Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի Հետ (Համադրում «Ռեգնում»-ի Եւ «Երկիր»-ի Հարցազրոյցներու. Վտանգաւոր Է, Երբ Նախագահը Կարծում Է, Որ Երկրում Կեանքը Լաւացել Է

«ԵՐԿԻՐ».- Պարո՛ն Մարգարեան, ՀՀԿ 13-րդ համագումարում հանրապետութեան նախագահի ելոյթում  լայն անդրադարձ կար երկրի ընկերային-տնտեսական ոլորտին: Հնչեցուած թուերի ու դիտարկումների վերաբերեալ կը ցանկանայինք իմանալ ձեր տեսակէտը:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Նախագահի ելոյթի` յատկապէս երկրի տնտեսութեանը վերաբերող մասին կարելի է մօտենալ մի քանի տեսանկիւնից, սակայն այս պահին ամենակարեւորը հետեւեալն է. նախագահը ինքը գոնէ թող չտպաւորուի իր հնչեցրած թուերից եւ չմտածի, որ մեր երկրի վիճակը լաւ կամ աւելի լաւ է: Գիտէք` վատ է, եթէ դա քարոզչութեան նպատակով ելոյթ էր, իսկ վտանգաւոր է, եթէ նախագահը կարծում է, որ երկրում կեանքը լաւացել է:

«ԵՐԿԻՐ».- Նախագահի ելոյթում նշուեց, որ հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրութիւնները նպաստել են Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Ցաւօք, իրենց մեծ սխալը այն է, որ տխրահռչակ արձանագրութիւնների ստորագրման փաստն արդարացնելու համար փորձում են իրականութիւնը ծուռ հայելու մէջ ներկայացնել: Երբ հրապարակ իջան արձանագրութիւնները, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը միանգամից ուժեղ հարուած ստացաւ, եւ շատ երկրներում գործընթացը կասեցուեց` իբր «հայ-թուրքական հաշտեցմանը չխանգարելու» մտայնութեամբ, եւ այդ ընթացքը տրամաբանօրէն պէտք էր շարունակուէր, եթէ հաստատուէին արձանագրութիւնները: Սակայն, երբ պարզ դարձաւ, որ դրանք չեն հաստատուելու, եւ փոխուեց նաեւ Հայաստանի կեցուածքը, բնականօրէն, շարունակուեց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման կասեցուած ընթացքը: Այլ խօսքով, այսօրուայ ձեռքբերումները ոչ թէ չարաբաստիկ արձանագրութիւնների արդիւնք են, այլ դրանք կեանքի չկոչուելու հետեւանք:  Յամենայն դէպս, օր առաջ պէտք է յետ վերցնել այդ արձանագրութիւններից Հայաստանի  ստորագրութիւնը ու նախաձեռնել իսկապէս առանց նախապայմանների յարաբերութիւններ հաստատելու գործընթաց:

«ԵՐԿԻՐ».- Նախագահի ելոյթում կային նաեւ ապագային միտուած հաստատումներ եւ ցանկութիւններ:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Անցած տարիներին շատ խօսքեր ենք լսել, որոնք երբեք իրականութիւն չեն դարձել, եւ նոյնիսկ, եթէ յատուկ ճիգ թափենք, չենք կարող յոյսեր կապել նոր հնչեցուած խօսքերի հետ:  Սակայն արդար լինելու համար պէտք է գոհունակութեամբ անդրադառնալ նախագահի ելոյթի հայրենասիրական ոճին:

«ՌԵԳՆՈՒՄ».- Պարո՛ն Մարգարեան, որոշե՞լ է արդեօք Հայ յեղափոխական դաշնակցութիւնը, թէ ի՛նչ ձեւաչափով է մասնակցելու 2012թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Մենք արդէն որոշում ունենք ընտրութիւններին առանձին մասնակցելու մասին: Չնայած այդ որոշմանը` մենք շարունակում ենք շփումները այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, սակայն առայժմ որեւէ նախանշան չկայ, որ կարողանանք խօսել հնարաւոր դաշինքների կամ նախընտրական այլ ձեւաչափերի մասին:

«ՌԵԳՆՈՒՄ».- Ինչպիսի՞ն են կուսակցութեան հնարաւորութիւնները առաջիկայ ընտրութիւններից առաջ, ձեր գնահատմամբ:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Շատ բան է կախուած նախընտրական պայքարից: Բայց նաեւ յայտնի է, որ հայաստանեան քաղաքական ուժերից ՀՅԴ-ն ունի հասարակութեան մի կայուն հատուածի աջակցութիւնը: Այսինքն մեր ժողովրդականութիւնը պայմանաւորուած է նրանով, որ ժողովրդի շրջանում ընդունւում են կուսակցութեան գաղափարախօսութիւնն ու ծրագիրը: Այս տեսանկիւնից մենք ընտրազանգուածի նուազագոյն խարիսխը ունենք: Մնում է, որ մենք ընտրապայքարի ժամանակ կարողանանք ազդել նաեւ քաղաքականացուած ընտրազանգուածի վրայ` ստանալու համար նաեւ այդ մարդկանց ձայները: Կանխատեսումներ չեմ անի, դա անշնորհակալ գործ է:

Հայաստանի ներքաղաքական դաշտում մի մեծ խնդիր կայ: Յաճախ կուսակցութիւնների ժողովրդականութիւնը հիմնուած չէ նրանց գաղափարախօսութիւնների եւ ծրագրերի վրայ: Քաղաքական ուժերը ձայներ են հաւաքում հիմնականում այլ մեթոտներով, մի բան, որ խորթ է մեզ: Մենք նման մեթոտներ չենք կիրառում, մենք այդ «էժան ճանապարհով» չենք կարող գնալ եւ ապահովել ձայների կեղծ, ուռճացուած պատկեր: Մենք ջանում ենք քաղաքացիների վստահութիւնը շահել մեր ծրագրերի եւ գաղափարների միջոցով:

«ՌԵԳՆՈՒՄ».- ՀՅԴ-ն, այո, ունի կայուն ընտրազանգուած: Այդ մասին չեն վիճում նոյնիսկ փորձագէտները: Բայց եւ հարց է` ինչո՞ւ կուսակցութեանը չի յաջողւում առաւել լայն զանգուած հաւաքել իր շուրջը:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Եթէ ոեւէ մէկն ասի, թէ ում է դա իրօք յաջողուել, ես կ՛ընդունեմ, որ դա մեզ չի յաջողւում: Իրականութիւնն այն է, ինչ ես ասացի վերեւում: Ընդհանուր առմամբ, ձայներ ստանալու երեք ճանապարհ կայ: Առաջինը ամբոխավարականն է, երբ քաղաքական գործիչներին կամ քաղաքական ուժերին յաջողւում է ժողովրդական ալիք բարձրացնել, սկսել այսպէս կոչուած «ընդդէմի» շարժում, ինչն էլ ձայներ է ապահովում ընտրութիւնների ժամանակ, բայց` ոչ թէ քաղաքական գործիչների եւ ուժերի գաղափարների շնորհիւ, այլ` իշխող վարչախմբի հանդէպ մարդկանց մօտ եղած ատելութեան: Երկրորդը` վարչական լծակների լայն օգտագործումն է` քրէական աշխարհի մասնակցութեամբ: Եւ երրորդ` դասական ուղին էլ այն է, երբ կուսակցութիւնը վստահութեան քուէ եւ ընտրազանգուածի համակրանք է շահում քրտնաջան աշխատանքի շնորհիւ: Այս վերջինն է, որ յատուկ է ոչ բոլոր քաղաքական ուժերին:

Հայաստանեան կուսակցական-քաղաքական համակարգի մի առանձնայատկութիւնն էլ այն է, որ կուսակցութիւնը մի ընտրութեան ժամանակ կէս միլիոն ձայն է հաւաքում, իսկ միւս ընտրութիւններում չի ունենում նոյնիսկ այդ դրամագլխի10 տոկոսը: Նոյնիսկ հնարաւոր չէ, այդ ցուցանիշների միջեւ որեւէ համեմատութիւն անցկացնել: Չի կարող այնպէս լինել, որ չորս տարուայ մէջ կուսակցութեան վարկանիշն այդպէս ընկնի: Դա նշանակում է, որ առաջին դէպքում կուսակցութիւնն այդքան ձայն է ստացել կեղծիքների, վարչական կարողութիւնների շնորհիւ, որ ունեցել է երկիրը ղեկավարելու շրջանում: Վերն ասուածը վկայում է մեր հասարակութեան քաղաքական չհասութեան եւ անկազմակերպուածութեան մասին: Հէնց այդ պատճառով է, որ մենք գործ ունենք ոչ այնքան ընտրութիւնների, որքան հնարաւորինս շատ ձայներ հաւաքելու պարզունակ գործընթացի հետ: Մինչդեռ իսկական ընտրութիւններում ժողովուրդն ընտրութիւն է կատարում կուսակցութիւնների գաղափարների եւ ներկայացրած ծրագրերի միջեւ:

«ՌԵԳՆՈՒՄ».- Ինչպէս դուք հաստատեցիք, Հայաստանում ոչ թէ ընտրութիւն է տեղի ունենում, այլ` ձայների հաւաքագրում: Այդ դէպքում ինչպէ՞ս կը գնահատէք ընդդիմութեան եւ մասնաւորապէս Դաշնակցութեան դիրքերն այդ անհաւասար պայքարում:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Քաղաքական ուժերին առաջին հերթին գնահատում են նրանց անցած ճանապարհով: Անցեալ խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ (2007թ., խմբ) մենք ձայների քանակով երրորդն էինք: Ասել է, թէ մեր անցած ճանապարհը խոտոր ու ձախողուած չի եղել: Ես նախընտրում եմ գնալ դժուարին ճանապարհով, բայց` հաստատուն քայլերով, ինչն իրօք հեռանկար ունի: Ամենավատն այն է, երբ մարդն ինչ որ ձեւերով հասնում է իշխանութեան, բայց յաջորդ օրն իսկ ողջ ժողովրդին լարում է իր դէմ: Հէնց սա է տեղի ունենում Հայաստանում: Այնուհետեւ իշխանութիւնն ամէն գնով պահելու անվերջանալի ձգտումը վերածւում է դժբախտութեան, որովհետեւ յանուն այդ նպատակի խախտւում են ժողովրդավարական չափանիշները, իշխանութիւնները յայտնւում են սակաւապետներից ու հեղինակութիւններից կախուածութեան մէջ: Այնպէս որ, չի կարելի ասել, թէ յաղթելու հեշտ ճանապարհն է միշտ ամենաճիշդը: Գոնէ մենք նախընտրում ենք առաջ  գնալ  դժուար ճանապարհով:

«ՌԵԳՆՈՒՄ».- Դուք տեսնո՞ւմ էք ընդդիմադիր դաշտի համախմբում գործող իշխանութեան դէմ: Ի՞նչ է հարկաւոր դրա համար, եւ ո՞րն է գործող վարչախմբի դէմ յաղթանակի ձեր բանաձեւը:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Միայն մէկ հարցում կարող են ընդդիմադիր ուժերը համագործակցել: Դա ազատ եւ արդար ընտրութիւնների կազմակերպումն ու անցկացումն է: Բայցեւայնպէս այս հարցում մենք ունենք մի սկզբունքային մօտեցում` ցանկանում ենք արդար ընտրութիւններ անցկացնել մեր ժողովրդի համար: Մենք այդ հարցը չենք բարձրացնում սոսկ Արեւմուտքին դուր գալու, նրան այս հարցերում միջամտութիւնների առիթ տալու համար: Մենք չենք ցանկանում, որ արդար ընտրութիւնների թեման շահարկումների առարկայ դառնայ դրսի ուժերի համար: Այդուհանդերձ, գտնում ենք, որ արդար ընտրութիւնների անցկացման թեման կարող է համախմբել բոլորին:

«ՌԵԳՆՈՒՄ».- Հայաստանի իշխանութիւնները յայտարարել են արդար ընտրութիւններ անցկացնելու իրենց ցանկութեան մասին,  որի արդիւնքում կը կազմաւորուի նոր որակի խորհրդարան: Որքանո՞վ են նրանք անկեղծ եւ, ընդհանրապէս, կա՞ն նախադրեալներ:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Ես իշխանութեան ներկայացուցիչներից այնքա՜ն բաներ եմ լսել, որոնք իրականութեան հետ նոյնիսկ շփման եզրեր չեն ունեցել ու նաեւ չեն իրագործուել կեանքում: Այնպէս որ, որեւէ նախադրեալ կամ նրանց խօսքին անվերապահօրէն հաւատալու որեւէ հիմք չունեմ: Բայց ես հաւատում եմ մեզ, քանզի եթէ մենք արդար ընտրութիւններ ունենալու ցանկութիւն ունենք, կարող ենք այդպիսիք պարտադրել: Արդար ընտրութիւնները բոլորիս են անհրաժեշտ: Իսկ ո՞ւմ ենք մենք պարտադրելու արդար ընտրութիւններ: Բոլոր նրանց, ովքեր դիմադրում են եւ պատրաստ չեն դրանց` իշխանութիւններին, հին դիւանակալութեան, դեռ ՀՀՇ-ի ժամանակներում կազմաւորուած համակարգին, որ այսօր էլ աւելի ուժեղ է, քան` քաղաքական ուժերը: Անհրաժեշտ է, որ արդար ընտրութիւնները պարտադրուեն իշխանութիւններին: Դա հնարաւոր է անել երկրի բոլոր ընտրատեղամասերում անհրաժեշտ ներկայացուածութեան ապահովմամբ: Եթէ մեզ յաջողուի ընտրատեղամասերում ապահովել անկաշառ, խելացի եւ վստահելի մարդկանց ներկայութիւն, ունենալ բանիմաց դիտորդներ եւ յանձնաժողովների անդամներ, մեզ կը յաջողուի իշխանութեանը պարտադրել արդար ընտրութիւնների անցկացում: Դա դժուար չէ անել: Հիմնական դժուարութիւնն այս խնդրի շուրջ մարդկային միջոցների համախմբումն է:

«ՌԵԳՆՈՒՄ».- Դուք խօսում էք ընտրատեղամասերում արդիւնաւէտ վերահսկողութեան մասին, մինչդեռ ընտրախախտումների մի մասը տեղի է ունենում դրսում` ընտրակաշառք բաժանելու եւ զանազան այլ ձեւերով: Իսկ սրա դէ՞մ ինչպէս է պատրաստւում պայքարել ՀՅԴ-ն:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Այս դէպքում առաւել կարեւոր է ընտրութիւնների համակարգի հանդէպ վստահութեան մթնոլորտի ձեւաւորումը,  բոլորի ընկալումը, որ իւրաքանչիւր մարդու քուէից մեծ բան է կախուած: Երբ յայտարարում են, թէ ընտրութիւնն անիմաստ մի բան է, եւ նրանից ոչինչ կախուած չէ, դրանով հասկացնել են տալիս մարդկանց, որ կարելի է նաեւ ձայնը վաճառել, որովհետեւ ընտրութիւններով, միեւնոյնն է, ոչինչ հնարաւոր չէ փոխել: Մենք պիտի կարողանանք մարդուն ներարկել այն յոյսը, որ նրա ձայնը իրօք գին ունի: Մենք պէտք է այս մթնոլորտն ստեղծենք: Իսկ դա հնարաւոր է անել արդիւնաւէտ քարոզչութեամբ: Հարկաւոր է, որ իւրաքանչիւրը հասկանայ, որ իր ձայնից է կախուած վաղուայ օրն ու իր երեխայի ապագան: Մարդը պիտի իմանայ, որ ինքը 5 հազար դրամ վերցնելով եւ իր համոզմունքին դէմ քուէարկելով` զրկւում է որեւէ փոփոխութիւն ակնկալելու իրաւունքից: Միայն այսպէս կարելի է խոչընդոտել ընտրատեղամասերից դուրս տեղի ունեցող ընտրախախտումներին: Սրան կարող են մասնակից լինել նաեւ իրաւապահ մարմինները, բայց ես այդ մասին չեմ խօսում, որովհետեւ ես այդպիսի յոյս չունեմ:

Share this Article
CATEGORIES