Թատրո՞ն, Թէ՞ Իրական Պայքար. Մայիսի 6-ը Կարելի Է Համարել Նախագահական Ընտրութիւնների Առաջին Փուլը
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրութիւնները, անկասկած, կարելի է համարել նախագահական ընտրութիւնների առաջին փուլը, որովհետեւ հէնց խորհրդարանական ընտրութիւններում յաղթող ուժը կ՛ունենայ ամենամեծ հնարաւորութիւնը յաղթելու նաեւ 2013-ի փետրուարին նախանշուած նախագահական ընտրութիւններում: Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները կարող են պատասխան տալ նաեւ Հայաստանում ամենաշատ քննարկուող հարցերից մէկին` երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը վերադառնալո՞ւ է քաղաքականութիւն, թէ՞ ոչ:
Խորհրդարանական ընտրութիւնները անց են կացւում երկու ընտրակարգով` համամասնական եւ մեծամասնական: Ազգային ժողովի 131 պատգամաւորներից 90-ը ընտրուելու են համամասնական` կուսակցական ցուցակներով, 41-ը` մեծամասնական, որպէս անհատներ, որոնք ինչպէս կուսակցականներ, այնպէս էլ անկուսակցականներ կարող են լինել: Կենտրոնական ընտրական յանձնաժողովը գրանցել է 9 քաղաքական ուժերի, որոնցից երեքը` Միաւորուած հայեր, Հայաստանի կոմունիստական (համայնավար) եւ Դեմոկրատական կուսակցութիւնները, դժուար թէ յաղթահարեն խորհրդարան մուտքի հինգ տոկոս արգելքը:
Միւս վեց ուժերը` Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), Բարգաւաճ Հայաստան (ԲՀԿ), Օրինաց երկիր (ՕԵԿ), Դաշնակցութիւն (ՀՅԴ), Ժառանգութիւն կուսակցութիւնները եւ Հայ ազգային քոնկրեսը (ՀԱՔ), ամենայն հաւանականութեամբ կը յաղթահարեն հինգ տոկոսի արգելքը: Նկատենք, որ խորհրդարան մուտքի համար ՀԱՔ-ը պէտք է ստանայ առնուազն 7 տոկոս, քանի որ կուսակցական դաշինքների դէպքում անհրաժեշտ է առնուազն 7 տոկոս: Ահա հէնց այս պատճառով էր, որ Ժառանգութիւնը եւ Ազատ դեմոկրատներ նորաստեղծ կուսակցութիւնը ոչ թէ դաշինքով են մասնակցում ընտրութիւններին, այլ Ժառանգութեան անուան տակ: Ազատ դեմոկրատներ կուսակցութիւնը հիմնադրել են ՀԱՔ-ից հեռացած մի քանի գործիչներ:
Այսպիսով, խորհրդարանական ընտրապայքարի մէջ են նետուել երեք իշխանական եւ երեք ընդդիմադիր ուժեր: Ընկերաբանական տարբեր հարցումների համաձայն, որոնք, անկասկած, լինում են նաեւ պատուէրով, ընտրութիւններում կը յաղթի իշխող ՀՀԿ-ին: Նրան կը հետեւի մէկ այլ իշխանական ուժ` ԲՀԿ-ն, իսկ երրորդը կը ճանաչուի արտախորհրդարանական ընդդիմութիւնը` ՀԱՔ-ը: Չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ տեղերը կը զբաղեցնեն ՀՅԴ-ն, Ժառանգութիւնը եւ ՕԵԿ-ը: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ՕԵԿ-ը չի յաղթահարելու 5 տոկոս արգելքը, իսկ Ժառանգութիւնը ունենալու է լուրջ դժուարութիւն: ՕԵԿ-ի առաջնորդը Արթուր Բաղդասարեանն է, ով 2008թ. նախագահական ընտրութիւններում ստացել էր գրեթէ 20 տոկոս քուէ:
Այսօրուայ գործող խորհրդարանում իշխանական քոալիսիոնի մաս կազմող ՕԵԿ-ը ունի 8 պատգամաւոր: Իսկ ահա ընդդիմադիր Ժառանգութիւնը, որի առաջնորդը Րաֆֆի Յովհաննիսեանն է, ունի ընդամէնը 6 պատգամաւոր: Մէկ այլ ընդդիմադիր կուսակցութիւն` ՀՅԴ-ն, ունի 16 աթոռ, մինչդեռ Լեւոն Տէր Պետրոսեանի գլխաւորած ՀԱՔ-ը գործող խորհրդարանում չունի ներկայութիւն, քանի որ չի մասնակցել 2007-ի խորհրդարանական ընտրութիւններին:
Գործող խորհրդարանում ամէնից շատ տեղ ունի ՀՀԿ-ն` 63: ԲՀԿ-ն ունի 26 աթոռ: Հէնց այս երկու իշխանական ուժերի մէջ էլ ընթանալու է պայքարը առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններում: Որոշ ընկերաբանական հարցումների համաձայն, ԲՀԿ-ն անգամ ունի յաղթելու աւելի մեծ հնարաւորութիւններ: Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ ընտրական գործընթացներին ծանօթ մարդիկ, սակայն, կասկած չունեն, որ յաղթելու է ՀՀԿ-ն, քանի որ ընտրութիւնները կեղծելու ամենամեծ հնարաւորութիւնը ունի հէնց իշխող ուժը: Կեղծել ասելով` նկատի ունենք տասնեակ հազարաւոր քուէաթերթիկներ զարտուղի ճանապարհով ընտրատուփեր նետելը, որը հայաստանեան բառապաշարով անուանւում է «լցոնում»: Կեղծիքներից բացի, Հանրապետականը օգտագործելու է երկու այլ հնարաւորութիւններ: Առաջին, այսպէս կոչուած «իշխանական միջոցները»` բանակը, ոստիկանութիւնը, անվտանգութեան ուժերը եւ միւս գերատեսչութիւնները, երկրորդ` ընտրակաշառքները: Հայաստանեան ընտրութիւնների պատմութիւնը յուշում է, որ ընտրակաշառքներ բաժանում են սովորաբար հէնց իշխող կուսակցութիւնները, քանի որ դրա հնարաւորութիւնը հէնց նրանք ունեն: Այսօր արդէն խօսւում է 10-15 հազար դրամի մասին` մէկ քուէի համար: Հայաստանեան մամուլը ողողուած է հրապարակումներով, համաձայն որոնց, ընտրակաշառքներ բաժանում կամ խոստանում են Հանրապետականը, Բարգաւաճ Հայաստանը եւ Օրինաց երկիրը, այսինքն` իշխանական քոալիսիոնին մաս կազմող երեք կուսակցութիւնները:
Եթէ մայիսի 6-ի ընտրութիւններում նկատելի առաւելութեամբ յաղթի ՀՀԿ-ն, նկատի ունենք նաեւ` մեծամասնական ընտրատեղամասերը, ապա 2013թ. փետրուարին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններում գործող նախագահ Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը հաւանաբար կը պաշտպանի նաեւ ԲՀԿ-ն: Ի դէպ, այդպէս եղաւ նաեւ 2008-ի նախագահական ընտրութիւններում: Երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը, որպէս իր իրաւայաջորդ, տեսնում էր երկու մարդու` Սերժ Սարգսեանին եւ Վարդան Օսկանեանին: Երբ 2007-ի խորհրդարանական ընտրութիւններում ՀՀԿ-ն համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով ջախջախիչ յաղթանակ տարաւ, այլեւս պարզ էր, որ հէնց Սերժ Սարգսեանն է դառնալու Հայաստանի երրորդ նախագահը: Իսկ եթէ Բարգաւաճ Հայաստանը 2007-ին կարողանար գոնէ այնքան քուէներ ապահովել, որքան Հանրապետականը, ապա չէր բացառւում նաեւ Վարդան Օսկանեանի թեկնածութիւնը: 2008-ի նախագահական ընտրութիւններում անակնկալ մատուցեց Հայաստանի առաջին նախագահը, ով տասը տարուայ լռութիւնից յետոյ կրկին վերադարձաւ քաղաքականութիւն:
Եթէ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրութիւններում ԲՀԿ-ն յաղթի կամ ՀՀԿ-ի հետ հաւասար քուէներով մտնի նոր խորհրդարան, ապա 2013-ի փետրուարին սպասուող նախագահական ընտրութիւններում հնարաւոր է Ռոպերթ Քոչարեանի կամ Վարդան Օսկանեանի մասնակցութիւնը որպէս նախագահի թեկնածուի: Ահա հէնց սա է առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնների հիմնական խաղը:
Նախագահական նախորդ ընտրութիւններում երրորդը ճանաչուած Արթուր Բաղդասարեանը արդէն յայտարարել է, որ 2013-ի նախագահական ընտրութիւններում պաշտպանելու է Սերժ Սարգսեանին: Հաւանական է, որ առաջիկայ նախագահական ընտրութիւններին կրկին կը մասնակցի նաեւ ՀԱՔ-ի առաջնորդ Լեւոն Տէր Պետրոսեանը, որի վարկանիշը, սակայն, վերջին երկու տարիներին, կրկին անկում է ապրել: Նախագահական յաւակնութիւններ ունի նաեւ Րաֆֆի Յովհաննիսեանը, ով 2008-ին աջակցեց Տէր Պետրոսեանին` գիտակցելով, որ իր հնարաւորութիւնները 5-10 տոկոսի սահմաններում են:
Հայաստանի քաղաքագիտական եւ փորձագիտական շրջանակներում տիրապետող է այն կարծիքը, որ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոպերթ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը երբեք միմեանց դէմ դուրս չեն գայ, իսկ Բարգաւաճ Հայաստանի եւ Հանրապետականի միջեւ պայքարը բեմականացուած խաղ է` թատրոն: Անշուշտ, դժուար է պատկերացնել Քոչարեան-Սարգսեան պայքարը, յատկապէս, երբ երկուսի համար էլ շարունակում է վտանգ ներկայացնել Տէր Պետրոսեանը: Սակայն, միւս կողմից, եթէ գալիք խորհրդարանական ընտրութիւններում ՀՀԿ-ն չկարողանայ յաղթել (ինչը, քիչ հաւանական է), ապա բացառուած չէ Քոչարեանի վերադարձը:
Յատուկ «Ազդակ»-ի համար

