Հարցազրոյց 2012 Թ. Խորհրդարանական Ընտրութիւններում ՀՅԴ Համամասնական Ցուցակի 22-րդ Հորիզոնականը Զբաղեցնող, ԵՊԼՀ Որակի Ապահովման Կենտրոնի Ղեկավար Նուարդ Մանասեանի Հետ
ՀԱՐՑՈՒՄ.- ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը յայտարարեց, որ կուսակցութիւնների ներկայացրած ցուցակները հիասթափեցնող են: ՀՅԴ համամասնական ցուցակն ինչո՞վ է առանձնանում:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ես կարող եմ ՀՅԴ ցուցակի մասին խօսել. այն ունի ժառանգականութիւն, փորձառութիւն ու անցած 20 տարիների պայքարի, յաջողութիւնների ու ձախողումների կուտակած մեծ գիտելիքն ու նոր ընթացքին պատրաստ, իրենց ոլորտներում բարձրորակ ու պատասխանատու աշխատանքով առանձնացած մարդկանց անուններ, ովքեր գալիս են մասնակցելու քաղաքացիական ազատ, արդար ու մէկը միւսի հետ կառուցողական գործառնութեան մէջ գործընկերային յարաբերութիւններին պատրաստ Հայաստան ստեղծելու մտադրութեամբ, որտեղ փողի քսակով առեւանգուած իշխանութիւնը տեղի կը տայ ծառայելու կամք ու կարգապահութիւն ունեցող մարդկանց:
Հ.- Իսկ միւս կուսակցութիւնների համամասնական ցուցակնե՞րն ինչով են հիասթափեցնող:
Պ.- Ինձ հիասթափեցրին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ուռճացրած ցանկերը. դրանք ախտորոշիչ բնոյթ ունեցան ինձ համար: Ժողովրդին հաշուետու իշխանութիւնը ստիպուած չէր լինի ժամանակին շահեր սպասարկած ու յաճախ քաղաքացիներիս համար այս տարիների խորհրդարանական աշխատանքում համր գործելաոճ որդեգրած մարդկանց նորից առնել սեփական հովանու ներքոյ: Այս 20 տարիների ընթացքում ստեղծուած իրաւական ու ընկերային-տնտեսական անբարենպաստ, առանձին խմբերին մասնակի փոխշահաւէտ պաշտպանութիւն առաջարկող իշխանական համակարգը պատուարող ուժերի ցանկերում նման բան տեսնելը բաւական օրինաչափ է, քանի որ այս տրամաբանութեան մէջ ինքնիշխանը երկրի քաղաքացին չէր, այլ այն օտարած, որոշակի շահոյթ հետապնդող ու նեղ շահեր ունեցող մարդկանց խմբերը:
Հ.- Շատ է խօսւում տարբեր պայմանաւորուածութիւնների մասին: Ձեզ համար որեւէ պայմանաւորուածութիւն տեսանելի՞ է:
Պ.- Տարիներ շարունակ գործադրուած մեքենան ու դրանք գործադրողները, այո՛, միեւնոյն տրամաբանութեան մէջ պիտի գործեն: Պէտք է հաշուի առնել, որ մրցունակութեան ինտեքսով միջազգային կառոյցների գնահատմամբ` Հայաստանն ամենաանմրցունակ երկրների շարքում է: Սա իր հերթին մատնանշում է, որ արտադրութեան ու նիւթական միջոցների գերկենտրոնացում կայ, որն այլընտրանքային միջոցների բացակայութեան պայմաններում փոխաբերական իմաստով տեղերի պայքարը մեծ մասամբ հին տրամաբանութեան մէջ հանգեցնելու է ժամանակին յուշագիրը ստորագրած 3 ուժերից երկուսի միջեւ պայքարին: Դրան զուգահեռ, ոչ առեւտրային դաշտում, այսինքն` ընտրութիւններն ազատ շուկայի տրամաբանութեանը չենթարկած քաղաքական ուժերի միջեւ, յուսամ, կ՛ընթանայ որակապէս այլ` քաղաքացիական պայքար:
Հ.- ՀՅԴ-ն յայտարարում է, որ ցանկանում է ձայների մեծամասնութիւնը ստանալ, որպէսզի քոալիսիոն չկազմի: Փաստօրէն, չէ՞ք բացառում, որ կարող է` կրկին քոալիսիոն գնաք:
Պ.- ՀՅԴ-ն միշտ պայքարի մէջ է մտել քաղաքակիրթ պայմաններում ժողովրդի քուէի միջոցով ամբողջական յաղթանակի նպատակադրութեամբ, քանի որ, որպէս կուսակցութիւն, ունի թէ՛ ծրագիր, թէ՛ յստակ նպատակ, թէ՛ այդ նպատակին հասնելու համար իր ծրագրին հոգեհարազատ մեթոտներով տուեալ հանգրուանին յարմար ամբողջական լուծումների փաթեթ: ՀՅԴ-ն ամբողջական իշխանութեան բացակայութեան պայմաններում իր ծրագրային դրոյթների իրագործման համար գործակցել է օրուայ մեծամասնութեան հետ, երբեմն յաջողել է, երբեմն էլ` ոչ: Հիմա էլ Հայաստանի քաղաքացուն ուղղուած ընտրապայքարում ՀՅԴ-ն վճռական է, սակայն որպէս քաղաքական գործընթացի փորձառութիւն ունեցող եւ ոչ անհատապաշտ կառոյց` մեծամասնութիւն չունենալու դէպքում իր ծրագրային դրոյթների գործադրման համար տրամաբանօրէն պէտք է գործակցի այլ քաղաքական ուժերի հետ:
Հ.- Ասում են, որ ամէն գումարման խորհրդարան որակական իմաստով նախորդից վատն էր: Հնարաւոր է` դուք ինքներդ էլ, փաստօրէն, առաջին անգամ պատգամաւոր դառնաք: Երբ նայում էք կուսակցութիւնների ցուցակների անցողիկ տեղերին, ինչպիսի՞ն էք տեսնում այս խորհրդարանը:
Պ.- ՀՅԴ-ն չունի անցողիկ տեղեր, ուստի եւ ես` որպէս դաշնակցական, նման մտորումներ չունեմ. ես իմ փորձառու ընկերների շարքում եւ իրենց հետ միասին գնում եմ ամբողջական համակարգային իշխանափոխութեան, որովհետեւ հաւատալու ցանկութիւն չունեմ, իսկ մնացածը թողնում եմ Հայաստանի քաղաքացու դատին: Մեր երկիրը քաղաքացիններինն է ու պիտի պետութեան մակարդակում վերադարձուի իրական տիրոջը:
Հարցազրոյցը վարեց
ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿԵԱՆԸ
7or.am

