ՂԱՐԱԲԱՂԸ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԵՐԸ

Պատմութեան ընթացքում առնուազն երեք անգամ Թուրքիան փորձել եւ մինչ օրս փորձում է իրականացնել ցեղասպանական գործողութիւններ` Ղարաբաղի հայ բնակչութեան լիակատար բնաջնջման կամ բռնագաղթի ուղղութեամբ: Հայաստանին նախապայմաններ առաջադրելու Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը, ներառեալ` Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման հարցում ճնշումներ գործադրելու քաղաքականութիւնը եւ Հայաստանից ցանկալի զիջումներ ստանալու ձգտումը, պատմական համատեքստի տեսանկիւնից շատ արդիական է թւում, եւ յղումները պատմական փաստերին, այս տեսանկիւնից, օգնում են լոյս սփռել ղարաբաղեան հարցի շուրջ «թուրքական ռազմավարութեան» ակունքների վրայ:

ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁ

Օսմանեան կայսրութեան սահմանների ընդլայնումը Կովկասի ուղղութեամբ սկսուեց տասնվեցերորդ դարից: Թուրքական զօրքերը դէպի Կասպից ծովի ափերը տանող ճանապարհին բազմիցս բախուեցին Արցախի (Ղարաբաղի) հայերի յամառ դիմադրութեանը եւ բազմիցս պարտութիւն կրեցին արցախահայերի կազմակերպուած դիմադրութիւնից: 1725 թուականին սուլթան Ահմեթ Գ.ը (1703-1730) հայերին բնաջնջելու յատուկ ֆեթուա (հրաման) արձակեց օսմանցիներին յաջող դիմադրութիւն կազմակերպած հայերի դէմ` հրամայելով սպաննել բոլորին` մեղադրելով ռուսներին Կովկաս բերելու եւ օսմանցիների մուտքը դէպի Պաքու շրջափակելու համար: Ղարաբաղում հայերի կողմից գերի վերցուած Սալեհ փաշայի վկայութիւնները խօսուն փաստ են դնում թուրքական սուլթանի` Ղարաբաղի հայերին գլխովին բնաջնջելու նպատակադրութեան մասին: Սալեհ փաշան խոստովանում է. «Սուլթանը հրամայել է բնաջնջել հայերին եւ ղզլպաշներին (շիաներ, – Հ.Դ.), քանի որ ռուսաց ցարի զօրքերը զաւթել են Կասպից ծովի այդ ափը, եւ մենք ստիպուած ենք յարձակուել նրանց վրայ: Մենք պէտք է հեռացնենք հայերին, ովքեր կարծես սեպ լինեն մեր միջեւ: Մենք պէտք է ոչնչացնենք մեր ուղու վրայ յայտնուած ցանկացած խոչընդոտ եւ բացենք ճանապարհը: Չլինէիք դուք` հայերդ, մենք վաղուց արդէն ոտք դրած կը լինէինք հնուց ի վեր մեզ պատկանող Դերբենտ եւ Պաքու»: 18-րդ դարի այս փաստաթղթում մենք տեսնում ենք հայերի հանդէպ թրքական մօտեցման ծագումնաբանութիւնը, որոնց հետագայում Թուրքիան կը մեղադրուի Պոլսի եւ թրքական Արեւելքի միջեւ անմիջական կապը խափանելու մէջ: Կորցնելով հազարաւոր զինուորներ եւ փաշաներ` ձախողուեց  Ղարաբաղը միացնելու եւ օսմանեան ուժերն այնտեղ տեղաւորելու սուլթանի եւ նրա դաշնակիցների փորձերը: Արցախահայերի դէմ օսմանեան ցեղասպանութեան առաջին փորձը յաջողութիւն չունեցաւ, բայց դա դեռ սկիզբն էր:

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՐՁ

Ղարաբաղի հայ բնակչութեան ոչնչացման երկրորդ փորձը տեղի ունեցաւ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանեան զօրքերի կովկասեան տարածաշրջան ներխուժելուց յետոյ, երբ թրքական աջակցութեամբ ստեղծուեց արհեստածին մի պետութիւն, որին երիտթուրքերը կնքեցին «Ազրպէյճան» անուամբ: Այն հիւսիսային Իրանի նահանգներից մէկի անունն էր եւ հեռահար նպատակ կար վերջինս կցել նորաստեղծ Ազրպէյճանի Հանրապետութեանը: Բայց սա թրքական պետութիւններ ստեղծելու օսմանեան նախագծի միակ օրինակը չէր: Սրան յաջորդեցին «Արազի հանրապետութեան» եւ «Հարաւ արեւելեան կովկասեան ժողովրդավարական հանրապետութեան» հռչակումը, որպէս քայլ` թրքական ներխուժումին նպաստելու համար (նմանօրինակ քաղաքականութեան ժամանակակից օրինակ է 1974 թուականին թուրքական զօրքերի ափհանումը հիւսիսային Կիպրոսում եւ հիւսիսային Կիպրոսի թուրքական հանրապետութեան ստեղծումը): Օսմանեան բանակի կովկասեան արշաւն աւարտուեց Պաքու քաղաքի գրաւումով եւ 1918 թուականի սեպտեմբերի 15-ին քաղաքում մնացած հայ բնակչութեան դէմ իրագործուած դաժան կոտորածներով: Պաքուն գրաւելուց յետոյ օսմանեան ուժերը նոր ռազմարշաւ սկսեցին, այս անգամ` «խաղաղեցնելու» հայաբնակ Ղարաբաղը: Օսմանեան կայսրութեան ռազմական նախարար Էնվեր փաշան, ով 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան գլխաւոր իրագործողներից մէկն էր, հրամայեց իր զարմիկին` Ազրպէյճանում թուրքական զօրքերի հրամանատար Նուրի փաշային, «մաքրել Ազրպէյճանը ռուսներից եւ հայերից` ապահովելու թուրքական տարածքային շարունակականութեանը համար»: Այս հրամանից մէկ շաբաթ անց Թուրքիան ընդունեց իր պարտութիւնն Առաջին համաշխարհային պատերազմում: Օսմանեան բանակը իր վերջին պարտութիւնը Առաջին համաշխարհային պատերազմում կրեց հէնց Ղարաբաղում, երբ դարանակալած հայ գիւղացիները յարձակուեցին Հադրութի շրջանի գիւղերի դէմ պատժիչ արշաւ իրականացնող օսմանեան բանակի զօրաջոկատի վրայ եւ կոտորեցին մօտ չորս հարիւր թուրք զինուոր: Առաջին համաշխարհային պատերազմի աւարտը եւ Թուրքիայի նահանջը ձախողեցրին ցեղասպանութեան երկրորդ փորձը: Աւելի ուշ,  ի հետեւանք պոլշեւիկեան եւ քեմալական համաձայնութեան, 1921 թուականին Ղարաբաղը բռնակցուեց Խորհրդային Ազրպէյճանին:

ԵՐՐՈՐԴ ՓՈՐՁ

Չէի ցանկանայ պնդել, որ ցեղասպանութեան երրորդ փորձը Ղարաբաղի հայերի բնաջնջման ուղղակի քաղաքականութիւն էր Թուրքիայի կողմից, սակայն Անգարայի լիակատար աջակցութիւնն Ազրպէյճանին, վերջինիս կողմից մարդկութեան դէմ յանցագործութիւնների իրականացման եւ հայ բնակչութեան արտաքսման փորձերը թոյլ են տալիս պնդելու, որ Թուրքիան, ուղղակիօրէն, ներգրաւուած էր Ղարաբաղում հայերի դէմ նոր ցեղասպանութիւն իրագործելու փորձի մէջ: Բաւական է միայն ասել, որ թուրքական կանոնաւոր բանակի հարիւրաւոր զինուորներ եւ սպաներ, ներառեալ` տասը զօրավար, ներգրաւուած էին հայկական ինքնապաշտպանական ուժերի դէմ իրականացուող ռազմական գործողութիւններում: Կրկին Թուրքիան դարձաւ պարտուած կողմ, այս անգամ Ազրպէյճանի հետ միասին` դառնալով Պաքուի ստորացուցիչ պարտութիւնների պասիւ կրաւորական դիտորդը:

Հիմնուելով վերոյիշեալ փաստերի եւ արձանագրութիւնների վրայ` կարող ենք պնդել, որ`

1. Թուրքիան կանգնած է ղարաբաղեան հարցի առաջացման հիմքում, երբ ստեղծեց ազրպէյճանական պետութիւնը եւ փորձեց բռնակցել հայաբնակ տարածքը վերջինիս:

2. Բացայայտօրէն աջակցելով Ազրպէյճանին` Թուրքիան դարձաւ ղարաբաղեան հիմնախնդրի կողմերից մէկը:

Ղարաբաղեան հիմնահարցում թուրքական միջամտութիւնն ու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դէմ մղուող պատերազմում Ազրպէյճանին ցուցաբերած աջակցութիւնը Թուրքիային վերածեց աւելի շատ հիմնախնդրի, քան թէ դրա հանգուցալուծման մասը: Թուրքիայի ներգրաւուածութիւնը հակամարտութեան ոլորտում ներառում է հետեւեալ բաղադրիչները` ռազմական միջամտութեան սպառնալիք, զինուժի ցուցադրութիւն, Հայաստանի նկատմամբ ուժանիւթային եւ հաղորդակցութեան ուղիների շրջափակում, ռազմական աջակցութիւն Ազրպէյճանին, հակահայկական համախմբումի ձեւաւորմանն ու Հայաստանի տեղեկատուական մեկուսացմանն ուղղուած նախաձեռնութիւնների մշակում եւ իրականացում, միջազգային կազմակերպութիւններում ազրպէյճանական շահերի բարձրաձայնում:

Մշտական ռազմական սպառնալիքներն ու լարուածութիւն առաջացնելու փորձերը, Հայաստանին տարածաշրջանային ու միջազգային քաղաքականութեան մէջ շրջափակելու փորձերը ուղղակի սպառնալիք ստեղծեցին Հայաստանի եւ Ղարաբաղի համար: Յենուելով վերոյիշեալ փաստերի վրայ, կարող ենք պնդել, որ ղարաբաղեան հարցի կարգաւորման վերաբերեալ թուրքական մօտեցումները (պատմական եւ ժամանակակից) որոշ առումով Ղարաբաղը վերածեցին թրքական ցեղասպանութիւնների իրականացման փորձադաշտի` սուլթանական, երիտթուրքականների եւ քեմալականների/հանրապետականների կողմից: Աւելի՛ն. օսմանեան Թուրքիայի կողմից ստեղծուած ազրպէյճանական պետութիւնը ժառանգեց ժողովրդագրական ճարտարագիտութեան թուրքական քոտը, այսինքն` ցանկացած ազգային կամ փոքրամասնութեանը վերաբերող խնդիր բռնի արտաքսման կամ զանգուածային սպանութիւնների միջոցով լուծելու եղանակը` այսպիսով ճանապարհ հարթելով «անվտանգ եւ ապահով» ազգային պետութեան ստեղծման համար: Թուրքիայի եւ Ազրպէյճանի ազգային պետութիւնները ձեւաւորուել են ժողովուրդների բնաջնջումների ու բռնաճնշումների արդիւնքում, եւ ապագայում այս հանգամանքները լուրջ հետեւանքներ են ունենալու երկու պետութիւնների համար:

Եռակի ցեղասպանական փորձերը արցախահայութեան դէմ եւ Թուրքիայի պարտութիւնների փաստը պէտք է որ պարզ ուղերձ հանդիսանայ Անգարայի համար. Թուրքիան պէտք է ընդունի հայերի եւ «Pax Ottomanica»ի շատ ուրիշ ազգերի դէմ իրագործած ցեղասպանութիւնները, իսկ սեփական պատմութեան վերաշարադրումն անհրաժեշտութիւնը բխում է սեփական պատմութեան ու յիշողութեան հետ «զերոյական խնդիրներ» ունենալու հրամայականից, քանզի ռէալփոլիթիքը լուծում չի հանդիսանում երկրի ներկայիս ազգային ու պետական ինքնութիւնների ճգնաժամերի յաղթահարման համար:

Այս պարագայում Թուրքիայի համար այլընտրանք չկայ:

ՀԱՅԿ ԴԵՄՈՅԵԱՆ
Ցեղասպանութեան թանգարանի տնօրէն

Share this Article
CATEGORIES