Տիգրան Սարգսեան. «Վաղ Թէ Ուշ Ցեղասպանութեան Հրէշաւոր Յանցանքին Տրուելու Է Համապատասխան Գնահատական»

Ստորեւ կու տանք Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանի ուղերձը` Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակի օրուան առիթով:

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ապրիլի 24-ն է: Լրանում է օսմանեան Թուրքիայի կողմից ծրագրուած եւ իրականացուած Հայոց ցեղասպանութեան 97-րդ տարելիցը: Մեր ժողովրդի դահիճների նպատակը հայութեան ֆիզիքական բնաջնջումը մշակութային եղեռնով եւ պատմական յիշողութեան ոչնչացմամբ շարունակելն էր: Այսօր գլուխ խոնարհելով մեր անմեղ նահատակների յիշատակի առաջ` փաստում ենք, որ ջարդարարներին դա չի յաջողուել: Նրանց չի յաջողուել ոչնչացնել հայութիւնը, չի յաջողուել ջնջել մեր ինքնութիւնն ու յիշողութիւնը, չի յաջողուել խլացնել պատմական ճշմարտութեան ձայնը եւ լռեցնել այն մարդկանց եւ պետութիւններին, որոնք հայ ժողովրդի կողքին են` յանուն արդարութեան յաղթանակի եւ մարդկութեան դէմ գործուող ոճիրների բացառման: Մեր երկրում այսօր էլ ապրում են Հայոց ցեղասպանութիւնը վերապրածները, որոնց հետ միասին սգում ենք մեր նախնիների յիշատակը` համոզուածութեամբ, որ վաղ թէ ուշ Թուրքիան առերեսուելու է իր պատմութեանը եւ ցեղասպանութեան հրէշաւոր յանցանքին տրուելու է համապատասխան գնահատական: Ոգեկոչելով Ցեղասպանութեան զոհերի յիշատակը` մենք գիտակցում ենք, որ միայն մեր գոյութեամբ կարող ենք յաղթահարել Մեծ եղեռնի հսկայական ցաւը: Մենք պարտաւոր ենք շարժուել դէպի ապագայ` կերտելով մեր պետականութեան ու հայ ժողովրդի արժանավայել գալիքը:

Share this Article
CATEGORIES