Ուխտագնացութիւն` Արցախ . Տպաւորութիւններ Եւ Խորհրդածութիւններ
ԿՈՐԻՒՆ ԱՐՔ. ՊԱՊԵԱՆ
Էջմիածնից Շուշի
«Արտերկրի հայկական պատմամշակութային ժառանգութեան ուսումնասիրման եւ պահպանութեան խնդիրները» նիւթի շուրջ Հայաստանում 21-24 մայիսի 1999 թուին տեղի ունենալիք միջազգային գիտաժողովին մասնակցելու նախօրեակին որոշել էի անպայման այս անգամ իրականացնել տարիների իմ երազը` ուխտի գնալ, թէկուզ ուշացած, Արցախ աշխարհ:
1988 թուից ղարաբաղեան շարժումը առհասարակ եւ 1992 թուից Շուշիի ազատագրումը Արցախը դարձրել էին ողջ հայութեան համար հերոսական ինքնապաշտպանութեան, մեր պատմական հայրենիքի բռնագրաւուած հողերի մէկ մասի ազատագրական պայքարի խորհրդանիշը:
Ուստի, համաձայն նախօրօք Արցախի թեմի անձնուէր առաջնորդ Պարգեւ եպս. Մարտիրոսեանի կողմից տրուած հրաւէրի եւ կատարուած դասաւորութեան, 25 մայիսի առաւօտեան Ս. Էջմիածնից ինքնաշարժով մեկնեցի նախ Գորիս եւ ապա Գորիսից` Շուշի եւ Ստեփանակերտ:
Եթէ նկատի չունենանք Իրանից եկած մի քանի բեռնատար ինքնաշարժները, ճանապարհին քիչ թիւով անհատական մեքենաների հանդիպեցի. իսկ Գորիսից մինչեւ Շուշի, շուրջ 90 քիլոմեթր երկարող ճանապարհին, գրեթէ մատնահաշիւ էին մեր կողմից անցնող կամ դիմացից եկող մեքենաները:
Գորիսից Շուշի համայն հայութեան նիւթական օժանդակութեամբ կառուցուած լեռնային ոլորապտոյտ ճանապարհը իսկապէս հոյակապ էր. լայն, հարթ, լաւագոյն ձեւով ասֆալտապատուած եւ ապահովութեան հիմնական պայմանները նկատի առնուած:
Դրա վերջին փուլը` Շուշիից մինչեւ Ստեփանակերտ, շուրջ 10 քոլիմեթր շինարարութիւնը մեծ թափով առաջ էր տարւում:
Ճանապարհին ականատես եղանք յուզիչ երեւոյթների:
Այսպէս, երբ Հայաստանի երբեմնի սահմանը վերջացաւ,
«Ազատագրուած Արցախը Ողջունում Է Ձեզ»
բառերը` ցուցատախտակի վրայ արձանագրուած, հոգեկան հպարտութեամբ լցրին իմ սիրտը:
Մտածում էի` անցնող տարիների ընթացքում աշխարհի չորս ծագերում գտնուող քանի՜ քանի՛ հայեր, Արցախի եւ Հայաստանի հայերի հետ ներդաշնակելով իրենց սրտի զարկերը, ինձ նման տագնապել ու տառապել, աղօթել եւ յուսացել էին տեսնել Արցախի ազատագրումը, աւելի քան 70 տարիներ ազրպէյճանական գազանային վայրագութեանց դիմադրած, բռնապետական դաժան լծի դէմ պայքարած Արցախի հայութեան ազատութեան արեւածագը:
Ահա ուշացած ուխտաւորիս «աչքալուսանք» տուող առաջին ազատութեան արեւածագը:
«Ազատագրուած Արցախը Ողջունում Է Ձեզ»:
Այլ խօսքով` բարի գալուստ է մաղթում մեզ մեր ազատագրուած Արցախ աշխարհը:
Իջնում եմ ինքնաշարժից:
Բարձրաձայն կարդում եմ ցուցատախտակի ողջոյնի խօսքը` այս անգամ ձայնիս տալով յուզական ապրում եւ բանաստեղծական թռիչք:
Ոգեւորուած` աւելի բարձր ձայնով արտասանում եմ նոյն բառերը, ապա խոնարհւում եմ ցուցատախտակի առաջ, զգում եմ Արցախի ազատութեան համար զոհուած ազատամարտիկների ոգիների ներկայութիւնը իմ մէջ եւ իմ շուրջ, ուստի հանդիսաւորապէս պատասխանում եմ.
«Ողջո՜յն, հազա՜ր ողջոյն ազատագրուած Արցախին եւ հազա՛ր համբոյր քո սուրբ ճակատին…» եւ սէգ սարերը Արցախ աշխարհի` ձորերն ի վեր բարձրացող սաղարթախիտ անտառներով պսակուած, ողջունում են ինձ…
Ապրումներ կան, որ երբ բառերի վերածուեն, ` կարծէք նսեմանում են, փոքրանում են, դատարկւում են իրենց մոգական էութիւնից, այս այն բացառիկ ապրումներից է, որ մարդ միայն կարող է զգալ եւ ոչ թէ արտայայտուել այդ մասին:
Էութիւնս ողողւում է այնպիսի հրճուանքով եւ կախարդանքով, որի նմանը վաղուց չէի զգացել:
Շարունակում ենք ճանապարհը, անցնում ենք այրուած ու ամայի ազրպէյճանական գիւղերի կողքից եւ ապա մօտենում ենք Արցախը 70 տարիներ Հայաստանից բաժանած` ստալինեան հայատեացութեամբ եւ թրքական մոլուցքով Հայաստանի եւ Արցախի միջեւ արիւնոտ դաշոյնի նման խրուած երբեմնի Լաչինի անցքին:
Հասնում ենք Լաչին, որը հիմա դարձել է Արցախը Հայաստանին կապող բազկերակը, միացնող կենսալարը:
Այժմ կոչւում է Բերձորի աւան, իսկ շրջանը Քաշաթաղ:
Հետագային տեղեկացանք, որ աւելի քան տաս հազար հայեր արդէն իսկ բնակւում են այդտեղ:
Ճանապարհը անընդհատ բարձրանում էր, երբ յանկարծ բարձրադիր բլուրի վրայ երեւաց արծուի նման թառած, հայկական սքանչելի ճարտարապետութեամբ կառուցուած մի եկեղեցի:
Այս եկեղեցու կառուցումով Արցախի հայութիւնը եկել էր իր հազարաւոր նահատակների արեամբ վերամկրտելու` մօր գրկից խլուած այս մանուկը, սրբագործելու այս հողատարածքը իր քրիստոնէական հայեցի դիմագծով:
Արցախցին հիմա այս հողի վրայ իր բազմադարեան հայութեան, քրիստոնէական հաւատքի` Հայ եկեղեցւոյ դրոշմն էր դրել, ասելու համայն աշխարհին, որ այս բլուրն ու յաջորդող բլուրները, այս չքնաղ սարերը, Զանգեզուրից` Սիւնեաց աշխարհից մինչեւ Արցախ, օղակ առ օղակ տարածուող այս լեռնաշխարհը, իր անդնդախոր ձորերով, հազար ու մէկ վանքերով ու եկեղեցիներով, յուշարձաններով ու խաչքարերով եղել է հայկական եւ սրանից յետոյ էլ անբաժանելի մասն է կազմելու ամբողջական Հայաստանի:
Ի տես այս երեւոյթի` պէտք էր կանգ առնել: Ուխտաւորի իմ առաջին աղօթքը պէտք էր կատարէի այս եկեղեցում:
Մայր ճանապարհից աստիճանների երկար շարքը իջնում էր ցած եւ առաջնորդում` նորակառոյց այս սրբավայրը:
Մօտենալով եկեղեցուն` առաջին ակնարկով նկատեցի հիւսիսային պատի վրայ դրսից քանդակուած հետեւեալ արձանագրութիւնը.
«Յուսովն Աստուծոյ Քաշաթաղի նորաբնակ ժողովուրդս շինեցաք Սուրբ Համբարձման եկեղեցիս ի յիշատակ վասն հայրենեաց նահատակեալ բիւր եղբարց մերոց. հիմնարկեցաւ տաճարս Սուրբ Համբարձում յաւանս Բերձոր յամի Տեառն ՌՋՂԶ (1996) եւ օծեցաւ յամի Տեառն ՌՋՂԷ (1997) յաւուր Հոգւոյ Գալստեան ի հայրապետութեան Տ. Տ. Գարեգին Կաթողիկոսի Ամենայն Հայոց. յառաջնորդութեանն Արցախ աշխարհիս Տէր Պարգեւ Եպիսկոպոսին եւ ի հովուութեան գաւառին Տէր Աթանաս վարդապետին. եղեալ ի թուին հայոց ՌՆԽԷ ի փառս ամենագութ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, յաւիտեանս, ամէն»:
«Աստուծոյ յոյսով Քաշաթաղի նորաբանակ ժողովուրդս շինեցինք Սուրբ Համբարձում անունով այս եկեղեցին ի յիշատակ հայրենիքի համար նահատակուած մեր բիւրաւոր եղբայրների. Սուրբ Համբարձում անունով այս տաճարի հիմքը դրուեց 1996 թուին եւ օծուեց 1997-ին Հոգեգալստեան օրը, Տ. Տ. Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետութեան ժամանակ. Տէր Պարգեւ Եպիսկոպոսի Արցախի առաջնորդութեան եւ Տէր Աթանաս վարդապետի այս գաւառի հովուութեան ժամանակաշրջանում. այս կառուցումը տեղի ունեցաւ հայոց թուին ՌՆԽԷ ի փառս ամենագութ մեր Տիրոջ` Յիսուսի Քրիստոսի, յաւիտեանս, ամէն»:
Իսկ եկեղեցւոյ արեւելեան` դրսի պատի վրայ երկաթագիր եւ մեծատառ քանդակուած էր.-
Թաղեցեալք Լինիմք Եւ Ոչ Խոնարհիմք:
Սա պարզապէս նշանակում էր.
«Կռուով կը մեռնենք, բայց թշնամու առաջ չենք խոնարհուի»:
Ահա սքանչելի խտացումը ազատատենչ հայի հաւատքի, Արցախի հայութեան վճռակամութեան եւ երդման բարձրաղաղակ յայտարարութիւնը: «Հոգւոցն հանգուցելոց…» աղօթքը մրմնջելով եւ խաղաղութիւն հայցելով նահատակների հոգիների համար` ես յիշում էի այն բոլոր քաջերին, որոնք լսելով Արցախի ահազանգը` շտապել էին Ստեփանակերտ, Արցախ աշխարհի սարերից ու հովիտներից, Հայաստան աշխարհի գիւղերից ու քաղաքներից, հայկական սփիւռքի` աշխարհի չորս ծագերից հասել էին Արցախ ու բոլորը միասին, մեծ ու փոքր, երիտասարդ եւ ծերունի մեկնել էին ռազմաճակատ` հայրենի սուրբ հողը պաշտպանելու:
Նրանցից ոմանք ընկել էին հերոսի մահով եւ սուրբի լուսապսակով խառնուել էին հայրենի հողին, շատերը վերադարձել էին տուն` յաղթանակի դափնեպսակներով, որոնցով մինչեւ այսօր հպարտանում է ողջ հայութիւնը:
Շարունակելով մեր ճանապարհը` մօտեցանք հանրապետութեան աւաններին ու քաղաքներին:
Կանաչապատ լեռներն ու անդնդախոր ձորերը, մշուշապատ սարերն ու մայր բնութիւնը բացեցին մեր առաջ առինքնող ու դիւթական մի տեսարան:
Մայիս ամիսը իր մոգական գաւազանով ու հազարերանգ վրձինով գոյների խրախճանք էր սարքել այս լեռնաշխարհում. իսկ սարերն ի վեր մագլցող Ղարաբաղի կակաչները հրաշալիօրէն զարդարել էին մայր բնութիւնը եւ կակաչների ծփացող ալիքները, մեղմ զեփիւռի քմայքներին անձնատուր, իրենց նազպարն էին պարում կարմիր պսակները գլխին…
«Ղարաբաղը մօրս կանչն է`
Ինձ է կանչում յոյսով տրտում,
Ղարաբաղը իմ կակաչն է,
Կարմիր, բայց սեւ ունի սրտում»
Յիշեցի Յովհաննէս Շիրազի Ղարաբաղին նուիրուած այնքա՜ն սիրուած քերթուածը, որը նոյնքան գեղեցիկ իր եղանակով տարիներ շարունակ հնչել էր մեր բեմերից:
Այժմ դրա իւրաքանչիւր բառն ու տողը նոր իմաստ եւ բովանդակութիւն էր ստանում ինձ համար:
«Ա՜խ, ե՞րբ պիտի լեռներիդ պէս
Վեր բռնցքուեն ձեռքերն հայոց,
Որ չդառնայ հայոց արծիւն
Օտար ծովի ճայ, Ղարաբաղ»
Ա՜խ, երանի այն օրերին ողջ լինէիր ու աչքերովդ տեսնէիր, սիրելի՛ Շիրազ, թէ ինչպէս այդ բռունցքները նախ Երեւանում բարձրացան վեր եւ ապա Արցախում պողպատ դարձան, հրանօթ ու թնդանօթ, հրացան ու հրազէն դարձան, հրթիռ ու հրասայլ դարձան ու մխրճուեցին թշնամու կողը եւ ազատագրեցին Շուշին, որ չդառնայ ողջ Ղարաբաղը բարբարոս թշնամու ոտքի կոխան, որ կուլ չգնայ ողջ Արցախը արիւնարբու գազանի երախին:
«Մեզ չի կարող մահն էլ զատել,
Մի ոգի ենք ու մի մարմին,
Դու իմ Ղարսի, իմ Սասունի,
Իմ Մասիսի թայ, Ղարաբաղ»
Տօնական մթնոլորտ էր ստեղծուել մէջս եւ շուրջս եւ առանց անդրադառնալու` արդէն սկսել էի երգել «Ղարաբաղի ողբը»:
Կապոյտ երկնքից այս բարձունքների վրայ իր ճառագայթները ողողող արեգակը պայծառակերպել ու դրախտավայրի էր վերածել Հայաստանից անբաժան այս լեռնաշխարհը, որը այսօր իւրաքանչիւր հայի համար դարձել էր հայրենասիրութեան ներշնչման հզօր աղբիւր եւ ազատութեան պայքարի պարծանքի առարկայ:
Շուշիում Պարգեւ Սրբազանի Հետ
Հասանք Շուշիի մուտքին:
Շեղուելով դէպի Ստեփանակերտ տանող գլխաւոր ճանապարհից` մտանք Շուշի քաղաքը:
Առաջին իսկ րոպէից ճանապարհի քարուքանդ վիճակը, շրջապատի կիսափուլ ու դատարկ տները տխուր ու ճնշող տպաւորութիւն թողեցին ինձ վրայ: Քանդուած ու այրուած բնակարաններով, սեւացած ու կիսաւեր շէնքերով, դեռեւս պատերազմից իր կրած վէրքերը չդարմանած, սգաւոր մի քաղաքի նման էր Շուշին:
Ինքնաշարժը փոսերի մէջ ընկնելով ու դուրս գալով` շարունակեց իր ճամբան եւ ի վերջոյ հասանք Ղազանչեցոց կոչուող Ս. Ամենափրկիչ եկեղեցու առաջ, որը նախքան քաղաքի ազատագրումը ծառայել էր որպէս զինամթերքի պահեստանոց` Շուշիից անընդհատ Ստեփանակերտը ռմբակոծող եւ ամէն օր մահ ու սարսափ, տասնեակներով վիրաւորներ եւ աւերածութիւն սփռող ազրպէյճանցի բանակայինների կողմից:
Ահա մեր դէմն էր կանգնած վեհանիստ ու երկնասլաց գմբէթներով, վերջերս հիմնովին նորոգուած ու պայծառակերպուած Շուշիի հռչակաւոր Ս. Ամենափրկիչ եկեղեցին, որը մագնիսի նման քայլերս քաշեց դէպի իրեն: Որքան մօտեցայ եկեղեցուն, քիչ առաջ ինձ համակած տխրութիւնը աստիճանաբար վերացաւ:
Յանկարծ հնչեցին եկեղեցու զանգերը եւ իմ թախիծը վերածուեց հրճուանքի:
«Փա՜ռք քեզ Աստուած, փա՜ռք քեզ,
յաղագս ամենայնի Տէր, փա՛ռք քեզ»:
Հայ եկեղեցու երեկոյեան ժամերգութեան զԱստուած փառաբանող աղօթքի բառերը այնքան բնականօրէն ծաղկեցին շրթներիս վրայ:
Որպէս հոգու երախտագիտութեան արտայայտութիւն, ներքին մի մղումի անձնատուր, ասացի, Փա՜ռք Քեզ, որ հիմա կրկին ղօղանջում են տասնամեակներ լռած Հայ եկեղեցւոյ հոգեթով զանգերը եւ երեկոյեան աղօթքի են կանչում հաւատացեալներին:
Շուշիի աւերածութեան եւ տխուր տեսարանի սրտի վրայ կարծէք գարնան ծաղկած մի հսկայական նշենի լինէր այս եկեղեցին:
Կարծէք` սպիտակ քողերով երկնքի խորանի առաջ կանգնած մի նորահարս լինէր, Շուշիի յաւերժահարսը լինէր այս եկեղեցին, որ իր վերականգնուած եռայարկ զանգակատունով, կրկնակի մաքրուած պատերով, վերջալոյսի շողերի ներքոյ փայլատակող ու դէպի երկինք սլացող գմբէթով եւ խաչերով նոր յոյս եւ հաւատք էր ներշնչում շուշեցիներին եւ բոլոր Շուշի այցելողներին:
Կրօնական յատուկ արարողութիւններով հանդիսաւորապէս կրկին օծուած ու սրբագործուած Շուշիի Ս. Ամենափրկիչ այս եկեղեցին միաժամանակ արցախցու գոյատեւելու, վերապրելու, պայքարելու եւ յաղթանակելու կամքն ու տեսիլքն էր խորհրդանշում:
Հեռուից երկու անձինք մօտեցել էին ինձ:
«Աստուած օգնական, սրբազան հայր, բարի էք եկել, մենք վաղուց է սպասում էինք ձեր ժամանման» ասելով` յայտնեցին, որ սրբազանը արդէն սկսել էր մտահոգուել:
Պարզուեց, որ նրանք Պարգեւ սրբազանի կողմից ուղարկուած մարդիկ էին, որոնք սիրով առաջնորդեցին ինձ եկեղեցւոյ դիմացը գտնուող սրբազան հօր բնակարանը, որը միաժամանակ ծառայում էր որպէս առաջնորդարան:
Համեստօրէն կահաւորուած մի գրասենեակ-ժողովասրահի խորքից քաղցր ժպիտը դէմքին ընդառաջ եկաւ սրբազանը:
Փարթամ մօրուքով ու մազերով, հաստ յօնքերով, խստակեաց վանականի արտաքինով, իսկական ղարաբաղցու խրոխտ ու ջլապինդ կազմուածքով նոյն Պարգեւ սրբազանն էր: Նրա մազ-մօրուքի մէջ սպիտակ թելերը արդէն սկսել էին տիրապետել:
Ողջագուրուեցինք սիրով եւ կարօտով: 1995 թուի սեպտեմբերից իրար չէինք տեսել:
Շատ բան ունէինք պատմելիք. աւելի ճիշդը` ես շատ նորութիւններ ունէի լսելիք, Պարգեւ սրբազանի շրթներից քաղելիք` անցնող տարիների ընթացքին ղարաբաղեան մարտնչումների, ժողովրդի կրած աներեւակայելի տառապանքների, Շուշիի ազատագրման, Գետաշէնի եւ Շահումեանի կորստեան եւ այնուհետեւ մղուած պատերազմական ծաւալուն գործողութեանց, ղարաբաղեան նոր հողատարածքների ազատագրման ու տակաւին բազմաթիւ այլ հարցերի մասին:
Յատկապէս ինձ հետաքրքրում էին ժողովուրդի տնտեսական վիճակն ու բարոյական կորովը, երկրի ներկայի քաղաքական կացութիւնն ու ապագայի հեռանկարները, եկեղեցւոյ դերակատարութիւնն ու նորոգուող վանքերի ու սրբավայրերի ու դպրոցների վիճակը, նոր հոգեւորականութեան պատրաստութեան, հրատարակչական ու քրիստոնէական դաստիարակութեան աշխատանքները, պետական դպրոցներում կրօնի դասաւանդման խնդիրը եւ այլն:
Առհասարակ քաջալերական էին Պարգեւ սրբազանի տուած տեղեկութիւնները:
Ինքն անցել էր ընդ հուր եւ ընդ սուր. ղարաբաղեան ինքնապաշտպանութեան բոլոր հանգրուանների միջից, իր մորթի վրայ էր կրել ռմբակոծութիւնների, զրկանքների, աւերածութեանց բոլոր սարսափները:
Ստեփանակերտի առաջնորդարանը քանիցս թիրախ էր դարձել մահաբեր հրթիռների յարձակման, երբ սրբազանը այնտեղ էր, շէնքը քարուքանդ էր եղել, իսկ ինքը, Աստուծոյ կամքով, հրաշքով փրկուել էր ստոյգ մահուանից:
Ամէնից յուսահատական պահերին իսկ, երբ թւում էր ամէն ինչ կորած է, երբեք հաւատքը չի կորցրել, որ մենք յաղթելու ենք, պատուով ենք դուրս գալու այս մահու կենաց կռուից:
Յափշտակութեամբ լսում էի սրբազանին եւ երբեմն մասնաւոր հարցումներով յատուկ ուղղութիւն էի տալիս մեր խօսակցութեան:
Դեռեւս 1988-ին, ղարաբաղեան շարժման սկզբնական օրերին Շուշիի հայութիւնը բռնի արտաքսուել էր Շուշիից: Հայերի տները այրել ու քարուքանդ էին արել:
Այնուհետեւ սրբազանը նկարագրում էր Ստեփանակերտի թշնամու կրակի տակ պաշարուած օրերը, Խոջալուից, Շուշիից եւ այլ տեղերից քաղաքի վրայ տեղացող ռումբերը:
Այդ օրերին նա եղել է ամէն տեղ, նկուղային հիւանդանոցներում, ողջերի եւ նահատակների հարազատների հետ կիսել է ժողովրդի վիշտն ու սուգը, ուրախութիւնն ու յոյսերը:
Մէկ ձեռքին խաչ, միւս ձեռքին սուր, Ղեւոնդ Երէցի օրինակով խրախուսել է հայ զինուորներին, նոր օրերի ֆիտայիներին, եղել է ռազմադաշտի ամէնից վտանգաւոր դիրքերում եւ կռուի ճգնաժամաին պահերին եւ յաղթանակների ժամանակ:
Պատասխանելով «ի՞նչ է անում այս բոլորի մէջ մեր եկեղեցին» հարցումիս` սրբազանը ոգեւորուած պատասխանում է.
– Եկեղեցի՞ն… այո, Հայոց եկեղեցին ամէն տեղ կարեւոր պարտականութիւններ է ստանձնել նոր պետականութեան կերտման դժուարին ճանապարհին: Քրիստոնէական հաւատքի զէնքերը պիտի միացնենք մեր բանակի զէնքերին, մեր հոգեմտաւոր արժէքներն ու մշակութային ժառանգութիւնը պիտի փոխանցենք առհասարակ ժողովրդին եւ մասնաւորապէս նոր սերունդին,- ասում է սրբազանը, որպէսզի ժողովուրդը մնայ հաւատարիմ իր հայրերի հաւատալիքներին, մնայ կառչած իր հայրենի հողին:
Ունենք ձեզ ծանօթ «Գանձասար» հրատարակչական կենտրոնը, արդէն իսկ լոյս ենք ընծայել բազմաթիւ հատորներ ու լուրջ ուսումնասիրութիւններ:
Ժողովրդի մէջ հանդէպ մեր եկեղեցին կայ մեծ հետաքրքրութիւն ու սէր: Անշուշտ, եօթանասուն տարի կտրուած ենք եղել կրօնից. իսկ օտարի բիրտ լծի տակ կտրուած ենք եղել նաեւ հայ մշակոյթի արմատներից: Հայաստանեայց եկեղեցին վայելում է Արցախի պետութեան ամբողջական հովանաւորութիւնն ու աջակցութիւնը: Կրօնի դասագիրքեր ենք պատրաստել եւ կրօնի դասը արդէն մաս է կազմում դպրոցների պետական պաշտօնական դասացուցակին:
– Աղանդների վիճակը ո՞նց է այստեղ,- հետաքրքրւում եմ ես:
– Նրանք երբեք չեն կարող մեզ մօտ իրենց գործունէութեան համար հող գտնել: Նրանք պարզապէս հայութեան դաւաճանողներ են: Մի քանի անյաջող փորձեր անելուց յետոյ, վաղուց դուրս են շպրտուել Արցախից,- եզրափակում է սրբազանը:
– Ի՞նչ նոր ծրագիրներ ունէք,- հարցնում եմ ես:
– Ահա քանի տարի է նորոգում ու վերաբացում ենք իրար յետեւից հին ու նոր եկեղեցիներն ու դպրոցները: Ստեփանակերտում կառուցելու ենք փառաւոր տաճար, առաջնորդարանի շէնքը արդէն մասամբ կառուցուել է այնտեղ: Շուշիում պետութիւնը այս առաջնորդարանի կողքին արդէն մեծ հողատարածք է նուիրել մեզ, ծրագրուել է կառուցել հոգեւոր ճեմարան, նոր առաջնորդարան, այլ յարմարութիւններ:
Այսպէս յուսադրիչ տեղեկութիւններով մէկ կողմից պատմում, միւս կողմից ինձ հարցումներ էր տալիս:
– Ասա ո՞նց են մեր պարսկահայ եղբայրները, չե՞ն գալիս Արցախը շէնացնելու, մենք ամէն դիւրութիւն կ՛ընծայենք նրանց: Կը տանք տուն, վարելահող, նիւթական օգնութիւն: Ափսոս չդասաւորուեց, որ անցեալ տարի գայի Իրան: Շատ եմ ուզում Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքը տեսնել. շատ եմ լսել Ջուղայի եկեղեցիների որմնանկարների, Ս. Թադէի ու Ս. Ստեփանոս Նախավկայի վանքերի մասին. Աստուծոյ կամքով մի օր կ՛այցելենք Իրան: Բայց նախ շուտով պէտք է գնամ արտասահման, պետական պատուիրակութեամբ Արցախի համար հանգանակութեան գործով:
Մեկնում Ստեփանակերտ Եւ
Հանդիպում Արցախի Վարչապետի
Եւ Նախագահի Հետ
Յ
անկարծ Պարգեւ սրբազանը նայելով ժամացոյցին` ասաց. «Վեր կաց, սրբազան ջան, գնանք, ուշանում ենք, Ստեփանակերտում սպասում են մեզ: Հէնց այս գիշեր մենք կը հանդիպենք թէ՛ պրն. վարչապետին, եւ թէ՛ պրն. նախագահին. իսկ վաղը առաւօտ կը տանեմ քեզ Գանձասարի վանքը եւ ապա կը վերադառնանք Ստեփանակերտ ու կէսօրից յետոյ ցոյց կը տամ Շուշիի հետաքրքրական վայրերը»:
Մենք շտապ մեկնեցինք Ստեփանակերտ եւ իջեւանեցինք այն պետական հիւրանոցում, որը ինչպէս մեզ յայտնեցին` կառուցել էր, բայց չէր կարողացել վայելել Գէորգով կոչուող, ծագումով հայ, սակայն հոգիով այլասերած ԼՂԻՄ-ի (եթէ չեմ սխալւում) 1980-ական թուականների մարզպետ կառավարիչը:
Վերջին տարիների ընթացքին, երբ խաղաղութիւնը հաստատուեց Արցախում եւ Ղարաբաղը ունեցաւ իր հայկական պետականութիւնը, գեղեցիկ նոր ծաղկոցներ, վարդենիների ածուներ, նոր ծառեր, փառաւոր լողաւազան էին աւելացրել շէնքի շուրջ եւ այս վայրը պետական հիւրեր ընդունելու արժանավայել մի հիւրանոցի էր վերածուել:
Սա հիւրանոց չէր բառի սովորական իմաստով, այլ իւրաքանչիւր սենեակ ինքն իր մէջ մէկ յարկաբաժին էր, իր ննջարանի, հիւրասենեակի եւ այլ յարմարութիւններով:
Ընթրիքից յետոյ դուրս ելանք, ինքնաշարժով մի շրջապտոյտ կատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մայրաքաղաքը դարձած Ստեփանակերտում:
Այստեղ, հակառակ Շուշիում դեռեւս տիրող անմխիթար վիճակին, կարելի է ասել պատերազմի վէրքերն ու աւերածութեանց հետքերը գէթ արտաքնապէս դարմանուել էին:
Պարգեւ սրբազանը տեղեկացնում էր` ներկայիս գործադրուող եւ ապագային իրագործուելիք ծրագիրները շատ էին:
Մայրաքաղաքը, Ստեփանակերտը նոր քաղաք լինելով` այսինքն խորհրդային կարգերի հաստատումից յետոյ մարզի վարչական կենտրոնը դառնալով հանդերձ, հասկանալի պատճառներով չունէր եկեղեցի: Ուստի մայրաքաղաքին վայել նոր եկեղեցու կառուցման քարտէսը պատրաստ էր:
Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. վեհափառ հայրապետը այս ծրագրի իրագործման համար խոստացել էր նուիրել հարիւր հազար տոլար: Սպասում էին նոր բարերարների, որպէսզի սկսէին աշխատանքը:
Կարեւորը սկսելն էր, այնուհետեւ սրբազանն ու պետութիւնը վստահ էին, որ կիսաւարտ չէր մնալու այդ եկեղեցին:
Խիստ անհրաժեշտ էր պատերազմից տուժած հաշմանդամներին, ֆիզիքապէս վնասուածներին, զոհուած ազատամարտիկների ընտանիքներին խնամք տանել:
Պէտք էր կառուցել ծերունիների համար յատուկ հանգստեան տներ, հիւանդների համար դարմանատուներ, հանրային սպասարկութեան շէնքեր եւ այլն:
Այո, կային շատ հարցեր` լուծուելիք, սակայն ինչպէս պատերազմում յաղթական դուրս եկանք, Աստուծոյ կամքով եւ աշխարհացրիւ մեր հայութեան համատեղ ջանքերով աստիճանաբար կը վերացնենք նաեւ այս դժուարութիւնները:
Հիանալի էր Պարգեւ սրբազանի լաւատեսութիւնը, որը անշուշտ իր պատճառները ունէր:
«Ամէն օր արտասահմանից գալիս են պատուիրակութիւններ, անհատ բարերարներ կամ հայկական գաղութների ներկայացուցիչներ, ուսումնասիրելու կարիքներն ու հնարաւորութիւնները` նոր ներդրումներ կատարելու Արցախում: Ցարդ ունեցել ենք շատ նուիրատուներ եւ լիայոյս ենք, որ խաղաղութեան այս տարիներին կարողանանք մեր ժողովրդի մէջ պահել յոյսն ու հաւատքը` ապագայի հանդէպ»:
Արդէն հասել էր մեր առաջին հանդիպման ժամը:
Միշտ Պարգեւ սրբազանի ընկերակցութեամբ, այցելեցինք նախ Արցախի վարչապետ Ժիրայր Պօղոսեանին եւ ապա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Արկադի Ղուկասեանին:
Իւրաքանչիւրի հետ ունեցանք աւելի քան կէս ժամ տեւող հանդիպում, որի ընթացքում արծարծուեցին Արցախի անցեալի եւ յատկապէս ներկայի հրատապ խնդիրները:
Մենք փոխանցեցինք նրանց մեր թեմի ժողովականութեան եւ ժողովրդի ողջոյնները եւ յայտնեցինք, որ մեր այս կարճատեւ այցը ուխտաւորի այցելութիւն էր, մեր աչքերով տեսնելու եւ ականջներով լսելու գէթ մէկ մասնիկը այն բոլորի, որի մասին անցնող աւելի քան տասը տարիների ընթացքում կարդում էինք հայկական մամուլում եւ լսում միջազգային հաղորդակցական միջոցներից:
Յաջորդ օրը երեկոյեան` նախքան մեր Ստեփանակերտ թողնելը, մենք կրկին բախտն ունեցանք հանդիպելու վարչապետին եւ նախագահին, որի մօտ խորհրդակցութեան համար գտնւում էր Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարար Նայիրա Մելքումեանը:
Հետագային Երեւանում իմացանք, որ Նայիրա Մելքումեանի ծնողները Բ. Համաշխարհային պատերազմից յետոյ Իրանից Հայաստան ներգաղթած պարսկահայեր են եղել:
Մեր ունեցած մտքերի փոխանակութեան, աւելի ճիշդ պիտի լինէր ասել` Արցախի կառավարութեան գլխաւոր դէմքերի արտայայտած մտքերի եզրակացութիւնը` համառօտ ձեւով ասած, հետեւեալն էր.
«Արցախի ժողովուրդը համայն հայութեան բարոյական եւ նիւթական օժանդակութեամբ, հազարաւոր անձնազոհ մարտիկների արեան հեղումով յաղթական էր դուրս եկել ինքնապաշտպանութեան համար մղուած ռազմաճակատներից եւ իրագործել էր մեր ժողովրդի նորագոյն պատմութեան մէջ ոսկէ տառերով արձանագրուած մայիս 28-ից յետոյ` մեր պատմական հայրենիքին տիրանալու տեսակէտից մեծագոյն ռազմական յաղթանակը:
«Այժմ Արցախը գտնւում է տնտեսական պատերազմի մէջ, որը աւելի երկարամեայ, դժուարին եւ մաշեցուցիչ պատերազմ է: Այս պատերազմում եւս յաղթական դուրս գալու համար դարձեալ Արցախը պէտք ունի համայն հայութեան աջակցութեան: Ճիշդ է, որ ազատագրուած է Արցախը եւ նոր պետականութեան հիմքերը դրուել են այնտեղ, սակայն պէտք է նրա աւերուած ճանապարհներն ու գիւղերը, աւաններն ու քաղաքները, քայքայուած տնտեսութիւնը վերականգնել, պէտք է ազատագրուած երկիրը բնակեցնել եւ ծաղկեցնել, որպէսզի թէ՛ արցախցին, եւ թէ՛ ոեւէ հայ, աշխարհի որ անկիւնում էլ գտնուի, կարողանայ գալ այստեղ, բնակուել ու գործել, իր կեանքով պաշտպանել կռուով ու արեամբ ձեռք բերուած մեր հայրենիքը:
«Անշուշտ շատ են անելիքները, պէտք է լուծուեն ընկերային, արդիւնաբերական, հողագործութեան, վարչական եւ ռազմական զանազան հարցեր, սակայն ամէնից կարեւորը ժողովրդին գործ հայթայթելն է, բնական կեանք ապրելու նուազագոյն պայմանները ստեղծելն է:
«Մեր արտաքին յարաբերութիւնների մէջ մենք յատուկ կարեւորութիւն ենք ընծայում Իրանին: Այդ ուղղութեամբ պարսկահայ գաղութը մեզ համար յոյսի մեծ աղբիւր է: Մենք կարիքն ունենք հայ եւ պարսիկ գործարարների զանազան բնագաւառներում համագործակցութեան: Լիայոյս ենք, որ մենք յաղթական ենք դուրս գալու նաեւ խաղաղութեան մէջ մղուող այս տնտեսական պատերազմից»:
Յիշատակի նուէրներ ստանալուց յետոյ թէ՛ վարչապետի եւ թէ՛ նախագահի ձեռքից, իմ երախտագիտական ջերմ զգացումները յայտնեցի իրենց ցուցաբերած ջերմ ընդունելութեան համար, հաւաստիացնելով` թէեւ սա իմ առաջին այցելութիւնն էր Արցախ, անկասկած որ վերջինը չէր լինելու: Նաեւ խոստացայ, ըստ իրենց ցանկութեան, իրենց արտայայտած մտքերի հարազատ թարգմանը հանդիսանալ սփիւռքահայութեան մօտ, յոյս յայտնելով, որ մի օր երջանկութիւնը կը շնորհուի մեզ մեր մէջ` Իրանում ողջունելու Արցախի Հանրապետութեան նախագահին ու վարչապետին:
Այցելութիւն
Գանձասարի Վանք
Արցախ այցելել եւ Գանձասարի վանքը չտեսնել, նշանակում էր` Սուրբ Քաղաք` Երուսաղէմ գնալ եւ Քրիստոսի գերեզմանը չտեսնել. այլ խօսքով` Ս. Յարութեան տաճարը չայցելել:
Յիշում եմ` մի տեղ կարդացել էի, որ Գանձասարի վանքը, համաձայն եւրոպացի յայտնի մի գիտնականի յայտարարութեան, կարելի էր համարել հայկական ճարտարապետութեան հինգ գլխաւոր, ուշագրաւ կոթողներից մէկը: Ուստի, դեռեւս Երեւանից երբ քանիցս կապւում էի Պարգեւ սրբազանի հետ, իմ խնդրանքս էր, որ անպայման այցելենք Գանձասար:
Յաջորդ առաւօտեան երբ Պարգեւ սրբազանը «Լէնտ Ռովըր»-ի ռուսական տեսակի` վերջերս Ռուսաստանից ղարաբաղցի մի բարերարից նուէր ստացած իր ուժեղ ինքնաշարժով եւ Գանձասարի ճանապարհը իր գիւղի աղբիւրի ճանապարհի նման լաւ իմացող մեքենավարով յայտնուեց հիւրանոցի առաջ, ես համոզուեցի, որ մեր երթուդարձը հեշտ չէր լինելու:
«Սովորական մեքենաները կը ջարդուեն, չեն կարող Գանձասար հասնել», ասաց մեքենավարը, երբ հարցրի` ինչո՞ւ էջմիածնից իմ բերած նոր «Վոլգա» մեքենայով չէինք գնում. «ճանապարհը վատ է, եթէ սովոր չէք, մի քիչ կը նեղանաք, բայց որ հասնենք այնտեղ, ոսկորներիդ ցաւը կը մոռանաս, սրբազան ջան», ծիծաղելով աւելացրեց Պարգեւ սրբազանը:
Շատ քիչ է ծիծաղում Պարգեւ սրբազանը, բայց երբ իր մելամաղձոտ ու խոժոռ դիմագծերը փոխուեն եւ ժպտայ քեզ, դա նման է բարձր լեռների թուխ ամպերի միջից յանկարծ դուրս ճառագայթող արեգակի շողերի:
– «Ես ուխտի եմ եկել Արցախ, ուխտաւորը պէտք է դժուարութեամբ հասնի իր սրբատեղին», ասացի ու ճանապարհ ընկանք:
Բացի այն բոլորը, որ կարդացել էի անցնող տարիների ընթացքում առհասարակ Ղարաբաղի մասին, նախքան իմ Հայաստան այցելելը այս անգամ, Ջուղայում ես որոշ պրպտումներ էի կատարել Արցախի պատմական անցեալի մասին: Իմ գրպանի յուշատետրում ունէի որոշ աղբիւրներից քաղուած յստակ տեղեկութիւններ, իսկ յատկապէս Գանձասարի վանքի մասին հաւաքել էի որոշ նիւթեր: Վաղուց ծանօթ էին ինձ Մովսէս Կաղանկատուացիի «Պատմութիւն աղուանից աշխարհի», Ստեփանոս Սիւնեաց եպիսկոպոսի «Պատմութիւն տանն սիսական» եւ Կիրակոս Գանձակեցիի «Պատմութիւն հայոց»-ը, որպէս սկզբնաղբիւրներ Արցախի պատմութեան, մեծ արժէք ներկայացնող այս մատեանները:
Յատկապէս Գանձասարի վանքի կապակցութեամբ` տեսել էի Մակար եպիսկոպոս Բարխուդարեանցի «Արցախ» խորագրով սքանչելի ուսումնասիրութիւնը (լոյս տեսած Պաքւում, 1895-ին), նաեւ Հայկական սովետական հանրագիտարանի պատկան հատորները:
Նախորդ օրը Արցախի վարչապետից նուէր էի ստացել ռուսերէնից անգլերէնի թարգմանուած (յայտնի շարժանկարի գրող եւ հեղինակ Հայաստանի մասին պատրաստուած զանազան վաւերագրական ժապաւէնների) Պորիս Պարաթովի սքանչելի գիրքը «Փարըտայզ լէյտ ուէյսթ, է Ճըրնի թու Քարապաղ», Մոսքօ, 1998 (Դրախտ աւերուած. մի ճամբորդութիւն դէպի Ղարաբաղ):
Շուրջ 200 գունաւոր նկարներով, շքեղ տպագրութեամբ, Արցախի պատմական անցեալից մինչեւ ազատագրական պայքարի ներկան ներկայացնող այս հոյակապ հրատարակութիւնը մինչեւ առաւօտեան ժամը չորսը ինձ արթուն էր պահել հիւրանոցում:
Ուստի իմանում էի որտե՛ղ եւ ինչո՛ւ էի ուխտի գնում:
Մէկուկէս ժամ տեւող` փոսերի մէջ ընկնող ու դուրս եկող ճանապարհը մինչեւ Գանձասար իրապէս տաժանելի էր: Իմ մխիթարութիւնը` պատուհանից դուրս նայելով, որքան որ կարելի է բնութեան հրաշալի տեսարանները վայելել էր:
Գէթ բնական շնչառութիւնս վերագտնելու համար մեր մեքենավարը բարի գտնուեց թէ՛ գնալուն եւ թէ՛ վերադարձին մի քանի անգամ կանգ առնել այս լերան լանջին կամ այն ձորին մէջ, որի շնորհիւ, դուրս գալով ինքնաշարժից մենք կարողացանք վայելել Խաչէնի հովիտի չքնաղ տեսարանը, անդնդախոր գետերի վազքը, սարերի լանջին մակաղած հօտի նման` հայկական գիւղերի համայնապատկերը:
Մեր շուրջ մայր բնութիւնն էր, ուր կողք-կողքի, յաճախ գրկախառնուած, իրարու մօտ աճել էին վայրի անտառն ու պտղատու ծառերը, որթատունկի տերեւներն ու ծաղկած թուփերը, գոյնզգոյն վայրի ծաղիկներն ու կակաչները, եւ այս բոլորը յիշեցնում էին ինձ «Հայաստան երկիր դրախտավայր» ծանօթ երգի բառերը:
Մայիս ամսուայ վերջին օրերին հալուել էին սարերի բարձունքների բոլոր ձիւները: Գարունը այս բարձունքների վրայ իր ծլումի եւ ծլարձակումի, բնութեան ծաղկումի եւ հարսնանալու հազարերանգ տօնահանդէսն էր բացել Արցախի կապոյտ երկնակամարի տակ:
«Այս մէկը այս ինչ գիւղն է, այն մէկը այն ինչ եկեղեցին է», ինքնաշարժի մէջ շարունակում էր բացատրել Պարգեւ սրբազանը:
«Նայէ՛ք, էնտեղ, սարի գլխին, էն, որ սաղարթախիտ ծառերի միջից հազիւ է երեւում, դա Կաչաղակաբերդն է», եւ այսպէս անընդհատ, մինչեւ հասնում ենք Վանք գիւղը, որը արդէն գտնւում էր Գանձասարի վանքի ցածում եւ իր անունն էլ ստացել էր Գանձասարի վանքից:
Յաղթահարելով վերջին ոլորապտոյտ ու վտանգաւոր բարձունքները, վերջապէս մտնում ենք վանքի բակը: Մի խումբ գործաւորներ զբաղուած են նորոգութիւններով:
Մեզ դիմաւորում է բարձրահասակ, գեղադէմ, յաղթանդամ վանահայրը` տէր Յովհաննէսը: Շուրջ 32-33 տարեկան, բնիկ արցախցի, Գանձասարի ցածի բլուրի Վանք գիւղից: Նա հոգւով ու սրտով, ամբողջ էութեամբ կապուած է, ասենք շաղախուած` Գանձասարի վանքի հետ:
Տէր Յովհաննէսը մի սքանչելի քահանայ է: Սովորել է Ս. Էջմիածնի հոգեւոր ճեմարանում: 1993 թուին ձեռնադրուել եւ իր անդրանիկ պատարագը մատուցել է Գանձասարի վանքի նոյն այս եկեղեցում: Ականատես ու մասնակից է եղել առհասարակ Արցախի ազատագրական պայքարի եւ յատկապէս վանքի շուրջ մղուած կռիւներին: Երեք օր գրեթէ սոված` պաշտպանել են վանքը մի քանի հոգով, մինչեւ օգնական ուժերը հասել են եւ` յետ մղել թշնամուն: Այդ ժամանակ Ազրպէյճանի օդուժի ինքնաթիռները չորս հրթիռներ են արձակել վանքի վրայ, որոնցից մի քանիսը անցնելով գմբէթի կողքից ընկել են վանահօր բնակարանի եւ վանական խուցերի վրայ ու քարուքանդ են արել ողջ շէնքերը:
Ահա այս բաժնի վերակառուցումով էր զբաղուած տէր Յովհաննէսը, երբ հողոտ ձեռքերով ընդառաջ եկաւ մեզ դիմաւորելու:
Պարգեւ սրբազանը ցոյց տուեց ինձ աղուանից կաթողիկոսների որպէս վեհարան ծառայած փոքրիկ սրահը, կաթողիկոսի ննջարանը եւ այլն:
Այնուհետեւ թեմի առաջնորդն ու վանքի վանահայրը մի քիչ առանձնացան, վերջին տեղեկութիւնները փոխանակելու իրար միջեւ, իսկ ես անցայ գործի:
Այստեղ հազար տարուայ հոգեւոր ու մշակութային կեանքի, հերոսական մարտնչումների, քրիստոնէական խորարմատ հաւատքի եւ անսահման նուիրումի պատմութիւն կար, իսկ մենք ունէինք մէկից երկու ժամ միայն: Ուստի դիմելով գրպանի յուշատետրիս փորձեցի թարմացնել յիշողութիւնս, սկսելով 10-րդ դարից:
Գանձասարի վանքը իր անունն էր ստացել նոյն բլուրից, որի ընդերքում եղել են արծաթի եւ այլ մետաղների հանքեր: Նախքան վանքի կառուցումը, այս վայրը ծառայել է որպէս առաջնորդարան եւ յատկապէս Խաչէնի իշխանների տոհմական դամբարանը: Վանքը կոչուել է Ս. Յովհաննէս Մկրտիչի անուամբ, որտեղ պահուել է նրա մասունքը, ունեցել է հարուստ ձեռագրատուն, հոգեւոր դպրանոց, որտեղ դաստիարակուել են Հայ եկեղեցւոյ կարկառուն դէմքերը:
18-րդ դարի սկիզբից մինչեւ 1815 թուականը Գանձասարի վանքը եղել է Ղարաբաղի մելիքների ազատագրական պայքարի կենտրոնը:
Ըստ Կիրակոս Գանձակեցու վկայութեան, եւ, ինչո՛ւ չէ, նաեւ եկեղեցու ներսում` աւազանի վերեւ կարդացուող ընդարձակ արձանագրութեան` վանքի տաճարը կառուցել է ներքին Խաչէնի իշխան Հասան Ջալալ Դոլան, 1216-1238 տարիների ընթացքում, իսկ գաւիթը 1261-ին հիմնադրել են նոյն Հասանն ու իր կինը` Մամքանը եւ աւարտել է նրանց որդին` Աթաբակը, 1266-ին:
Վանքի եկեղեցին եւ նրա կից գաւիթը անկասկած որ հայկական ճարտարապետութեան գլուխ գործոցներից են. իսկ շքեղ կառոյցին առաւել գեղեցկութիւն են տալիս թէ՛ ներսում եւ թէ՛ դրսում գտնուող բարձրաքանդակները:
Հոյակապ են Քրիստոսի խաչելութիւնը` եկեղեցւոյ դրսի արեւմտեան պատի վրայ, նաեւ գմբէթի հովանոցաձեւ վեղարն ու 16 անկիւնների վրայ նստած թմբուկի շուրջ քանդակուած արձաններն ու բարձրաքանդակները:
Պէտք է աչքերով տեսնել ու հիանալ, թէ ինչպէ՜ս մեր հայրերը դեռեւս 13-րդ դարում Գանձասարի վրայ հայկական ճարտարապետութեան մի անգին գանձ են ստեղծել իրենց հոգու եւ հայ ժողովրդի յաւերժութեան համար:
Այժմ գտնւում եմ եկեղեցու գաւիթում, որտեղ թաղուած է եկեղեցու բարերար ու նահատակ Հասան Ջալալ Դոլան, որդի Վախտանգի… հսկայական մի տապանաքար, որի վրայ փորագրուած են յաւերժութեան գաղափարի խորհրդանշանն ու մի պարզ արձանագրութիւն.
«Այս է հանգիստ մեծին Ջալալի. յաղաւթս յիշեցէք» (ձեր աղօթքների մէջ յիշեցէք): Կողքին` իրար մօտ գտնւում են տապանաքարերը աղուանից կաթողիկոսների, մեծաւ մասամբ «յազգէն Ջալալ Դոլին»: Ամբողջ վանքի եկեղեցու եւ գաւիթի դրսի պատերի վրայ կան քանդակուած անունները հոգեւորականների եւ աշխարհականների, որոնք կառուցումներ կամ զանազան ձեւի բարերարութիւններ են կատարել: Այս բոլորի մասին մանրամասն տեղեկութիւններ կարելի է գտնել վերոյիշեալ Մակար Եպիսկոպոսի գրքում:
Վանքի շուրջը գտնուող հին պատմական խաչքարերին եկել էին խառնուելու վերջին տարիների ընթացքում մահացածների նորաձեւ տապանաքարերը, որոնք խանգարում էին վանքի պատմական-հնագիտական ընդհանուր տպաւորութիւնը: Պարգեւ սրբազանն արդէն մէկ առ մէկ տեղափոխում էր դրանք` համոզելով դրանց տէրերին, վերականգնելու համար Գանձասարի վանքի միջնադարեան տեսքը:
Բայց իմ մէջ, դեռեւս դպրեվանքի իմ ուսանողութեան օրերից, խորապէս տպաւորուել էր Գանձասարի հոյակապ տաճարի կառուցումից յետոյ տեղի ունեցած օծման հանդիսաւոր արարողութիւնների նկարագրականը: Այստեղ բառացիօրէն մէջբերում եմ Կիրակոս Գանձակեցու վկայութիւնը.
«Այս իմաստուն իշխանը… շինեց գեղեցկազարդ յօրինուածքով, գմբէթաւոր երկնանման տաճար, Աստուծոյ փառքի համար… Եւ երբ աւարտուեց (եկեղեցւոյ կառուցումը), եկեղեցւոյ օրհնութեան համար մեծ հանդիսութիւն կատարեց: Այդ արարողութեան ներկայ էին Աղուանից Կաթողիկոս` Տէր Ներսէսը` բազմաթիւ եպիսկոպոսներով, վանական կոչուող մեծ վարդապետը, ընկերակցութեամբ մեծ թուով Րաբունիների (վարդապետների): Այնտեղ էին Խաչէնի սուրբ վարդապետները` Գրիգորիսն ու Տէր Եղիան… եւ օրհնեցին եկեղեցին մեծ թուով հոգեւորականների մասնակցութեամբ, որոնց մէջ միայն քահանաների թիւը եօթը հարիւր էր: Երբ օծումով կնքուեց (օծուեց եկեղեցին), Հասան Ջալալ իշխանը մի մեծ ճաշկերոյթ տուեց ներկաներին: Ինքն իր ձեռքով սպասարկում էր հիւրերին եւ իւրաքանչիւին` իր աստիճանի համաձայն առատօրէն նիւթական նուէրներ տալով` արձակեց ներկայ բազմութիւնը: Եւ այս կատարուեց Վարդավառի մեծ տօնի օրը` Հայոց թուին ՈՁԹ (1240)»:
Փորձում եմ պատկերացնել Գանձասարի եկեղեցւոյ օծման այդ երջանիկ օրը, ինչպիսի՜ խնդութիւն եւ մեծահանդէս տօնակատարութիւն… եւ իշխանը ինքը, խոնարհաբար, անձամբ սպասարկում էր սեղաններին, իսկ եկեղեցու օծման արարողութեան մասնակցող հոգեւորականների միջից միայն քահանաների թիւը եօթը հարիւր էր… ես չեմ կարծում, որ այսօր ամբողջ աշխարհում Հայաստանեայց առաքելական եկեղեցւոյ հոգեւորականների թիւը եօթը հարիւր լինի:
Տակաւին չեմ խօսում Արեւմտեան Հայաստանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանութեան որպէս արդիւնք` հայ հոգեւորականութեան կրած անդառնալի կորստի մասին:
Սելճուքից ու մոնղոլից յետոյ, վերջին 80 տարիների ընթացքում, մի կողմից համայնավարութիւնը, անաստուած համայնավարութիւնը, միւս կողմից` ցեղասպան թուրքն ու բարբարոս ազրպէյճանցին ինչպիսի՜ ահաւոր աղէտներ էին հասցրել մեր բազմաչարչար ժողովրդի գլխին. իսկ իրենց կարծիքով նաեւ խաչել ու գերեզման էին իջեցրել Հայոց եկեղեցին:
Սակայն Եկեղեցին հայկական վերստին յարութիւն էր առել իր խաչեալ Յիսուսի նման… ու հիմա քրիստոնէութեան պետական կրօն հռչակման 1700-ամեակի սեմին, պէտք է վերընձիւղէր Հայոց եկեղեցու բազմադարեան ու խորարմատ ծառը, դառնար կրկին բազմաճիւղ ու սաղարթախիտ, պէտք է վերստանձնէր իր պատմական, հոգեւոր ու մշակութային, ազգանուէր ու նուիրական առաքելութիւնը հայ ժողովրդի կեանքում, ի սփիւռս աշխարհի եւ Մայր Հայաստանում:
Իմ խոհերից ինձ սթափեցին Պարգեւ սրբազանի հեռուից ականջիս հասնող խօսքերը. «Կորի՛ւն սրբազան, արի՛, էլի կը գանք Գանձասար ու դու կը մնաս այստեղ, որքան որ ցանկանաս»:
Պարգեւ սրբազանն ու տէր Յովհաննէսը կանչում էին ինձ մասնակցելու վանահօր կիսակառոյց սենեակում պատրաստուած փոքրիկ մէկ հիւրասիրութեան: Մեղրն ու կարագը, պանիրն ու մածունը, խորովածն ու կանաչեղէնները սեղանի վրայ շարուած էին: Սա ճաշ չէր, քանի որ պէտք է ճաշէինք Ստեփանակերտում:
Ես հոգեպէս եւ ֆիզիքապէս արդէն լիացած էի ու տակաւին յիշում էի իշխան Հասան Ջալալի կեանքի երջանկագոյն օրը` 1240 թուի Վարդավառի կիրակին, երբ օծուեց այս եկեղեցին:
Շնորհակալութիւն յայտնելով տէր Յովհաննէսին ու իր տիրուհուն, բաժնուեցինք Գանձասարի վանքից, այն յոյսով ու հաւատքով, որ տակաւին դարեր շարունակ Գանձասարը կը լինի պահապան հրեշտակը Արցախի, ներշնչումի աղբիւրը գոյատեւման ու պայքարի, ստեղծագործութեան եւ նոր յաղթանակների, ոչ թէ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այլ ողջ հայութեան համար:
Դարձեալ Շուշիում
Երբ Շուշի հասանք, արդէն երեկոյեան ժամը հինգն էր, սակայն մինչեւ մայրամուտ դեռեւս շատ ժամանակ ունէինք:
Պարգեւ սրբազանը տարաւ ինձ նախ ցոյց տալու Յաղթանակի այգին, որտեղ ամէն տարի մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման օրը, մեծ տօն է կատարւում:
Այնուհետեւ տեսանք Շուշին շրջապատող այն անդնդախոր ձորը, ցածում Քարինտակ գիւղը, այն քարաժայռերը, որտեղից մեր հերոս տղաները գիշերով մագլցել էին վեր եւ Շուշիի համար մղուող ծանր կռիւների ընթացքում, անակնկալի բերելով թշնամուն, յայտնուել էին քաղաքում:
Շուշի քաղաքը հիմնուել է մի սարահարթի վրայ, որի ծայրից երեւում էր Ստեփանակերտը: 17-րդ դարից սկսած` եղել է բերդաքաղաք, որի պարիսպների առաջ մղուել են արիւնալի մարտեր, Ղարաբաղի վրայ արշաւող զանազան կայսրութեանց բանակների դէմ: Ղարաբաղի մելիքների ազատագրական պայքարին մէջ կարեւոր դերակատարութիւն է ունեցել Շուշին, արձանագրելով այդ պատմութեան էջերում փառապանծ յաղթանակների դրուագներ եւ ազգային դաւաճանութեան տխուր դէպքեր, որոնց անդրադառնալը այստեղ մեզ շատ հեռուները կը տանի:
Յամենայն դէպս, համաձայն Մակար եպիսկոպոսի վերոյիշեալ գրքում լոյս տեսած տեղեկութեանց, ներկայիս նորոգուած եւ արդէն իսկ օգտագործուող Ղազանչեցւոց Ս. Ամենափրկիչ եկեղեցուց բացի, Շուշիում եղել են 19-րդ դարում կառուցուած չորս եկեղեցիներ, որոնցից, եթէ չեմ սխալւում, ներկայիս դեռեւս կանգուն են մնացել միայն երկուսը:
Մենք առիթն ունեցանք այցելելու միայն Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին, կառուցուած 1818-ին, որտեղ կատարւում էին հիմնական նորոգութիւններ:
Ազրպէյճանցիները այն վերածել էին հանրային բաղնիքի, դրա պատճառով գէթ եկեղեցու շէնքը մի կերպ պահպանուել էր:
Շուշիից Ստեփանակերտ նոր սարքուող ճանապարհի մուտքին, բարձունքի վրայ կարծէք որպէս յուշարձան, կանգնած էր այն առաջին հրասայլը, որ մուտք էր գործել Շուշի, եւ որի ռմբակոծումով եւ հրկիզումով զոհուել էին Շուշիի ազատութեան ճանապարհին իրենց կեանքերը նուիրած անձնազոհ ռազմիկներ:
Աշխարհագրականօրէն ու ռազմականօրէն սքանչելի դիրք ունէր Շուշին, որ նման էր արծուաբոյնի, որ իր բնաւեր վիճակով, կմախքացած տներով սպասում էր իր ձագերի վերադարձին, որպէսզի կրկին շէնանայ ու ծաղկի հայ կեանքը Շուշիում, որպէսզի լինի այնպէս, ինչպէս էր դարասկիզբին, մինչեւ 1920 թուի մարտ ամիսը, երբ Նուրի ու Խալիլ (այսպէս կոչուած) փաշաների հրամանատարութեամբ թրքական բանակները ներխուժեցին Շուշի: Այնուհետեւ, տեղի ազրպէյճանական մուսաւաթական կառավարիչ Խոսրով Բէկ Սուլթանովի ու նրա կուսակիցների ճիւաղային ծրագրով հրդեհուեց քաղաքի ամբողջ հայկական թաղամասը. աւերուեցին ու կողոպտուեցին շուրջ եօթը հազար հայերի տներ. կոտորուեց տեղի աւելի քան երեսուն հազար հաշուող հայ բնակչութեան մեծամասնութիւնը:
Իսկ թէ ինչպիսի՞ն էր Շուշին 1880-1920 թուականներին, պէտք է մի ամբողջ հատոր գրել` ներկայացնելու համար այդ տարիների Շուշիի հայութեան կատարած ներդրումը ոչ թէ միայն արցախահայութեան, այլ ողջ հայութեան հոգեմտաւոր կեանքին:
Այստեղ միայն ընդգծենք, որ Շուշին իր քաղաքական ու կրօնական, գիտական ու մշակութային, հոգեւոր ու կրթական, տնտեսական ու գեղարուեստական կենսունակ ու ծաղկուն կեանքով գտնւում էր կովկասահայութեան յառաջապահ դիրքերի վրայ:
Յիշենք միայն ազատ ու անկախ Հայաստանի հիմնադիրներից Արամ Մանուկեանին, յայտնի պատմաբան Լէոյին ու մեծանուն գրագէտ Մուրացանին եւ հոյլը այն բազմատաղանդ արուեստագէտների ու գիտնականների, որոնց փայլուն աստղերը Շուշիի արծուաբոյնի ծնունդներն էին:
Աւելի քան 72 տարիներ յետոյ, հիմա Շուշին կրկին հայկական էր: Շուշին սպասում էր իր ձագերի վերադարձին, որոնք պիտի գային վերականգնելու ու կերտելու իր անցեալի փառքի օրերը:
Շուշին ինձ համար, հիմա նման էր այն փիւնիկ թռչունին, որ ուշ կամ կանուխ կրկին յարութիւն էր առնելու իր մոխիրներից:
Նախքան մայրամուտը,- Պարգեւ սրբազանից յուզումով առնուած հրաժեշտը Շուշիի Ս. Ամենափրկիչ եկեղեցու առաջ, ունէր իր մէջ խոստումը շուտով կրկին իրար տեսնելու, Աստուծոյ կամքով, այս անգամ նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում:
Կէս գիշերից յետոյ, ժամը 2:00-ին, երբ մտնում էի Ս. Էջմիածնի դարպասից ներս, ունէի հոգեկան խաղաղութիւնն ու բաւարարութիւնը այն ուխտաւորի, որ իր ուխտը վերջապէս կատարել է եւ այնուհետեւ այդ ուխտատեղին մասն էր կազմելու իր էութեան եւ լինելութեան իր ամբողջ կեանքի ընթացքում:
5 յունիս, 1999
Նոր Ջուղա, Ս. Ամենափրկիչ վանք









