Ինչո՞ւ Պէտք Չէ Հաւատալ Հանրապետականին. ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը Եւ «Բարգաւաճ Հայաստան»ը` Ընդդէմ Կեղծիքների

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Երեքուկէս տարի առաջ` 2008 թուականի հոկտեմբերի 2-ին, նախագահ Սերժ Սարգսեանը Ազգային ժողովի ամպիոնից հայ ժողովրդին խոստացաւ (մէջբերումը բառացի է). «ա) առաջիկայ ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր հիւլէական կայան կառուցել, բ) առաջիկայ տարիների ընթացքում սկսուելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցուել, գ) առաջիկայ ամիսների ընթացքում համահայկական դրամատուն ու ներդրումային հիմնադրամ է ստեղծուելու, որոնք լայնածաւալ ծրագրեր են ֆինանսաւորելու»:

Նախագահ Սարգսեանի խոստացած ծրագրերից եւ ոչ մէկը չի իրականացուել, եւ ոչ մէկը չի սկսուել, մօտակայ տարիներին չի էլ սկսուելու: Ահա այս եւ բազում այլ չկատարուած խոստումների պայմաններում նախագահ Սարգսեանը, ով իշխող Հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) առաջնորդն է եւ միայնակ է իրականացնում ՀՀԿ նախընտրական քարոզչութիւնը, ժողովրդի հետ իր հանդիպումներում անդադար կրկնում է, որ պէտք չէ հաւատալ միւս կուսակցութիւնների նախընտրական խոստումներին:

Այսօր, եթէ Հայաստանում կայ մէկ կուսակցութիւն, որին հայ ժողովուրդը իրաւունք ունի չհաւատալու, հէնց ՀՀԿ-ն է: Այսօր հայ ժողովուրդը իրաւունք ունի առաջին հերթին չհաւատալու նախագահ Սարգսեանին, վարչապետ Տիգրան Սարգսեանին, Հայաստանի գործող կառավարութեանը եւ խորհրդարանում ՀՀԿ խմբակցութեանը, քանի որ.

Առաջին. չորս տարիների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը աւելի քան կրկնապատկուել է,

Երկրորդ. չորս տարիների ընթացքում Հայաստանում աղքատների թիւը աւելացել է եւս 200 հազարով,

Երրորդ. չորս տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է շուրջ 120 հազար հոգի:

Այս մտահոգիչ ցանկը կարելի է շարունակել եւ փաստերով ցոյց տալ, որ Հայաստանի իշխանութիւնները տնտեսութեան հարցում երկիրը յետ են շպրտել հինգ-վեց տարով: Իւրաքանչիւր մարդ կարող է կարդալ 2007 թուականի խորհրդարանական ընտրութիւններում ՀՀԿ-ի եւ 2008 թուականի նախագահական ընտրութիւններում Սերժ Սարգսեանի նախընտրական խոստումների գրքոյկները եւ համոզուել, որ իշխող կուսակցութիւնը ասել է մէկ բան, արել` բոլորովին այլ բան:

ՀՀԿ-ն գրեթէ բացայայտ յայտարարում է, որ յաղթելու է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններում: Արդէն ներկայացւում են հանրային հարցումների տուեալներ, համաձայն որոնց` համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն ստանալու է քուէների աւելի քան 30 տոկոսը: Անշուշտ, ՀՀԿ-ն ստանալու է աւելի քան 30 տոկոս, քանի որ Հայաստանում հէնց իշխող կուսակցութիւնն է հնարաւորութիւն ունենում ընտրութիւններում օգտագործել ուժային կառոյցների` ոստիկանութեան, բանակի եւ անվտանգութեան ուժերի քուէները: Հէնց իշխող կուսակցութիւնն է հնարաւորութիւն ունենում իր օգտին կեղծել այն հայ ընտրողների քուէները, ովքեր ընտանիքին կերակրելու նպատակով բռնել են պանդխտութեան ճամբան կամ արդէն տարիներ բնակւում են Ռուսաստանում եւ այլ երկրներում, սակայն շարունակում են գրանցուած մնալ Հայաստանում:

Ինչպէս համապետական նախորդ ընտրութիւնների դէպքում, մայիսի 6-ին կայանալիք  խորհրդարանական ընտրութիւններում ամենավիճելի հարցերից մէկը ընտրացուցակներն են: Շատերի համար անտրամաբանական է, երբ շարունակուող արտագաղթի պայմաններում ընտրացուցակներում աւելանում է ընտրողների թիւը: Հայաստանի ընտրողների ցուցակում ընդգրկուած  ընտրողների ընդհանուր թիւը` շուրջ 2 միլիոն 482 հազար հոգի, որոշ քաղաքական ուժերի համար անիրական է: Ընտրութիւնների նախօրէին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայութիւնը հրապարակեց վերջին` 2011 թուականի մարդահամարի նախնական տուեալները, համաձայն որոնց` Հայաստանում բնակչութեան թիւը պակաս է երեք միլիոնից: Ճիշդ է, հաշուառուած բնակչութեան թիւը կազմել է 3 միլիոն 285 հազար, սակայն առկայ բնակչութեան թիւը ընդամէնը 2 միլիոն 871 հազար է:

Ընդդիմութիւնը պնդում է, որ ընտրացուցակներում շարունակում են մնալ տարիներ առաջ մահացածներն ու Հայաստանից ժամանակաւորապէս դուրս գտնուողները: Հանրութեան շրջանում կայ այն համոզումը, որ հէնց մահացած եւ Հայաստանից ժամանակաւորապէս բացակայող քաղաքացիների քուէներն են կեղծւում յօգուտ իշխանական կուսակցութիւնների: Ընդդիմադիր Դաշնակցութիւնը, Լեւոն Տէր Պետրոսեանի գլխաւորած Հայ ազգային քոնկրեսը եւ Րաֆֆի Յովհաննիսեանի հիմնադրած «Ժառանգութիւն»-ը Հայաստանի ոստիկանութեանն առաջարկեցին իրենց տրամադրել երկրից մշտապէս բացակայող, սակայն ընտրացուցակներում առկայ քաղաքացիների ամբողջական ցանկը: Սակայն ոստիկանութիւնը պարզաբանեց, որ նման տուեալների չի տիրապետում: Ընդդիմութիւնը յայտարարեց, որ իշխանութիւնները չեն ցանկանում այդ տուեալները տրամադրել, հետեւաբար նրանք չունեն ազատ եւ արդար ընտրութիւններ անցկացնելու քաղաքական կամք:

Հայաստանի քաղաքացիների եւ կուսակցութիւնների մեծ մասը չի հաւատում արդար եւ ազատ ընտրութիւններին: Այդ հաւատն այնքան խորն է, որ համագործակցութեան է մղել Դաշնակցութեանը, Հայ ազգային քոնկրեսին ու իշխանական քոալիսիոնի մաս կազմող «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեանը: Այսօր Դաշնակցութիւնն ու Հայ ազգային քոնկրեսը  այնքան են կարեւորում ընտրութիւններ չկեղծելը եւ այնքան չեն հաւատում ու վստահում ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսեանին, որ մոռացել են անցեալի դառը օրերը եւ համագործակցում են ազատ, արդար ընտրութիւններ անցկացնելու եւ կեղծիքների դէմ միասնաբար համագործակցելու հարցում:

Մայիսի 6-ի ընտրութիւններից առաջ իշխանութիւնները օգտագործում են մէկ այլ «զէնք»` հանրային հարցումները: Այդ հարցումներին, որոնք անց են կացւում իշխանութիւնների վերահսկողութեան տակ գտնուող հեռուստաընկերութիւնների ու կազմակերպութիւնների պատուէրով, հասարակութեան մի ստուար հատուածը եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը պարզապէս չեն վստահում: Ընդհանրապէս, Հայաստանում ընկերաբանութիւնը օգտագործւում է ոչ այնքան հասարակութիւն տրամադրութիւնները շօշափելու եւ կուսակցութիւնների վարկանիշը պարզելու, որքան քարոզչական եւ ուղղորդելու նպատակներով:

Մարտ եւ ապրիլ ամիսների ընթացքում անց են կացուել երեք տարբեր հանրային հարցումներ: Մի քանի օր առաջ իշխանական «Շանթ» հեռուստաընկերութեան պատուէրով հարցում էր անցկացրել Հանրային կարծիքի ուսումնասիրութեան համառուսաստանեան կենտրոնը եւ, ըստ հրապարակուած տուեալների, իշխանական քոալիսիոնի մաս կազմող երեք կուսակցութիւնները միասին կը ստանան քուէների շուրջ 65 տոկոսը` ՀՀԿ-ն` 32 տոկոս, «Բարգաւաճ Հայաստանը»` 27, «Օրինաց երկիրը»` 5 տոկոս: Ըստ այդ հարցումների, ՀՅԴ-ն եւ «Ժառանգութիւն»-ը կը ստանան ընդամէնը 4-ական, ՀԱՔ-ը` 3, Համայնավար կուսակցութիւնը` 2 տոկոս:

Ապրիլի 10-ից 14-ը մէկ այլ իշխանական հեռուստաընկերութեան` «Արմնիուզի» պատուէրով, հարցում էր անցկացրել «Գելափ» յայտնի միջազգային ընկերաբանական կազմակերպութիւնը: Հարցուածների 34 տոկոսը պատասխանել էր, որ քուէն տալու է ՀՀԿ-ին, 28 տոկոսը` «Բարգաւաճ Հայաստանին», 9 տոկոսը` Հայ ազգային քոնկրեսին, 6 տոկոսը` «Օրինաց երկրին»: ՀՅԴ-ի օգտին, ըստ հարցման` կը քուէարկի ընտրողների 5 տոկոսը, «Ժառանգութեան» օգտին` 3 տոկոսը, իսկ Համայնավար կուսակցութեան օգտին` 1 տոկոսը:

Այս հարցումների արդիւնքները, բնականաբար, կասկածի տակ են դնում առաջին հերթին ընդդիմադիր կուսակցութիւնները: Այսպէս, «Ժառանգութեան» առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանը  այս հարցումները իրական չի համարում եւ վստահ է, որ իր կուսակցութիւնը ընտրութիւններում կը ստանայ քուէների աւելի քան 20 տոկոսը: Յիշեցնենք, որ խորհրդարանական նախորդ ընտրութիւններում «Ժառանգութիւն»-ը ստացել է քուէների 6 տոկոսը եւ մտել խորհրդարան 7  պատգամաւորով:

«Գելափ»-ի հարցումներին լուրջ չի վերաբերում նաեւ Դաշնակցութիւնը, որը 2007-ի խորհրդարանական ընտրութիւններում ստացել է քուէների 13 տոկոսը եւ խորհրդարան մտել 16 պատգամաւորով: Նախագահական վերջին` 2008 թուականի ընտրութիւններում, Դաշնակցութեան թեկնածու Վահան Յովհաննիսեանը ստացել էր ձայների 6 տոկոսը:

Ըստ «Գելափ»-ի հարցումների, կառավարական քոալիսիոնին մաս կազմող «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը, որի առաջին երկու դէմքերն են խոշոր գործարար Գագիկ Ծառուկեանն ու արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանեանը, մայիսի 6-ի ընտրութիւններում կը ստանայ քուէների մօտ 28 տոկոսը: Յիշեցնենք, որ այս կուսակցութիւնը, որը Հայաստանի բնակիչներին յայտնի է առաջին հերթին իր բարեգործութիւններով` յատկապէս նախընտրական շրջանում, խորհրդարանական նախորդ ընտրութիւններում ստացել է ձայների 15 տոկոսը:

«Գելափ»-ի հարցումներով` կառավարական քոալիսիոնին մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցութիւնը կը ստանայ քուէների 6 տոկոսը: Քաղաքական վերլուծաբանները համոզուած են, որ եթէ ընտրութիւնները չկեղծուեն, ապա «Օրինաց երկիր»-ը, որի առաջնորդը Արթուր Բաղդասարեանն է, որեւէ հնարաւորութիւն չունի յաղթահարել խորհրդարան մուտքի 5 տոկոս արգելքը: Յիշեցնենք, որ նախագահական նախորդ ընտրութիւններում Բաղդասարեանը ստացել էր քուէների գրեթէ 20 տոկոսը, սակայն վերջին չորս տարիներին նրա վարկանիշը մի քանի անգամ անկում է ապրել:

Մարտի սկզբին ընկերաբանական մէկ այլ հարցում էր անց կացրել «Հայաստանի եւրոպացի բարեկամներ» կազմակերպութիւնը: Ըստ այդ հարցումների, ընտրութիւններում յաղթելու է «Բարգաւաճ Հայաստան»-ը` քուէների մօտ 41 տոկոսով: Երկրորդ տեղում ՀՀԿ-ն է` 37 տոկոս: Ըստ այդ հարցումների, ՀՅԴ-ն կը ստանայ ձայների 5 տոկոս, իսկ ահա արմատական ընդդիմութիւնը` Հայ ազգային քոնկրեսը, չի յաղթահարի անգամ 5 տոկոսի արգելքը:

Գրեթէ կասկած չկայ, որ ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսեանը փորձում են ստանալ այնքան քուէներ, որ բաւարար լինի խորհրդարանում ունենալ մեծամասնութիւն եւ կազմել կառավարութիւն: Եթէ ՀՀԿ-ին չյաջողուի ապահովել այդ մեծամասնութիւնը, ապա նա դիմելու է «Օրինաց երկիր»-ի օգնութեանը: Քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ հարկ եղած դէպքում Հայաստանի նոր կառավարութեանը մաս կը կազմի նաեւ ընդդիմադիր «Ժառանգութիւն»-ը: Հայաստանում արդէն շատերին է զարմացնում այս կուսակցութեան` վերջին ամիսների հանդուրժող կեցուածքը նախագահ Սարգսեանի եւ ՀՀԿ-ի նկատմամբ:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES