«ԽՈՋԱԼՈՒՆ» ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՊԱՔՈՒԻ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽՆ Է

Ազրպէյճանում սկսուել է աւանդական  հակահայկական քարոզարշաւը` կապուած Խոջալու բնակավայրի (գիւղ ԼՂՀ տարածքում, 1992 թ դէպքերի հետ, երբ վերջինս 1988-90թթ. Ադր.ԽՍՀ-ի կողմից աշխուժօրէն բնակեցւում էր, մասնաւորապէս` Ուզպեքստանի Ֆերկանայի հովտի թուրք-մեսխեթներով: Ընդսմին,  պաշտօնական քարոզչութիւնը չի խորշում ոչ մի միջոցից` նպատակ ունենալով հայկական կողմին ի ցոյց դնել որպէս ողբերգութեան մեղաւոր եւ համաշխարհային հանրութեան գիտակցութեանը եւ սեփական ժողովրդի կարծիքին ներարկել հայատեացութեան թոյնի մի նոր չափաբաժին:

«ԽՈՋԱԼՈՒԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ» ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵԱՀԿ-ԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՋԱՆՔԵՐ

Հինգշաբթի, փետրուար 16-ին, Ազրպէյճանի խորհրդարանի փոխնախագահ Պահար Մուրատովա յայտարարեց, թէ «Խոջալուի ցեղասպանութեան» ճանաչումը միջազգայնացնելու նպատակով յաւելեալ ջանք պիտի տարուի խորհրդարանին կողմէ:

Ան աւելցուց, թէ յատուկ աշխատանք պիտի տարուի ճանաչումը ապահովելու համար` աշխարհի տարբեր երկիրներու խորհրդարաններուն կողմէ, դրական համարելով այս նպատակով տարուած աշխատանքին ցարդ արձանագրած արդիւնքը:

Ան աւելցուց, որ ազրպէյճանցի երեսփոխաններ պիտի փորձեն հարցը դնել ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի օրակարգին վրայ:

1992թ. փետրուարի 25-26 Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնները կազմակերպեցին մարտական գործողութիւն` նպատակ ունենալով ապաշրջափակել Խոջալու բնակավայրի մօտակայ օդկայանը եւ վնասազերծել հակառակորդի` հէնց Խոջալույում գտնուող կրակակէտերը, որտեղից 1991թ. գարնանից ի վեր ԼՂՀ բնակավայրերը ազրպէյճանական օմօնականների կողմից պարբերաբար ենթարկւում էին յարձակումների, «Ալազան» եւ «Քրիսթալ» տեսակի կայանքների եւ «Կրատ» տեսակի ռէակտիւ համազարկային կայանքի կանոնաւոր հրետակոծումների:

Նախքան Խոջալուի կրակակէտերի ոչնչացումը` սպաննուել էին աւելի քան 20 հայազգի խաղաղ բնակիչներ, մօտակայ կոլտնտեսային եւ անհատական հողատարածքներից առեւանգուել` հարիւրաւոր մարդիկ, քշուել` հազարաւոր գլուխ խոշոր եւ փոքր եղջերաւոր անասուններ:

Շարունակուող շրջափակման, մեծ թուով փախստականների, վառելիքի բացակայութեան, ձեռնարկութիւնների հարկադիր պարապուրդի, միջշրջանային ճանապարհների պաշարման եւ այլ պատճառներով ԼՂՀ-ում, եւ մասնաւորապէս, մայրաքաղաք Ստեփանակերտում ստեղծուած իրավիճակը գնալով աւելի էր վատթարանում, սպառուել էին սննդամթերքը, դեղորայքը, վառելիքը, որի հետեւանքով օդանաւակայանի ապաշրջափակումը եւ Խոճալույում հակառակորդի կրակակէտերի վնասազերծումը յոյժ կարեւոր քայլ էր Լեռնային Ղարաբաղի բնակչութեան ֆիզիքական գոյատեւման համար, որին Ազրպէյճանը փորձում էր դատապարտել կործանման:

Խոճալուի ռազմական խարիսխի չէզոքացման անհրաժեշտութիւնը, մասնաւորապէս, թելադրուած էր այնտեղ կենդանի ուժի եւ յարձակողական զէնքի կենտրոնացման փաստով: Ազրպէյճանի իշխանութիւնները Խոճալու էին տեղափոխել ՕՄՈՆ-ի բազմաքանակ ստորաբաժանումներ, բացի դրանից` Խոճալույում հաստատուել էին Ազրպէյճանի Ազգային ճակատի մարտիկները:

ԼՂՀ ղեկավարութիւնը պարտաւոր էր կասեցնել Ազրպէյճանի զինուած ուժերի կողմից պատրաստուող` հայկական Ասկերան շրջկենտրոնի, այնուհետեւ` Ստեփանակերտի գրոհի գործողութիւնը:

Խոջալուի ազատագրման եւ օդակայանի ապաշրջափակման մարտական գործողութիւնը սկսուեց 1992թ. փետրուարի 25-ին, ժամը 23:30-ին եւ աւարտուեց փետրուարի 26-ին, ժամը 3-ին: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակչութեան համար թողեցին միջանք` մարտական գործողութիւնների գօտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ազրպէյճանական կողմը նախօրօք զգուշացուել էր: Միջանցքը ձգւում էր Խոջալուի արեւելեան ծայրամասից դէպի հիւսիս-արեւելք, Կարկառ գետի յունի երկայնքով եւ քաղաքի հիւսիսային ծայրամասից դէպի հիւսիս-արեւելք: Սակայն ազրպէյճանական իշխանութիւնները ոչինչ չձեռնարկեցին մարտական գործողութիւնների գօտուց խաղաղ բնակչութեանը տարհանելու համար:

Խոջալուի մարտական գործողութեան ընթացքում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ազատեցին 13 հայ ռազմագերի, այդ թւում` 1 երեխայ եւ 6 կին, որպէս ռազմավար վերցրին 2 «Կրատ» MM-21 տեսակի ռէակտիւ համազարկային կայանք, «Ալազան» տեսակի 4 կայանք, մէկ 100մմ հաուպից եւ 3 միաւոր զրահամեքենայ: ԼՂՀ «Արցախ» փրկարարական ծառայութիւնը Խոջալույում եւ նրա մերձակայքում յայտնաբերեց խաղաղ բնակիչների 11 դի: Տարածքը, ուր հետագայում նկարահանուել էին լուսանկարներ` բազմաթիւ սպաննուածների մարմիններով, գտնւում է Աղտամ քաղաքից 3քմ եւ Խոջալուից 11 քմ հեռաւորութեան վրայ եւ մինչեւ ընդհուպ 1993թ. ամրանը Աղտամի անկումը, գտնւում էր ազրպէյճանական կազմաւորումների մշտական վերահսկողութեան տակ, ինչը բացառում է այնտեղ ղարաբաղեան բանակի ստորաբաժանումների մուտքը:

ԼՂՀ իշխանութիւնները Խոջալուի կրակակէտերի ճնշմանն ուղղուած գործողութեան նախապատրաստման մասին նախօրօք, դեռեւս 2 ամիս առաջ, տեղեկացրել էին ազրպէյճանական կողմին, ինչը բազում անգամ հաստատուել էր նաեւ Ազրպէյճանի պաշտօնական անձանց կողմից, մասնաւորապէս` այն ժամանակ նախագահ Այազ Մութալիպովի կողմից: Սակայն խաղաղ բնակիչների շարասիւնը, ինչպէս վերը նշուել է, գնդակահարուել էր Աղտամի մատոյցներում, ԼՂՀ եւ Ազրպէյճանի Աղտամի շրջանի միջեւ ընկած սահմանին, ինչն աւելի ուշ հաստատել է Մութալիպովը` այդ յանցաւոր արարքը կապելով իրեն իշխանութիւնից հեռացնելուն ուղղուած` ընդդիմութեան փորձերի հետ, տեղի ունեցածի համար ամբողջ պատասխանատուութիւնը դնելով նրա վրայ:

Հետագայում տարածուեցին ազրպէյճանցի նկարահանող Չինկիզ Մուսթաֆայեւի կողմից նկարահանուած տեսարաններ ում նաեւ թոյլատրել էին մուտք գործել հայ եւ ազրպէյճանցի զոհուած անձանց փոխանակման վայր: Յայտնի է, որ Մուսթաֆայեւը նկարահանումները իրականացրել է երկու անգամ` երկու օրուայ տարբերութեամբ: Ժապաւէնից երեւում է, որ երկրորդ նկարահանման ժամանակ որոշ դիակներ այլանդակուել էին: 1992թ. մարտի 2-ին զանգուածային սպանութիւնների վայր կատարած երկրորդ թռիչքի ժամանակ լրագրողները նկատել էին, որ գետնին գտնուող դիակների դիրքը եւ նրանց վնասուածքների ու վէրքերի աստիճանը, առաջին զննման հետ համեմատած, ապշեցուցիչ կերպով փոփոխուել է: Եւ դա այն տարածքում, որը մինչ 1993թ. ամառը ամբողջութեամբ վերահսկւում էր Ազրպէյճանի Ազգային ճակատի կողմից: Հէնց այս փաստն են ջանադրաբար թաքցնում ազրպէյճանական քարոզիչները: Միանգամայն ակնյայտ է, որ մարմինների դիրքը փոփոխուել էր կատարուածի ամբողջ մեղքը հայկական կողմի վրայ բարդելու նպատակով, ստեղծելով այն բանի խաբկանքը թէ խոջալուեցիները սպաննուել են հայկական կողմից արձակուած կրակոցներից: Տուեալ հանգամանքը այնքան էր ապշեցրել Մուսթաֆային, որ նա դրա մասին անձամբ տեղեկացրել է նախագահ Մութալիպովին, որն այդ ժամանակ արդէն ակնյայտօրէն կռահում էր ողբերգութեան պատճառները: Մութալիպովը պատասխանեց յիրաւի մարգարէական խօսքերով. «Չինկիզ, ո՛չ մէկին ոչ մի բառ չասես այն մասին, թէ նկատել ես, որ ինչ-որ բան այն չէ: Հակառակ դէպքում քեզ կը սպաննեն»:

Կասկածելով, թէ կատարուածը հայկական կողմի ձեռքի գործն է, Մուսթաֆայեւը սկսեց անկախ հետաքննութիւն: Սակայն Մոսկուայի «Տը-Փրես» տեղեկատուական գործակալութեանը խոջալուցիների դէմ տեղի ունեցած յանցանքներին ազրպէյճանական կողմի հնարաւոր մասնակցութեան մասին իր տուած տեղեկատուութիւնից յետոյ լրագրողը սպաննուեց Աղտամից ոչ հեռու, չպարզուած հանգամանքներում:

Ի դէպ, նոյն ճակատագրին արժանացաւ նաեւ դաշտային հրամանատար Ալա Եագուպը, որը անզգուշութիւն էր ունեցել յայտարարելու, թէ` «… ինքը կարող էր լոյս սփռել Նախիջեւանիկի մօտ /Խոջալուի մերձակայ հայկական գիւղ/ տեղի ունեցած սպանդի վրայ ինչպէս նաեւ էական մանրամասնէր յայտնել պետական գործիչներին տեղափոխող ուղղաթիռի` վերջերս Ղարաբաղի օդային տարածքում կործանուելու մասին», որի պատճառով էլ 1993թ. ամրանը իշխանութեան եկած Ազրպէյճանի Ազգային ճակատը ձերբակալեց նրան եւ բանտախցում մահուան հասցրեց…

Չեխ լրագրող Եանա Մազալովան, որը ազրպէյճանցիների անուշադրութեան պատճառով յայտնուել էր մամուլի ներկայացուցիչների երկու խմբերում էլ, որոնց ցուցադրել էին «հայերի կողմից սրբապղծուած դիակները», նկատեց վերջիններիս վիճակի էական տարբերութիւններ: Իրադարձութիւններից անմիջապէս յետոյ լինելով տեղում ` Մազալովան դիակների վրայ ոչ մի վայրագութեան հետքեր չէր տեսել: Իսկ ահա երկու օր անց լրագրողներին ցուցադրուեցին արդէն նկարահանումների համար «պատրաստած»` այլանդակուած մարմինները:

Խոջալուի կրակակէտերի ճնշման մարտական գործողութեան որոշ մանրամասնութիւններ առ այսօր պատուած են մթութեան քօղով, ինչն էլ աշխուժօրէն շահարկում է պաշտօնական Պաքուն` իր քաղաքական նպատակներին հասնելու համար:

Ղարաբաղեան հիմնախնդրի պարունակում «Խոջալուի» թեման շարունակում է մնալ ազրպէյճանցիների ներքին եւ արտաքին տեղեկատուական, աւելի ճիշդ, ապատեղեկատուական քաղաքականութեան անկիւնաքարերից մէկը: Այնինչ Խոջալուի իրադարձութիւնների շուրջ ազրպէյճանական որոշ բարձրաստիճան պաշտօնեաների, իրաւապաշտպանների, լրագրողների եւ հէնց Խոջալուի բնակիչների կողմից արուած արտայայտութիւններն ու գնահատականները ամբողջովին հերքում են Պաքուի ստայօդ վարկածները:

Այսպէս, ազրպէյճանցի իրաւապաշտպան Արիֆ Եունուսովը գրում է. «Քաղաքը եւ նրա բնակիչները գիտակցաբար զոհ են մատուցուել քաղաքական նպատակին» (ազրպէյճանական «Զերքալօ» թերթ, 1992թ. յուլիս): Թամերլան Քարայեւը, որը ժամանակին Ազրպէյճանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի նախագահն էր, վկայում է. «Ողբերգութիւնն իրականացրել են Ազրպէյճանի իշխանութիւնները», որոշակիօրէն` «վերեւում նստածներից մէկը» (ազրպէյճանական «Մուխալիֆաթ» թերթ, 1992թ. ապրիլի 28):

Ինքը` Հայտար Ալիեւն է խոստովանել, որ Խոջալուի դէպքերի «մեղաւորը նաեւ Ազրպէյճանի նախկին ղեկավարութիւնն է»: Դեռեւս 1992թ. ապրիլին նաեւ համաձայն «Պիլիք-Տունեասը» գործակալութեան հաղորդագրութեան,  արտայայտեց շնական հրէշաւոր մի միտք. «Արիւնահեղութիւնը մեր օգտին է լինելու: Մեզ պէտք չէ միջամտել դէպքերի ընթացքին»:

Աւելի ուշ, երբ արդէն իշխանութեան ղեկին էին Ազգային ճակատի ներկայացուցիչները,  իր ձերբակալութիւնից քիչ առաջ Ազրպէյճանի նախկին ազգային անվտանգութեան նախարար Վակիֆ Հիւսէյնովը, ակնարկելով Պաքուի ԱԱՃ-ի որոշ քաղաքական գործիչների, յայտարարեց, որ` «1992թ. Պաքուի յունուարեան իրադարձութիւնները եւ Խոջալուի իրադարձութիւնները միեւնոյն մարդկանց ձեռքի գործն են»:

Վերը շարադրուած փաստերը միանշանակ վկայում են այն մասին, որ Խոջալուի խաղաղ բնակիչների մահուան մէջ մեղաւորը ազրպէյճանական կողմն է, որը հրէշաւոր յանցանք է գործել սեփական ժողովրդի հանդէպ` քաղաքական դաւերի պատճառով եւ յանուն իշխանական պայքարի:

Յատկանշական է, որ տարէցտարի աճում է ազրպէյճանական կողմից յայտարարուող` զոհերի թիւը: Խոջալուի կրակակէտերի ճնշումից մի քանի օր անց ազրպէյճանական պաշտօնատար անձինք յայտնեցին զոհուածների թիւը` 100 սպաննուած, մէկ շաբաթ անց` 1234. խորհրդարանական յանձնաժողովը «ճշգրտեց» այն` 450. Հայտար Ալիեւի կողմից արձակուած` «ազրպէյճանցիների ցեղասպանութեան» վերաբերեալ հրամանագրում արդէն խօսւում էր հազարաւոր սպաննուածների մասին: Այնինչ, Խոջալուի գործողութեան իրականացման պահին այդքան խաղաղ բնակիչներ այնտեղ չեն եղել, ինչը, ի դէպ, հաւաստում են նաեւ ազրպէյճանական պաշտօնական աղբիւրները:

Խոջալուի մօտաւորապէս 2-2.5 հազար բնակիչների, այսինքն` նրանց, ովքեր իրականում ապրում էին բնակավայրում, այլ ոչ թէ գրանցուած էին այնտեղ` վերջինիս քաղաքի կարգավիճակ տալու նպատակով ծաւալուած յախուռն շինարարութեան ընթացքում, մեծ մասը լքել էին բնակավայրը նախօրօք:

Այսպէս, 1993թ. ապրիլի վերջին Փրակայում ԵԱՀԽ համաժողովում ԱՀ ԱՆ կողմից տարածուեց թիւ 249 փաստաթուղթը, որը կոչւում էր «Ղարաբաղի վերին հատուածում գտնուող եւ հայկական զինուած ուժերի կողմից գրաւուած ազրպէյճանաբնակ եւ խառը գիւղերի ցուցակ»:

Այդ փաստաթղթի «Խոջալու» անուանման դիմաց գտնուող «բնակչութիւն» սիւնակում նշուած էր 855 թիւը: 1992թ. մարտի առաջին տասնօրեակում ազրպէյճանցի լրագրողներ Իլիա Պալախանովան եւ Վուկար Խալիլովը «Մեմորիալ» իրաւապաշտպան կենտրոնի գրասենեակ բերեցին խոջալուեցիների մահուան վայրի նկարահանումների մի տեսերիզ, որը պաքուեցի հեռուստալրագրողներ էին պատրաստել անմիջապէս դաշտի վերեւում պտտուող ռազմական ուղղաթիռից: Փաստացի գրասենեակում բոլոր գտնուողները համաձայնուեցին, որ տեսերիզում պատկերուած զոհերի թիւը չի գերազանցում 50-60 հոգուց:

ԱԶՐՊԷՅՃԱՆՑԻՆԵՐԸ ԿԸ ՓՈՐՁԵՆ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆ ԿԵՐՏԵԼ «ՍԳՈՅ ՕՐԵՐ»-ՈՎ

Հայկ Դեմոյեան

Խոջալուի դէպքերուն մասին ազրպէյճանցիները սկսան բարձրաձայնել 1996-ին: 31 մարտ 1998-ին Ազրպէյճանի նախագահը հրամանագիր ստորագրեց «Ազրպէյճանցիներու ցեղասպանութեան» մասին: Փետրուար 17-ին լրագրողներու հետ հանդիպման ընթացքին Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի տնօրէն Հայկ Դեմոյեան նշեց, որ Ազրպէյճանի իշխանութիւնները պարբերաբար կը մշակեն եւ կը հրապարակեն այնպիսի գաղափարներ, որոնք ինքնանպատակ չեն եւ ունին ազրպէյճանական թոյլ ինքնութիւնը շաղախելու նպատակ:

«Այդ շաղախի դերը կատարում է ողբերգական օրացոյցը, որ ստեղծել են ազրպէյճանական իշխանութիւնները: Դրանցով վերջիններս փորձում են կերտել յիշողութիւն: Տարուայ երեք ամիսներին` յունուար-մարտին, ազրպէյճանցիները ունեն «սգալու առիթ», ըսաւ Դեմոյեան, որուն համաձայն, այդպիսով հարեւան երկրի իշխանութիւնը նպատակ ունի ստեղծել զանգուածային գիտակցութիւն եւ ապրում, սակայն` արհեստական կերպով: Դեմոյեան բաղդատութիւն կատարեց Ազրպէյճանի մէջ պարբերաբար Հայտար Ալիեւի թանգարան ստեղծելուն հետ, երբ որդին կը կատարէ թանգարանի բացումը:

«Ազրպէյճանական իշխանութիւնների համար սեփական քաղաքացիների, զոհուածների քանակը լաւ շահարկումների առարկայ է դարձել», նշեց բանախօսը եւ մէջբերեց իր ըսածը  ապացուցող փաստեր. 1992-ին տարածուած հաղորդագրութեան համաձայն, կայ 1234 սպաննուած, որոնց ինքնութիւնները բացայայտուած են, 1994-ին այս հարցին շուրջ քննարկումներ կատարելու նպատակով ստեղծուած խորհրդարանական յանձնաժողովը կը խօսի 450 անձի սպանութեան մասին:

1996-ին Ազրպէյճանը պաշտօնապէս կը յայտարարէ, թէ 630 զոհ արձանագրուած է եւ այս թիւը կ՛արձանագրէ 1998-ի այսպէս կոչուած «ազրպէյճանցիներու ցեղասպանութեան» հրամանագիրին մէջ: Դեմոյեանի համաձայն, գլխաւոր հարցը այն է, թէ որո՞ւ եւ ի՞նչ բանի կը ծառայէ այս շահարկումը: «Դա պէտք է առաջին հերթին ոչ թէ ժողովրդին, այլ գործող վարչակարգին: Խոջալուով գործող վարչակարգը փորձում է բացառել քաղաքական ընդդիմութեան վերադարձը Ազրպէյճան», ըսաւ ան:

Հարկ է նաեւ նշել, որ ԼՂՀ արտաքին գործերի նախարարութեան կողմից մերկացուել է ազրպէյճանական մի շարք կայքերում, այդ թւում` Ազրպէյճանում յարգուած «Հայտար Ալիեւի հիմնադրամի» կայքէջում դրուած կեղծ լուսանկարը, որն իբր թէ վկայում է Խոջալույում ազրպէյճանցիների զանգուածային սպանութիւնների մասին: Իրականում սակայն լուսանկարը անմիջական կապ ունի Քոսովոյի իրադարձութիւնների հետ: Բանից անտեղեակ մարդկանց մոլորութեան մէջ գցելու նպատակով ազրպէյճանական քարոզչութեան կողմից օգտագործւում են նաեւ այլ բացայայտ կեղծիքներ, մասնաւորապէս` Թուրքիայում քրտական ջարդերի զոհերի լուսանկարներ:

Իր հրաժարականից մէկ ամիս անց Մութալիպովը չեխ լրագրող Տանա Մազալովային տուեց հարցազրոյց, որը հրապարակուեց .«Նեզաւիսիմայա կազեթա» թերթում: Խօսելով Խոջալուի մասին` Մութալիպովը նշեց. «Ինչպէս պատմում են այն խոջալուեցիները, ովքեր փրկուել են, այդ ամէնը կազմակերպուել էր նրա համար, որպէսզի պատճառ լինէր իմ հրաժարականի համար:

Ինչ-որ ուժ էր գործում նախագահին վարկաբեկելու համար: Ես չեմ կարծում, թէ հայերը, ովքեր շատ յստակ եւ բանիմացութեամբ են վերաբերւում նման իրավիճակներին, կարող էին թոյլ տալ, որ ազրպէյճանցիները ձեռք բերեն նրանց ֆաշական գործողութիւնների մէջ մերկացնող փաստաթղթեր…

Դատողութիւնների ընդհանուր շղթան այն է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից այնուամենայնիւ թողնուել էր:

Այդ դէպքում նրանց ինչի՞ն էր պէտք կրակել: Մանաւանդ` Աղտամին յարող տարածքում, որտեղ այն ժամանակ կային բաւականաչափ ուժեր, որպէսզի դուրս գային եւ օգնէին մարդկանց»:

Գրեթէ 10 տարի անց Ազրպէյճանի նախկին նախագահը հաստատեց իր միտքը «Նովոյէ վրեմեա» թերթին տուած հարցազրոյցում.  «Ակնյայտ էր, որ խոջալուեցիների գնդակահարութիւնը ինչ-որ մէկի կողմից կազմակերպուել էր Ազրպէյճանում իշխանափոխութիւն կատարելու համար»:

«Մոնիթոր» անկախ թերթի ազրպէյճանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլայեւը 2005թ. փետրուարին 10 օր անցկացրեց ԼՂՀ-ում, ինչի մասին պատմեց իր նիւթերում եւ հարցազրոյցներում: Նա նոյնիսկ իրեն թոյլ տուեց կասկածել Խոջալուի մի խումբ բնակիչների մահուան մասին Պաքուի պաշտօնական վարկածի մէջ. «… Մի քանի տարի առաջ Նաֆթալանում ես հանդիպեցի ժամանակաւոր այնտեղ ապրող խոջալուեցի փախստականների հետ, որոնք բացէիբաց խոստովանեցին ինձ… որ դեռեւս յարձակումից մի քանի օր առաջ հայերը անընդհատ բարձրախօսներով զգուշացնում էին բնակչութեանը` ծրագրուող գործողութեան մասին, առաջարկում էին քաղաքացիական բնակչութեանը` լքել բնակավայրը եւ շրջափակումից դուրս գալ մարդասիրական միջանցքով, Կարկառ գետի երկայնքով: Իրենց իսկ` խոջալուեցիների խօսքերով, իրենք օգտուել էին այդ միջանցքից եւ իրօք միջանցքից այն կողմ գտնուող հայ զինուորները կրակ չեն բացել նրանց վրայ… Ծանօթանալով աշխարհագրական տեղանքին` ես լիովին համոզուած եմ, որ հայկական միջանցքի բացակայութեան մասին ենթադրութիւնները անհիմն են: Միջանցքը իրօք կար, հակառակ դէպքում, ամբողջովին շրջափակուած եւ արտաքին աշխարհից մեկուսացուած խոջալուեցիները ոչ մի կերպ չէին կարող ճեղքել օղակը եւ շրջափակումից դուրս գալ: Սակայն յաղթահարելով Կարկառ գետից այն կողմ ընկած տեղանքը, փախստականների շարանը մասնատուել է, եւ չգիտես ինչու, խոջալուեցիների մի մասն ուղղուել է Նախիջեւանիկի կողմը: Երեւում է, ԱԱՃ գումարտակները հետամուտ էին ոչ թէ խոջալուեցիների ազատագրմանը, այլ դէպի Ա. Մութալիպովի տապալում տանող ճանապարհի մեծ արեան»:

Ղարաբաղից Ֆաթուլայեւի առաջին տեսանիւթը «Մոնիթոր»-ում հրապարակուելուց մի քանի օր յետոյ` 2005թ. մարտի 2-ն, Պաքւում, իր սեփական տան շեմին անյայտ անձի կողմից գնդակահարուեց թերթի խմբագիր Էլմար Հուսէյնովը: Ինքը` Էյնուլա Ֆաթուլայեւը, դատապարտուեց մի ամբողջ փունջ մեղադրանքների, այդ թւում` պետական դաւաճանութեան համար…

ԱՀ պաշտպանութեան նախկին նախարար Ռահիմ Կազիեւը նոյնպէս հաւաստում է, որ Խոջալուում «Մութալիպովի համար թակարդ էր պատրաստուած»: Դրանով իսկ խոջալուեցիների զանգուածային սպանութեան կազմակերպիչները հասան միանգամից երկու նպատակի. հեռացրին ԽՍՀՄ փլուզումից յետոյ ոչ պիտանի դարձած Ա. Մութալիպովին եւ ստացան անմարդկային մեթոտներով պատերազմ վարելու մէջ հայերին մեղադրելուն ուղղուած աղմկայարոյց արշաւի պատրուակ: Ընդսմին` մի տեսակ երկրորդ գիծ մղուեց այն փաստը, որ փետրուարի 13-ից ազրպէյճանական բանակը սկսեց «Կրատ»-ից մեթոտաբար աւերել 55-հազարանոց Ստեփանակերտը եւ յարակից հայկական միւս բնակավայրերը: «Հելսինքի Ուոչ»-ի 1992թ. ապրիլի 28-ի հարցազրոյցում Խոջալուի բնակչուհիներից մէկն ասել է.

«Հայերը ներկայացրել էին վերջնագիր… որ Խոջալուի բնակիչների համար աւելի լաւ կը լինի քաղաքից հեռանալ սպիտակ դրօշով: Ալիֆ Հաճիեւը (Խոջալուի պաշտպանութեան ղեկավարը) այդ մասին մեզ յայտնեց փետրուարի 15-ին (գրոհից 10 օր առաջ), բայց դա չվախեցրեց ինձ եւ միւսներին: Մենք երբեք չենք հաւատացել, որ նրանք կը կարողանան գրաւել Խոջալուն»:

Այնուամենայնիւ, այդ նախազգուշացումների արդիւնքում Խոջալուի խաղաղ բնակչութեան մեծ մասը, տեղեակ լինելով պատրաստուող գրոհի մասին, նախապէս տեղափոխուեց անվտանգ վայր: Խոջալուից զանգուածային տարհանումը լայնօրէն լուսաբանւում էր ազրպէյճանական ձայնասփիւռով հեռուստատեսութեամբ: Ըստ որում, ազրպէյճանական մամուլը նպատակաուղղուած ձեւով բացասական վերաբերմունք էր ձեւաւորում աւանը լքող խոջալուեցիների նկատմամբ եւ անընդհատ անարգանքի սիւնին գամում նրանց: Նշենք, որ քաղաքի վերածուած Խոջալուն առաջին հերթին լքում էին հէնց բռնի ուժով այնտեղ վերաբնակեցուած մարդիկ, հիմնականում թուրք-մեսխեթները, չնայած նրան, որ վերջիններիս համար անընդհատ խոչընդոտներ էին ստեղծւում: Աւելի՛ն. հայկական կողմից արդէն զգուշացուած Խոջալուի քաղաքային վարչակազմը բնակչութեան տարհանման համար օգնութիւն էր խնդրում, բայց ապարդիւն: Այսպէս, Խոջալույի քաղաքապետը մոսկովեան «Մեկափոլիս-էքսփրես» թերթին տուած հարցազրոյցում նշել է, որ «քաղաքի գրաւման գործողութեան մասին տեղեկութիւններ ստանալուց յետոյ, ես խնդրեցի Աղդամից ուղղաթիռներ ուղարկել ծերերի, կանանց եւ երեխաների փոխադրման համար: Մեզ վստահեցնում էին, որ ապաշրջափակման գործողութիւն է պատրաստւում: Բայց օգնութիւն այդպէս էլ չցուցաբերեցին»: Իսկ Ազրպէյճանի ազգային ճակատի Աղդամի բաժանմունքի վարչութեան անդամ Ռ. Հաճիյեւը պնդում էր. «Մենք կարող էինք օգնել խոջալուեցիներին, կային եւ ուժեր, եւ հնարաւորութիւն: Սակայն հանրապետութեան ղեկավարները ցանկանում էին ժողովրդին ցոյց տալ, որ իրենք ուժ չունեն եւ նորից օգնութեան կանչեն ԱՊՀ բանակին, նրա օգնութեամբ ճնշելով նաեւ ընդդիմութեանը»: Ինչպէս տեսնում ենք, Խոջալուի բնակիչները ուղղակի թողնուել էին բախտի քմահաճոյքին, դեռ աւելին` նրանց վիճակուելու էր դառնալ իշխանական պայքարի զոհեր:

Այնուամենայնիւ, մարտական գործողութիւնից առաջ Խոջալուի քաղաքացիական բնակչութեան մի մասը լքել էր բնակավայրը, եւ 1992թ. փետրուարի վերջերին տարբեր աղբիւրների տեղեկութեամբ այստեղ մնացել էին 1000-ից մինչեւ 2500 մարդ, որոնց նշանակալի մասը կազմում էին ազրպէյճանական զինուած կազմաւորումները: «Մեմորիալ» իրաւապաշտպան կենտրոնի դիտորդները Խոջալուի աւերածութիւնների զննման ժամանակ հաստատեցին հրետակոծութեան, այլ ոչ թէ յամառ փողոցային մարտերի փաստը, որոնց արդիւնքում կարող էին աւելի շատ զոհեր լինել: Պէտք է նաեւ նշել, որ համաձայն ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի պահուածքը կարգաւորող համապատասխան հրամանի` խստօրէն արգելուած էին բռնարարքները հակառակ կողմի խաղաղ բնակչութեան հանդէպ:

Խոջալուում մնացած բոլոր խաղաղ բնակիչները տեղափոխուել էին Ստեփանակերտ, իսկ մի երկու օր անց, իրենց կամքի համաձայն, առանց որեւէ նախապայմանների առաջադրման` յանձնուել էին ազրպէյճանական կողմին: Խոջալուի բնակիչներին Ազրպէյճանին կամաւոր յանձնելու փաստը, մանրազնին հետաքննութիւնից յետոյ, հաստատուեց Մոսկուայի «Մեմորիալ» իրաւապաշտպան կենտրոնի միութեան եզրակացութեան մէջ, ինչպէս նաեւ այդ մասին վկայութիւն տրուեց փեթերսպուրկցի լրագրող Սվեթլանա Քուլչիցկայայիի վաւերագրական ժապաւէնում: Գործողութեան աւարտից յետոյ «Արցախ» հանրապետական փրկարարական ծառայութեան ջոկատները Խոջալույում եւ նրա մերձակայքում, բացի զինուած ջոկատների զինուորական համազգեստով անդամներից, յայտնաբերել էին 11 քաղաքացիական անձանց դիակներ, այդ թւում մէկ երեխայի եւ չորս կանանց: Այսպիսով, քողազերծւում են ազրպէյճանական կողմի պնդումները, այսպէս կոչուած, Խոջալուի ազրպէյճանական խաղաղ բնակչութեան զանգուածային ոչնչացման մասին: Այդ մասին են վկայում նաեւ ազրպէյճանական զինուորականների ռատիոբռնումները Աղտամում, որոնք հետագայում հրապարակուել են հէնց ազրպէյճանական ԶԼՄ-ներում:

Մոսկովեան «Մեմորիալ» իրաւապաշտպան կենտրոնի զեկուցագրում նշւում է, որ Աղտամում, որտեղ գտնւում էին բոլոր փախստականները, անց է կացուել 181 դիակների (130 արական սեռի, 51 իգական սեռի, այդ թւում նաեւ 13 երեխաների) պետական դատաբժշկական փորձաքննութիւն: Փորձագէտների եզրակացութիւնից հետեւում է, որ 151 մարդու մահուան պատճառ էր հանդիսացել հրազէնային վիրաւորումը, 20 մարդունը` բեկորային վիրաւորումը, 10 մարդունը` բութ առարկայով հասցուած հարուածը: ԼՂՀ պաշտօնական մարմինները դիտորդներին յայտնեցին, որ իրենց կողմից Աղտամ են յանձնուել մօտ 130 դիակներ (Խոջալուի եւ  Նախիջեւանիկի մօտ բոլոր զոհուածները),  որոնցից 96-ը յուղարկաւորուել էին Աղտամում, իսկ մնացածներին տարել էին հարազատները:

Տարբեր աղբիւրների տուեալների համադրումը, այդ թւում` ազրպէյճանական, համոզիչ կերպով ցոյց է տալիս, որ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը չէին ծրագրել եւ, առաւել ես, ոչ մի գործողութիւն չէին ձեռնարկել Խոջալու բնակավայրի քաղաքացիական բնակչութեան զանգուածային ոչնչացման ուղղութեամբ:

Հարկ է նշել նաեւ, որ փետրուարի 26-ին Խոջալույում պահւում էին 47 հայազգի ռազմագերիներ, սակայն գործողութեան աւարտից յետոյ այնտեղ մնացել էին միայն 13 հոգի (նրանց թւում մէկ երեխայ եւ վեց կին),  մնացած 34-ը ազրպէյճանցիների կողմից տարուել էին անյայտ ուղղութեամբ եւ չկան տեղեկութիւններ այն մասին, որ իրօք նրանք հետագայում գտնուել են ազրպէյճանական գերեվարութեան մէջ:

Ընդհանրացնելով վերը նշուածը, կարելի է արձանագրել, որ Խոջալուի բնակիչները դարձել էին Պաքուի իշխանութիւնների կեղտոտ խաղերի պատանդները, որոնք այնուհետեւ այդ ողբերգութիւնը վերածեցին շահարկային քաղաքական դրամագլխի: Խոջալուի բնակիչների նկատմամբ ազրպէյճանական իշխանութիւնների կողմից կատարուած դաւաճանութիւնը պաշտօնական Պաքուն փորձում է ներկայացնել որպէս հայերի վրէժխնդրութիւն` Սումկայիթում կազմակերպուած արիւնալի խրախճանքի համար: Ընդ որում, ամբողջ քարոզչութիւնն իրականացւում է վառ արտայայտուած անուանարկումներով եւ հայերի դէմ ուղղուած ցեղային անզսպութեան եւ ատելութեան շիկացմամբ: «Խոջալու» խաղաքարտը կանոնաւոր կերպով խաղարկելով` պաշտօնական Պաքուն փորձում է միջազգային հանրութեան ուշադրութիւնը շեղել Սումկայիթում, Պաքւում, Կիրովապատում, Խանլարում եւ Ազրպէյճանի /որի ողջ տարածքով մէկ փաստօրէն բացէիբաց իրականացւում էր հայերի բնաջնջում/ այլ բնակավայրերում, ինչպէս նաեւ ԼՂՀ սահմանամերձ բնակավայրերում, մասնաւորապէս, Մարաղա գիւղում /ուր 1992թ. ապրիլին ներխուժած ազրպէյճանական կանոնաւոր բանակի ստորաբաժանումները գազանաբար հաշուեյարդար տեսան մօտ 100 խաղաղ բնակիչների նկատմամբ/ կազմակերպուած հայկական կոտորածներից: Ցաւօք,  համաշխարհային հանրութեան կողմից առ այսօր պատշաճ գնահատականի չեն արժանացել Ազրպէյճանի կողմից կատարուած այդ յանցագործութիւնները:

 

 

ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Share this Article
CATEGORIES