«Սուրիայի Բարեկամներ» Ժողովի Առիթով` Դասեր Թուրքիայի Բարեկամութիւնից

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Թուրքիան որոշել է ամէն գնով տապալել Սուրիայում Ասատի վարչակարգը: Թուրքիան մենակ չէ այս որոշման կայացման մէջ. նա գտնւում է Եւրոպայի, արաբական երկրների, Միացեալ Նահանգների կողքին, որոնք որոշել են, որ Սուրիայում պէտք է փոխուի իշխանութիւնը եւ Պաշշար Ասատը հեռանայ իշխանութիւնից:

Ուրբաթ, փետրուարի 24-ին, 70 երկրների ներկայացուցիչների մասնակցութեամբ, Թունուսում կայացաւ «Սուրիայի բարեկամներ» կոչուող ժողովը, որի նպատակն էր սաստկացնել ճնշամիջոցները` Սուրիայի ներկայ կառավարութեան դէմ, խստացնել շրջափակումները եւ իբր զօրակցել Սուրիայի ժողովրդին, այնպէս որ` Պաշշար Ասատը ստիպուած լինի իշխանութիւնից հեռանալ:

Յիշեալ ժողովին նախագահում էր Թունուսը, իսկ համանախագահներն էին` Թուրքիան եւ Ֆրանսան` կողք-կողքի (միջանկեալ յիշենք, որ սրանից մէկ ամիս առաջ Թուրքիան խիստ թշնամական դիրքեր էր ընդունել Ֆրանսայի դէմ` այդ երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանութիւնը հերքելու քրէականացման օրէնքը վաւերացնելու պատճառով եւ հիմա Թուրքիան Ֆրանսայի կողքին միասին համարւում են Սուրիայի բարեկամներ, ուրեմն` չկան մնայուն բարեկամութիւններ կամ թշնամութիւններ` քաղաքական աշխարհում, այլ կան միայն մնայուն շահեր…):

Ինչեւէ, «Սուրիայի բարեկամներ» ժողովի կապակցութեամբ եւ ընդհանրապէս Սուրիայի ներկայ վիճակի մասին հետաքրքիր է լսել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Տաւութօղլուի մի շարք արտայայտութիւնները. «…. Սուրիայի կացութեանը այսպիսով չի կարելի համբերել, բռնութիւնները Սուրիայում պէտք է կանգ առնեն, Թուրքիան չի կարող այս բռնութիւնների նկատմամբ լուռ մնալ եւ Սուրիայի ժողովուրդը թող իմանայ, որ մենք նրանց կողքին ենք…»:

Սակայն, տարբեր էր իրավիճակը սրանից երկու տարի առաջ, Թուրքիան բարեկամն էր Սուրիայի իշխանութեան, կանգնած էր վարչակարգի կողքին եւ ոչ թէ ժողովրդի, Թուրքիայի վարչապետ Էրտողանը Սուրիայի նախագահ Պաշշար Ասատին համարում էր իր լաւ ընկերը, Թուրքիան էր, որ փորձում էր Սուրիա-Իսրայէլ հակամարտութիւնների խնդրում խաղաղարարի դեր կատարել, դրանից բացի` անցնող տարիների ընթացքում Թուրքիա-Սուրիա առեւտրական կապերը տասնապատիկ զարգացան, եւ երկու երկրները համաձայնուել էին ճնշումներ բանեցնել Քրտական աշխատաւորական կուսակցութեան դէմ:

Յետոյ փոխուեց իրավիճակը, պատահեցին ժողովրդական ընդվզումներ արաբական երկրներում` Եգիպտոս, Թունուս, Լիպիա եւ այժմ` Սուրիա…

Թուրքիան, որ հետապնդում է ազդեցիկ եւ դերակատար ուժ լինել տարածաշրջանում` Միջին Արեւելքում եւ Ափրիկէի հիւսիսում` մասնաւորապէս եւ ամէն միջոցի էլ դիմում է` այդ քաղաքականութիւնը գործադրելու (օգտուելով առեւտրական, ազգային, կրօնական…. լծակներից), պատեհ առիթ տեսաւ իր առջեւ, Սուրիայի իշխանութիւնը գտնւում է փոքրամասնութեան` ալեւիների ձեռքում (շիի դաւանանքի ճիւղաւորումներից), իսկ ժողովրդի մեծամասնութիւնը սիւննիներ են:

Թուրքիայի վարչապետ Էրտողանը` հաւատացեալ սիւննի, մի րոպէ իսկ չտատանուեց եւ իրեն համարեց Ասատի դէմ բողոքի ելած սիւննի զանգուածի կողքին…

«Սուրիայի բարեկամներ»-ի երկրորդ ժողովը հաւանաբար տեղի կ՛ունենայ Թուրքիայում` Պոլսում… ներկայում էլ Թուրքիայում են գտնւում Սուրիայի վարչակարգի ընդդիմադիր ուժերից գլխաւորները` Սուրիայի Ազգային խորհուրդը եւ Սուրիական ազատ բանակը:

 

 

Share this Article
CATEGORIES