Դարպաս. Այց Սահմանամերձ Չինարի Գիւղ

Սամուէլ Սաղոյեան

Ազրպէյճանի եւ Հայաստանի սահմանի ամենաթէժ կէտում` մշտական կրակոցների տակ գտնուող Չինարի գիւղի բնակիչները հպարտութեամբ ասում են, որ Հայաստանն սկսւում է հէնց իրենց գիւղից, ու իրենք են հայրենիքի հիւսիսարեւելեան դարպասը:

Հրադադարի մասին պայմանագրի կնքումից 18 տարի անց էլ չեն դադարում կրակոցները Երեւանից շուրջ 250 քմ. հեռաւորութեան վրայ գտնուող Տաւուշի մարզի Չինարի գիւղում, որի` Ազրպէյճանի հետ ձգուող սահմանի երկարութիւնը 28 քմ. է:

«Չինարիում պատերազմը չի աւարտուել: Էն, ինչ կատարւում է այստեղ, լկտիութիւն է: Երբ կրակում են յենակէտից յենակէտ, դա ուրիշ խնդիր է, բայց նրանք կրակում են անմիջապէս գիւղի վրայ, խաղաղ բնակիչների, մեքենաների, անասունների վրայ», ասում է Չինարիի գիւղապետ Սամուէլ Սաղոյեանը:

Լեռներով շրջապատուած Չինարին թերակղզու նման եռանկիւնաձեւ մտած է հայ-ազրպէյճանական սահմանի մէջ` յարակից լինելով Ազրպէյճանի Թովուզի եւ Գետաբեկի շրջաններին: Ազրպէյճանական կողմի յենակէտային դիրքերն անգամ անզէն աչքով էլ երեւում են գիւղից:

«Սարերի վրայ նրանք (ազրպէյճանցիները) են, սարերի տակ` գիւղը: Նրանք իշխում են անմիջապէս գիւղի վրայ ու այնքան մօտ են, որ երբ կամենում` վնասում են, նոյնիսկ առանց դիպուկահարի էլ շատ հեշտ է վնաս հասցնելը», ասում է գիւղապետը` յաւելելով, որ գիւղի ծայրին գտնուող տունն ազրպէյճանական կողմի յենակէտային դիրքերից հեռու է ընդամէնը 650 մեթր:

Ըստ Չինարիի գիւղապետի` գիւղում իրավիճակն առաւել պայթիւնավտանգ դարձաւ 2008-ից, երբ ազրպէյճանական կողմն իր յենակէտերից մէկն առաջացրեց` աւելի մօտեցնելով գիւղին, իսկ արդէն 2008-ի մայիսից առ այսօր դիպուկահարն է աշխատում նրանց յենակէտերում:

Սամուէլ Միրզոյեան

«2008-ի յունիսի 18-ին` մի օրուայ մէջ, երկու հոգու սպաննեցին դիպուկահարները: Ես էլ անասնապահ էի, վերեւից տեսայ, որ խփեցին, իջայ օգնութեան: Ինձ էլ կրակեցին, բախտս բերեց` ոտքիս կպաւ, չմեռայ», ասում է 5 երեխայի հայր, 56-ամեայ չինարեցի Սամուէլ Միրզոյեանը, որը դէպքից յետոյ 3-րդ խմբի հաշմանդամ է դարձել:

Գիւղապետն ասում է, որ այս դէպքից յետոյ գիւղացիները դադարել են անասնապահութեամբ զբաղուելուց:

«2008-ին 700 գլուխ խոշոր եղջերաւոր անասուն ու 800 գլուխ ոչխար ունէինք, իսկ այսօր գիւղն ունի ընդամէնը 60 կով ու 25 ոչխար, մարդիկ վախից վաճառեցին ամբողջը», ասում է Սաղոյեանը:

Չինարիում այս տարուայ յունուարի դրութեամբ ապրում է 1384 բնակիչ (1991-ին գիւղն ունէր 1860 բնակիչ), որոնց մի մասի համար աշխատատեղով են ապահովում գիւղի 140 աշակերտ ունեցող միջնակարգ դպրոցը, 30 երեխայի սպասարկող մանկապարտէզն ու համայնքապետարանը, ընդհանուր առմամբ` շուրջ 60 աշխատատեղ:

Գիւղում հիմնական զբաղմունքը խաղողագործութիւնն է` ընդամէնը 60 հեկտար կազմող խաղողի այգիներում: Ու թէեւ 2009-ից գիւղի սահմանամերձ հողերն ազատուած են հողի հարկից, սակայն ըստ չինարեցիների` գիւղի 1000 հա. կազմող հողերի 70 տոկոսից աւելին գտնւում է սահմանի վրայ, ականապատուած ու թշնամու վերահսկողութեան ներքոյ, որի պատճառով էլ այդ տարածքներն արդէն 16 տարուց աւելի չեն օգտագործւում:

Զինա Ապերեան ու իր վնասուած բնակարանը

«Մեր գիւղը դրախտ ա՛, հա՛մ աշխարհագրական դիրքը, հա՛մ բնակլիմայական պայմաններն էնքան լաւն են, որ ինչ ցանենք` աճում ա: Ունենք թուզ, կառալեօկ, հոն, նոյնիսկ զէյթուն ու կիւի է աճում էստեղ, մենակ խաղաղութիւն չունենք, որ էս ամէնը վայելենք», ասում է 68-ամեայ Զինա Ապերեանը` ցոյց տալով իրենց տան պատուհանի շրջանակին մարտի 7-ի երեկոյեան կրակած փամփուշտի հետքերը, «մեզ օր ու արեւ չեն տալիս (ազրպէյճանցիները)», ասում է նա:

Ու չնայած ամէնօրեայ կրակոցների տակ է ապրում Չինարին, սակայն այստեղ կեանքը շարունակում է զարգանալ: Գիւղից Ռուսաստան արտագաղթած չինարեցիները եւս մենակ չեն թողնում իրենց համագիւղացիներին. նրանց ֆինանսական աջակցութեամբ գիւղն ապահովուած է գիշերային լուսաւորութեամբ, հիմնանորոգուել է նաեւ գիւղի համայնքային կենտրոնը:

«Հայաստանը Չինարիից ա սկսւում, ու մենք` մեր սահմանապահ զինուորների հետ միասին մի բռունցք դարձած, ամուր կանգնած ենք մեր հողի վրայ», հպարտութեամբ ասում են գիւղամէջում` անմիջապէս ազրպէյճանական յենակէտի առջեւ կանգնած չինարեցիները:

ԳՈՀԱՐ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

«Արմենիա Նաու»

Share this Article
CATEGORIES