Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով. Այսօր Լիբանան – Եգիպտոս Մրցումը` Թրիփոլիի Մէջ
Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը վաւերացնելէ ետք տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները, հրապարակեց Ա. դասակարգի ախոյեանութեան վերջնական դասաւորումը (տեսնել` ստորեւ):
Ֆետերասիոնը յայտնեց նաեւ, որ նախորդ շաբաթավերջին «Քրաուն Փլազա» պանդոկին մէջ (Համրա) իր աւարտին հասած Արաբական ֆութպոլի ֆետերասիոնին տարեկան համագումարը (22 երկիրներու մասնակցութեամբ) կարելի է նկատել մեծապէս օգտաշատ` արաբական ֆութպոլի զարգացման համար:
Ֆետերասիոնը իր հաւանութիւնը տուաւ, որ Լիբանանի 22 տարեկանէն վար կրտսերներու ազգային խումբը 27 մայիսին բարեկամական մրցում մը կատարէ Յորդանանի 22 տարեկանէն վար ազգային խումբին դէմ:
Հրապարակուեցաւ նաեւ ցանկը այն անձերուն, որոնք յառաջիկայ 11-26 յունիսին, Ասիական ֆութպոլի ֆետերասիոնին հսկողութեամբ Գ. կարգի մարզիչի դասընթացքներուն պիտի հետեւին: Անոնց կարգին են Մարք Շեմ-Գըլընճեան եւ Սեւակ Օհանեան:
Ֆետերասիոնը կարեւորութեամբ նշեց այն կէտը, որ 2011-2012 տարեշրջանին իր կողմէ բոլորին տրուած քարտերը` դաշտերու տարբեր բաժանմունքները մտնելու համար, կը դադրին ի զօրու ըլլալէ: Ի զօրու կը շարունակեն մնալ միա՛յն մարզական լրագրողներուն ունեցած քարտերը:
Այլ գետնի վրայ, Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը, պատրաստուելու համար 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին, ուրբաթ, 11 մայիսին, յետմիջօրէի ժամը 17:00-ին, Թրիփոլիի մէջ բարեկամական մրցում մը պիտի կատարէ Եգիպտոսի դէմ:
Ստորեւ կու տանք Ա. դասակարգի ախոյեանութեան վերջնական դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Սաֆա | 17 | 4 | 1 | 50 | 16 | 55 |
| 2.- Նըժմէ | 16 | 3 | 3 | 37 | 16 | 51 |
| 3.- Ահտ | 14 | 6 | 2 | 42 | 16 | 48 |
| 4.- Անսար | 12 | 5 | 5 | 35 | 24 | 41 |
| 5.- Ախա Ալէյ | 8 | 4 | 10 | 28 | 32 | 28 |
| 6.- Շապապ Սահել | 7 | 6 | 9 | 25 | 26 | 27 |
| 7.- Թրիփոլի | 5 | 9 | 8 | 26 | 26 | 24 |
| 8.- Ռասինկ | 5 | 8 | 9 | 18 | 25 | 23 |
| 9.- Սալամ Սուր | 5 | 6 | 11 | 27 | 38 | 21 |
| 10.- Թատամոն Սուր | 3 | 11 | 8 | 15 | 26 | 20 |
| 11.- Մապարրա | 3 | 4 | 15 | 21 | 44 | 13 |
| 12.- Ահլի Սայտա | 2 | 4 | 16 | 18 | 53 | 10 |

