Ջութակահարների Աշխարհի Միակ Արհեստավարժ Երկեակը` Ճենտերեճեանները

ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Կազմակերպութեամբ Համազգայինի «Բարսեղ Կանաչեան» երաժշտական քոլեճի եւ հովանաւորութեամբ Սուրէն եւ Սոնիա Սարգսեանների, վաղը «Էսեմպլի Հոլ»-ում տեղի կ՛ունենայ Արմէն եւ Աշոտ Ճենտերեճեան ջութակահարների մենահամերգը (նուագակցութեամբ դաշնակահարուհի Իզապէլ Գայայեանի):

40 տարուց աւելի բեմում գտնուող Ճենտերեճեան եղբայրները անծանօթ անուններ չեն Լիբանանում. 15 տարի առաջ (1997-ին) նրանք զուգանուագով հանդէս են եկել այստեղ: «Ուրախալի է լսել, որ մարդիկ կան, որոնք դեռեւս յիշում են այդ համերգն ու մեզ», համերգից առաջ «Ազդակ»-ի հետ զրոյցի ժամանակ ասաց Աշոտ Ճենտերեճեանը: Նա այս ուսումնական տարուայ սկզբին հրաւիրուել է ղեկավարելու Համազգայինի «Բարսեղ Կանաչեան» երաժշտանոցը եւ, իբրեւ երաժշտութեան ուսուցիչ հրաւիրել է նաեւ Արմէն Ճենտերեճեանին:

Զուգանուագով հանդէս գալու առաջարկութիւնը ջութակահարներին վաղուց է արուել, եւ երբ Լիբանան աշխատելու եկաւ Արմէն Ճենտերեճեանը, նրանք զգացին, որ ճիշդ ժամանակն է համերգ տալու: Ճենտերեճեանների թեմական գործունէութեան միակ ձեւը միասին նուագելն է: Նրանց ստեղծած ջութակահարների երկեակը աշխարհում միակ նմանատիպ արհեստավարժ խումբն է, որ մշտական համերգային գործունէութիւն է ծաւալում: Դրա ապացոյցներից մէկն է, որ օտարազգի շատ երաժշտահաններ երաժշտութիւններ են գրում հէնց Արմէն եւ Աշոտ Ճենտերեճեան եղբայրների համար:

«Մեր տանն է գտնւում երկու ջութակի համար գրուած ստեղծագործութիւնների ամենամեծ գրադարանը», յայտնեց Աշոտ Ճենտերեճեանը:

Տասնամեակներ շարունակ Հայաստանում, Արցախում, նախկին խորհրդային հանրապետութիւններում, ինչպէս նաեւ` Եւրոպայում բազմաթիւ ելոյթներ ունեցած ջութակահարների բեմական գործունէութիւնն ընդհատուել է 2004-ին, երբ Արմէն Ճենտերեճեանին հրաւիրել են ղեկավարելու Հալէպի «Բարսեղ Կանաչեան» երաժշտանոցը: Ութ տարի շարունակ Արմէն Ճենտերեճեանը արհեստավարժ երաժշտի եւ մանկավարժի գործունէութիւն է ծաւալել Հալէպում եւ ինչպէս նշեց, այսօր շատ մեծ կարօտով է յիշում աշակերտներին, ուսուցիչներին: «Տայ Աստուած, Սուրիայում դէպքերը բարեյաջող աւարտ ունենան եւ մարդիկ կրկին մտածեն երաժշտական աշխուժ միջավայրի մասին», ասաց Արմէն Ճենտերեճեանը:

Սուրիան, Հայաստանը եւ Լիբանանը Ճենտերեճեան եղբայրների մասնագիտական գործունէութեան միակ վայրերը չեն. Արցախում նրա՛նք են հիմնել Արցախի սենեկային Սիմֆոնիք նուագախումբը. արցախեան պատերազմի տարիներին նրանք նաեւ յաճախակի համերգներով հանդէս էին գալիս Արցախում` հիացմունք եւ զարմանք պատճառելով շատերին:

Միմեանցից անբաժան ջութակահարների նախնիները սերում են Միջին Անատոլիայից. նրանց ընտանիքի մի շառաւիղն է նաեւ Մուշեղ Իշխանը: Իսկ ջութակահար լինելը եղել է նրանց հօր անկատար երազանքը, որը հետագայում իրականացրել են ընտանիքի չորս զաւակներից երկուորեակ եղբայրները:

Ինչ վերաբերւում է վաղուայ համերգին, յայտնելով իր սպասելիքները, Աշոտ Ճենտերեճեանը ասաց. «Չեմ կարծում, թէ լիբանանցի արուեստասէրը տարբերւում է Փարիզի, Փրակայի կամ Քիեւի հանդիսատեսից: Կարծում եմ իրենք էլ գոհ կը մնան, մենք էլ»:

«Ցանկացած ունկնդիր իսկոյն զգում եւ գնահատում է բարձր որակի կատարումը, բեմից իր հանդէպ դրսեւորած ազնիւ վերաբերմունքը», աւելացրեց Արմէն Ճենտերեճեանը:

«Էսեմպլի Հոլ»-ում տեղի ունենալիք համերգային ծրագրում ընդգրկուած են վերածննդի շրջանի ստեղծագործութիւններ, Հենտել, Քորելլի, մանրանուագներ, ինչպէս նաեւ` Նարեկացու «Վարդավառի տաղը» (Կարօ Չալիկեանի փոխադրմամբ), որը, ինչպէս նշեցին ջութակահարները, հնչել է իրենց գրեթէ բոլոր համերգների ժամանակ:

Բոլոր ստեղծագործութիւնները Լիբանանում երկու ջութակի կատարմամբ հնչելու են առաջին անգամ:

 

 

Share this Article
CATEGORIES