ՏՕՆ, ՈՐ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է

Թէեւ ամբողջ աշխարհում ապրիլի 1-ը տօնում են իբրեւ հումորի միջազգային օր, այնթապցիներն այդ օրը անխախտ աւանդոյթով ու խրոխտ հպարտութեամբ նշում են 1922թ. Այնթապի հերոսամարտի օրը: Եւ ինչպէս միշտ, ապրիլի 1-ին այնթապցիները հաւաքւում են Սաքոյի «Մեր թաղ» լահմաճոյանոցում: Ամէն անգամուայ պէս Սարգիսը տանտիրոջ պէս հիւրասիրում է իր այնթապցի հիւրերին` լահմաճօ, սուրճ, թէյ… Կրկին նոյն եռուզեռն է, ներկա-բացակայ անելու հրատապ գործը եւ ամենակարեւորը` անցեալի հերոսական էջերը եւս մէկ անգամ թերթելու ու վերապրելու պահը: «Մեր թաղի» անկիւնում նստած ամերիկահայ Նաթան Ալուկեանը հիացմունքով էր նայում այս ամէնին: Կցկտուր հայերէնով խօսում էր իր տպաւորութիւնների մասին` նշելով իր նախահայրերի այնթապցի լինելը: Նաթանն առաջին անգամ էր Հայաստանում, բայց այնպիսի անմիջականութեամբ ու հայրենասիրութեամբ էր տարուած, որ նոյնիսկ շփոթմունք էր առաջացնում «Հիմա այստեղ հաւաքուածներն այնթապցինե՞ր են», մարդկանց անընդհատ աւելացող խմբերին նայելով` հարցնում էր ամերիկահայ երիտասարդը, ով իր հետ բերել էր նաեւ մի լուսանկար, որը ցուցադրեց միայն Այնթապի հերոսամարտին նուիրուած յուշակոթողի մօտ: «2006թ. Այնթապում էի, երբ տեսայ, թէ թուրքերն ինչպէս են մեր եկեղեցիների տեղերում մզկիթներ կառուցել, շատ յուզուեցի: Նրանք պէտք է պատասխան տան իրենց արարքների համար», նշեց Նաթանը` մատնացոյց անելով մեր օրերի Այնթապի լուսանկարը` թուրքական դրօշներով ու մզկիթներով:

Հումորից մինչեւ հերոսամարտ

Արարատի մարզի Այնթապ գիւղում մարդիկ արդէն հաւաքուել եւ սպասում էին հիւրերին: Աստիճանահարթակից մի քանի մեթր այն կողմ Այնթապի հերոսամարտին նուիրուած դարչնագոյն յուշակոթողն էր, որտեղ գիւղի բնակիչներն ու հիւրերը արդէն ծաղիկներ էին դրել: Բոլորը, ասես, աներեւոյթ սպասման մէջ էին: Գիւղացիների հոգսերից կնճռոտուած դէմքերին, կարծես, մի «բուռ» ուրախութիւն էին շաղ տուել: Ժպիտից հոգսերի կնճիռները ձգւում էին` հարթուելու ու լուծուելու պատրաստակամութեամբ: Ճիշտ է, իրենք բուն այնթապցիներ կամ նրանց սերնդի շառաւիղները չեն, բայց եւ անասելի հիացմունքով են վերաբերւում Այնթապին, այսօրուայ ու նախկին այնթապցիներին: Դպրոցի պարուհի-աշակերտները վերջին անգամ պարում էին յուշակոթողին յարող այգում, իսկ փոքրիկները չարաճճիօրէն վազում էին, ուռենու ճիւղեր պոկում եւ ծաղկեպսակներ պատրաստում: Նրանցից առաւել քան անհանգիստ էր դպրոցի ուսուցչական անձնակազմը: Իսկ դրա պատճառը պաշտօնատար անձանց ներկայութիւնն էր (յուշակոթողի մօտ էին հաւաքուել «Փիւնիկ» մարդկային պաշարների եւ զարգացման համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիէլ Չեմպերճեանը, Հայաստանի յատուկ յանձնարարութիւններով դեսպան, «Փիւնիկ» հիմնադրամի համանախագահ Լեւոն Սարգսեանը, «Այնթապ» հայրենակցական միութեան պատուոյ նախագահ, գեղանկարիչ Յակոբ Յակոբեանը, Սփիւռքի նախարարի տեղակալը, գրականագէտ Եուրի Խաչատրեանը, մշակութային գործիչ Սպարտակ Ղարաբաղցեանը, գեղանկարիչ Շմաւն Շմաւոնեանը, գուսան Հայկազունը, Արարատի մարզի ղեկավարը, գիւղպետն ու այլոք): Սյնթապի հերոսամարտին նուիրուած միջոցառումը մեկնարկեց հոգեհանգստի արարողութեամբ, եւ ներկաներին իր օրհնութիւնը բերեց ԵՊՀ աստուածաբանութեան ճիւղի տնօրէն Անուշաւան եպս. Ժամկոչեանը: Յատկապէս մեծ էր ոգեւորութիւնը, երբ միջոցառմանը ներկայ գտնուող երեխաները բարձրաձայն արտասանեցին «Հայր մերը»: Հոգեւորականը դա նկատեց` ընդգծելով հայ ժողովրդի անկոտրում կամքը` այն նմանեցնելով հինաւուրց կաղնու : «Այնթապ» հայրենակցական միութեան պատուոյ նախագահ, իսկ աւելի ճիշդ՝  հայ դասական գեղանկարիչներից մէկը` Յակոբ Յակոբեանը յատկապէս կարեւորում է այսպիսի միջոցառումների կազմակերպումը: Յայտնի ու սիրուած դասականը մշտապէս ներկայ է գտնւում ապրիլմէկեան այս միջոցառմանը: Յ. Յակոբեանի կարծիքով, Արարատի մարզի այդ հողակտորը պէտք է վերածել հանգստի գօտու: «Այնթապցիներին բնորոշ է 2 յատկութիւն` դպրոցասիրութիւն եւ եկեղեցասիրութիւն: Գիւղը եկեղեցի չունի, եւ յոյս ունենք նաեւ, որ առաջիկայում եկեղեցի կը կառուցենք այստեղ: Այդ ուղղութեամբ աշխատում ենք,» ասաց Յ. Յակոբեանը:

«Առիթի դէպքում միշտ գալիս եմ: Ոչ միայն այս միջոցառումները, այլեւ ընդհանրապէս այսպիսի միջոցառումներն աւելի են սերտացնում սփիւռք-հայրենիք կապերը: Սփիւռքը պէտք է տեսնի, որ իրենց գիւղը կամ գիւղաքաղաքը յիշւում է այսօր, եւ այդ ձեւով նրանց ուժ ենք հաղորդում: Այդ ձեւով էլ մենք ուրախանում ենք, որ տեղի ժողովուրդն է ուրախ, սա նաեւ հայապահպանման աշխատանք է, որ ամէն մէկը պէտք է անի», մեզ հետ զրոյցում նկատեց «Փիւնիկ» մարդկային պաշարների եւ զարգացման համահայկական հիմնադրամի նախագահ այնթապցի Գաբրիէլ Չեմպերճեանը: «Ոչ միայն «Փիւնիկը, այլեւ ազգովին պէտք է վերականգնել ռազմահայրենասիրական միջոցառումների աւանդոյթը: Ցաւօք, աշխարհում պայմանները փոխուել են, եւ ոչ միայն մեր երկրի ընկերային վիճակն է փոխուել, այլեւ` աշխարհի մի շարք երկների: Չնայած այդ հանգամանքին` պէտք է ուշադիր հետեւել եւ տեսնել, թէ ինչպիսի՛ աշխատանք է տարւում: Առանց ազգային ոգու` որեւէ ազգ չի կարող ապրել, առաւել եւս հայը»,- մեզ հետ զրոյցում նշեց Լեւոն Սարգսեանը: Լեւոն Սարգսեանի փոխանցմամբ` այսօր արդէն աստիճանաբար վերականգնւում են ռազմահայրենասիրական բնոյթի միջոցառումների աւանդոյթը, ինչը Խորհրդային Միութեան ժամանակներում բոլորովին այլ տողատակ էր պարունակում: Գուսան Հայկազունն էլ նմանօրինակ միջոցառումները դիտում է իբրեւ ազգային նպատակների կատարմանը մօտեցնող քայլ: «Մենք պէտք է յիշենք մենք վրէժ ունենք: Սա վրէժի մի միջոցառում է, որ պէտք է վերադառնանք, ետ վերցնենք Այնթապը: Պատմութիւն, անցեալը պէտք է յիշել, եւ ձգտել դէպի դա: Իսկ ժամանակը գալու է, հարիւրամեակը մէկ մի քանի հնարաւորութիւններ լինում են ազգային հարցեր լուծելու համար», նշեց գուսանը: Իսկ այնթապցիների հերոսական պատմութեանը նուիրուած յուշակոթողի մօտից երգ ու պարը տեղափոխուեց գիւղի թիւ 2 միջնակարգ դպրոց, որն անուանակոչուած է Արամ եւ Յասմիկ Գարամանուկեանների անուամբ:

«Գոհարը»` Գէորգ Գանտահարեանի լսարանում

Անգամ դժուար է պատկերացնել, որ ապրիլի 1-ին կազմակերպուող միջոցառումներն իրենց զարգացումը չհետեւեն գիւղի թիւ 2 միջնակարգ դպրոցում: Դպրոցի աշակերտները բակում կազմ-պատրաստ ու ամօթխած ժպիտները թաքցնելով` սպասում էին հիւրերին: Անխախտ հերթականութեամբ կրկնւում է նախորդ տարիներից սկսածը` հիւրերին աղուհացով , երգ ու պարով դիմաւորելու աւանդոյթը: Աշակերտների համար էլ այդ միջոցառումն այլեւս տօնի է վերածուել: Իսկ դպրոցի հանդիսութիւնների սրահում միջոցառումների ընթացքին լուռ հետեւում էր պատից կախուած լուսանկարը, որը աներեւակայելի բարութիւն էր տարածում: Լուսանկարում լիբանանահայ ազգային գործիչ, յայտնի երաժիշտ, մեծ ուսուցիչ Գէորգ Գանտահարեանն է: Բարի, ներողամիտ ու քարիզմաթիք նրա լուսանկարն առանձնակի ներկայութիւն էր ապահովում սրահում: Քիչ անց սրահ ներս մտաւ դպրոցի երգչախումբը, որը կրում է մեծ մանկավարժ եւ խմբավար Գէորգ Գանտահարեանի անունը: «2007 թուից դպրոցի հանդիսութիւնների սրահը անուանակոչուեց մեծ մանկավարժ, երաժիշտ Գէորգ Գանտահարեանի անուամբ: Սրահում մշտապէս միջոցառումներ ենք կազմակերպում, եւ յատկապէս այս օրուան մենք առանձնակի ոգեւորութեամբ ենք նախապատրաստւում: Մեզ մօտ դա արդէն աւանդոյթ դարձած միջոցառում է», ասաց 430 աշակերտ ունեցող դպրոցի տնօրէնուհի Լիլեա Շահբազեանը: Ներկաների համար մեծագոյն անակնկալ էր «Գոհար» երգի համոյթի մասնակցութիւնը: Եւ ամէն անգամուայ պէս, հանդիսութիւնների սրահի դռները փակուեցին, որտեղ շարունակում էր իր քարիզմաթիք կերպարով ժպտալ բարի-բարի մանկավարժը` Գէորգ Գանտահարեանը, ում թոռնուհին‘ Սանան Գանտահարեանը, մերթ նայում էր պապիկի լուսանկարին, յետոյ լուռ, զուսպ յուզմունքով շարունակում հետեւել միջոցառման: Թերեւս, սա մեծագոյն նուէրն էր պապիկին….

 

 

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար
Երեւան

Share this Article
CATEGORIES