Լեռ Կամսար. Մարդը` Գործին Մէջէն
ՅԱՐՈՒԹԻՒՆ Լ. ՔԻՒՐՔՃԵԱՆ
բ- Դիոգինէս եւ Նարգիս
Վերառնելով այս մասի սկիզբը կատարած նկարագրաբանական բնորոշումներս, նախ, Լեռ Կամսարի մօտ կ՛ուզեմ ուրուագծել «դիոգինեան» տիպարը:
Ամենաբնորոշ գիծը այս տիպարին` անկեղծութիւնը: Անկեղծութիւն` մինչեւ հակա-ընկերայնութիւն, «անպատկառութիւն»: Իր նախկին բարեկամ եւ ապա «տաղանդաւոր զրպարտող» Չարենցի բառերով` «ցինիկ», ուրեմն շնական, անկեղծութիւն: Որ` յարաբերական վերաբերմունքէն` կը հասնի մինչեւ արհամարհանք` սեփական արտաքինի հանդէպ – ինչ որ կ՛երեւի օրագիրի հետեւեալ տողերէն..
«Ճիշդն ասած, մի վերարկուի ու մի գլխարկի գնողունակութիւն ունեմ, այդքան փող կայ մօտս, բայց ո՛չ նոր վերարկու եմ գնում, ո՛չ գլխարկ (…) Հիմա նոր կոստում (…) կրում են միայն «գիտական աշխատողները, գրողներն ու պատասխանատու աշխատողները»:(…) նրանց չնմանուելու համար պատրաստ եմ … անգամ Ադամի մերկութեամբ պտտել: (…) [նրանք] աչքը Ստալինին տնկած, սպասում են մի բան մտածի, որ իրենք այդ միտքը քջջեն ու ապականեն ողջ գիտութիւնը (…) Ո՛չ, թողէք ես կարկատած հնոտիներով քայլեմ այնպէս, ինչպէս քայլում են մեր երկրում բոլոր ինքնուրոյն, լուրջ ու ազնիւ մարդիկ»(13):
Այլ տեղ, մղձաւանջ դարձած բնակարանի հարցը մեկնաբանելով, ուղղակի ինք պիտի յիշէ շնական փիլիսոփան. «Խօսելով ըստ էութեան, ասեմ, որ ես, որպէս մարդ, շատ եմ սակաւապէտ, Դիոգինէսի տակառի մէջ էլ կարող եմ ապրել…»(14):
Նոյն կեցուածքին մէկ այլ դրսեւորումը` խորշանքը ճանաչումէ, մեծարանքէ: Իսահակեանի 80-ամեակի յոբելեանին առթիւ, Լեռ Կամսար կը գրէ.
«Աւետիք Իսահակեանը չնայած քառասունհինգ տարի է, ինչ շոյւում այս կառավարութեան կողմից, դարձեալ մեծարանքին չդիմացաւ (…) Խեղճ բանաստեղծը սա մի ամիս է` պառկել, անկողնում կը տնքայ (…) Ինչ պիտի լինի իմ դրութիւնը, եթէ, տէր մի արասցէ, կառավարութիւնը կամենայ իմ ութսունամեակն էլ այսպէս տօնել:
«Ես (…) ինչպէ՞ս պիտի դիմանամ այդ մեծարանքի կարկուտին (…) Ես զզւում եմ արիւնոտ ձեռքերով շոյուելուց»(15):
Երգիծաբանին մօտ, ընկերայնօրէն «անպատշաճը» ըսելու հակումը զինք երբեմն անվարան կը տանի մինչեւ խորհրդային… արտաքնոցները, բառի փոխաբերական թէ` իրական իմաստներով:
«Մինչեւ 28 թիւը պետութիւնը ուժ ունէր` ահագին տուներ կառուցեց Երեւանի մէջ: 28-ին ուժը պակսեց` հազիւ կը քանդէր միայն: Հիմա քանդելու ուժ իսկ չի մնացեր վրան, հիմա ուժ չունի անգամ ոտքի ճանապարհ երթալու` հիմա կը կեղտոտէ վրան:
«Ո՛ր պաշտօնատունը կ՛ուզես մտիր` արտաքնոցները լեցուած են: Անասելի հոտը վարակեր է` դուրսէն այնքան քանդակազարդ Հոկժողկոմատի շէնքը, եւ առանց թաշկինակը քթին սեղմելու անհնար է ներս մտնել (…): Ի տես այս երեւոյթին` չեմ կրնար չբացականչել.
«- Ո՜վ Աստուած, իր կեղտոտութիւնը ափ մը հողով ծածկող կատուի մը առաքինութիւնը տուր սա մեր «Ամերիկային հասնող ու անցնող» կառավարութեանը…»(16):
«Մեծ»երու մեծութիւնը լրիւ անտեսող մարդն է Լեռ Կամսար: Իր զանազան «զրոյցները» աշխարհահռչակ դէմքերու հետ` այդ անտեսումին, հեգնական մտերմութեան կնիքը կը կրեն միշտ: Ինչպէս Քարլ Մարքսի ուղղուած իր մի քանի «դիմումներուն մէջ».
«Կա՜րլ Մարքս, է՜յ, ի՞նչ ես տապանաքարը քաշել գլխիդ` պառկել Անգլիայում: Վե՜ր կաց, վե՛ր կաց, տես քո հիմնադրած սոցիալիզմն ինչ օյին բերեց աշխարհի գլխին:
«Զարմանում եմ: Դու խելքը գլխին գերմանացի էիր, ինչպէ՞ս կարողացար այսպիսի յիմար թէորիա ստեղծել եւ փաթաթել մարդկութեան վզին: (…)»(17):
Ուրիշ տեղ`
«Ո՜վ Գրիգոր Լուսաւորիչ, բաւական է պատմութեան գրքերում դարերով պատմես քո քաշած տանջանքների մասին:
«Տասնհինգ տարի Խոր վիրապում ապրելն ի՜նչ մեծ տանջանք է: Ճիշտ է, այնտեղ կային օձեր եւ կարիճներ, բայց (…) կ՛երեւի «անմեղ» մարդու չեն դիպչում նրանք:
«Դու «Խոր Վիրապ» արի ու Սովետական Ռուսաստանում տես(…)»:
«Տրդատ թագաւորը քեզ գլխիվայր ծառից կախեց ու քացախ լցնել տուեց յետոյքդ, իսկ սովետական կառավարութիւնը մեզ ծառից կախել եւ նոյն տեղը սոցիալիզմ է լցնում:
«Սոցիալիզմը քացախ չէ, հա՜, այդ լաւ իմանաս…»(18):
Դիոգինեան այս «ցինիկութիւն»ը դրսեւորում կը գտնէ նաեւ իր անձնական-ընտանեկան կեանքին մէջ:
Մայրական պատկերը, այս բիրտ իրապաշտութեան լոյսին տակ, կը մերկանայ իր «սրբութենէն»: «Երբ կ՛երգեմ -կ՛ըսէ- Շահազիզին «Ես լսեցի մի անուշ ձայն, իմ ծերացած մօր մօտ էր» երգը, մօր կարօտէն քիչ կը մնայ, որ լամ: Բայց երբ կը նայիմ կենդանի` իննսուն տարեկան մօրս, իր դարն ապրած, եսասէր, փնթփնթան (մարդ կը դժուարանայ վերարտադրել հոս` իր շարած բոլոր որակումները – Յ. Ք.) այդ պառաւին, որ օրն ի բուն թախտի ծայրին նստած է…» եւն.: Եւ աւարտին` կը հասնի թեւաւոր խօսքը. «Մօրը դիտելու է մանուկի աչքերով միայն»(19):
Կեանքի իր լծակիցը` կինը, որ բազմամեայ հոգերէն ու չքաւորութեան խաչը կրելէ սպառած-դառնացած է, այլապէ՛ս կ՛արժանանայ իր «իրապաշտ», յաճախ «ցինիկ» արժեւորումին.
«Ես որ մեռնեմ, պիտի գնամ Սոկրատէսի կողքին թաղուեմ: Իմ ու Սոկրատէսի մէջ շատ ընդհանուր բան կայ: Ճիշդ է` նրա խելքը չունեմ, բայց նրա կինն ունեմ: (…) Այս յոյն փիլիսոփան ունենում է մի կին` Աստծոյ պատիժ (…): Մեռնելուցս յետոյ, ահա այս պատուական մարդու մօտ է որ ուզում եմ գնալ: Նման զնմանն կը սիրէ, ասում է առածը: (…) Այսպէս, ես ու Սոկրատէսը, դարդ դարդի տուած, կ՛երթանք շատ երկար…»(20):
Ի հարկէ, Սոկրատէսի հետ «շատ ընդհանուր բան» ունի մեր երգիծաբանը, աւելի հարազատ ու «լուրջ» գիծեր, քան հոս բերուածը: Ատիկա` վարը:
Աւելի ընդհանրական ու աւելի խարանիչ` Չարենցի «ռոմանս անսէրեան» շրջանի մասին իր հոյակապ երգիծա-վերլուծումը (1923)(21), ապա անոր բարոյական-քրէական սայթաքումներուն առիթով յետադարձաբար ներկայացուած իր դիրքաւորումը իսկապէս բառերը չծամող «ցինիկ անկեղծ» նկարագրի կնիքը կը կրեն:
Քանի մը տող` այս վերջին դիրքաւորումէն.
«Ես ու Չարենցը երկար տարիներ մտերիմ ընկերներ էինք եւ իբրեւ գրողներ` փոխադարձաբար գնահատում էինք իրար ու յարգում:
«Այդ` այնքան ժամանակ, երբ դեռ չէր սկսել իր այլանդակ սեռական սանձարձակութիւնները: Իսկ այն օրուանից երբ սեռական կեանքում այլասերուեց` խտրութիւն չդնելով մարդկային երկու սեռերի միջեւ, օրիորդների հետ սկսեց ատրճանակի լեզուով խօսել եւ սրա-նրա վրայ կրակել, յետոյ բանտարկուել, ես թողի նրա բարեկամութիւնը, եւ մի ֆելիետոն գրեցի, որի պատճառով թշնամացանք…»(22):
Շնական փիլիսոփայի «անպատշաճ» լեզուն կանգ չ՛առներ հոս. կ՛անցնի աւելի անդին – մանաւանդ երբ` միշտ հեռու ձրիութենէ` պէտք է վկայել վարչակարգի ընդունած հրէշային անմարդկայնութիւններուն մասին.
«Ասում են` երկրագունդը … իր առանցքի շուրջն է դառնում… Բայց ես այդ բանը ոչ տեսնում եմ, ոչ զգում: Ի՞նչ կարող եմ ասել: (…)
«Ես պատմել եմ ուզում աչքովս տեսած մի առանցքի մասին, որի շուրջն իրօք որ շարժւում է աշխարհը, եւ այդ առանցքը (սիրտներդ պինդ բռնէք` չվախենաք) մարդու առնանդամն է… Այո, ողջ կենդանական աշխարհը այդ անամօթ առանցքի շուրջն է դառնում դժբախտաբար»:
Ու կը պատմէ նախկին բանտապետի մը զրոյցը` իր «նախկին կոմունիստ» ընկերներուն հետ: Տեղի չգոյութեան պատճառով հրահանգ ստացած կալանաւորները «մաղելու»` «այբբենական կարգով» գնդակահարելու, սարսափահար կիները կանչելով` «ի տրիտուր իմ հաղորդած «լաւ լուրերի» (ամուսիններու իբրեւ թէ մահէ փրկուած ըլլալուն մասին) «ժամադրութիւն էի նշանակում` հիւրանոցում յատուկ այդ նպատակի համար վարձած սենեակում, ընդունում էի գիշերները, ու… փառաւորուի՛ր, Վարդան…
«Ամբողջ երեք տարի գիշերներն իմ օգնականին հրաման էի տալիս նրանց ամուսինները տանել ու գնդակահարել, իսկ ես հիւրանոց էի շտապում` նրանց կանանց վայելելու…»
Երգիծաբանը կը յարէ.
«Ահա քեզ առանցք, եւ իրօք որ անամօթ առանցք: Մարդկային այս անլուր արհաւիրքի ժամին, փոխանակ մի պահ կանգ առնելու, անպատկառօրէն շարունակում է իր պտոյտը»(23):
Կրնան անպատկառ հնչել նաեւ երգիծաբանին կրկնուած զրոյցները «Աստուծոյ հետ», մանաւանդ հաւատացեալ կամ աւանդապաշտ ականջներու: Երբ, օրինակ, կը պատմէ`
«Երկնքում ման էի գալիս. Աստուծոյ դռնից անցնելիս, ասացի մի մտնեմ` տեսնեմ ի՞նչ է անում մեր բիձէն:
«Տեսնեմ` ինչ որ թղթեր առաջին` գծագրում է:
«- Ա՛յ Աստուած, ի՞նչ ես անում:
«- Նոր մարդ եմ ստեղծելու, պրոեկտ եմ կազմում:
«… – Եթէ չես նեղանայ, քեզ մի խորհուրդ տամ…»:
Ու պահ մը «զրոյցէ» ետք`
«Վեր կացայ գնալու:
«- Ո՞ւր,- ասաց Աստուած,- նստիր տիեզերքն էլ կառուցենք, ապա գնա:
«Բա՛ն չունես,- ասացի,- կարագի հերթ եմ պահել: Ես իմ կէս քիլօ կարագը թողնեմ` գամ քեզ համար տիեզե՞րք կառուցեմ:»(24):
Աւելի անդին`
«Աստուած ըսի` Քրիստոսը միտքս ընկաւ:
«Հետաքրքիր է` այդ տղան ի՞նչ է անում հիմա երկնքում:
«Աստուած, ինքզինքը հազար տեսակ ասէկոսէների ենթարկելով, [նրան] ունեցաւ Մարիամից: Դրանով ուզում էր մարդկութիւնը փրկել` փրկեց: Հետեւաբար, նրան այլեւս անելիք չի մնում. ինչո՞ւ շտատների կրճատման տակ չի դնում նրան…»(25):
Սկեպտիկ-ակնոսթիք մարդու գունաւորում մը, համատարած աստիճանաչափի վրայ, զգալի է յաճախ լեռկամսարեան աշխարհի հորիզոնին: Հոս` օրինակ մը միայն, ուր կը շեշտուի հայեացքներու այդ երանգը.
«Երբ ես ինքս ինձ հետ համագումար կամ որեւէ «պլենում» եմ գումարում, այնտեղ այնքան բազմազան կարծիքներ են յայտնւում, որ չգիտեմ` որին հետեւեմ: Քուէարկութեանն էլ ոչ մի կարծիք մեծամասնութիւն չի շահում, ու ես մնում եմ շուարած:
«Օրինակ:
«Մի կարծիք իմ մէջ վեր է կենում եւ ասում, որ ազգութիւնները աւելորդ բաներ են: անվերջ պատերազմների պատճառ…
«Գեղեցիկ կարծիք է, չէ՞…
«Բայց դուք տեսէք, թէ այս գեղեցիկ կարծիքը ինչպէս է հերքում իմ երկրորդ կարծիքը…»(26): Ու կը շարունակուի…
Այս Դիոգինէսը իր կողքին կը պահէ Նարգիս մը, պիտի թուէր` իրեն հակադրուող, բայց խորքին մէջ` կարելի է հաստատել` զինք լրացնող:
Նարգիսական վերաբերումի բնորոշ օրինակ, թէկուզ հիւթեղ հիւմորով համեմուած, հատորի սա մուտքը.
«Դուք գիտէ՞ք, որ ես բազմաթիւ շնորհներով օժտուած մի մարդ եմ: Բայց չեմ խնդրում ձեզ ինձ գովել, որովհետեւ ես ձեզանից աւելի լաւ կարող եմ այդ անել»:
Եւ կը թուէ իր շնորհները, միշտ` նոյն հիւմորով – «զարմանալի կոմիկ դերասան»էն` մինչեւ ուսուցչութիւն, անցնելով ֆելիետոն-հրապարակագրութենէն ու բեմբասացութենէն: Ապա, պահելով նոյն անդիմադրելի շեշտը, կ՛անցնի նկարագրային առաքինութիւններուն. «Իսկ ինչ վերաբերում է իմ քաջութեանն ու արիութեանը` Աստուած հեռու տանի: Ոչ չափ եմ ճանաչում, ոչ սահման:
«Այն ժամանակ, երբ ողջ Սովետական Միութիւնում մարդիկ անգամ չէին համարձակում տնքալ, (…) ես դուրս եկայ ու հրապարակաւ յայտարարեցի.
«- Թուրք կառավարութիւնը լաւ է ձեր կառավարութիւնից…
«Իսկ յայտնի է, որ համաշխարհային քարտէսի վրայ Թուրքիան ամենակեղտոտ կառավարութիւնն է:
«Դրանից յետոյ, ճիշտ է, ես քսան տարուայ տաժանակրութեան դատապարտուեցի եւ բեւեռ քշուեցի, բայց բեւեռային տարածութիւնն էլ շատ քիչ էր արգելելու համար, որ ես իմ նողկանքը արտայայտեմ բոշեւիկեան կառավարութեանը…
«Հիմա ճանաչեցի՞ք ինձ»(27):
Կը հետեւի այս գիծերուն առնչուող ակնոստիկ-էսթետ գիծերու նոյնքան ուշագրաւ բնութագրում մը.
«Իմ ողջ կեանքում փնտռել եմ մի բան` արժանի դաւանելու ու չեմ գտել: Գիտեմ, սա մեծ դժբախտութիւն է. գիտեմ, հաւատ, կրօն, դաւանանք, աշխարհայեացք, իդէալ – սրանք ձեռնափայտերն են, որոնք մարդիկ բռնում են սովորաբար մօր արգանդից գերեզման գնալու ճանապարհին…»:
Քիչ մը աւելի վար` կու գայ ճշգրտում.
«Խօսելով իմ մասին` ասացի, որ դաւանանք չունեմ: Բայց մի՞թէ հնարաւոր է այդ: Ոչ, ի հարկէ:(…) Ինձ թւում է` նա, ով ասում է` ոչ մի դաւանանք չունեմ, ուզում է ասել, որ բոլոր դաւանանքները միասին ունեմ: Անկուսակցականին ամենայն իրաւամբ պան-կուսակցական կարելի է անուանել: [Նա] «աչքը դուրս» տղամարդու նման` ման է ածում իր ախորժակը բոլոր գաղափարների վրայ:
«Ես այդ կողմից կատարեալ Դոն Ժուան եմ: Գեղեցիկ գաղափար մը տեսնելուն պէս` անմիջապէս «նրան ձեռքը կը խնդրեմ»(28):
Եւ դեռ, ուրիշ տեղ (1926 կամ 1927), խօսքը ուղղած Աշոտ Յովհաննիսեանին`
«… դուք, դաստիարակի մը հոգատարութեամբ, ցանկացել էք, որ ես աշխարհայեացք ունենամ: (…) Խորհուրդ կու տաք քաղգրագիտութիւն սովորելու: (…)
«Քաղգրագիտութիւնը այնքան, ինչքան հարկաւոր է սոցիալիստ (հետեւաբար եւ կոմունիստ) չլինելու համար` գիտեմ:
«Գալով դաւանանքիս, ընթացիկները երկուսն են` քրիստոնէութիւն եւ սոցիալիզմ, որք հաւասար չափով հաւատք են պահանջում իրենց հետեւողներից. մի բան որ իմ մէջ իսպառ բացակայում է:
«Քրիստոնէութիւնը եւ մարքսիզմը, որպէս միտք, որպէս իդէա (որին չպէտք է հասնել), պատիւ է բերում իր հանճարեղ հեղինակներին միայն` Քրիստոսին եւ Մարքսին(29):
Ինքնուրոյնութեան այս յամառ որոնողը իր շուրջ թութակ-հետեւողներ միայն պիտի տեսնէր անշուշտ:
«Ձեռքս ինկաւ Ռուսաստանի աշխարհագրութեան գիրք մը, որ շատ հին է:
«Ինձի եթէ յանձնարարուի կազմել նոր մը, այսպէս կը կազմեմ:
«Ռուսաստանը, կ՛ըսեմ, անտառապատ երկիր մըն է: Ցարի ժամանակ նշանաւոր էր իր սպիտակ արջերով, խորհրդային տարիներուն` կարմիր թութակներով: Այժմ Ռուսիոյ մէջ կը հաշւուի մէկ միլիոն թութակ մօտաւորապէս, որք նոյնութեամբ կը կրկնեն Լենինի ըսածները, շատերը մինչեւ անգամ չըսածները, այսինքն այն խօսքերը, որ Լենինը պիտի ըսէր, եթէ ողջ ըլլար»(30):
Հաւաքապաշտ համակարգերու ուխտեալ հակառակորդ այս անհատապաշտը իր տեսակէտը ունի անհատի դերին մասին` իբր պատմական գործօնի: Իր օրինակը կու գայ 1950-ականներու Արեւմտեան աշխարհէն.
«- Անհատը դեր չունի պատմութեան մէջ,- ասում են այն ժամանակ, երբ հակառակի պէս միա՛յն անհատը դեր ունի պատմութեան մէջ:
«Նայեցէ՛ք դը Գոլին: Տեսա՞ք, ինչպէս իշխանութեան գլուխն անցնելուն պէս` «ջրիկ» Ֆրանսիան յանկարծ պնդացաւ: (…) Ապա նոյն դը Գոլը Ֆրանսիայի մազերը կը խուզի, կ՛ուղարկի բաղնիք եւ կ՛ասի.- Գնա՛, սրանցից յետոյ գաղափարների հետ զգուշ վարուիր, մի անգամ որ աղտոտուեցիր` քեզ մաքրող չի լինի…»(31):
Անհատի դերի շեշտումին զուգահեռ, կ՛արտայայտուի ընդհանուր վերապահութիւնը` բոլոր հաւաքական օրկաններու հանդէպ – եկեղեցի ու պարտիա` «նոյն տոպրակի մէջ».
«Փողոցում քահանայ տեսայ: Այնպէս հաստատուն քայլերով եկեղեցի էր գնում, կարծես, իրօք, Աստուած գոյութիւն ունի:
«Մինչդեռ եկեղեցի, Կենտկոմ, մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ եւ նման վիճելի հիմնարկներ գնալիս` նրանց տէրտէրները պէտք է տարակուսելի ընթացք առնեն, երբեմն ետ դառնան, ապա շարունակեն, ամէն նոր քայլին երկար ու բարակ դատեն, ու եթէ հիմնարկի շէնքին հասնելիս անգամ համոզուեն, որ սուտ հիմնարկ են մտնում` անմիջապէս ետ դառնան, ճշմարիտ գործին հետեւեն»(32):
Յարակարծային, պարատոքսալ իրողութիւն մը սակայն, որուն կրնանք հանդիպիլ ճի՛շդ լեռկամսարեան տիպի հարուստ անհատականութիւններու մօտ.- Այս Դիոգինէս-Նարգիսը, ցինիկ-անկեղծ ու անհատապաշտ, տէր է յուզական-զգացական հոծ աշխարհի մը` բացուած դէպի դուրս: Հոծ աշխարհ` որքան ալ ծածուկ, որքան ալ պարագայաբար երեւան ելլող:
Զգայուն ու այլասէր, մարդասէ՛ր-ընկերասէր մարդու այդ աշխարհին յայտնաբերիչ են ճգնաժամային կացութիւններ, ինչպէս չեկայի ուղղած իր մերժումը` Ստ. Զօրեանի, Աւ. Իսահակեանի եւ Գ. Լեւոնեանի մասին «տեղեկագրելու», եւ… իր բացայայտում-ազդարարութիւնը անոնց` այդ մասին – իրեն համար այնքան վտանգաւոր քայլ(33): Նոյնքան յայտնաբերիչ` իր ողբերգական կապը` ուշ գտնուած սրտակից բարեկամ Սիմէոն Կիւլոյի հետ, որ ապա Չեկայի կողմէ թունաւորումով պիտի սպաննուէր: Ողբերգական եւ յուզիչ պատմութիւն, ուր Լեռ Կամսարի` Կիւլոյի ուղղած նամակները կը յայտնաբերեն պատանեկան թարմ զգայնութիւն, անմարդ-անընկեր մնացած հոգիի կանչ: Եւ որ անջատ թղթածրարի մը նիւթը կը կազմէ …
Աւելի առօրեայ, ընթացիկ դրսեւորումներ ալ չեն պակսիր` զգայուն Լեռ Կամսար մը յայտնաբերող: Առօրեայի այդ զգայնութիւնը կ՛արձագանգէ… իր պարտէզը տնկուած թթենիին ուղղած բառերէն.
«Աշխարհում իմ միակ բարեկամը, իմ մտերիմ ընկերը, իմ գաղափարակիցը, իմ մինուճար թթի ծառն է, պարտէզումս տնկուած:
«Իսկական կեանքի ընկեր: (…) սարսափահար տուն եմ գալիս եւ փաթաթւում իմ թթի ծառին, որպէս միակ բնական արարածի, որը ոչ թէ մեռնում է օրէցօր, այլ աճում է, բարձրանում եւ փարթամանում:»
Ու իբր այս սիրոյ ու հարազատութեան աւելի՛ խոր հիմնաւորում`
«Սովետական կառավարութիւնը քառասուն տարուան մէջ էլ բանտ չթողեց, էլ աքսոր չթողեց, միչուրինեան բոլոր փորձերը կատարեց վրաս, որ ինձ վրայ կոմունիզմ բուսցնէր, բայց ես մնացի «թթի ծառ»` հաւաքելով դրա համար իմ բոլոր ուժերը…
«… սովետական մարդիկ իրենց կախովի «պտուղների» հետ միասին (…) գերեզման պիտի մտնեն անյուշ ու անյիշատակ, մինչդեռ ես իմ մեռնելուց յետոյ էլ պիտի ապրեմ, որպէսզի ապագայ ազատ սերնդին իմ քաղցր, իմ մեղրածոր «թութը» հրամցնեմ:
«Թթի ծառ, հոգեակս, եկ գրկեմ քեզ ու անվերջ համբուրեմ»(34):
գ- Բանական Սոկրատ մը
Լեռկամսարեան անհատականութեան մասին սկզբնական բնութագրումս կը ներառէր նաեւ «սոկրատեան» բնորոշուած երես մը: Այսինքն` նախ` սոկրատեան տիպի «իրոնիայով» (որ` ուշադի՛ր` հեգնանքէ տարբեր` այս համագիրի մէջ հոմանիշ է քննականութեան, երեւոյթներու տեւական հարցապնդման…), սոկրատեան «միամտութեամբ», աննախապաշարութեամբ: Երես` որ նաեւ կը բնորոշուի անճկելի, խիզախութեան հասնող բայց միշտ զուսպ պարկեշտութեան գիծով մը: Որ կ՛երեւի` օրինակ` Աշ. Յովհաննիսեանի ուղղուած նամակէն, որուն յղուեցայ արդէն.
«Ընկե՛ր Աշոտ, եթէ ես զուրկ լինէի աշխարհայեացքից, ինչպէս դուք էք կարծում, 21 թուին, երբ Թաւրիզից վերադարձայ, շատերի նման կուս. շարքերը կը մտնէի, ու ես էլ Չարենցի նման խորհրդային փողերով Եւրոպա կ՛երթայի ու այնտեղի կաֆէ-շանտանների կոյսերին աւետիք կու տայի, եւ ոչ թէ սիոնի աղքատների նման մայթերի վրայ այս ու այն «պատասխանատու ընկերոջից» պաշտօն կը մուրայի ամբողջ վեց տարի»:
Հոկտեմբեր, 2011
Աթէնք
(Շար 2)
————————
13.- «Կարմիր Օրեր», էջ 19:
14.- Անդ, էջ 460:
15.- Անդ, էջ 97:
16.- «Մահապուրծ Օրագիր», էջ 184:
17.- «Կարմիր Օրեր», էջ 366:
18.- «Սոցիալիզմի Սահարա», էջ 263:
19.- «Մահապուրծ Օրագիր», էջ 256:
20.-«Սոցիալիզմի Սահարա», էջ 69:
21.- «Իշաբար շարուած ողորմի (որ Չարենցը թքի վրան», «Շեշտ» պարբերաթերթ (խմբագր. Վ. Թոթովենց), թ. 2, 16 յունիս, 1923: Ներառուած` «Ազգային Այբբենարան»ի մէջ, Եր., 1926, էջ 147:
22.- «Բանտիս Օրագիրը», էջ 126:
23.- «Սոցիալիզմի Սահարա», էջ 58:
24.- «Նոր մարդ», «Երկեր», «Սովետական գրող», Երեւան, 1988, էջ 517:
25.- «Կարմիր Օրեր», էջ 419:
26.- Անդ, էջ 450:
27.- «Սոցիալիզմի Սահարա», էջ 6:
28.- «Բանտիս Օրագիրը», էջ 41 եւ 46-49
29.- «Անսկիզբ եւ անաւարտ մի նամակի սեւագրութիւն», «Ազգ – Մշակոյթ», Եր., 10 մայիս, 2008:
30.- «Մահապուրծ Օրագիր», էջ 28:
31.- «Կարմիր Օրեր», էջ 335:
32.- Անդ, էջ 156:
33.- Ստ. Զօրեան, «Օրագրութիւն», «Նորք», թիւ 4, եՐ., 2006, էջ 76:
34.- «Սոցիալիզմի Սահարա», էջ 140:

