Ի՞Նչ Ենք Պահանջում Թուրքիայից. «Հայոց Ցեղասպանութիւն. Ճանաչումից Հատուցում» Խորհրդաժողովի Ուղերձը Եւ Կարեւորութիւնը

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Փետրուարի 23-25-ը Անթիլիասում` հովանաւորութեամբ եւ մասնակցութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա.-ի կայացած միջազգային խորհրդաժողովը` «Հայոց ցեղասպանութիւն. ճանաչումից հատուցում», յատկանշական էր մի քանի իմաստներով:

Առաջին. թէեւ նախկինում հատուցման թեմայով մի քանի գիտաժողովներ ու խորհրդաժողովներ անց են կացուել տարբեր քաղաքներում, սակայն Անթիլիասում կազմակերպուածը առաջինն էր մասնակիցների միջազգային ներկայացուածութեամբ, աշխարհագրական ընդգրկումով եւ զեկոյցների քանակով, բազմազանութեամբ ու խորքայնութեամբ: Ելոյթներ ունեցան աշխարհում ճանաչում ունեցող դատաւորներ, միջազգային իրաւունքի փորձագէտներ, պատմաբաններ եւ ցեղասպանութիւնների, այդ թւում` Հայոց ցեղասպանութեան հարցերով մասնագիտացուած ակադեմականներ:

Երկրորդ. խորհրդաժողովի զեկուցաբերների մեծագոյն մասը եւ յատուկ հրաւիրուածների մէկ մասը օտարներ էին: Արդէն վաղուց ժամանակն է, որ հայերս դուրս գանք մեր պատեանից` հայկական աշխարհից, եւ մեր հարցերին նայենք օտարների ակնոցներով ու միջազգային իրաւունքի, փորձի ու նախադէպերի իմաստով նաեւ, երբ ակնկալում ենք միջազգային աջակցութիւն եւ համերաշխութիւն:

Երրորդ. թէեւ խորհրդաժողովը կրում էր «Հայոց ցեղասպանութիւն. ճանաչումից հատուցում» խորագիրը, սակայն ելոյթների եւ քննարկում-բանավէճի մէկ կարեւոր հատուածը վերաբերում էին միջազգային օրէնքին, փոխհատուցումների մեքանիզմներին, միջազգային դատարանների գործունէութեանը, միջազգային արդարադատութեանն ու աշխարհաքաղաքական շահերին:

Չորրորդ. Անթիլիասի խորհրդաժողովը առաջինն էր, որտեղ փորձ արուեց հայկական հատուցման թղթածրարը լոզունգային կարգավիճակից տանել իրականութեան հարթակ, աւելի յստակ` միջազգային իրաւունքի եւ արդարադատութեան ասպարէզ:

Հինգերորդ. նման բարձր մակարդակով Հայոց ցեղասպանութեան հատուցման թեմայով խորհրդաժողով անց է կացւում ոչ թէ Հայաստանում, այլ սփիւռքում, աւելի յստակ` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պատերից ներս: Արդարացուած է նման խորհրդաժողովն անց կացնել հէնց Անթիլիասում, քանի որ արդէն աւելի քան 90 տարի Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը զրկուած է իր հարիւրաւոր եկեղեցիներից, վանքերից ու կալուածներից, իր Սիս նստավայրից, որոնք քեմալականները վերջնականապէս աւերեցին, կողոպտեցին կամ բռնագրաւուեցին 1922-ին:

Վեցերորդ. խորհրդաժողովում յստակ հնչեց եւ բանավէճ ծաւալուեց հողային փոխհատուցման շուրջ:

Անթիլիասի խորհրդաժողովը շատ աւելի հարցեր ջրի երես հանեց, քանի պատասխանեց հարցերի: Եւ դա բնական է, քանի որ հատուցման թեման գրեթէ նորութիւն է ինչպէս հայ աշխարհի, այնպէս էլ միջազգային հանրութեան համար: Եթէ տասը նշանաւոր հայերի հարցնես, թէ ո՞րն է հայկական պահանջատիրութիւնը, կը ստանաս տասը առանձին պատասխան:

«Ի՞նչ ենք պահանջում Թուրքիայից» ընդհանուր եւ ընդգրկուն հարցին այս խորհրդաժողովը չէր կարող պատասխան տալ: Այս խորհրդաժողովը աւելի շատ ուղղուած էր «Ի՞նչ ենք պահանջում Թուրքիայից» հարցին միս ու արիւն տալ, նախանշել հատուցման «ճանապարհային քարտէսը»:

«Ազդակ» օրաթերթում եւ Հայաստանի ու սփիւռքի այլ լրատուամիջոցներում առաջիկայ շաբաթներին ես կը ներկայացնեմ յօդուածների շարք հատուցման թեմայով: Դրանք վերաբերելու են առաջին հերթին ոչ թէ Անթիլիասի խորհրդաժողովին, այլ  այդ խորհրդաժողովում հնչած հարցումներին ու հնարաւոր պատասխաններին, մարտահրաւէրներին, լուծումներին, վտանգներին: Նախքան այդ հրապարակումները կարելի է մի քանի ընդհանուր կէտերով ամփոփել խորհրդաժողովի ուղերձներն ու հիմնականում անպատասխան մնացած հարցադրումները: Խորհրդաժողովի բացման իր ելոյթում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը շեշտադրեց մի քանի կէտեր, որոնց հայկական աշխարհը` Հայաստանը եւ սփիւռքը, Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախօրեակին չունեն պատասխան:

Առաջին. Թուրքիան, որպէս Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդ, պէտք է միայն ներողութիւն խնդրի՞ ու ճանաչի՞ Հայոց ցեղասպանութիւնը:

Երկրորդ. Հայաստանը եւ սփիւռքը Հայոց ցեղասպանութեան զոհերի ու հայկական կալուածների բռնագրաւման համար պէտք է բաւարարուի՞ ֆինանսական փոխհատուցումով միայն:

Երրորդ. հայերը պէտք է պահանջե՞ն եկեղեցիների, եկեղեցական կալուածների ու միւս հայկական կալուածների վերադարձը:

Չորրորդ եւ ամենակարեւորը. հայերը միջազգային օրէնքներով պէտք է պահանջե՞ն հողային փոխհատուցում: Եթէ այո, ապա ո՞ր սահմաններով:

Անշուշտ, Թուրքիան այսօր պատրաստ չէ հայերին ոչ հող, ոչ եկեղեցի, ոչ կալուածք վերադարձնել:  Թուրքիան պատրաստ չէ ֆինանսական փոխհատուցում տալ: Թուրքիան անգամ չի ուզում լսել այդ մասին եւ շարունակում է հետեւողականօրէն ու պետականօրէն մերժել Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը եւ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցէին:

Պակաս կարեւոր չէ նաեւ այն հարցադրումը, թէ ո՞վ կամ ովքե՞ր են հատուցում պահանջելու Թուրքիայից` Հայաստանի Հանրապետութի՞ւնը որպէս պետութիւն, սփի՞ւռքը, որը Հայոց ցեղասպանութեան հետեւանք է, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութի՞ւնը:

Իսկ ինչպէ՞ս է հակազդելու Թուրքիան այն դէպքում, երբ Հայաստանը, սփիւռքը կամ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը, հաշուի առնելով համաշխարհային փորձն ու միջազգային ատեանները, ներկայացնեն փոխհատուցման իրենց օրինական պահանջները:

Ստորագրելով երկու արձանագրութիւններ (որոնք էութեամբ պայմանագրեր են), ճանաչելով ժամանակակից Թուրքիայի սահմանները եւ պատրաստակամութիւն յայտնելով միջկառավարական (իրականութեան մէջ` պատմական հարցերով) յանձնաժողով ստեղծել արդեօք Հայաստանը կարո՞ղ է միջազգային իրաւունքի, քաղաքական եւ բարոյական հարթութիւններում որեւէ պահանջ այլեւս ներկայացնել թուրքերին:

Ինչպէս երեւում է` հարցերը եւ դրանց պատասխանները բազմաթիւ են: Եւ դա բնական է, քանի որ մինչ օրս Հայոց ցեղասպանութեան հատուցման թեմայով հայկական աշխարհում քաղաքական դիսկուրս` բանավէճ չի եղել:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար  

Share this Article
CATEGORIES