Մոկօ Խաչատրեանի Անհատական Ցուցահանդէսը` Մտերմիկ Միջավայրում

ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Երէկ երեկոյեան մտերմիկ մթնոլորտ էր տիրում ՀԲԸՄ-ի «Տեմիրճեան»  կեդրոնում. «Էսքիզ» ցուցասրահի հրաւէրով Հայաստանից ժամանած  գեղանկարչուհի Մոկօ  Խաչատրեանը  խորհրդաւոր պատկերներով  էր լցրել կեդրոնի ցուցասրահը: Վերացական գեղանկարչութեան  հրաշալի ցուցահանդէս էր, որին ներկայ էին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարեանը, տեղացի  ու հայ արուեստասէրներ, որոնք բոլորն էլ բարձր գնահատեցին Մոկօ Խաչատրեանի արուեստը` նշելով, որ ժամանակակից արուեստի վերացական  ուղղութեան մէջ յառնում է նոր մի հայ անուն` Մոկօ  Խաչատրեանը: Նա սերում է մի ընտանիքից,  որի նահապետը` հայ դասական գեղանկարչութեան հսկաներից Ռուտոլֆ Խաչատրեանը դստեր մէջ սերմանել է արուեստի հանդէպ մեծ սէրն ու նուիրումը, սակայն ինչպէս «Ազդակ»-ի հետ զրոյցի ընթացքում նշեց հայրենի արձանագործ Մկրտիչ Մազմանեանը, Մոկոն բնաւ չի ժառանգել հօր գեղանկարչական ջիղը, այլ ստեղծել է ի՛րը`  ինքնուրոյն ու ինքնատիպ մի արուեստ, որը լիիրաւ պատկանում է միմիայն իրեն:

Գեղանկարչուհու ինքնատիպութեան մասին նշուեց նաեւ ցուցահանդէսի բացման խօսքում: Դիմելով ներկաներին` մշակութային իրադարձութիւնների համադրող Սիլվա Քիւրքճեան-Սողոմոնեանը խօսեց  այն նորութեան եւ թարմութեան մասին, որ Մոկօ Խաչատրեանն իր ցուցահանդէսով այս օրերին պիտի մտցնի լիբանանեան մշակութային կեանք: Նա անդրադարձաւ նաեւ «Էսքիզ» ցուցասրահի  գործունէութեանը` կարեւորելով յատկապէս ժամանակակից ու ինքնատիպ  կերպարուեստագէտներին ասպարէզ տրամադրելու նրա առաքելութիւնը: Ցուցասրահի հիմնադիր Զարա Մազմանեանը «Ազդակ»-ի հետ զրոյցում ասաց, որ ինքը ցանկութիւն ունի պաշտօնականութիւններից ու ձեւականութիւններից ազատել կազմակերպուելիք ցուցահանդէսները, ցուցասրահը դարձնել մի վայր, որտեղ արուեստասէրը պիտի գայ միայն ըմբոշխնելու ներկայացուած գործերը:

Մեր այն հարցին, թէ Արեւելքում ինչպէ՞ս կ՛ընդունեն Մոկօ Խաչատրեանի արուեստը, Մկրտիչ Մազմանեանն ասաց, որ լիբանանցիները  հրաշալի են  ընկալում նորութիւնները եւ շատ են սիրում գոյնի, լոյսի եւ ծաւալի համադրութեամբ  գործեր, քանի որ Լիբանանն ինքն է այդպիսին` գոյնի, լոյսի, լերան ու հարթութեան  միասնութեամբ եւ միաժամանակ հակադրութեամբ ստեղծուած մի երկիր: «Կարծես բոլորը յոգնել են վերացական արուեստից, սակայն ես առաջին անգամ այստեղ տեսայ վերացականութիւն, որ մինչեւ այս չէի տեսել: Սա մի վերացականութիւն  է, որ իր մէջ պարունակում է թեմա, բովանդակութիւն, նրա նկարներում կուտակուած են տիեզերական բոլոր ուժերը: Իր մօտ կենտրոնաձիգ ուժերի կոյտ է, իսկ Մոկոյի հօր` Ռուտոլֆ Խաչատրեանի արուեստում, օրինակ, այդ ուժերը հակառակն են` կենտրոնախոյս: Մոկոյի արուեստում ուժը դէպի ներս է պայթում եւ ոչ թէ` դուրս: Ինքը, որպէս անձ, շատ նման է իր նկարներին, բացառիկ ինքնատիպութիւն է եւ ինձ համար` երեւոյթ:  Լինելով փոքրամարմին ու անուշիկ մի կին, նա հսկայածաւալ գործեր է ստեղծել», Մոկօ Խաչատրեանի արուեստի մասին իր զգացողութիւնները փոխանցեց Մկրտիչ Մազմանեանը:

Մոկօ Խաչատրեանը նշեց, որ իր  համար հաճելի է ցուցադրուել Լիբանանում, համագործակցել նորն ու համարձակը գնահատող մարդկանց  հետ եւ տեղեկացրեց,  որ այդ համարձակութիւնը շարունակութիւն է ունենալու:

Նշենք, որ Մոկօ Խաչատրեանի ցուցահանդէսի բացումը տարբերւում էր սովորաբար կատարուող բացումներից եւ զերծ էր պաշտօնականութիւնից:

Ցուցահանդէսը այսօրուանից տեղափոխուելու է Էշրեֆիէում գտնուող «Էսքիզ» ցուցասրահ եւ շարունակուելու է մինչեւ մայիսի 31:

 

 

Share this Article
CATEGORIES