Կանգնեցուել Է «Մշոյ Ճառընտիրը» Փրկած Կանանց Արձանը
Հայոց իրականութեան մէջ իր բացառիկութեամբ աչքի է ընկնում երկու հայուհիների պատմութիւնը, որոնք կորստից եւ աւերից փրկել են հայոց ամենամեծ ձեռագիրը` «Մշոյ ճառընտիրը»: Նաեւ «Տօնական» անունն է ունեցել 1200-1202 թուականներին Երզնկայի Աւագ վանքում Բաբերդի տանուտէր Աստուածատուրի պատուէրով գրուած այս հրաշալի մատեանը: Հայ գրչութեան եւ մանրանկարչութեան փառապանծ գործերից է «Տօնականը»` նոյնինքն «Մշոյ ճառընտիրը»: Գրիչ` Վարդան քահանայ Կարնեցի, Ծաղկող` Ստեփանոս:
Այսօր Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանում պահուող «Մշոյ ճառընտիրը» հպարտութիւն է ներշնչում ոչ միայն հայերին, այլ նաեւ Մատենադարան այցելող բազմաթիւ օտարների: «Մշոյ ճառընտիր»-ն ունի 601 թերթ, իւրաքանչիւր թերթը` մէկ հորթի կաշի: Սկզբնական շրջանում մատեանն ունեցել է 660 էջ, մատեանի 17 էջ այսօր պահւում է Վենետիկում: «Մշոյ ճառընտիրը» կշռում է 28 քիլոկրամ: Այն բաժանուած է երկու մասի, կազմ չունի:
Այսքան փառաբանուած «Մշոյ ճառընտիրը» պարունակում է ըստ տարուայ տօների դասաւորուած ճառեր, վկայաբանութիւններ, պատմական քաղուածքներ եւ ներբողներ:
Մատեանի բացառիկութիւնը ժամանակին զգացել են օտարները: Նոյն տարին, երբ վերջացել է մատեանի ծաղկումը (1202 թուականին) այն յափշտակել է Բաբերդի այլազգի դատաւորն ու երկու տարի թաքցրել Խլաթում: 1204 թուականին 4000 արծաթեայ դրամով դատաւորը մատեանը վաճառել է Մշոյ Առաքելոց վանքին: Փրկագինը հաւաքել են շրջանի բնակիչներն ու վանքի միաբանները: Մինչեւ 1915 թուականը ձեռագիրը գտնուել է Մշոյ Առաքելոց վանքում…
Մեծ եղեռնի օրերին բազմաթիւ ձեռագրեր են զոհ են գնացել թշնամու աւերին ու ասպատակութիւններին: Քանի որ այն ժամանակ չկար տարբեր տեղերում պահուող բոլոր ձեռագրերի ցուցակը, յայտնի չէ ոչնչացուած մատեանների թիւը սակայն, ըստ որոշ տուեալների, նրանց թիւը հասնում է մի քանի հազարի:
Ոչնչացուած ձեռագրերի մէջ եղել են Աստուածաշունչեր, Հին ու Նոր Կտակարաններ, ժամագրքեր, սաղմոսագրքեր, քարոզագրքեր, օրացոյցեր, ծիսագրքեր, մաշտոցներ, կանոնագրքեր, նաեւ` պատմագրական, փիլիսոփայական, աստուածաբանական բնոյթի` հնագոյն ժամանակներից մինչեւ ուշ միջնադարի գործեր, որոնց հեղինակներն էին հայ, յոյն հռոմէացի, հրեայ գիտնականները: Կային ձեռագրեր, որոնք պարունակում էին հայկական մանրանկարչութեան գլուխգործոցներ: Հայկական ձեռագրերի ոչնչացումը մեծ հարուած էր ոչ միայն հայ, այլեւ ամբողջ աշխարհի մշակոյթին ու գիտութեանը, անդառնալի կորուստ` մարդկութեան համար: Հայ մտաւորականութեան ջանքերով ձեռագրերի մի մասը, որը գտնւում էր Արեւմտեան Հայաստանի տարածքում, այնուամենայնիւ, փրկուել է:
… Երկու հայ կին «Մշոյ ճառընտիրը» բաժանել են երկու մասի (ծանր լինելու պատճառով) եւ շալակած հասցրել Արեւելեան Հայաստան: Ապա երկու մասերը տարբեր ուղիներով հասցրել են Թիֆլիսի հայոց ազատագրական ընկերութիւն, որտեղից էլ բերուել է Երեւան:
Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակուելու առթիւ օրեր առաջ Երեւանի կեդրոնում ( Մոսկովեան-Տէրեան խաչմերուկում) վեր յառնեց ձեռագիրը փրկած երկու հայուհիների արձանը: «Վարք յաւերժութեան». այսպէս է կոչւում քանդակը, որի հեղինակը Փարիզում բնակուող հայ քանդակագործ Դաւիթ Երեւանցին է: Երեք մեթր բարձրութեամբ պրոնզեայ արձանը խորհրդանշում է ոչ միայն մատեանի փրկութիւնը, այլ նաեւ` կոչուած է մեծարելու հայ կնոջը` ազգային ինքնութեան եւ մշակոյթի պահպանութեան գործում ունեցած բացառիկ դերակատարման համար:
Դաւիթ Երեւանցու գործերը կարելի է տեսնել աշխարհի շատ երկրներում: Միայն Փարիզում եւ նրա արուարձաններում Դաւիթ Երեւանցին Հայոց ցեղասպանութեան թեմայով մի քանի գործեր է ստեղծել Փարիզում եւ նրա արուարձաններում, որոնցից նշանաւոր է Կոմիտասը: Իսկ Երեւանում նշանաւոր է նրա Ուիլիըմ Սարոյեան արձանը:
Իսկ «Վարք յաւերժութեան» արձանը ստեղծելիս Դաւիթ Երեւանցին, ինչպէս ասել է, ոգեշնչուել է Չարենցի յայտնած միասնութեան գաղափարից, ինչպէս նաեւ` հայ կնոջ գեղեցկութիւնից, բացառիկութիւնից: Քանդակի մէջ երեւում է, որ կանայք բաժանում են գիրքը եւ մէջք մէջքի տուած, միասնական ջանքերով փրկում այն: Գիրքը դառնում է հայոց հաւատքի առհաւատչեան, միակ վկան հայոց հերոսական անցեալի:
Քանդակը Դաւիթ Երեւանցու նուէրն է հայրենիքին: Ձուլուել է Պրահայում` մոսկուաբնակ գործարար Արթուր Ջանիբեկեանի հովանաւորութեամբ:
… Հայկական ամենամեծ ձեռագիրը փրկած կանանց պատմութիւնը ներշնչել է նաեւ իտալացի գրող Անթոնիա Արսլանին: Յունուարին լոյս է տեսել է նրա վերջին գիրքը` «Մշոյ գիրք խորագրով», որը նուիրուած է մատեանի փրկութեանը: Վէպը գրողի` Հայոց ցեղասպանութեան թեմայով գրուած երրորդ գիրքն է: Յայտնի է այս թեմայով նրա առաջին գիրքը` «Արտոյտների ագարակը», իսկ գրողը շուտով ընթերցողի սեղանի կը դնի նաեւ «Զմիւռնայի ճանապարհը» հատորը, որը ինչ-որ տեղ «Արտոյտների ագարակի» շարունակութիւնն է, հեղինակի մեծ պապի հետագայ սերունդների` Աւագեանների տոհմի ներկայ պատմութիւնը:
Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

