Յարութիւն Նագուլեանը` Երէկ Եւ Այսօր, Կամ` Գովք Եւ Հրաժեշտ Վաթսունականներին

Ձա֊խից աջ` նկա֊րիչ֊ներ Ռո֊պէրթ Էլի֊բեկ֊եա֊նը, Լա֊ւին֊իա Բաժ֊բէ֊ուկ-Մե֊լիք֊եա֊նը, իր ամու֊սի֊նը` Ալեք֊սանդր Սու֊խա֊նո֊վը եւ Յա֊րու֊թիւն Նա֊գուլ֊եա֊նը` Լա֊ւին֊իա֊յի տա֊նը:

Երեւան չհասած` այդ յօդուածը Երեւանում պայթեց ռումբի նման: Բոլորը խօսում էին այդ մասին: Եւ այնքան կարեւոր էր դա վարչակարգի համար, որ պատասխանը յանձն առաւ գրելու խորհրդահայ գրականութեան եւ հասարակական կեանքի երեւելի դէմքերից մէկը, Սփիւռքահայութեան կոմիտէի նախագահի տեղակալ, «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագիր, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Վահագն Դաւթեանը: Ո՛չ աւել, ո՛չ պակաս: Պետութեան կարեւոր պաշտօնեաներից մէկը` զարդարուած ամէն տեսակի կոչումներով եւ աստիճաններով: Եւ դա` Լոնտոնում սովորող մի ուսանողի դէմ:

1973 թուականի օգոստոսի 22-ին «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում տպագրուեց Վահագն Դաւթեանի «Երբ մարդը զուրկ է հայրենիքի զգացողութիւնից» խորհրդային ջարդարարական հին յօդուածների ոգով գրուած «գաղափարական» յօդուածը: Շրջանցելով Նագուլեանի ասածներն ու մատնանշումները` Վահագն Դաւթեանը Նագուլեանի յօդուածը համարում էր «պարսաւագիր, չարամտութիւնների ու անհեթեթութիւնների խառնուրդ…», «…պատեհապաշտական ինչ-ինչ ակնկալութիւններից յօրինուած…» եւ ի պատասխան` թուարկում էր Խորհրդային Հայաստանի զանազան ձեռքբերումները տարբեր ասպարէզներում: Վահագն Դաւթեանը փաստօրէն նենգափոխում եւ խեղաթիւրում էր յօդուածում արտայայտուած մտքերը: Այն, ինչ ասում էր Նագուլեանը, անշուշտ այլախոհութիւն էր, իսկ Պարոյր Սեւակի ողբերգական մահից յետոյ հայ գրականութեան միջավայրում այլեւս այլախոհութիւն եւ ազատամտութիւն չկար: Եւ չէր էլ կարող լինել:

Ինչեւէ:

Վահագն Դաւթեանին միացան շատերը` ազնիւ համայնավար գրողներ ու գրականագէտներ, գրական կեանքի մէջ իրենց որոշակի տեղը բռնած կոմերիտական զանազան գործիչներ` ամէն տեսակի մելքոնեաններ: Սփիւռքում սրանց միացան համայնավարամէտ զանազան գրչակներ: Այն տպաւորութիւնն էր ստացւում, թէ թշնամու բանակ է յարձակուել Խորհրդային Միութեան վրայ եւ Խորհրդային Հայաստանի ճակատագիրը վտանգուած է: Մինչդեռ եղած-չեղածը իրեն հայ եւ հայաստանցի զգացող մի ուսանողի արդար վրդովմունքն էր ազգային արժէքների անարդար գնահատութեան հանդէպ:

Այն, ինչ ասում էր Յարութիւն Նագուլեանը, իրականութիւն դարձաւ տասնեակ տարիներ յետոյ: Ե՛ւ Կալենցը, ե՛ւ Կոնտրաջեանը, ե՛ւ միւսները, եթէ ոչ պետականօրէն, յամենայն դէպս համաժողովրդական ըմբռնումով, ունեցան իրենց իսկական ճանաչումն ու գնահատութիւնը: Նագուլեանը պարզապէս ժամանակից առաջ էր ընկել` Խորհրդային Հայաստանի պաշտօնական անձանց երեսին նետելով ճշմարտութիւնը:

Եւ նրանք էլ, Սփիւռքահայութեան կոմիտէով, Հայաստանի պետական մամուլով եւ սփիւռքի համայնավարամէտ մամուլի էջերով հաւատաքննութեան դատաստան սարքեցին Յարութիւն Նագուլեանի դէմ եւ Հայաստանի դռները շրխկոցով փակեցին նրա առաջ:

Ճշմարտութիւնը պահանջում է ասել, որ փակողներին թւում էր, թէ ընդմիշտ…

***

Հայաստանից մեկնելուց յետոյ, 1972 թուականից սկսած, Յարութիւն Նագուլեանը սկսում է մամուլում հրապարակել իր բանաստեղծութիւնները: Ըստ երեւոյթին, հայաստանեան եօթը տարին երիտասարդ Նագուլեանին ոչ միայն ներարկել էին ազատ ու ըմբոստ մտածողութիւն (հակադարձ վերաբերմունք իրականութեան հանդէպ), այլեւ իր ներաշխարհը լցրել էին ելք փնտռող ու հայցող բանաստեղծական զգացումներով, բանաստեղծութեամբ:

Իր բանաստեղծութիւնները հիմնականում տպագրւում էին «Բագին» ամսագրում, որ այն տարիներին Պէյրութի առաւել յայտնի գրական հանդէսը լինելու յաւակնութիւնն ունէր, եւ «Ազդակ» օրաթերթում:

Արդէն իր առաջին տպագիր բանաստեղծութիւնը` «Կապոյտ»-ը, վկայում էր, որ Նագուլեանը նախընտրում է ազատ բանաստեղծութիւնը (vers libre), առանց յանգի եւ յանգային կաշկանդումների:

Յարութիւն Նագուլեանի բանաստեղծութիւնները մի անհատի հոգեկան տուայտանքների, ապրումների եւ զգացումների բանաստեղծական պատմութիւնն են, որ իրենց մէջ ներառում են ժամանակն ու առարկայական աշխարհի կեանքը իր իրադարձութիւններով եւ բազմազանութեամբ:

Եթէ իր առաջին տպագիր բանաստեղծութիւններում բանաստեղծը առաւելապէս իրեն է բացում մեր առջեւ, խօսում է խոստովանութեան պէս, ապա հետագայ տարիներին իրական կեանքը, անանձնական ապրումները, անվերջ փոփոխուող աշխարհի բազում իրակութիւնները, թւում է աննկատելիօրէն, թափանցում են իր բանաստեղծութիւնը, այն դարձնելով առաւել տրամաթիք, առաւել տարողունակ, առաւել լեցուն կեանքի թելադրանքով եւ կշռոյթներով: Իր բանաստեղծութեան մէջ մաս ունեն ե՛ւ հայաստանեան կեանքն ու Հայաստանից բաժանումը, ե՛ւ մեր ազգային կեանքի իղձերն ու տագնապները, ե՛ւ լիբանանեան պատերազմը, եւ համաշխարհային արուեստի ու մշակոյթի բազմաթիւ եւ բազմապիսի իրականութիւնները, որոնց գոյութիւնը, որոնց շարժումն ու կերպափոխութիւնների համադրութիւնը ժամանակակից մարդու դիմագիծն են կազմում եւ որոշում են իր ներաշխարհի հարստութեան սահմանները:

Նագուլեանի շատ բանաստեղծութիւններ կարող են թուալ զուտ անձնական. բանաստեղծութիւններ, որոնց քնարական հերոսը խօսում է ես-ի անունից, բայց բանաստեղծի ես-ը, հեղինակին ներկայացնելուց զատ, այն ոսպնեակն է, կախարդական այն պրիսմակը, որի միջով ու միջոցով նա տեսնում է կեանքն ու շրջապատող աշխարհը, բանաստեղծօրէն եւ բանաստեղծութեամբ տարրալուծելով կեանքի բազմաթիւ եղելութիւններ եւ վիճակներ, մէկ անգամ եւս վերապրելով դրանք, այս անգամ արդէն` չափածոյ խօսքի մէջ:

Ես-ի մնայուն ներկայութիւնը, պարզելով աշխարհին ու մարդկանց ուղղուած բանաստեղծի հայեացքի ուղղութիւնը, միեւնոյն ժամանակ ե՛ւ հոգեկան շարժում է նշանակում, ե՛ւ կենսական իրողութիւնների յորձանուտին ինքնավստահ դիմակայութիւն, ե՛ւ բանաստեղծութեամբ խօսելու, ասելով եւ արտայայտելով ներքին մտատանջութիւնների պարսերից, ժամանակակից մարդու հոգեկան աշխարհը կեղեքող կասկածներից եւ տարակուսանքներից ազատուելու ձգտում:

Իրական կեանքը այսպէս անցնում է բանաստեղծի միջով` վերածուելով արտայայտիչ այլասացութեան` բանաստեղծական պատկերի, կշռութաւոր խօսքի, այլաբանութեան ու փոխաբերութեան:

Այսպիսով, Նագուլեանի բանաստեղծութեան ազատ հոսքը դառնում է կեանքի ընթացքի ու շարժումի, ժամանակակից անհատի, մանաւանդ որոշակի իրականութեան եւ որոշակի առարկայական հանգամանքների մէջ ապրող հայ անհատի հոգեկան տուրեւառութիւնների չափածոյ արձանագրում:

Գրութեան ժամանակով տասնեակ տարիներով միմեանցից հեռու, միմեանցից զատուած Նագուլեանի բանաստեղծութիւնները ներքին շարունակականութիւն եւ միասնութիւն ունեն եւ մի ամբողջութիւն են կազմում: Ըստ էութեան, այն մի ծաւալուն մենախօսութիւն է, սրտաբաց ու անկեղծ զրոյց ընթերցողի հետ, որ ձգւում է տասնամեակների միջով: Քնարական, երբեմն էլ` ջղաձիգ ու տրամաթիքական, երբեմն էլ` անհաւասար թոնայնութեամբ գրուած իր բանաստեղծութիւնները թւում են մի մեծ պոէմի, բանաստեղծական ընդարձակ խօսքի հատուածներ: Այդ խօսքը անցնում է տասնամեակների միջով` դառնալով քնարական հերոսի հոգեկան ապրումների եւ տուայտանքների, կեանքի հանդէպ ունեցած իր վերաբերմունքի բանաստեղծական տարեգրութիւնը: Այդ հերոսը խորունկ ներաշխարհի տէր մարդ է, ունի բնութեան ու կեանքի երեւոյթների նուրբ զգացողութիւն, լեցուն է դարի ու ժամանակի պարտադրած տրամաթիզմով, հոգսերով ու տագնապներով:

Ես յատկապէս որեւէ բանաստեղծութիւն չեմ անուանում, չեմ առանձնացնում, բանաստեղծական որեւէ շարք չեմ վկայակոչում, մէջբերումներ չեմ անում` ընթերցողին թողնելով բանաստեղծական խօսքին դէմ-յանդիման, մտածելով, որ բանաստեղծութիւնը կատարելապէս կայանում է միայն ընթերցումի եւ այն էլ ճիշտ ընթերցումի պահին:

Եւ այնուամենայնիւ մի ծաւալուն շարք, որ կարող ենք նաեւ պոէմ համարել, ուզում եմ առանձնացնել: Խօսքս Պէյրութի «Կամար» ամսագրում տպագրուած «Վաթսունականներուն» խորագրով շարքի բանաստեղծութիւնների մասին է:

Այս շարքի բանաստեղծութիւնների մէջ Նագուլեանը իրար է բերում երկու ժամանակ` վաթսունականները, ի՛ր վաթսունականները եւ մեր ներկան: Երեւանի վաթսունական թուականները «հոգիի նրբանցքներուն մէջ» դեգերող հայ երիտասարդութեան համար ոգու վերելքի ու ընդվզումի ժամանակներ էին, որ լցուած էին մարդուն ազնուացնող եւ բարձրացնող մշակոյթով, գրականութեամբ եւ արուեստով: Եւ, անշուշտ, մարդիկ էին` հայ ոգու եւ մշակոյթի հզօր անհատները, որոնք իրականութիւնն ու ժամանակը դարձնում էին առասպելական.

Լեւոն Ներսիսեանըտիտանը վաթսունականներուն

Ճօթթօն

Քոչարը

Մինասը

Օննիկ Մինասեանը հոգիով կիլիկեցի

Արմէն Զարեանը

Կոստանի տղան

այն որ գտաւ պրպտեց զննեց

Լէօնարտոյի Արմենիա ձեռագիրը…

Նագուլը արդարօրէն կապ է տեսնում վաթսունականների մեր ոգու վերելքի եւ նոր ժամանակներում արդէն մեր արդար պատերազմի դաշտում հայ երիտասարդների գործած անօրինակ սխրագործութիւնների` մեր ժողովրդի հոգեկան նոր մեծ վերելքի միջեւ: Վաթսունականների Երեւանը եւ իրենք վաթսունականների մարդիկ, անկրկնելի էին, ինչպէս որ իրենց ժամանակն էր` յախուռն, լեցուն, նկարագրով ու հոգիով` գեղեցիկ, մաքուր ու վսեմական: Շարքի բանաստեղծութիւնների այդ հատուածները գրուած են մեծ զգացականութեամբ ու աւաղանքով, այն սիրով ու խանդաղատանքով, որ մարդը ունենում է իր երիտասարդութեան եւ առհասարակ անցեալ ժամանակի հանդէպ:

Բայց եւ շարքի բանաստեղծութիւնների առանձին հատուածներում յայտնւում են այլ նոթաներ, մռայլ գոյներ, շատ բան բանաստեղծը տեսնում է տագնապով ու շփոթ սարսափով: Դժբախտաբար իրաւացի եւ իրատես է հին երազի բանաստեղծը եւ ձգտում է հասկանալ այն անհասկանալի կերպափոխութիւնները, որ ունեցաւ Հայաստանի ժողովուրդն ու հայաստանեան կեանքը.

Հիմա ազատ է մեր հայրենիքը
իրօք այդպէս է
հիմա թալանուած հողամաս մըն է
մեր հայրենիքը
արդեօք այդպէս էր մեր հին երազը
Միշտ իրաւացի է անգլիացի բանաստեղծը: Իրօք որ`
Յղացման
Եւ ստեղծումի միջեւ
Յոյզի
Եւ պատասխանի միջեւ
Ընկնում է Ստուերը…

Ահա այդ Ստուերն է, որ աղարտում է մի ամբողջ սերունդի վաթսունականների հին երազը: Վաթսունականների գոյութիւնն ու ներկայութիւնը հայ կեանքում սխրանք էր, հոգեկան մեծ վերելք արձանագրող սխրանք: Այդ մասին, կարծում եմ, դեռ գրքեր են գրուելու:

Եւ շատ է գրուելու:

Նագուլեանի առաջին տպագիր բանաստեղծութիւններից մէկը սկսւում էր այսպէս.

Զանգերուն ձայնը աստղերէն կու գայ
ու կ՛արձագանգէ
ներաշխարհիս մէջ…

«Վաթսունականներուն» շարքի մի բանաստեղծութիւնը սկսւում է գրեթէ նոյն պատկերով

զանգակներ կան հիմա
ներաշխարհիս մէջ

Կեանքի եւ իրականութեան տրամաթիքական ճշմարտութիւնը տեղ չի թողնում նուրբ զգացականութեան համար: Ճշմարտութիւնը դառնում է աւելի զօրաւոր, քան բանաստեղծութիւնը: Հոգեկան տագնապ արթնացնող զանգերը հանգիստ չեն տալիս բանաստեղծին: «Հոգիի նրբանցքներ»-ի` ներաշխարհի բանաստեղծը, թւում է` վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել էր: Իր այս շարքի բանաստեղծութիւններում Նագուլը ոգեկոչում-վերակենդանացնում է վաթսունականների անցեալ դարձած ժամանակը, սիրով ու թախիծով մի անգամ էլ ապրելով այդ ժամանակը բանաստեղծութեան մէջ: Թւում է` հրաշք է կատարւում, պատմութեան անիւը ետ է շպրտւում, եւ ողջ են ու իր հետ խօսում-զրուցում են վաթսունականների յայտնի դէմքերը` Կոստան Զարեանն ու Երուանդ Քոչարը, Լեւոն Ներսիսեանն ու Մինասը, Յովհաննէս Մինասեանն ու Ալբերտ Կոստանեանը, միւսները, բոլորը: Եւ իր այս բանաստեղծութեամբ Նագուլը վերջնական հրաժեշտ է տալիս իր վաթսունականներին եւ ամէն ինչ յանձնում է անվերադարձ անցեալին: Շրջանը փակւում է, բանաստեղծութիւնը ամէն բան հասցնում է իր լրումին: Ուստի եւ բանաստեղծութիւնների այս շարքը արդարօրէն կարող էր կոչուել «Գովք եւ հրաժեշտ վաթսունականներին»:

Իր երիտասարդական տարիների մեղքերից մէկն էլ «Անմարմինները» խորագրով թատրերգրութիւնն է, որ հրատարակուել է 1974-ին: Բայց իր գրական գործի առաւել ուշագրաւ մասն են կազմում իր արուեստաբանական յօդուածներն ու էսսէները Փարաջանով-Փարաջանեանին նուիրուած յօդուածները, «Ռուտոլֆ Խաչատրեան», «Հենրի Մուր եւ Հայաստանի քանդակագործները», «Յարութիւն Կալենց եւ Հայաստանի նկարչութիւնը», «Երուանդ Քոչար եւ հայկական հարցեր»: Ուշագրաւ է, որ առանձին անհատների անուան եւ ստեղծագործութեան շուրջ գրուած այս յօդուածներն ու էսսէները առաւել մեծ ընդգրկում ունեն, քան կարող է թուալ առաջին հայեացքից: Հայաստանի արուեստին քաջատեղեակ հեղինակը հարցերն ու խնդիրները տեսնում է խորութեամբ եւ խնդրական ձեւով, ստեղծագործական անկասելի ընթացքի ներքին տրամաբանութեամբ: Այն, ինչ ասում էր արուեստաբանը, ժամանակ անց դառնալու էր անառարկելի իրականութիւն: Պարզապէս արուեստաբանը աւելի ճիշտ էր տեսնում երեւոյթները եւ, կարելի է ասել, ժամանակից առաջ էր ընկնում:

Իր այդ յօդուածներն ու էսսէները այսօր էլ չեն կորցրել իրենց արժէքն ու նշանակութիւնը:

***

Վերջին երկու տասնամեակում տոքթ. Յարութիւն Նագուլեանը առաւելապէս տրուած է նկարչութեանը: Թւում է` նա վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել էր, վերադառնում է արուեստի ամենաազատ, խօսքային կաշկանդումներից զերծ եւ թարգմանական դժուարութիւններից ազատ արուեստի ոլորտը: Արուեստագէտի հոգեկան ազատութիւնը ոչ մի ոլորտում թերեւս այդքան հնարաւոր եւ այդքան կատարեալ չէ, որքան նկարչութեան մէջ: Վերջապէս, նկարչութիւնը գայթակղիչ հնարաւորութիւն է տալիս շրջապատող աշխարհը իր նկարչութեամբ եւ իր նկարչութեան մէջ վերափոխելու ըստ իր հոգեկան կառուցուածքի, գունագեղ աշխարհը վերստեղծելու ըստ պատկերի իւրում:

Ինչո՞ւ եղաւ այս «վերադարձը», ինչո՞ւ Նագուլեանը հիմնովին վերադարձաւ նկարչութեանը` իր կտաւների հրապարակաւ ցուցադրութիւններն անելով եւ ցուցահանդէսներ կազմակերպելով: Թերեւս կարելի է կռահել: Հաւանաբար այն պատճառով, որ նկարչութիւնը վերացարկման աւելի մաքուր ու բարձր ձեւ է, քան գրականութիւնը: Գոյնը չունի այն նիւթական-առարկայական բովանդակութիւնն ու պատմողական իւրայատկութիւնը, որ ունի բառը, խօսքը: Այս իմաստով, նկարչութիւնը առաւել կատարեալ ազատութիւնն է, քան` իրական եւ նիւթական աշխարհի յարաբերութիւններով կաշկանդուած գրականութիւնը:

Եւ այնուամենայնիւ, սխալուած չեմ լինի, եթէ ասեմ, որ իր նկարչութիւնը իր բանաստեղծութեան շարունակութիւնն է: Հետաքրքրական է, որ տասնեակ տարիներ արդի հայ նկարչութեան մէջ ապրած տաղանդաւոր նկարիչների արուեստանոցներում իր կեանքը անցրած, նրանց հետ առօրեայ բարեկամութեամբ կապուած Յարութիւն Նագուլեանի նկարչութիւնը նման չէ նրանցից ոեւէ մէկի արածին: Իր նկարչութիւնը հասուն, աւարտուած, ինքնավստահ ու կայացած նկարչութիւն է: Կտաւի մշակուած եւ հարուստ մակատեսքը, գունային հետաքրքրական յարաբերութիւնների ստեղծումը, նկարչութեան մէջ առարկայական-պատմողական տարրերից զերծ մնալը եւ զուտ գոյնով մտածելը, գոյնը իբրեւ նկարչութեան ինքնակայ միաւոր եւ ձեւածաւալ ընկալելը կայացած նկարչութեան բնորոշ գծեր ու յատկութիւններ են: Նագուլեանի կտաւների գունային հարուստ մակերեսներն ու ազատ յօրինուածքների արքիտեկտոնիկան կատարեալ դաշնութիւն են ներկայացնում, ինչը տրուած չէ ամէն մի արուեստագէտի:

Տաղանդաւոր անձը տաղանդաւոր է ամէն ինչում` թէ՛ բանաստեղծութեան մէջ, թէ՛ նկարչութեան մէջ, թէ՛ առօրեայ կեանքում եւ թէ՛ բանաւոր խօսքում: Նագուլեանը տաղանդաւոր է նաեւ կեանքի երեւոյթների եւ շրջապատի հանդէպ ունեցած վերաբերմունքի մէջ: Ուրախ հումորով եւ սրամտութեամբ փայլող մարդը ունի երեւոյթների եւ առարկաների ընկալման ու գնահատութեան իր կերպը, որ պայմանաւորուած է նուրբ, երբեմն նոյնիսկ անորսալի հեգնանքով եւ բարակ քմծիծաղով, որ նախ ուղղուած է իրեն եւ յետոյ մնացածներին, մեզ բոլորիս: Սրամիտ լինում են սուր միտք, նուրբ դիտողականութիւն եւ թափանցող, վերլուծական միտք ունեցող մարդիկ: Իր հին ըմբոստութիւնը, կեանքի ու երեւոյթների հանդէպ բաց ու անկաշառ հայեացքը, ընկալումի եւ մտածողութեան ազատութիւնը այսօր էլ նոյնութեամբ տեւում եւ շարունակւում են իր մէջ: Տաղանդաւոր մարդը միշտ էլ կարողանում է իր կեանքն ու առօրեան դարձնել իմաստաւոր ու բովանդակալից եւ ապրել այդ կեանքը արուեստով ու մշակոյթով ապրող մարդու հոգեկան գեղեցկութեամբ` թեթեւ, լուսաւոր եւ արթիսթական:

Տոքթոր Յարութիւն Նագուլեանը, աւագ ընկերս ու բարեկամս, ճիշտ այդպիսի անձնաւորութիւն է: Այդ է վկայում նախ եւ առաջ տպագրութեան պատրաստ իր հրաշալի ժողովածուն:

Ես նոյնպէս վկայ եմ եւ հաստատում եմ:

Խմբ. կողմից. – Այս եւ նախորդ էջերում հրապարակուող յօդուածը առաջաբանն է շուտով լոյս տեսնող Յարութիւն Նագուլեանի բանաստեղծութիւնների եւ արուեստաբանական յօդուածների «Ես վաթսունականս» ժողովածուի, որի կազմողը եւ խմբագիրը Երուանդ Տէր Խաչատրեանն է:

 (Շար. 2)

«Ազգ»

Share this Article
CATEGORIES