Անդրադարձ. Կեղծ Այլընտրանքների Լաբիւրինթոսում

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Երբեւէ տեսե՞լ էք, թէ ինչպէս է ժամանակակից մարտական ուղղաթիռը թռչում վտանգաւոր տարածքի վրայով, որտեղից նրան նշանառութեան տակ են վերցրել թշնամական զենիթային համակարգերը: Ուղղաթիռն արձակում է ջերմային թակարդներ` կեղծ թիրախներ, որոնք իրենց ջերմութեամբ ուղղաթիռից շեղում եւ դէպի իրենց են քաշում արձակուած ինքնանշանառու հրթիռները: Այսինքն` ուղղաթիռը, օգտագործելով հրթիռի գործողութիւնների կանխատեսելիութիւնը, նրա համար ստեղծում է շատ հրապուրիչ (տաք), բայց միաժամանակ բացարձակապէս կեղծ այլընտրանք:

Նմանատիպ սկզբունք, փաստօրէն, կիրառում են մեր իշխանութիւնները իւրաքանչիւր ընտրութիւնից առաջ` թէ՛ խորհրդարանական, թէ՛ նախագահական: Օրինակների համար հեռուն գնալ պէտք չէ. նոյնիսկ դպրոցական վիքթորինայի մասնակիցները հեշտութեամբ կը նշեն իշխանութիւնների նախաձեռնութեամբ արհեստականօրէն ստեղծուած կուսակցութիւնները կամ հասարակական կազմակերպութիւնները, որոնց միակ նպատակն է ստեղծել ձգողականութեան կեղծ բեւեռներ (յաճախ մկանա-դրամական կամ դրամական-ամբոխավարական) եւ նրանց կողմը տանել ընտրողների առաւելագոյն քանակութիւն` շեղելով իրական այլընտրանքներից եւ սեփական երկրի ճակատագրին աշխուժօրէն ու ինքնուրոյն կերպով միջամտելու փորձերից:

Ցաւօք, չնայած վերջին տարիների որոշակի առաջընթացին, հասարակական զարգացման մակարդակն առայժմ թոյլ է տալիս նման մեքենայութիւններ: Բայց եթէ մեր իշխանութիւնները փոքր-ինչ կարդացած լինէին, ծանօթ կը լինէին Ռոպըրթ Շեքլիի «Պահապան թռչունը» պատմուածքին, գոնէ ականջի ծայրով լսած կը լինէին ոչ հէնց այնպէս ի յայտ եկած առասպելները միջնադարեան հոմունկուլուսների, Կոլեմի, Ֆրանքենշթէյնի եւ միւս արհեստածինների մասին, որոնք ժամանակի ընթացքում դուրս են գալիս հսկողութիւնից, սկսում են ապրել սեփական կեանքով եւ, վերջին հաշուով, կործանում իրենց ինքնահաւան ստեղծողներին:

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
ՀՅԴ Բիւրոյի անդամ
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար

«ԵՐԿԻՐ»

Share this Article
CATEGORIES