Աւագ Շաբթուան Խոհեր . Վերջին Ընթրիքն Ու Սիրոյ Պատգամը

«Իմ Պատուէրս Է, Որ Սիրէք Զիրար,
Ինչպէս Ես Ձեզ Սիրեցի» (Յովհ. Ժե. 12):

ԿՈՐԻՒՆ ԱՐՔ. ՊԱՊԵԱՆ 

Մեր Փրկիչը` Յիսուս Քրիստոս, իր անպարագրելի խոնարհութեամբ մարմին առնելով Սուրբ Կոյսից` մարդեղութեան խորհրդով եկաւ բնակուելու մեր մէջ, իր երեք տարիների տնօրինական կեանքով իրագործելու համար այն փրկագործական առաքելութիւնը, որի համար ուղարկուած էր աշխարհ:

Մեր Տէրը իր պատանութեան եւ երիտասարդութեան տարիները` մինչեւ երեսուն տարեկան, անցկացրեց Հրէաստանի փոքրիկ եւ աննշան քաղաքներից մէկի` Նազարէթի մէջ. աշխատեց քրտնաթոր, պարզ հիւսնի նման, հոգալու համար իր եւ իր ընտանիքի անդամների ապրուստը: Եղաւ իր շրջապատի մարդկանց հետ. բաժանեց նրանց ուրախութիւնն ու տխրութիւնը. ապրեց կրօնական քարացած հաւատալիքներով ու բազմադարեան աւանդութիւններով այլամերժ հրէական ընկերութեան գիրկը. ճանաչեց լաւն ու վատը, չարն ու բարին, մեղաւորն ու անմեղը այս աշխարհում, մնալով սակայն միշտ վեր` կամայ թէ ակամայ, գիտակցաբար կամ անգիտակցաբար գործուող մեղքից:

Երբ հասաւ ժամանակը Աւետարանի սերմերը մարդկանց սրտի ակօսներում ցանելու, Յիսուս նախ մկրտուեց Յորդանան գետի ջրերի մէջ, քառասուն օր առանձնանալով անապատում` յաղթեց սատանայի փորձութիւններին եւ, ապա իջաւ քարոզութեան դաշտ: Ընտրեց իր աշակերտներին մարդկանց խոնարհ դասակարգից եւ այնուհետեւ, երէկուայ ձկնորսներին դարձրեց «որսորդ մարդկանց»: Բացայայտելով նրանց իր աստուածութիւնը`  կոչեց նրանց իր բարեկամները: Շրջագայելով նրանց հետ Հրէաստանի գիւղերն ու քաղաքները` քարոզեց սիրոյ եւ ներումի վարդապետութիւնը, ընկերային արդարութիւնը, տիեզերական եղբայրութիւնը, երկնքի թագաւորութիւնն ու յաւիտենական կեանքը: Մխիթարեց սգաւորներին, ներեց մեղաւորներին, պաշտպանեց իրաւազրկեալներին ու արհամարհուածներին, բուժեց հոգով ու մարմնով տառապողներին, ախտաւորներին ու դիւահարներին. ելնելով իր անսահման մարդասիրութիւնից` մինչեւ իսկ մեռելներին նոր կեանք պարգեւեց:

Այդ բոլորի համար եթէ ամբոխների կողմից պաշտուելու չափ սիրուեց, հրէական կրօնի ռաբբիների, փարիսեցիների, դպիրների ու Երուսաղէմի Տաճարի նուիրապետական դասի կողմից ենթարկուեց հալածանքի եւ դատապարտուեց մահուան:

Մարդ էակին շնորհուած այդ բացառիկ ու երկնապարգեւ երջանկութիւնը` ունենալու իր մէջ մարդացեալ Աստուածորդին բնականօրէն չէր կարող երկար տեւել, մանաւանդ Ինքը` Քրիստոս շատ լաւ գիտէր, որ կարճատեւ են լինելու իր երկրաւոր կեանքի օրերը: Համայն մարդկութեան մեղքերի քաւութեան համար Գողգոթայի բարձունքին, խաչի վրայ իր անմեղ արեան հեղումով իր փրկագործական գերագոյն նպատակը իրագործելուց յետոյ, վերադառնալու էր այնտեղ, որտեղից եկել էր աշխարհ:

Արդարեւ, եթէ մի ակնարկ նետենք աւետարանների էջերի վրայ, կը տեսնենք, որ Յիսուս մի քանի առիթներով ցանկացել էր յայտնել այս պարագան իր աշակերտներին: «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ եմ եւ ապա գնում եմ նրա մօտ, ով ինձ ուղարկեց: Ինձ կը փնտռէք եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ» (Յովհ. Է. 33–34), ասել էր, սակայն կարծէք նրանք յստակօրէն չէին կարողացել ըմբռնել, թէ ինչի՛ մասին էր խօսում իրենց Վարդապետը: Չէին հասկանում, թէ որտե՞ղ է գնալու նա եւ ինչո՛ւ իրենք չէին կարող հետեւել նրան:

Արդէն անցել էին երեք տարիներ այն օրուանից,  երբ Աստուածորդին հռչակել էր երկնքի արքայութիւնը երկրի վրայ: Մօտ էր հրեաների Զատիկը, երբ Յիսուս պատուիրեց իր աշակերտներին պատրաստուել գնալու Երուսաղէմ. իսկ քահանայապետներն ու դպիրները վաղուց ատեան էին կազմել, ժողով գումարել ու որոշել էին սպաննել նրան (Յովհ. ԺԱ. 47–54): «Զատիկի տօնից առաջ», գրում է Յովհաննէս առաքեալ, «Յիսուս իմացաւ, որ հասել է իր ժամը, որպէսզի այս աշխարհից Հօր մօտ փոխադրուի» (Յովհ. ԺԳ. 1):

Ծաղկազարդի առաւօտեան` ովսաննաներով եւ օրհնութեամբ, համաժողովրդային ոգեւորութեամբ, արքաներին վայել հանդիսաւորութեամբ Երուսաղէմ մուտք գործող Յիսուսին, արքայական թագի փոխարէն,  սպասում էր փշէ պսակը… Այնտեղ շուտով իրար էին յաջորդելու Յիսուսի երկրաւոր կեանքի վերջին օրերի եղերական դէպքերը: Այս ողբերգական դրուագների ոգեկոչումն ու ըստ էութեան փառաւորումը ամէն տարի կատարւում է Եկեղեցւոյ կեանքում, ընդհանրապէս Աւագ շաբաթուայ ընթացքում եւ մասնաւորապէս Աւագ հինգշաբթի ամբողջ օրը` նախ առաւօտեան մատուցուող «Յիշատակ ընթրեաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» ս. Պատարագով, յետմիջօրէի ոտնլուայի այնքա՜ն տպաւորիչ արարողութիւններով, ապա` նոյն օրուայ երեկոյից մինչեւ կէս գիշեր շարունակուող գիշերային ժամերգութեան առինքնող մեղեդիներով, խաւարման գիշերի տրտում ու հոգեթով շարականներով:

Այս սրտառուչ դէպքերի նկարագրութիւնը կարելի է կարդալ Նոր Կտակարանի չորս աւետարաններում, որոնց հեղինակները իրենց հայթայթած տեղեկութիւններով լրացնում են իրար` շեշտը դնելով այս կամ այն դրուագի կամ Քրիստոսի խօսքի վրայ: Յամենայն դէպս, Յիսուսի կեանքի եւ մահուան, չարչարանքների եւ խաչելութեան, թաղման եւ հրաշափառ  յարութեան նուիրուած ականատեսի այդ վկայութիւնները, այնքա՜ն խորունկ ապրումով եւ վարակիչ հաղորդականութեամբ գրուած աւետարանական այդ էջերը, այսօր էլ դարեր յետոյ չի կարելի կարդալ առանց յուզումի:

*
*   *

Այժմ գտնւում ենք Քրիստոսի ձերբակալութեան նախորդող ճակատագրական ժամերի մէջ: «Երբ երեկոյ եղաւ, տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել», գրում է Մատթէոս աւետարանիչ: «Մինչ նրանք դեռ ուտում էին, նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկն ինձ մատնելու է»: Եւ նրանք խիստ տխրեցին. նրանցից իւրաքանչիւրը սկսեց ասել նրան. «Մի՞թէ ես եմ, Տէ՜ր»: Նա պատասխան տուեց եւ ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մէջ մտցրեց, նա՜ է ինձ մատնելու: Մարդու Որդին (Յիսուսը) կը գնայ, ինչպէս նրա մասին գրուած է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի Յիսուս: Աւելի լաւ կը լինէր նրա համար, եթէ այդ մարդը ծնուած չլինէր»: Յուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Մի՞թէ ես եմ, Վարդապե՜տ»: Նրան ասաց` «Դու ասացիր» (Մատթ. ԻԶ. 20–25):

Իսկ հիմա վերնատան մէջ տեղի ունեցող Վերջին ընթրիքի կրկնակի խորհրդաւոր պահն է: Մինչ աշակերտները ծանր խոհերով համակուած շարունակում էին ընթրիքը, Յիսուս վերցրեց հացը սեղանից, օրհնեց, գոհութիւն յայտնեց եւ բաժանեց իւրաքանչիւրին` ասելով, «Առէ՜ք, կերէ՜ք, այս իմ մարմինն է»: Ապա վերցրեց գինին, օրհնեց, գոհութիւն յայտնեց եւ դարձեալ տուեց աշակերտներին` ասելով, «Առէ՜ք, խմեցէ՛ք, այս իմ արիւնս է, որ թափւում է շատերի մեղքերի թողութեան համար»: Նաեւ պատուիրեց նրանց, որ այնուհետեւ իր զոհագործութեան յիշատակը պահպանելու համար շարունակեն նոյնը կատարել: Այս կերպով նա հաստատեց եւ գալիք սերունդներին փոխանցեց սուրբ պատարագի` հաղորդութեան խորհուրդը (տեսնել Մատթ. ԻԶ. 26-30: Մարկ. ԺԴ. 22-26: Ղուկ. ԻԲ. 14-20):

Ընթրիքից յետոյ, պատմում է Յովհաննէս առաքեալ, Յիսուս «Մի կողմ դրեց զգեստները եւ մի սրբիչ վերցնելով` մէջքին կապեց: Եւ ապա ջուր վերցնելով ածեց կոնքի մէջ եւ սկսեց իր աշակերտների ոտքերը լուանալ եւ սրբել մէջքին կապած սրբիչով» (Յովհ. ԺԳ. 4–5): Ոտնլուայի ծէսով Յիսուս աշակերտներին տուեց խոնարհութեան մեծագոյն դասը` գերագոյն զոհողութեամբ մեծութեան հասնելու եւ համեստօրէն ծառայելով առաջնորդ լինելու իր անձին օրինակը:

Այնուհետեւ, իր զգեստները հագնելով` եկաւ եւ կրկին նստեց աշակերտների հետ սեղանին, իր վերջին յորդորներն ու պատգամները փոխանցելու նրանց, որոնք իր այս աշխարհից մեկնելուց յետոյ իր հիմնած Եկեղեցւոյ սիւներն էին լինելու, երկնային իր առաքելութեան աւետարանիչներն էին դառնալու մինչեւ իրենց կեանքի վերջը:

Արդարեւ, Յուդայի մատնութեան եւ իր ձերբակալման կապակցութեամբ Քրիստոսի կատարած բացայայտումները, ինչպէս նաեւ հացի եւ գինու մատուցմամբ հաղորդութեան խորհրդի հաստատումը, իր աշակերտների ոտքերը լուանալու անսովոր արարքը եւ տակաւին բազմաթիւ խորհրդաւոր եւ խորիմաստ արտայայտութիւններ եկան Վերջին ընթրիքի այդ պահը վերածելու աշակերտների համար հոգեկան մեծ ցնցումների, խորը տրտմութեան եւ ծանր խոհերով խռովայոյզ մի երեկոյի, որը շարունակուելու էր աւելի անցկալից եւ տագնապալից կերպով նոյն գիշեր Ձիթենեաց լերան լանջերին` Գեթսեմանի պարտէզում:

Հակառակ մինչեւ մահ իրենց Վարդապետին հաւատարիմ մնալու նրանց խոստումին, Յիսուս ասաց աշակերտներին. «Դուք ամէնքդ այս գիշեր իմ պատճառով գայթակղելու էք. որովհետեւ գրուած է, թէ հովուին պիտի հարուածեմ եւ հօտի ոչխարները պիտի ցրուին. եւ իմ յարութիւն առնելուց յետոյ ձեզանից առաջ պիտի գնամ Գալիլիա» (Մատթ. ԻԶ. 31–32). սակայն տեսնելով նրանց շփոթահար եւ յուսահատական վիճակը` Յիսուս փոխեց իր ձայնին տրտում ու մեղադրական շեշտը եւ սկսեց մխիթարական եւ յորդորական խօսքերով քաջալերել նրանց: «Թող ձեր սրտերը չխռովեն, հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք եւ ինձ… ես դարձեալ կը գամ եւ ձեզ կը վերցնեմ ինձ մօտ, որպէսզի ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինէք: Եթէ ինձ սիրում էք, կը պահէք իմ պատուիրանները» (Յովհ. ԺԴ. 1–15): Ապա բացատրեց նրանց, որ իր նկարագրած սուգի եւ սոսկումի օրերը երկար պիտի չտեւեն. «Ես պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի… Ձեզ որբ չեմ թողնի, կը գամ ձեզ մօտ: Մի փոքր ժամանակ եւս, եւ այս աշխարհը ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կը տեսնէք… Այս բաները խօսեցի ձեզ, մինչ ձեզ հետ եմ. իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կ՛ուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կ՛ուսուցանէ…» (Յովհ. ԺԴ. 16–26):

«Այս է իմ պատուէրը` որ սիրէք միմեանց, ինչպէս եւ ես սիրեցի ձեզ» (Յովհ. ԺԵ. 12):

Ահաւասիկ մեր Տիրոջ` Յիսուս Քրիստոսի այս աշխարհից մեկնելուց առաջ իր աշակերտներին թողած վերջին պատգամը, որը որպէս սրբազան աւանդ փոխանցուելու էր նաեւ բոլոր նրանց, որոնք քրիստոնէական մեծ ընտանիքի` տիեզերական Եկեղեցւոյ անդամներն էին լինելու:

Սիրեցէ՛ք միմեանց, ինչպէս եւ ես սիրեցի ձեզ:

Յիսուս պատուիրում է իր աշակերտներին եւ մեզ` սիրել միմեանց. բայց մենք այստեղ հարց ենք տալիս. արդեօք Յիսուս իրապէս սիրե՞ց իր աշակերտներին ու շրջապատի մարդկանց, այդ սէրը բանիւ եւ գործով ցուցաբերե՞ց այս աշխարհի վրայ, որպէսզի իրաւունքը ունենայ նոյնը պահանջելու մեզանից:

Անշուշտ որ շատեր Քրիստոսից առաջ եւ յետոյ գրել կամ քարոզել են մարդ արարածի անհատական երջանկութեան սկզբունքների, մարդկութեան հաւատացած գաղափարների, ընկերութեան հետապնդած նպատակների եւ առհասարակ կեանքի իմաստի եւ մահուան խորհրդի մասին. սակայն մարդացեալ Աստուածորդին էր միայն, որ իր անձը վերածեց իր քարոզած գաղափարների կենդանի օրինակի եւ պերճախօս վկայութեան, եղաւ գործադրողն ու ապրողը իր ուսուցումների եւ ամբողջական մարմնացումը` մեզ հոգեւոր ժառանգ թողած իր յաւիտենական ճշմարտութեանց:

Այո՛, Յիսուս սիրեց մարդերն ու աշխարհը աստուածային իր անսահման սիրով: Մի՞թէ այդ սիրուց մղուած չէր, որ նա կատարեց իր բազմաթիւ բժշկութիւններն ու հրաշքները: Նոյն նպատակով չէր, որ նա յայտարարեց, Միածին Որդին եկել էր աշխարհ, ո՛չ թէ դատելու եւ դատապարտելու մարդկանց, այլ` փրկելու մեղաւորներին, հայրենի տուն վերադարձնելու անառակ որդիներին եւ վերամիացնելու նրանց իրենց բարեգութ Հօր: Իր գթառատ մարդասիրութեան եւ անճառելի սիրոյն ապացոյցները չէի՞ն ի տես մարդկային տառապանքի եւ վշտի, իր ցուցաբերած կարեկցութիւնն ու լացը եւ մինչեւ իսկ յարութիւն պարգեւելը Յայրոսի աղջկան, նայինցի պատանուն եւ երեքօրեայ մեռեալ եւ թաղեալ իր բարեկամ` Ղազարոսին:

Այո՛, Յիսուս սիրեց մեզ` մարդկային էակներիս եւ մեր մեղքերի քաւութեան համար կամաւորապէս բարձրացաւ խաչ, որպէսզի իր խաչելութեամբ եւ մահուամբ Գողգոթայի բարձունքին յաղթանակի մահուան եւ մեզ բոլորիս պարգեւի, մեր անձնական կեանքի խաւարման գիշերից յետոյ, յարութիւն եւ յաւիտենական կեանք:

Ուրեմն այն հզօր եւ ամբողջական սիրով, որ մեր Տէրը` Յիսուս Քրիստոս սիրեց իր աշակերտներին եւ համայն մարդկութեան, պատուիրում է մեզ նոյն անվերապահ եւ խառն սիրով սիրել միմեանց:

Յատկանշելի է, որ այս պատգամը կրկնուած է Յովհաննու աւետարանի ԺԳ գլխի 34-րդ համարում, որին կցուած է յիշեալ պատուիրանի նպատակը բացատրող շահեկան մի հաստատում.

«Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք: Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք»:

Այս հաստատումի մէջ կան երկու կէտեր, որոնք արժանի են յատուկ ուշադրութեան: Առաջին` միմեանց սիրելու այս թախանձագին հրաւէրը տրւում է որպէս նոր պատուիրան: Կարծէք Յիսուս ուզում էր ասել, ինչ որ մինչ այդ լսել էք սիրոյ մասին, առ այդ ձեր ունեցած գաղափարները, ծանօթութիւնները բաւարար չեն ըմբռնելու, սահմանելու այն սէրը, որը ես պահանջում եմ ձեզանից: Ուշադի՛ր եղէք, սա մի նոր պատուիրան է, միմեանց սիրելու այն սիրով, որ Ես` որպէս մարդացեալ Աստուածորդի, այսինքն կատարեալ մարդ եւ կատարեալ Աստուած, ցուցաբերեցի այս աշխարհի վրայ: Երկրորդ` Յիսուս բացատրում է իր աշակերտներին. բարբարոսներն ու հեթանոսները, հրեաներն ու անհաւատները ինչպէ՞ս են ճանաչելու ձեզ, որ դուք իմ աշակերտներն էք, եթէ ոչ այն անսահման սիրով, որ դուք ունենալու էք միմեանց հանդէպ: Այլ խօսքով, ողջ աշխարհը պիտի իմանայ, որ դուք իմ արժանաւոր աշակերտներն էք կամ ոչ, ձեր միմեանց հանդէպ ունենալիք յարգանքից, սիրուց, ներդաշնակ յարաբերութիւնից, ձեր միջեւ գոյութիւն ունեցող համերաշխութիւնից եւ յատկապէս նպատակասլաց գործունէութիւնից:

Վերջապէս, Յիսուս ցանկանում էր հասկացնել իր աշակերտներին, որ որպէս քրիստոնէական առաջին Եկեղեցւոյ անդամներ` բաւարար չէր միայն սիրոյ քարոզիչներ լինել, այլ նրանց կոչումն էր նախ ապրել աստուածային այդ սէրը իրենց անհատական կեանքում եւ ապա գործնականօրէն արտայայտել այն իրենց փոխյարաբերութեան մէջ:

«Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք»:

Արդ, մենք, որ յանուն Սուրբ Երրորդութեան` Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, մկրտուել ենք քրիստոնեաներ, սուրբ միւռոնով դրոշմուել եւ ստացել ենք Սուրբ Հոգւոյ շնորհները եւ մեզ համարում ենք հաւատարիմ հետեւորդները Քրիստոսի, արդեօք սիրո՞ւմ ենք միմեանց այն անկեղծ եւ քրիստոնէական սիրով, որ սիրեց մեզ մեր Տէրը` Յիսուս Քրիստոս: Պատասխանը դժբախտաբար ո՛չ է:

Ի՞նչն է պատճառը, որ մենք ներողամտութեան ու սիրոյ փոխարէն` աւելի յաճախ թշնամութեամբ եւ ատելութեամբ ենք լցուած իրար հանդէպ:

Ինչո՞ւ չենք կարողանում մեր եսասիրութիւնն ու հպարտութիւնը մէկ կողմ դրած`մեր առօրեայ կեանքում մի քիչ աւելի անանձնական սէր տածել մեր սիրոյն ու գուրգուրանքին, մեր ուշադրութեան ու օգնութեան կարօտ հոգով կամ մարմնով տառապող մեր նմանների հանդէպ:

Բնականօրէն, երբ մեր արդար իրաւունքն ենք համարում մեր անձի հանգիստն ու երջանկութիւնը ապահովելը, ինչո՞ւ յաճախ պատրաստ չենք յարգելու եւ պաշտպանելու այլոց իրաւունքները, որպէսզի նրանք եւս տիրանան երջանկութեան իրենց բաժնին այս աշխարհում:

Ինչո՞ւ չենք լսում մեր Տիրոջ աւետարանական պատգամներին` ներելու եւ սիրելու ո՛չ թէ միայն մեր բարեկամներին ու ընկերներին, այլ նաեւ` մեր թշնամիներին, երբ նրանք զղջալով իրենց սխալ արարքի համար մեր ներողամտութիւնն են հայցում:

Նիւթապաշտութիւնն ու ընչաքաղցութիւնը, նախանձն ու քինախնդրութիւնը, նախապաշարումն ու կոյր ատելութիւնը մթագնում են մեր միտքը, խոցոտում մեր սիրտը ու թունաւորում մեր կեանքի օրերը: Իսկ դրա հակառակը` սիրոյ զգացումը, երբեմն հրաշքի համազօր գործերի ծնունդ է տալիս մեր կեանքում: «Ով սիրում է իր եղբօրը,- ասում է Յովհաննէս առաքեալ իր Ընդհանրական առաջին թղթի մէջ,- բնակւում է լոյսի մէջ… իսկ ով ատում է իր եղբօրը, խաւարի մէջ է, խաւարի մէջ է շրջում եւ չգիտէ` ուր է գնում, որովհետեւ խաւարը կուրացրել է նրա աչքերը» (Ա. Յովհ. Բ. 10-11):

Ուստի, «Սիրելինե՛ր, սիրենք միմեանց», թախանձում է առաքեալը, «Քանի որ սէրն Աստծուց է… Աստծուն ոչ ոք չի տեսել: Եթէ միմեանց սիրենք, Աստուած բնակւում է մեր մէջ եւ նրա սէրը մեր մէջ կատարեալ է… Աստուած սէր է, եւ ով սիրոյ մէջ է ապրում, բնակւում է Աստուծոյ մէջ եւ Աստուած բնակւում է նրա մէջ» (Ա. Յովհ. Դ. 7-21):

Յիրաւի, այս ի՜նչ հոյակապ բանաձեւում եւ սքանչելի հաստատում է, ինչպիսի՜ քաղցր հրաւէր, երանաւէտ խոստում եւ ցանկալի հեռանկար` բնակուելու Աստուծոյ մէջ եւ միաժամանակ լինելու բնակարան Աստուծոյ:

Արդարեւ, այնտեղ ուր սէր կայ, կայ նաեւ Աստուծոյ ներկայութիւնը, Աստուծոյ բարիքներն ու օրհնութիւնը, կայ միաբանութիւն, փոխադարձ յարգանք եւ հասկացողութիւն, ներդաշնակութիւն եւ համերաշխութիւն:

Սէրը մարդ արարածին բարձրացնում է իր հողեղէն բնութիւնից եւ վերածում ոգեղէն էակի, ազնուականացում եւ վերադարձնում է նրան իր ստեղծագործութեան առաջին պատկերին:

Սէրը սիրողին վերածում է աղբիւր բարութեան եւ ազնւութեան, ընդունակ է դարձնում առաքինի գործերի, նուիրումի, զոհողութեան եւ ստեղծագործութեան:

Ահա՜ թէ սէրը ինչպիսի՛ հրաշքներ կարող է գործել մեր անհատական եւ ընտանեկան կեանքում: Սէրը անկարելին կարելի է դարձնում անձի եւ ընկերութեան վեհ նպատակների իրագործման մէջ, որը իր հերթին ունենում է իր բարերար ազդեցութիւնը թէ՛ մեր համայնքի եւ Եկեղեցւոյ եւ թէ՛ ազգի եւ հայրենիքի բարօրութեան եւ բարգաւաճման, պայծառութեան եւ յառաջդիմութեան, վերելքի եւ հզօրացման մէջ:

Ուստի, ի խորոց սրտի առ Աստուած բարձրացող մեր աղօթքն է, որ Մեծ պահոց եւ Աւագ շաբաթուայ աւարտին մեր ժողովրդի մէջ վերջ գտնեն, վերանան այն բոլոր դատապարտելի երեկոյթները, որոնք կարող են վնասել ողջ հայութեան միաբանութեան, եւ միասնականութեան եւ նրա փոխարէն` մեր սրտերում թագաւորի սիրոյ եւ խաղաղութեան իշխանը` Յարուցեալ Տէրը, Յիսուս Քրիստոս:

Վերջում, մեր սրտագին մաղթանքն է, որ Քրիստոսի հրաշափառ յարութիւնը իր հրաշագործ ու կենդանարար շնչով նորոգի մեր բոլորի սրտերը, լուսաւորի եւ պայծառացնի մեր մտքերը, որպէսզի բոլորս միասնաբար, մեր ազգի բոլոր զաւակների միացեալ ջանքերով նուիրուենք մեր ժողովուրդի դեռեւս «անկատար տենչեր»-ի իրագործման:

 

 

Share this Article
CATEGORIES