Ռոպերթ Քոչարեանը Վերադարձի Ազդանշան Է Տալիս. Երկրորդ Նախագահը Քննադատում Է Սերժ Սարգսեանին` Չնշելով Նրա Անունը
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնների նախօրէին, ինչպէս սպասում էին հայ պետական-քաղաքական, լրատուական-փորձագիտական շրջանակները, երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը հարցազրոյցով անդրադարձաւ երկրի ներքաղաքական եւ տնտեսական իրավիճակին: Հարցազրոյցի ընթացքում Ռոպերթ Քոչարեանը ոչ մի անգամ չի յիշատակել գործող նախագահ Սերժ Սարգսեանի անունը, սակայն ամենախիստ քննադատութիւնն է հնչեցրել Հայաստանի կառավարութեան եւ իշխանութիւնների հասցէին:
Ինչպիսի՞ն են ձեր յարաբերութիւնները գործող իշխանութեան հետ հարցին` Քոչարեանը ասել է. «Իմ յարաբերութիւնները իշխանութեան հետ միանշանակ չեն: Ես անկեղծօրէն ցանկանում եմ, որ այն յաջողութիւն ունենայ, բայց դժգոհ եմ դրա գործունէութեան արդիւնքներից, յատկապէս` տնտեսական: Ի դէպ, այդ մասին ես ուղիղ ասել եմ նաեւ նախագահին»:
Քոչարեանը ասել է, որ իրեն ընդդիմութիւն չի համարում եւ հարթ անձնական յարաբերութիւններ է պահպանել իր նախագահութեան շրջանում իշխանութեան մէջ եղած եւ այժմ էլ պաշտօններ ունեցող շատերի հետ: «Պաշտօնաթողութիւնիցս յետոյ մօտ մէկ-մէկուկէս տարուայ ընթացքում փորձել եմ օգտակար լինել խորհուրդներով: Յետոյ հասկացայ, որ իմ փորձն ու գիտելիքները պահանջուած չեն եւ դադարեցի դա անել: Վարչապետի հետ տնտեսական իրավիճակի վերաբերեալ վերջին անգամ քննարկում եմ ունեցել 2008 թուականի նոյեմբերին», ասել է նա:
Գործող նախագահ Սերժ Սարգսեանն ու վարչապետ Տիգրան Սարգսեանը, իշխանութիւնների վերահսկողութեան տակ գտնուող լրատուամիջոցները փորձում են տպաւորութիւն ստեղծել, որ վերջին չորս տարիներին Հայաստանում կեանքը չի դժուարացել, որ մարդիկ չեն արտագաղթում երկրից, տնտեսութեան վիճակը լաւ է ու կայուն:
Ռոպերթ Քոչարեանը այսպէս է արձագանգել. «Իւրաքանչիւր մարդ բոլորից լաւ ինքը գիտի` իր ապրուստը հեշտացել է, թէ դժուարացել: Այդ փաստը ինքն արձանագրում է ամէն օր` սառնարանի դուռը բացելիս կամ խանութ մտնելիս: Մարդիկ չեն հասկանում, երբ իրենց փորձում են համոզել, թէ կեանքը լաւացել է»: Երկրորդ նախագահը ընդգծել է, որ «արտագաղթը հասել է սպառնացող չափերի»: «Մարդիկ լաւից չեն փախչում», ասել է նա:
Յիշեցնենք, որ երկրորդ նախագահը, նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանն ու նախկին վարչապետ Հրանդ Բագրատեանը յատկապէս Հայաստանի գործող կառավարութեանը եւ նախագահ Սերժ Սարգսեանին քննադատում են մի շարք սկզբունքային հարցերում: Բերենք մի քանի օրինակ.
Առաջին, Հայաստանի կառավարութիւնը 2009 թուականի համար ծրագրում էր 9 տոկոս տնտեսական աճ, սակայն այդ տարի տնտեսական անկումը կազմեց աւելի քան 14 տոկոս:
Երկրորդ. վերջին չորս տարիներին Հայաստանի արտաքին պարտքը գրեթէ եռապատկուել է` հասնելով գրեթէ 4 միլիառ տոլարի:
Երրորդ, վերջին չորս տարիներին Հայաստանում աղքատների թիւը աւելացել է մի քանի հարիւր հազարով:
Չորրորդ, արտագաղթը հասել է վտանգաւոր չափերի:
Հինգերորդ, չնայած խոստումներին` վերջին չորս տարիներին Հայաստանի կառավարութիւնը չի իրականացուել իր տուած խոստումներից եւ ոչ մէկը. նոր հիւլէական կայանի կառուցումը չի սկսուել, Իրան-Հայաստան երկաթուղու եւ Իրան – Հայաստան քարիւղատարի շինարարութիւնը չի մեկնարկել, Դիլիջանը` ֆինանսական կենտրոն չի դարձել, Գիւմրիի տեխնոպարկը չի կառուցուել:
Երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը` պատասխանելով իր քաղաքականութիւն վերադառնալու մասին հարցին, ասել է. «Հայաստանում այսօր փոփոխութիւնների հասարակական մեծ սպասում կայ, իսկ դա նշանակում է, որ հասարակութեան անտարբերութեան աստիճանը անդառնալի չէ, եւ այդ հանգամանքը խիստ դրական է: Որքանով են մարդիկ կապում այդ փոփոխութիւնները աշխուժ քաղաքականութիւն իմ վերադարձի հետ` սա է ինձ հետաքրքրող հարցը: Առայժմ լիարժէք պատասխան ես չունեմ»:
Փաստօրէն, Ռոպերթ Քոչարեանը ոչ միայն չի բացառում իր վերադարձը քաղաքականութիւն, այլեւ յստակ ազդանշան է տալիս եւ նաեւ ակնարկում, թէ կը վերադառնայ, եթէ Հայաստանի քաղաքացիները դա զգան, պահանջեն:
Ուշագրաւ զուգադիպութեամբ` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը, 1998-ին իր հրաժարականից յետոյ ակնարկում էր, թէ կը վերադառնայ քաղաքականութիւն, եթէ ազգովին խնդրենք:
Քոչարեանի հարցազրոյցին անդրադարձաւ նաեւ Լեւոն Տէր Պետրոսեանը: Ինչպէս յայտնի է` հէնց առաջին նախագահն է Քոչարեանին Արցախից բերել Հայաստան եւ 1997-ին նշանակել իբր վարչապետ: Մէկ տարի անց Քոչարեանը, ինչպէս նաեւ հանգուցեալ Վազգէն Սարգսեանն ու այսօրուայ նախագահ Սերժ Սարգսեանը իշխանութիւնից հեռացրին առաջին նախագահ Տէր Պետրոսեանին: Այդ ժամանակից ի վեր Տէր Պետրոսեանի եւ Քոչարեանի, ինչպէս նաեւ` Տէր Պետրոսեանի ու Սերժ Սարգսեանի յարաբերութիւնները լարուած են, երբեմն` թշնամական:
Տէր Պետրոսեանը մայիսի 3-ին Ազատութեան հրապարակում հաւաքուած բազմահազար մարդկանց ասաց. «Քոչարեանը իր հարցազրոյցում խստագոյն քննադատութեան է ենթարկել Սարգսեանի վարչախմբին: Ընտրութիւններից մի քանի օր առաջ արուած այդ հարցազրոյցը դաշոյնի հարուած է Սարգսեանի թիկունքին: Այդ հարցազրոյցից ո՛չ պէտք է ոգեւորուել, ո՛չ էլ` անհանգստանալ: Քոչարեանի հարցազրոյցը նշանակում է, որ գործող վարչակարգը ներսից լիովին փտած է եւ այդ վարչակարգը շուտով յօշոտելու է ինքն իրեն»:
Գործող վարչապետ Տիգրան Սարգսեանը, ով Քոչարեանի նախագահութեան տարիներին եղել է Հայաստանի կենտրոնական դրամատան նախագահը, անդրադառնալով երկրորդ նախագահի հարցազրոյցին եւ առաջին նախագահի հրապարակային ելոյթին, ասել է. «Ես համաձայն եմ նախկին նախագահներ Քոչարեանի եւ Տէր Պետրոսեանի հետ: Մեզ անհրաժեշտ են փոփոխութիւններ: Մեր այն խումբը, որ Քոչարեանի պաշտօնավարման ժամանակ ապահովել է երկրի անվտանգութիւնը եւ երկնիշ տնտեսական աճը, ունի այդ փորձն ու կարողութիւններն այսօր նոյնպէս իրականացնել փոփոխութիւններ»:
Յատուկ «Ազդակ»-ի համար

