1915, Ապրիլ 24. Հայտար Փաշա Կայարան. Մահուան Ճամբորդութիւն

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

2010թ. ապրիլի 24-ին մի քանի տասնեակ թուրք եւ քուրտ իրաւապաշտպաններ բողոքի ցոյց էին անցկացնում Պոլսի «Հայտար փաշա»  կայարանում, որտեղից 1915-ի այդ օրը մահուան ճամբորդութեան էին ուղարկել հայ մտաւորականների առաջին խմբին: Նրանք պարզել էին աքսորուած եւ դաժանաբար սպաննուած հայ գրողների նկարները:

Մէկ տարի անց` 2011թ. նոյն օրը յիշատակի միջոցառումներ անցկացուեցին Պոլսում, Անգարայում, Տիգրանակերտում, Պոտրումում: Մասնակիցները դատապարտում էին 1915-ին եւ  հետագայ տարիներին տեղի ունեցածը, այն համարում «մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւն», «մեծ ոճիր», զօրակցութիւն յայտնում հայերին, նրանցից ներողութիւն խնդրում, սակայն հիմնականում խուսափում էին «ցեղասպանութեան» բառից: Հայկական երաժշտութեան ներքոյ ցոյցի բոլոր մասնակիցները ծնկի էին իջել եւ լռութեամբ յարգում էին 1915թ. զոհերի յիշատակը: Հնչեցին ելոյթներ, որոնց ընթացքում անուն առ անուն յիշատակւում էին շուրջ 250 մտաւորականները, ովքեր Եղեռնի զոհ են դարձել:

Յիշատակի միջոցառում տեղի ունեցաւ նաեւ Պոլսի «Սուլթան Ահմեթ» պատմական վայրում: Թանգարանը 1915թ. բանտ էր, որտեղ` մահուան ճամբորդութիւնից առաջ պահւում էին հայ մտաւորականները: Թուրք ազգայնականները պատասխանեցին երկու գործողութիւններով: Թաքսիմի հարեւանութեամբ հաւաքուած մի քանի տասնեակ թուրքեր կրում էին պաստառ, որի վրայ գրուած էր. «Կեցցէ մեր նոր ազատագրական պատերազմն ընդդէմ երկրորդ Սեւրի դաշնագրի»: Ապա ծայրայեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպութեան անդամները, ձեռքներին ազրպէյճանական դրօշներ, անցան Իսթիքլալ պողոտայով` Ցեղասպանութեան պնդումները որակելով «կայսերապաշտական ստեր»:

Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիներին եկեղեցիներում յիշատակւում էր ապրիլ 24-ը, իսկ հետագայում` մինչեւ 1965թ. զարթօնքը, 1915 թուականը պաշտօնապէս կամ հասարակական լայն շրջանակներում չէր նշւում: Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրը որպէս հարազատների ու մերձաւորների յիշատակի օր Խորհրդային Հայաստանում յիշւում էր ընտանիքների ներսում միայն:

Առաջինը երգիծաբան Երուանդ Օտեանն է Պոլսի «Ժամանակ» օրաթերթում առաջարկել 1915-ի անմեղ զոհերի համար յիշատակի յատուկ օր ընդունել եւ ոգեկոչել այդ օրը: Իսկ գրող Վրթանէս Փափազեանը նամակով դիմել է Գէորգ Ե. Ամենայն հայոց կաթողիկոսին` առաջարկելով ապրիլի 24-ը յայտարարել Նահատակների օր ի յիշատակ հայ մտաւորականների, ովքեր 1915 թ. ապրիլի 23-ի լոյս 24-ի գիշերը ձերբակալուեցին Պոլսում եւ «Հայտար փաշա» կայարանից տարուեցին դէպի Այաշ, Չանղըրը եւ միւս սպանդանոցներ: Մի քանի օր անց կաթողիկոսի դիւանը շրջաբերականով (ըստ այլ տեղեկութիւնների` նաեւ կաթողիկոսական կոնդակով) հրահանգել է ապրիլ  24-ն ընդունել որպէս Մեծ եղեռնի զոհերի յիշատակի օր եւ բոլոր եկեղեցիներում այդ օրը մատուցել հոգեհանգստեան պատարագ:

Մինչեւ քեմալականների վերջնական յաղթանակը ժամանակակից Թուրքիայի ամբողջ տարածքում, ապրիլ 24-ը նշուել է նաեւ Պոլսում: Եթէ Երեւանում լոյս տեսնող «Խորհրդային Հայաստան» թերթի 1922 թուականի ապրիլեան համարներում անդրադարձ չկայ Մեծ եղեռնին, ապա Պոլսի հայկական թերթերը բաւական տեղ են յատկացրել: «Ճակատամարտ» օրաթերթը ընթերցողներին տեղեկացրեց, որ` «համաձայն հայրապետական կարգադրութեան, առաջիկայ երկուշաբթի օրը` ապրիլ 24-ը, ազգային տօն է հռչակուել ի յիշատակ մեր  բիւրաւոր նահատակների, նոյն օրը Հայաստանի բոլոր եկեղեցիներում պիտի մատուցուի պատարագ եւ կատարուի  հոգեհանգիստ»:

Ապրիլի 25-ի համարում «Ճակատամարտ»-ը գրեց. «Երէկ կէսօրին անհամար բազմութիւն էր հաւաքուել Շիշլիի ազգային գերեզմանատանը` յարգելու յիշատակը ապրիլ 24-ի զոհերի: Դաշնակցութեան կողմից խօսեց Ամատունին, հնչակեանների կողմից` Սեդրակ Քառեանը: Հայ արուեստի տան անունից խօսեց Վահան Թեքէեանը: Նա ասաց, որ եկել ենք խոնարհուելու մեր մեծ մեռելների յիշատակին: Հայ երիտասարդութեան անունից խօսք ասաց Միսաք Մանուշեանը. «Ամբողջ ժողովրդի կէսը դարձել է յուղարկաւորը միւս կէսին: Մեռելներ, մեռելներ, մեռելներ` 7 տարի առաջ, 13 տարի առաջ, 27 տարի առաջ»:

Հայոց ցեղասպանութիւնից փրկուածները, ովքեր ապաստան գտան Խորհրդային Հայաստանում, չէին կարող բարձրաձայնել իրենց պատուհասած ողբերգութիւնը, քանի որ Թուրքիայի եւ Խորհրդային Միութեան միջեւ հաստատուել էին բարեկամական յարաբերութիւններ: Հայութեան ընդհանուր ցաւը եւ հաւաքական յիշողութիւնները պարփակուել էին առանձին ընտանիքների ներսում:

Խորհրդային Հայաստանում ապրիլ 24-ը որպէս Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր, որը հետագայում աւանդական դարձաւ, առաջին անգամ պաշտօնապէս նշուել է 1965-ին: Ամենայն հայոց կաթողիկոս Վազգէն Ա.ն 1964-ի օգոստոսի 17-ը հայրապետական կոնդակով 1965 թուականը «ազգային սուգի եւ աղօթքի տարի» հռչակեց:

1965-ի ապրիլի 24-ին Երեւանում կազմակերպուեց զանգուածային հզօր ցոյց, որի մասնակիցները դատապարտելով 1915-ի Ցեղասպանութիւնը` առաջ էին քաշում հայկական հողերի վերադարձի հարցը: Այս համաժողովրդական աննախադէպ ցոյցը դժուար թէ կազմակերպուէր, եթէ չլինէր Խորհրդային Հայաստանի առաջնորդ Եակով Զարոբեանը, ով Մեծ եղեռնի 50-րդ տարելիցը պաշտօնապէս յիշատակելու նպատակով լուրջ աշխատանք էր կատարել Քրեմլինում:

Խորհրդային իշխանութիւնները թոյլատրեցին, որ Մայր Աթոռը ապրիլի 24-ին սուրբ պատարագ մատուցի եւ հոգեհանգստեան պաշտօն կատարի ի յիշատակ Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի:

Ապրիլ 24-ին մայրաքաղաք Երեւանի գլխաւոր`  Լենինի հրապարակում հաւաքուած բազմութիւնը նախ շարժուեց Կոմիտասի անուան զբօսայգու պանթէոն` ծաղկեպսակ դնելու Կոմիտաս վարդապետի շիրիմին: Կէսօրին շուրջ հարիւր հազար հոգու հասնող բազմութիւնը դուրս եկաւ հրապարակից, շարժուեց Երեւանի գլխաւոր պողոտաներով, ապա կրկին վերադարձաւ Լենինի հրապարակ, որը ողողուած էր «Մեր հողերը, մեր հողերը» գրութիւնը կրող մեծատառ պաստառներով:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES