ՅԵՏՏՕՆԱԿԱՆ ԽՈՀԵՐ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒԻ ՄԱՍԻՆ
Մայրենի լեզուներու միջազգային օրուան առիթով ստորեւ կը ներկայացնենք բանասիրական գիտութիւններու թեկնածու Դաւիթ Գյուրջինեանի շահեկան յօդուածը, որ նախանցեալ տարի` 2010-ին լոյս տեսած էր «Հայաստանի Հանրապետութիւն» թերթին մէջ.
«Ա.»
Փետրուարի 21-ին հինգերորդ անգամ Հայաստանի Հանրապետութիւնում նշուեց Մայրենի լեզուի միջազգային օրը:
Զարմանալի է, որ այդ օրը (կամ նախորդող օրերին) տօնի ծագման մասին գրեթէ չեն խօսում, այնինչ դա շատ բան կարող է յուշել տօնի խորհրդի, նշանակութեան մասին: Սա խիստ հետաքրքրական պատմութիւն է, ուստի հակիրճ ներկայացնենք այն:
1947 թ., երբ անգլիացիները վերջապէս հեռացան Հնդկաստանից, կազմաւորուեց Փաքիստան պետութիւնը: Այն կազմուած էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք իրարից կտրուկ տարբերւում էին մշակոյթով եւ լեզուով. Արեւմտեան Փաքիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ արեւելեանում` պենկալերէնը: Չնայած պենկալերէնը միլիոնաւոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թ. Փաքիստանի կառավարութիւնն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն:
Կառավարութեան որոշումը երկրի արեւելեան մասի բնակչութեան մեծ մասը, բնականաբար, դժգոհութեամբ է ընդունում: Բողոքի ցոյցեր են տեղի ունենում: Կառավարութիւնը ոչ միայն հաշուի չի նստում արեւելեան տարածաշրջանի բնակիչների պահանջների հետ, այլեւ ճնշում է պենկալերէնի պաշտպանութեանն ուղղուած ցոյցերը: Իսկ 1952 թ. Տաքքա քաղաքում կայացած ուսանողական ցոյցը ճնշելիս մի քանի մարդ զոհւում է: Ահաւոր ողբերգութեան հետեւանքով բողոքի արդէն զանգուածային ցոյցեր են ծայր առնում: Հակամարտութեան ընթացքում 1956 թ. պենկալերէնն, ի վերջոյ, պետական լեզուի կարգավիճակ է ստանում:
Մայրենի լեզուի իրաւունքների համար մղուող պայքարը նպաստեց պենկալցիների ազգային ինքնագիտակցութեան աճին: Ազգային-ազատագրական պատերազմից յետոյ Արեւելեան Փաքիստանն առանձնացաւ, եւ 1971 թ. առաջացաւ նոր պետութիւն` Պանկլատեշը:
Պանկլատեշում փետրուարի 21-ը նշւում է որպէս ազգային տօն` Մայրենի լեզուի օր, իսկ մայրաքաղաք Տաքքայում զոհուած ուսանողների յիշատակին յուշարձան է կանգնեցուած:
Բուռն իրադարձութիւնների յիշատակին 1999 թ. նոյեմբերին ԵՈՒՆԵՍՔՕ-ն փետրուարի 21-ը Մայրենի լեզուի միջազգային օր է հռչակում: 2000 թուականից այդ օրը նշւում է որպէս մայրենի լեզուների իրաւունքների ճանաչման եւ գործածութեան աջակցման օր:
Մեր երկիրը Մայրենի լեզուի միջազգային օրը պաշտօնապէս նշում է 2006 թուականից սկսած: Ընդունուած է այդ օրը հայոց լեզուին նուիրուած զանազան միջոցառումներ անցկացնել գրադարաններում, դպրոցներում, ուսումնական այլ հաստատութիւններում: Տօնական օրուայ պարտադիր բաղադրիչն են դարձել տարատեսակ պարգեւատրումները:
Ամէն տարի ակնկալում եմ, որ տօնական միջոցառումներից զատ կ՛անցկացուեն նաեւ գործնական քննարկումներ, բարձրաձայն կը խօսուի հայոց լեզուի վիճակի, զարգացման հեռանկարների մասին: Եւ յոյս ունեմ, որ այդ քննարկումները պէտք է լինեն ոչ թէ միաբեւեռ (գովասանական-փառաբանող կամ մերժողական-ոչնչացնող), այլ գործնական, իրատեսական, իսկապէս շահագրգիռ:
Անտեղեակ լաւատեսները կարող են ասել, որ հայերէնը Հայաստանի Հանրապետութեան պետական լեզուն է, եւ զարմանալ, թէ նրան ի՞նչ վտանգ կարող է սպառնալ:
Մենք (եւ ոչ միայն մենք) խորապէս համոզուած ենք, որ հայերէնը վտանգուած է: Ցաւալին այն է, որ մեր մայրենի լեզուն վտանգուած է ոչ միայն սփիւռքում, այլեւ Հայաստանում: Եւ վտանգը դրսից չէ, այլ ներսից: Հայերէնը պէտք է պաշտպանել մեր հասարակութեան որոշ շրջանակներից, խմբերից ու անհատներից:
Հայերէնի գործառութեան ներկայ վիճակից մեր դժգոհութիւնը, մայրենի լեզուի ապագայի համար մտահոգութիւնը մենք սովորաբար արտայայտում ենք մասնաւոր զրոյցների ժամանակ կամ էլ փոքր լսարանների առջեւ: Այնինչ ժամանակն է հանրային լայն քննարկումներ անցկացնելու, հասարակական շարժում ծաւալելու: Միանգամայն ճիշդ է այն տեսակէտը, որ հայերէնի ապագան մեր ազգային անվտանգութեան ծիրի մէջ է մտնում:
Թիւր կարծիք կայ թէ հայերէնի ներկայի եւ ապագայի խնդիրներով միայն լեզուաբանները պիտի զբաղուեն: Լեզուաբանները մասնագիտութեան բերումով կարող են մասնակցել այդ շարժմանը, սակայն առաջատար կարող են լինել գրողները, լրագրողները, փիլիսոփաները, մշակութային գործիչները: Խիստ արդիւնաւէտ կարող է լինել բնական եւ ճշգրիտ գիտութիւնների ներկայացուցիչների մասնակցութիւնը: Կարեւորը բանիմացութիւնն է, ազգային բարձր գիտակցութիւնը, անշահախնդիր, իրական նուիրուածութիւնը հայ լեզուին եւ մշակոյթին, երկրին:
Հայոց լեզուի իրաւունքների պաշտպանութիւնը համազգային խնդիր է, եւ ամէն ոք անելիք ունի` սկսած ուսուցչից եւ գործարարից մինչեւ Ազգային ժողովի պատգամաւոր, նախարար ու երկրի նախագահ:
Հայերէնը պիտի պաշտպանել տգէտների, ազգային ինքնագիտակցութիւն չունեցողների, մշակութային տեսանկիւնից թերարժէք-բարդոյթաւոր (այսինքն` օտարին փարուած, ազգայինը ստորադասող) մարդկանց անտարբերութիւնից ու ոտնձգութիւններից: Հայերէնի նկատմամբ ամէն մի ոտնձգութիւն, նրա իրաւունքների իւրաքանչիւր խախտում վնաս է հասցնում մեր ազգային մշակոյթի ամենակարեւոր եւ որոշիչ իրողութեանը` լեզուին: Իսկ լեզուի նահանջը, յայտնի է, յանգեցնում է շղթայական նահանջի:
Փետրուարի 21-ը, ըստ իս, սոսկ առիթ է մայրենի լեզուի իրաւունքների մասին խօսելու համար: Հայոց լեզուի ներկան ամրապնդելը եւ ապագան ապահովելը լուրջ, կանոնակարգուած հսկայական աշխատանք է պահանջում: Պատասխանատու պետական մարմին էլ կայ` լեզուի պետական տեսչութիւնը, սակայն սա մէկ մարմնի գործ չէ: Դեռ աւելին, լեզուի պետական տեսչութիւնն իր տկար գործառոյթներով չի կարող ընդգրկել հիմնախնդիրների այն ամբողջականութիւնը, որն այսօր կայ մեր իրականութիւնում:
Եթէ մենք այսօր օրէնսդրական դրոյթներից (այն ընդունուել է հեռաւոր 1993 թուականին եւ բաւականին հնացել) բացի չունենք լեզուաքաղաքականութիւն եւ լեզուաշինութեան ուղենիշներ, ծրագրեր, ապա վիճակի լրջութիւնն աւելի քան ակնառու է դառնում: Իսկ լեզուին առնչուող խնդիրները բարձիթողի եւ տարերային թողնելը յղի է լուրջ վտանգներով ոչ միայն այսօր, այլեւ վաղը:
Ուստի ժամանակն է կա՛մ վերականգնել լեզուի տեսչութեան գոնէ նախկին` մինչեւ 2000 թուականն ունեցած կարգավիճակը, կա՛մ էլ մտածել նորի մասին, որը կ՛ունենայ այն բոլոր մտահոգութիւնների դրսեւորումները, որոնք այսօր արտայայտւում են մասնագէտների եւ հանրութեան կողմից: Խօսքը ճկուն, գործուն իրաւունքների ու լայն գործառոյթներ ունեցող պետական մարմնի մասին է, որը պէտք է ոչ թէ ինչ-որ ստուգումների կամ վերահսկողութեան յարմարեցուած լինի, այլ կարողանայ տէր կանգնել ազգային ինքնութեան եւ անվտանգութեան կարեւոր կռուանին` լեզուին: Այդ դէպքում միայն հայ հասարակութեան շատ մտահոգութիւններ կը փարատուեն ու խնդիրներ կը լուծուեն եւ, ընդհանրապէս, լեզուին առնչուող անհանգստութիւնները միշտ պէտք է օրակարգում լինեն:
Գիտական-գործնական հանդիպումների, կլոր սեղանների, հեռուստատեսային (եւ ռատիօ) հաղորդումների ժամանակ մտաւորականութեան լայն շրջանակները քննարկման նիւթ պիտի դարձնեն հայերէնին վերաբերող մի շարք հարցեր:
Ահա դրանցից մի քանիսը` հայախօսութեան արդի վիճակը Հայաստանում եւ գաղթօճախներում, հայոց լեզուի իմացութեան աստիճանը պետական կառավարման եւ այլ մարմիններում, հայերէնի վիճակը զանգուածային լրատուութեան միջոցներում (հեռուստատեսութիւն, ռատիօ, մամուլ), հայերէնի դպրոցական եւ համալսարանական դասաւանդման խնդիրներն ու զարգացման հեռանկարները, դասագրքերի լեզուն, հիմնարկների, ձեռնարկութիւնների, կազմակերպութիւնների ցուցանակների, գովազդի, ձեւաթղթերի եւ այլնի լեզուի համապատասխանութիւնը գրական հայերէնի կանոններին:
Կարեւորագոյն խնդիր է նորագոյն գիտական տերմինաբանութեան ստեղծումը: 5-րդ դարում մեր նախնիները գիտութեան տարբեր ճիւղերի հայերէն այնպիսի տերմիններ են ստեղծել, որոնք 21-րդ դարում անգամ յաջողութեամբ գործածւում են: Այսօր` գիտութեան եւ տեխնոլոգիայի սրընթաց զարգացման դարաշրջանում, մենք չենք կարող յապաղել ու յետ մնալ համաշխարհային զարգացումից:
Պակաս կարեւոր չեն օտարներին, ինչպէս նաեւ օտարախօս հայերին հայերէն սովորեցնելու հարցերը: Այստեղ գիտական, մեթոտական, հրատարակչական հսկայական աշխատանք կայ անելու:
Այս ամէնի մէջ գլխաւորը, սակայն, հոգեբանական, բարոյական խնդիրներն են: Անհրաժեշտ է լաւ մշակուած, շօշափելի, գործնական քայլերով արմատապէս փոխել հայ հասարակութեան վերաբերմունքը իր իսկ մայրենի լեզուի, մասնաւորապէս, գրական հայերէնի նկատմամբ:
Այս գործի սկիզբը կարող է ազդարարուել Աստծու իւրաքանչիւր օր: Հարկաւոր է գործի լծուել հէնց վաղուանից եւ չսպասել յաջորդ փետրուարի 21-ին:
ԴԱՒԻԹ ԳՅՈՒՐՋԻՆԵԱՆ
Բանասիրական գիտութիւնների թեկնածու
02-04-2010

