Յասմիկ Պապեան. 25 Տարի Բեմում

ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆ

Նա, պանդոկի աստիճաններից իջնելով, համեստ   քայլուածքով մօտեցաւ, նստեցինք  սրահում, հագել էր բրդեայ բարակ ու սովորական մի   բաճկոն, նրա ամէն մի շարժումը եւ ամէն ինչը, որ  վերաբերում էր իրեն` չափաւոր էր ու անկաշառ: Նա դուրս չէր եկել յարդարանքի թանկանոց սրահներից,  նրա դէմքին ճչացող շպար չկար,  նա չէր ցուցադրում ոչինչ… Նրան չճանաչողը վստահ չէր կռահի,  որ պանդոկի  սպասասրահում նստած  այս կինը բեմում վերածւում է թագուհու… Բեմում նա փայլում է, ինչպէս պատմական արքայադստրերն են փայլում արքայական պալատներում… Դժուար է զրուցել նրա հետ եւ չզգալ այն անսահման ուժը, որ կրում է բեմի վրայ: Այդ ուժը փոխանցւում է անգամ բեմից դուրս: Նա անկրկնելի է…

Յասմիկ Պապեանը Լիբանանում է: Նա ժամանել է Վիեննայից, որտեղ ապրում է արդէն երկար տարիներ` Հայաստանից 1991 թուականին գնալուց յետոյ (ասում է, որ ինքը Հայաստանից չի հեռացել, միշտ վերադառնում է այնտեղ`  համերգով, կամ այցելում է հարազատներին):

Հայ ամենանշանաւոր օփերայի երգչուհին, հիասքանչ սոփրանոն, աշխարհի անուանի երաժշտական բեմերը նուաճած մշակութային դեսպանն այսօր ելոյթ է ունենալու Լիբանանի  «Էմիլ Լահուտ» սրահում` Լիբանանի պետական սիմֆոնիք նուագախմբի հետ (խմբավար` Յարութ Ֆազլեան): Համերգը կազմակերպուել է Համազգայինի եւ ՀԲԸՄ մշակութային յանձնախմբերի ջանքերով (հովանաւորութեամբ` տէր եւ տիկին Յովիկ եւ Մարալ Քիւրքճեանների): Ծրագրում նրա երգած դերերգերից  մի քանիսն են միայն: 35 օփերային դերերգ կայ, որ Յասմիկ Պապեանը պատրաստ  է երգել ամէն վայրկեան: Դրանցից ամենագլխաւորն է «Նորմա»-ի դերերգը`  «Նորմա» օփերայից, որը  երգչուհու այցեքարտն է: Յասմիկ Պապեանն այսօր աշխարհում համարւում է «Նորմայի» լաւագոյն կատարողներից մէկը: Այդ դերերգը նա կատարել է  նշանաւոր շատ թատրոններում` մօտ հարիւր անգամ (ի դէպ, ինչպէս նշեց մեր հարցազրոյցի ընթացքում, ոչ միայն` դասական օփերային բեմադրութիւններում, այլ նաեւ` գերժամանակակից): Անցեալ տարի Երեւանում նշուեց Յասմիկ Պապեանի  բեմական գործունէութեան 25-ամեակը, եւ երգչուհին,  ի թիւս շատ մեներգերի կատարեց  նաեւ «Նորման»-ն: Դերերգերը բազմաթիւ են` Ափիկէյլ, Միմի, Տոսկա, Վիոլեթա, Աիտա, Քոյր Անճելիքա, Լիզա, Տոննա Աննա, Մաթիլտա, Ռաքել, Մակտա, Միքայէլա, Լէոնորա, Տեզդեմոնա, Սանտա, Անուշ  (հայկական  օփերային ստեղծագործութիւններն ու դասական երգերը միշտ էլ տեղ են գտել երգչուհու երգացանկում Կոմիտաս, Երկանեան, Կանաչեան, Չուխաճեան, Տիգրանեան, Տէրտէրեան):

Այսօրուայ համերգին նա կատարելու է արիաներ` «Արշակ Երկրորդ», «Կարինէ» օփերաներից, Էտկար Յովհաննիսեանի «Ճանապարհորդութիւն դէպի Էրզրում»-ից, ինչպէս նաեւ` «Անուշ» օփերայից Անուշի դերերգը: Իսկ այսօրուայ համերգի  երգացանկը, ինչպէս նշեց մեզ հետ զրոյցի ընթացքում, հիմնականում բաղկացած է իտալական օփերային արիաներից:

Լիբանանում Յասմիկ Պապեանն առաջին անգամ երգել է Պաալպեքի միջազգային փառատօնի ժամանակ (2008 թուականին): Մեր զրոյցի ընթացքում ասաց, որ ինչ-որ առումով ծանօթ է լիբանանցի հանդիսատեսին եւ պատասխանատուութիւն է զգում նրա հանդէպ: Յասմիկ Պապեանը չի կիսում այն կարծիքը, թէ Լիբանանում օփերային արուեստի հանդէպ հետաքրքրութիւն չկայ: «Ընդհակառակը, ես կ՛ասէի այստեղի հանդիսատեսը շատ խստապահանջ  եւ գրագէտ է: Ես դա զգացի Պաալպեքի փառատօնի ընթացքում, եւ այդ փառատօնն էլ իր տարիների պատմութեամբ նպաստել է, որ ունկնդիր ձեւաւորուի: Եւրոպայում հանդիսատեսը դասական երաժշտութիւն գնահատողի  համբաւ ունի, սակայն ամէն տեղ  այն տարբեր է: Իտալիայում, օրինակ, կարծում են, թէ միայն իրենք են լաւ երգում իտալական օփերաները, մի բան, որ վաղուց արդէն այդպէս չէ, Գերմանիայում հանդիսատեսը շատ շփացած է, որովհետեւ այնչափ օփերային թատրոններ կան, որ դժուար է նրանց զարմացնելը: Ֆրանսայում, եթէ չսիրեն, չեն ծափահարի, ի տարբերութիւն ամերիկացիների, որ օփերա են գալիս  ինչպէս տօնի եւ ուրախ են, ինչ էլ լինի, կը ծափահարեն: Վիեննայում, որտեղ ապրում եմ, օփերային արուեստի աւանդոյթներ կան:  Վիեննան մի քաղաք է, որտեղ 40 րոպէ կարող են ծափահարել եւ չշտապել հանդերձարան` վերցնելու իրենց վերարկուները, որ տուն գնան, կարող են օրերով սպասել, միայն դահլիճում  կանգնելու տեղի համար տոմս  առնեն: Այնպէս որ հանդիսատեսն  ամէն տեղ  տարբեր է, եւ ես յարգում եմ լիբանանցի հանդիսատեսին», – ասաց Յասմիկ Պապեանը:

Երգչուհուն հիւրընկալած բոլոր բեմերը դժուար է նշել. դրանք աշխարհի բոլոր նշանաւոր բեմերն են. Վիեննայի «Մեթրոփոլիպեն» օփերան, Նիւ-Եորքի «Քառնեկի Հոլլը», Սան-Ֆրանսիսքոյի օփերան, Ուաշինկթընի Ազգային օփերան, Միլանոյի «Լա Սքալան»,  Փարիզի «Պասթիլ» օփերան, Պարսելոնայի «Լիսէու» մեծ թատրոնը, Մատրիտի թագաւորական թատրոնը, Լոնտոնի «Վիկմոր Հոլը», Վիեննայի պետական օփերան եւ Վիեննայի «Մուսիքվերենը», Ամսթերտամի Հոլանտական օփերան, Ցիւրիխի օփերան, Ս. Փեթերսպուրկի Մարինեան թատրոնը, ինչպէս նաեւ` Միւնիխի, Շթութկարթի, Համպուրկի, Տրեզտենի, Պեռլինի եւ բազմաթիւ այլ քաղաքների պետական օփերաները:  Բեմադրիչները, որոնց հետ աշխատել է նա, նորից դասական ու օփերային արուեստի ամենափայլուն ժամանակակից անուններն են Վերներ Հերցոկ, Թոմասի, Քոնտոչի եւ այլք:  Խմբավարների եւ երգիչների մի բոյլ կայ, որոնց համար նոյնպէս պատիւ է եղել աշխատել Յասմիկ Պապեանի հետ, ինչպէս մեր երգչուհու համար է պատիւ  նրանց հետ աշխատելը. Ռիքարտօ Մութի, Վալերի Կերկիեւ, Ժորժ Փրեթրէ, Միշել Փլասսօ, Մարսելօ, Վիոթթի, Մաուրիցիօ Արենա, Միունկ-Վհուն Չունկ, Կենատի Ռոժտեսթվենսքի, Փլասիտօ Տոմինկօ, Լէոնարտ Սլաթքին, Ճէյմս Մորիս, Ճէյմս Քոնլոն, իսկ Լիբանանում` Յարութ Ֆազլեան, որը առաջին անգամ չէ, որ ղեկավարում է Յասմիկ Պապեանի համերգը:

Խօսելով իր հայ լինելու մասին` Յասմիկ Պապեանը համեստօրէն ասաց. «Հայ լինելու պատճառով ես  միշտ տարբերուել եմ  ուրիշներից, տարբերուել եմ թեմփրով, իմ ձայնի որակով, իմ զգացական աշխարհով… Իսկ դա բեմադրիչների համար կարեւոր է, նրանք փնտռում են անհատականութիւններ: Հազարաւոր շատ լաւ երգիչներ կան, ամէն ինչով հրաշալի, բայց իմ տպաւորութեամբ այսօր եւ միշտ  փնտռւում  են մի բանով ուրիշներից տարբեր, մի բանով առանձնացող մէկին: Հայ լինելն արդէն առանձնանալ է նշանակում, հայկական ներաշխարհը, զգացականութիւնը հայ երգիչներին առանձնացնում է»:

«Իսկ չի՞ խանգարել  հայ լինելը» հարցին երգչուհին պատասխանեց. «Մենք` հայերս, աշխարհը տիրելու ձգտումներ  չունենք: Դա մեր ազգային առանձնայատկութիւնն է գուցէ: Գուցէ ուրիշների համար դա  խանգարող հանգամանք է, բայց  ինձ համար  դա լաւ է, քանի որ տիրելը, նուաճելը  իմ մարդկային  ներաշխարհին յատուկ չէ. տիրելու համար պիտի ոտնակոխ անես շատ բաներ, քայլես շատ բաների վրայով, իսկ ես դա չեմ կարող անել»:

Համերգից առաջ կայացած մեր զրոյցի ընթացքում Յասմիկ Պապեանը նշեց, որ ինքը  հասել է  իր երազանքներին եւ երջանիկ է: Եթէ ուսանողական տարիներին կային երազանքներ, ապա այսօր կան անելիքներ ու նպատակներ: Ամէն դէպքում, երգչուհին համոզուած է, որ ստեղծագործող մարդն առանց երազանքի չի կարող ապրել:

Անվերջ ճամբորդութիւնների եւ համերգների մէջ գտնուող երգչուհու համար ամենաերջանիկ պահերն անշուշտ 11-ամեայ դստեր հետ անցկացրած ժամերն են: «Աղջիկս մեծանում է, եւ ես արդէն մի քիչ քչացրել եմ ելոյթներս, ուզում եմ իր կողքին շատ ժամանակ անցկացնել», ասաց նա` տեղեկացնելով, որ Գերմանիայում աշխատում է «Թրիսթան եւ Իզոլթա» օփերայի վրայ, ինչը մեծ ու բարդ գործ է համարում:

Հայաստանի ժողովրդական արուեստագիտուհին (այդ կոչումին նա արժանացել է 2005-ին) խօսեց նաեւ շատ այլ հարցերի մասին, այն մասին, թէ ինչ դժուար  է երգչի համար հոգեպէս եւ ֆիզիքապէս միշտ պատրաստ լինել քաղաքից քաղաք տեղափոխուելուն, արագ փորձեր անել, համերգից առաջ զգալ հանդիսականի շունչը, անտեսանալի մի ստուգաչափով ստուգել դահլիճի լարուածութեան աստիճանն ու… չտապալել համերգը: Ինքը յաղթահարել է բոլոր այդ դժուարութիւնները եւ նման վազքով աշխատելն այլեւս իր համար դարձել է կենսաձեւ:

Իսկ ինչ վերաբերում է լիբանանեան այս այցին,  նա ափսոսաց, որ այն  շատ կարճ է. «Արեւելքը շատ հոգեհարազատ է ինձ», ասաց եւրոպական օփերային արուեստի տիվաներից մէկը:

 

 

Share this Article
CATEGORIES