէպքեր, ապա խորհրդարանում ամենամեծ ներկայութիւնը կրկին կ՛ունենայ ՀՀԿ-ն: Հակառակ որ ՀՀԿ-ն ժողովրդայնութիւն չի վայելում` նրա ձեռքում են իշխանական, վարչական եւ պիզնես լծակների մեծագոյն մասն ու ընտրութիւնները կեղծելու բոլոր գործիքները:

Առաջին նախագահի եւ նրա գլխաւորած Հայ ազգային քոնկրեսի (ՀԱՔ) շուրջ  համախմբուած են մի շարք քաղաքական ուժեր, որոնց առաջնորդների մեծ մասը Տէր Պետրոսեանի նախագահութեան տարիներին եղել են նրա կողքին: Չնայած այն  իրողութեանը` որ Տէր Պետրոսեանն ու ՀԱՔ-ը վերջին մի քանի տարիներին կորցրել են իրենց համակիրների մի մասին, սակայն շարունակում են մնալ ամենաազդեցիկ արտախորհրդարանական ուժը: Կասկած չկայ, որ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորուելիք նոր խորհրդարանում ՀԱՔ-ը կ՛ունենայ շօշափելի ներկայութիւն:

Նոր խորհրդարանում քոալիսիոնին մաս կազմող ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, ինչպէս նաեւ արտախորհրդարանական ընդդիմութիւն ՀԱՔ-ից բացի, ամենայն հաւանականութեամբ, ներկայութիւն կ՛ունենան նաեւ խորհրդարանական ընդդիմադիր երկու կուսակցութիւններ` ՀՅԴ-ն ու Ժառանգութիւնը: Քոալիսիոնին մաս կազմող երրորդ կուսակցութիւնը` «Օրինաց երկիրը», որի առաջնորդ Արթուր Բաղդասարեանը 2008-ի նախագահական ընտրութիւններում ստացել էր գրեթէ 20 տոկոս քուէ, լուրջ դժուարութիւն է ունենալու յաղթահարելու խորհրդարան մուտքի հինգ տոկոսանց արգելքը:

Այսօր Հայաստանի առաջին երեք դէմքերը` նախագահ Սերժ Սարգսեանը, խորհրդարանի նախագահ Սամուէլ Նիկոյեանը եւ վարչապետ Տիգրան Սարգսեանը ներկայացնում են ՀՀԿ-ն: Գործող խորհրդարանում ՀՀԿ-ն ունի որակեալ մեծամասնութիւն, ինչը նշանակում է, որ խորհրդարան բերուած ամէն օրէնք եւ օրինագիծ կարող է վաւերացուել:

Այս իրավիճակին` ՀՀԿ-ի քաղաքական եւ տնտեսական մենատիրութեանը, հնարաւոր է վերջ տալ, եթէ առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններում ԲՀԿ-ն ու ընդդիմութիւնը ճիշդ գնահատեն իրենց ուժերն ու հնարաւորութիւնները եւ միացեալ ճակատով պայքարեն ՀՀԿ-ի դէմ, այդ թւում` միասին պայքարեն, որպէսզի ՀՀԿ-ն հնարաւորութիւն չունենայ համատարած կերպով կեղծի ընտրութիւնները, ինչը նրան յաջողուեց 2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրութիւններում:

Ինչպէ՞ս վերջ տալ ՀՀԿ-ի մենատիրութեանը: Բացառապէս սահմանադրական կարգով, ընտրութիւնների ճանապարհով այս կուսակցութեան ախորժակը չափաւորելու մասին է խօսքը, անշուշտ: Այդպիսի հնարաւորութիւն Հայաստանը ունի առաջիկայ ամիսների ընթացքում:

Քաղաքականութիւնը ենթադրում է նաեւ պայմանաւորուածութիւններ: Եւ այսօր ճիշդ օրն է, որպէսզի նման պայմանաւորուածութիւն ձեռք բերուի չորս ազդեցիկ ուժերի` ՀԱՔ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ Ժառանգութեան միջեւ:

Անգամ առանձին ցուցակներով ընտրութիւններին մասնակցելու դէպքում այս կուսակցութիւնները կարող են պայմանաւորուել եւ դաշնակցել մէկ կարեւորագոյն հարցում. ընտրատեղամասերում բռնել ընտրակեղծարարների ձեռքը: Դա արդէն կը լինի մեծագոյն յաջողութիւն: Որեւէ ճշգրիտ հաշուարկ չկայ, թէ որչափ են ընտրութիւնները կեղծւում Հայաստանում: Ընդունուած է ասել, որ 1995-ի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ իշխանութեան ղեկին գտնուող ուժը իր օգտին կեղծում է 300-ից 500 հազար քուէ: Դրանք այն ընտրողների քուէներն են, որոնք կա՛մ չեն մասնակցում ընտրութիւններին, կա՛մ ժամանակաւորապէս Հայաստանից դուրս են:

Հետեւաբար, որքան աշխուժ լինի բնակչութեան մասնակցութիւնը ընտրութիւններին, այնքան ՀՀԿ-ն դժուարութիւններ կ՛ունենայ կեղծել դրանք: Այսպիսով, արդար ընտրութիւններ անցկացնելու յոյսը պէտք է դնել ոչ թէ Եւրոպայի ու եւրոպական կառոյցների, այլ կուսակցութիւնների (այս ընտրութիւններում` ՀԱՔ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու Ժառանգութեան), քաղաքացիական հասարակութեան  եւ հայ ընտրողների վրայ:

Եթէ իրօք ՀԱՔ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Ժառանգութիւնը, ինչպէս նաեւ Հայաստանի հասարակութիւնը ցանկանում է ազատուել Հանրապետական կուսակցութեան մենատիրութիւնից, ապա խորհրդարանական ընտրութիւններից յետոյ, ըստ աւելի վաղ ձեռք բերուած պայմանաւորուածութեան, այս չորս ազդեցիկ ուժերը պէտք է համաձայնութիւն ձեռք բերեն այն մասին, որ հնարաւորութեան դէպքում իրենք են ձեւաւորելու նոր կառավարութիւն եւ կամ քոալիսիոն նոր կառավարութեան կազմում ՀՀԿ-ն մեծամասնութիւն չի լինելու: Իսկ դա հնարաւոր կը լինի այն դէպքում, եթէ այս չորս կուսակցութիւններին յաջողուի նոր խորհրդարանում ապահովել տեղերի կէսից աւելին:

Շատերը կ՛առարկեն, որ եթէ անգամ հնարաւոր է թոյլ չտալ, որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրութիւններում չստանայ քուէների 50 տոկոսից աւելին, ապա, միեւնոյնն է, հնարաւոր չէ քոալիսիոն կառավարութիւն ձեւաւորել ՀԱՔ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու Ժառանգութեան միջեւ: Գուցէ, իրաւամբ, հնարաւոր չէ այս չորս կուսակցութիւնների սերտ համագործակցութիւնը` հաշուի առնելով անցեալում նրանց միջեւ եղած հակասութիւնները: Բայց եթէ իրօք նրանք ուզում են փոփոխութիւններ, ապա պէտք է մի կողմ դնեն անցեալի յիշողութիւններն ու ներկայի յաւակնութիւնները եւ յանուն Հայաստանի ապագայի սահմանափակեն իշխող ՀՀԿ-ի քաղաքական, վարչական ու տնտեսական մենատիրութիւնը:

Հակառակ դէպքում, եւս հինգ տարի Հայաստանը մաշուելու է ՀՀԿ-ի անպատասխանատու եւ  անփառունակ կառավարութեան պայմաններում: Նախորդ չորս-հինգ տարիներին Հայաստանից արտագաղթել է մօտ 200 հազար մարդ, արտաքին պարտքը աւելացել է երկուսուկէս անգամ, աղքատութեան մակարդակն անցել է 30 տոկոսը: Այս տխուր վիճակագրութիւնը կարելի է շարունակել այլ թուերով ու փաստերով: Բայց դա դատարկ խօսակցութիւն կը լինի, եթէ առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններում Հայաստանը, գոնէ մասամբ, չազատուի ՀՀԿ-ի մենատիրութիւնից:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES