Երեւանը` Գրքի Համաշխարհային 12-րդ Մայրաքաղաք

Շուտով մի շատ կարեւոր իրադարձութիւն է սպասւում Հայաստանում. ապրիլի 23-ին «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը Պուէնոս Այրէսից հանդիսաւորութեամբ կը  փոխանցուի Երեւանին, եւ հայոց  մայրաքաղաքը կը ստանձնի իրեն տրուած պատուաւոր կարգավիճակը` գրքի համաշխարհային այս տարուան մայրաքաղաքը: Դա մի տիտղոս է, որ ԵՈՒՆԵՍՔՕ-ի կողմից 2001 թուականից սկսեալ  տրւում է որեւէ քաղաքի` ի նշան գրքերի տպագրութեան ծրագրերի բազմազանութեան եւ գրքի արտադրութեան ոլորտում ունեցած յաջողութիւնների:

Գրքի առաջին մայրաքաղաքը  2001 թուականին հռչակուել էր Մատրիտը, յաջորդաբար այդ գեղեցիկ կարգավիճակին են արժանացել` Աղեքսանդրիան, Նիւ Տելհին, Անտվերպենը, Մոնրէալը, Թուրինը, Պոքոթան, Ամսթերտամը, Պէյրութը, (Լիբանանի

մայրաքաղաքն այդ կարգավիճակում յայտնուել է 2009-ին), Լիւպլեանան, Պուէնոս Այրէսը, այս տարի` Երեւանը, իսկ յաջորդ տարի հայոց մայրաքաղաքից տիտղոսը փոխանցուելու է Պանքոքին: Տիտղոսը կրելու ժամկէտը տեւում է մէկ տարի: Այսինքն Երեւանն աշխարհի գրասէր հասարակութեան ուշադրութեան կեդրոնում է մնալու մինչեւ միւս տարուան ապրիլի 23 –ը:

Ամսաթիւը պատահական չէ ընտրուած. ապրիլի 23-ը աշխարհում նշւում է իբրեւ Գրքի եւ հեղինակային իրաւունքի համաշխարհային օր: Իր պատմութիւնն ունի նաեւ այս օրը: 1995 թուականի նոյեմբերի 15-ին ԵՈՒՆԵՍՔՕ-ի 28-րդ նստաշրջանում որոշում ընդունուեց ապրիլի 23-ը «Գրքի եւ հեղինակային իրաւունքի համաշխարհային օր» յայտարարելու` ի պատիւ անգլիացի թատերագիր ու  բանաստեղծ Ուիլիըմ Շէյքսփիրի, սպանացի Միկէլ տը Սերվանթեսի եւ փերուցի Ինկա Քարսիլասօ տէ լա Վեկայի: Այս երեք հեղինակութիւնները զարմանալի  պատահականութեամբ իրենց մահկանացուն կնքել են նոյն օրը` 1616 թուականի ապրիլի 23-ին:

Երեւանն իր պատուաւոր կարգավիճակը կը ստանձնի Հանրապետութեան հրապարակում` հայերէն տառերի տօնական շքերթով,  ապրիլի 23-ին:  Այդպիսով կը մեկնարկի տօնական տարին, որին կը յաջորդեն գրքին, գրատպութեանը, ընթերցանութեանն ու գրաւոր արժէքներին նուիրուած բազմաթիւ միջոցառումներ: Գրքի մայրաքաղաք հռչակելը համընկնում է հայոց գրատպութեան 500-ամեակին: Միջոցառումների մեծ մասը ընդգրկուած են հենց այդ տօնակատարութիւնների շրջանակներում: Գրքի մայրաքաղաքի ստանձնման հետ միաժամանակ Հայաստանի պատմութեան թանգարանում «Հայոց գիրն ու գիրքը. Հայաստանի անձեռնմխելի տարածքն ու ոգին»  խորագրով ցուցահանդէսով կը մեկնարկեն նաեւ հայոց գրատպութեան 500-ամեակի միջոցառումները:

Գրքին նուիրուած տօնը եռակի է յատկապէս սփիւռքահայերի համար. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի կոնդակով 2012 թուականը ողջ սփիւռքի համար հռչակուել է Հայ գրքի տարի:

Հայ տպագրութեան 500-ամեակը նշուելու է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ` աշխարհի շատ երկրներում` Միացեալ Նահանգներ Քոնկրեսի գրադարանում, Իտալիայի Սուրբ Մարկոսի գրադարանում, Ֆրանսայում, Ռումանիայում, Պուլկարիայում, Չինաստանում, Հոլանտայում, Գերմանիայուն, Ռուսաստանի Դաշնութիւնում եւ շատ այլ երկրներում:

Ապրիլի 15-ին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակոյթի նախարարութեան, Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարարութեան, Գերմանիայում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ Հալլէ քաղաքի «Kunstforum» սրահում կը բացուի «Տառարուեստ եւ պատկերի հրաշքը. հայ գրատպութեան 500-ամեակ» խորագրով ցուցահանդէսը: Ցուցահանդէսում կը ներկայացուեն Գերմանիայի տարբեր մշակութային ու գիտական հաստատութիւններում պահուող հնատիպ գրքեր, ինչպէս նաեւ ցուցանմուշներ Մեսրոպ Մաշտոցի անուան հին ձեռագրերի գիտահետազօտական հիմնարկ-Մատենադարանից, Հայաստանի ազգային գրադարանից եւ Երեւանի Յովհաննէս Շարամբեանի անուան ժողովրդական արուեստի թանգարանից:

Ապրիլի 17-ին Քոփենհակընի «Պլէք Տայմընտ» թագաւորական գրադարանում կը բացուի «Հայաստան… գրքի ճանապարհ» խորագրով ցուցահանդէսը: Ցուցահանդէսի կազմակերպիչներն են Հայաստանի մշակոյթի նախարարութիւնը, Դանիայում Հայաստանի դեսպանութիւնը եւ Քոփենհակընի թագաւորական գրադարանը: Ցուցահանդէսին կը ներկայացուեն Քոփենհակընի թագաւորական գրադարանում պահուող հայատառ եւ Հայաստանի մասին պատմող հնատիպ գրքերը: Ցուցադրութիւնը կը հարստացուի Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ գրքերի հաւաքածուից եւս: Ցուցահանդէսի բացմանը կը յաջորդի համերգային ծրագիր:

Իսկ ապրիլի 18-ին Միացեալ Նահանգներ Քոնկրեսի գրադարանում Միացեալ Նահանգներում Հայաստանի դեսպանութեան, Քոնկրեսի գրադարանի տնօրէնութեան նախաձեռնութեամբ կը բացուի «Իմանալ հայ գրական աւանդոյթների իմաստն ու մանրամասները» խորագրով ցուցահանդէսը:

Ցուցահանդէսները բազմաթիւ են նաեւ Հայաստանում: Նշենք դրանցից մի քանիսը. «Հայ գրքի հրաշքը» (Մաշտոցի անուան մատենադարան), «Հեղինակային իրաւունքները խախտողները» բացօթեայ ցուցահանդէս (ապրիլ), Պուք ֆէսթ» ցուցահանդէս, որում կը ներկայացուեն Հայաստանում եւ ամբողջ աշխարհում հայերի եւ Հայաստանի մասին տպագրուած գրականութիւն (ապրիլ), «Բառի յաւերժութիւն» ցուցահանդէս-ինստալացիա (յուլիս), « «Գրքով բացայայտենք միմեանց» միջազգային ցուցահանդէս (արտերկրի հրատարակութիւնների մասնակցութեամբ, հոկտեմբեր) եւ այլն:

Շուտով համացանցում «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիւ համացանցում տեղի է ունենալու «Հայ տպագրութեան վիրթուալ թանգարան» կայքի  շնորհահանդէսը»: Կայք, որում տպագրութեան պատմութեանը զուգահեռ, տեղ են գտնելու նաեւ  հայ հնատիպ գրքերը, հայ պատմիչների եւ փիլիսոփաների  աշխատութիւնները, որոնց անոտացինաները հրապարակուելու են տարբեր լեզուներով:

Ապրիլից մինչեւ յունիս հայ-ֆրանսական մշակութային համագործակցութեան շրջանակներում Երեւանում անցկացուելու է «Պատկերապատումների եւ պատկերի 3-րդ միջազգային փառատօնը», որը նոյնպէս ընդգրկուած է յոբելեանական ծրագրերի մէջ:

Ցուցահանդէսներից եւ փառատօներից բացի Գրքի համաշխարհային 2012-ի   մայրաքաղաքում անցկացուելու են նաեւ գիտաժողովներ, որոնցից են «Կիւթենպերկից մինչեւ համացանց. անաւարտ պատմութիւններ գրադարանների համար» (յունիս), «Գրադարանավարների համահայկական համաժողովը», որը օգոստոսին  կը համախմբի արտերկրում գործող հայկական գրադարանների աշխատողներին,  սեպտեմբերին կ՛անցկացուի «ATYPI» տառաստեղծների միջազգային համաժողովը, որի ընթացքում կը բացուի նաեւ տառարուեստի միջազգային ցուցահանդէս:

Հոկտեմբերին, Թարգմանչաց տօնի առթիւ անցակցուելու է թարգմանիչների եւ հրատարակիչների միջազգային համաժողով, որի շրջանակներում վերաօծուելու է Թարգմանչաց եկեղեցին:

Սեպտեմբերին Հանրապետութեան հրապարակում մի շատ ուշագրաւ դիմակահանդէս է տեղի ունենալու, որին մասնակցելու են յայտնի գրական հերոսները` դիմակներով ու հանդերձներով:

Տեղի են ունենալու մրցանակաբաշխութիւններ, պարգեւատրումներ, մրցանակների, յուշամետալների եւ կոչումների միջոցով գնահատուել է հայ գրքի նուիրեալը: Երեւանում ստեղծուելու է գրքի միջավայր` տեղադրուելու են հարթաքանդակներ, քանդակներ, շրջիկ գրաւաճառները ներկայացնելու են գիրքն ու տպագիր մամուլը…

Միջոցառումները, ցուցահանդէսները  եւ գրքին նուիրուած ձեռնարկները բազմաթիւ են:  Ներկայացուած մի քանի ձեռնարկը ընդամէնը մի չնչին մասն է հարիւրի հասնող այն միջոցառումների, որոնք պետական մակարդակով անցկացուելու են ոչ միայն Երեւանում, այլ նաեւ` մարզերում:

Մի ողջ տարի շարունակ գիրքը լինելու է փառաբանութեան ներքոյ, սակայն գրքի հանդէպ ակնածանքի ու պաշտամունքի հասնող վերաբերմունքը հայոց մէջ գալիս է դարերի խորքից: Հայի համար գիրքը եղել է իր պատմութեան սրբազան վկաներից մէկը, եւ հայ մարդն այն իր հետ երկրէ երկիր է տարել` իբրեւ վկայութիւն իր բազմադարեայ պատմութեան, պատմութիւն, որի ոգին  միշտ անբաժան է հայից:

Հայաստանը աշխարհում յայտնի է իբրեւ հնագոյն գրքերի ու մատեանների օրրան: Պատահական չէ, որ երբ արաբական առաջին արշաւանքի ժամանակ զաւթիչները մտել են Հայաստան, տեսնելով գրքեր, մատեաններ ու գրքի հանդէպ պաշտամունք, զարմացած  յայտարարել են` «Մենք մտել ենք գրքերի երկիր»:

Եւս մէկ  փաստ. 1912 թուականին հայ եկեղեցին, հայկական համայնքները, առանձին հայ մտաւորականներ, շատ լաւ գիտակցելով գրատպութեան դերին, ճիգ են արել նշելու  հայ տպագրութեան 400-ամեակը: Պետականութեան չգոյութեան պայմաններում նրանց ջանքերը դատապարտուած էին, քանի որ անհնարին մի բան էր ողջ հայութեան տօնը նշել երկրից կամ բնօրրանից դուրս: 100 տարի յետոյ հայութիւնը հնարաւորութիւն ունի համահայկական մակարդակով, պետականօրէն ու կազմակերպուած նշելու հայ գրատպութեան 500-ամեակը: Եւ դա ամենամեծ նուէրն է հայութեանը` նոր ժամանակների մարտահրաւէրներին ընդառաջ գնալու համար:

 

Մտքեր Եւ Խորհրդածութիւններ`
Գրքի Մասին

  • Մորիս Պարրես-Ով գիրք է սիրում, նա երբեք նուիրուած բարեկամի, փրկարար խորհրդատուի, ուրախ ընկերոջ, իսկական մխիթարողի պակաս չի զգայ: Կարդալով, մտորելով` մարդ կարող է անմեղօրէն ուրախացնել իրեն եւ հաճելի անցկացնել ժամանակը` միշտ եւ ճակատագրի բոլոր պատահականութիւնների դէպքում:
  • Ֆիլիփ Սիտնէյ-Երբեք մենակ չի լինի այն մարդը, որին ուղեկցում են գիրքն ու գաղափարը:
  • Լեւ Թոլսթոյ-Ամեն արուած գործում լաւ արուած քիչը աւելի լաւ է վատ արուած շատից: Նոյնը եւ` գրքում:
    Խորխէ Լուիս Պորխես-Ես միշտ պատկերացրել  եմ, թէ դրախտը մի տեսակ գրադարան կը լինի:
  • Ֆեոտոր Տոսթոեւսքի-Երբ ես իմ շուրջը տեսնում եմ, թէ մարդիկ, չիմանալով ինչպէս անցկացնել իրենց ազատ ժամանակը, փնտռում են ամենախղճուկ զբաղմունքներ եւ զուարճութիւններ, ես վերցնում եմ մի գիրք եւ ինքս ինձ ասում` միայն սա բաւական է ամբողջ կեանքի համար:
  • Ֆրիտրիխ Նիցչէ– Հնարաւոր չէ հեշտութեամբ գտնել մի գիրք, որը մեզ աւելի շատ բան է սովորեցրել, քան` մեր իսկ գրած գիրքը: Լաւ գիրքը մտքով եւ ոգով հարստացնում է նաեւ  հակառակորդին:

 

Յուշադրամ

Հայաստանի Հանրապետութեան Կենտրոնական դրամատունը շրջանառութեան մէջ է դրել նոր արծաթեայ յուշադրամ` նուիրուած հայ գրքի տպագրութեան 500-ամեակին:

Յուշադրամի դիմերեսին պատկերուած են «Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների պատկերանիշը եւ  յուշադրամի թողարկման տարեթիւը` «2012»: Ներքեւի մասում անուանական արժէքն է` «1000 դրամ» եւ եզրագծով նշուած է «Հայաստանի Հանրապետութեան Կեդրոնական բանկ» մակագրութիւնը:

Յուշադրամի դարձերեսին պատկերուած են Վենետիկի տեսարաններից մէկը, առաջին հրատարակիչ Յակոբ Մեղապարտի նշանադրոշմը, «Ուրբաթագիրքը» եւ գրքից մի պատկեր` «Հիւանդի այցը»: Ձախ կողմում, ուղղահայեաց` «Ուրբաթագիրք» գրառումն է, իսկ աջ եզրագծով` «Հայ գրքի տպագրութեան 500-ամեակ» մակագրութիւնը:

Յուշադրամի պատրաստման համար օգտագործուել են գունաւոր ներկեր:

Յուշադրամի եւ նրան կից գունազարդ պուքլեթի հեղինակն է Վարդան Վարդանեանը: Յուշադրամը հատուել է Հոլանտայի արքայական դրամահատարանում:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Share this Article
CATEGORIES