Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Նախարարութիւն. Երեւանի Պետական Համալսարան Յայտարարութիւն
«Սփիւռք» Ամառային Դպրոց-2012 Մասնակցութեան
Յայտերի Ընդունման Ժամկէտը
Երկարացւում Է Մինչեւ Յունիսի 10-ը
Սփիւռքի հայ համայնքներում ազգային ինքնութեան պահպանմանն ու արմատաւորմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզուի իմացութեան մակարդակի բարձրացմանը, սփիւռքի զանգուածային լրատուամիջոցների գործունէութեանը, ինչպէս նաեւ համայնքների ինքնակազմակերպմանն աջակցութեան, ուսուցիչների վերապատրաստման նպատակով Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը Երեւանի պետական համալսարանի հենքի վրայ 2012 թուականի կազմակերպում է «Սփիւռք» ամառային դպրոց:
«Սփիւռք» դպրոցում գործելու են դասընթացներ հինգ ուղղութիւններով.
1.- Հայոց լեզուի արագացուած դասընթաց:
2.- Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսոյցների վարպետութեան դասընթացներ:
3.- Կրթօճախների տնօրէնների, կազմակերպիչների եւ ուսուցիչների վերապատրաստում:
4.- Սփիւռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց:
5.- Սփիւռքի լրագրողների դասընթաց:
1.- Հայոց լեզուի արագացուած ուսուցում – 2012, 25 յունիսի-13 յուլիսի
Հայոց լեզուի ուսուցումն իրականացուելու է`
Լեզուական իմացութեան երեք մակարդակով համապատասխան խմբերում` արեւելահայերէն ու արեւմտահայերէն:
Դասընթացներում կը դասաւանդեն հանրապետութեան եւ սփիւռքի յայտնի լեզուաբան-մանկավարժներ: Մայրենիի ուսուցման ընթացքում կը զուգակցուեն տեսական-գործնական գիտելիքները, սովորողները կ՛ունենան տարբեր միջավայրերում ազգային լեզուով հաղորդակցուելու, լեզուի ուսուցման ժամանակակից թեքնիք միջոցներից օգտուելու հնարաւորութիւն: Երեքշաբաթեայ դասընթացներին կարող են մասնակցել սփիւռքահայեր` առանց տարիքային սահմանափակման:
2.- Սփիւռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ – 2012, 25 յունիսի-13 յուլիսի
Սփիւռքի ուսուցիչների վերապատրաստմանը կարող են մասնակցել սփիւռքի ազգային վարժարանների, ամէնօրեայ եւ մէկօրեայ դպրոցների տնօրէններ, մայրենի լեզուի, հայոց պատմութեան ուսուցիչներ, կրթական գործի կազմակերպիչներ: Ծրագրի ընթացքում նախապատուութիւն է տրուելու գործնական պարապմունքներին, ուսումնական, արտադասարանական եւ դաստիարակչական աշխատանքների կազմակերպման ուղղութեամբ փորձի փոխանակմանը, հայաստանեան կրթօճախների մասնագէտների եւ մանկավարժների հետ համատեղ ծրագրերի մշակմանը: Ծրագիրը կ՛իրականացուի Երեւանի պետական համալսարանի, Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախօսների, հանրապետութեան փորձառու մանկավարժների մասնակցութեամբ: Կը քննարկուեն Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացման շրջանակներում, համայնքներում հայապահպանական ծրագրերի իրականացման գործում սփիւռքի կրթօճախների դերակատարութեան բարձրացման հարցեր:
3.- Ազգային երգ ու պարի դասընթացներ – 2012, 18-29 յունիսի
Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսոյցների վարպետութեան դասընթացների նպատակը սփիւռքի երգչախմբերի խմբավարներին, երաժշտութեան ուսուցիչներին, պարուսոյցներին ծանօթացնելն է հայկական երգերի ու պարերի իւրայատկութեանը, գաղափարական ուղղուածութեանը, պատմական նշանակութեանը, մշակման եղանակներին, կառուցուածքային դասակարգմանը եւ աւանդաբար ժառանգուած ժողովրդական պարանմուշներին, երգ-երաժշտութեանը: Դասընթացները կը վարեն հանրապետութեան ճանաչուած երաժշտագէտներ, պարուսոյցներ:
4.- Սփիւռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց – 2012, 9-21-ը յուլիսի
Երիտասարդ առաջնորդների դպրոցին կարող են մասնակցել սփիւռքի երիտասարդական կազմակերպութիւնների 20-30 տարեկան ղեկավարներ եւ հայկական կառոյցների երիտասարդ ներկայացուցիչներ:
Դպրոցի նպատակն է`
– Սփիւռքի հայ երիտասարդ առաջնորդների համար ստեղծել փոխադարձ ճանաչողութեան դաշտ, կապել հայրենիքին, ծանօթացնել նախարարութեան համակարգին, ներքին եւ արտաքին քաղաքականութեան առանձնայատկութիւններին, կազմակերպել հանդիպումներ պետական իշխանութեան համակարգի ներկայացուցիչների, զանգուածային լրատուամիջոցների հետ, մշակել հետագայ համագործակցութեան ձեւեր եւ միջոցներ:
– Քննարկել Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացման հեռանկարներն ու ձեւերը` հայապահպանութեան, հայ համայնքներում ազգային ինքնութեան պահպանման ու զարգացման, ձուլման դէմ պայքարի հարցերը:
– Համատեղ քննարկումների, երկխօսութեան արդիւնքում առաջարկել հայկական համայնքներում արդիւնաւէտ կառավարման կառուցակարգերի ներդրման, երիտասարդների աշխուժ ներգրաւման ձեւեր եւ միջոցներ, ստեղծել նրանց աշխուժացման, հայրենիքի հետ սերտ կապերի հաստատման համար ամուր հիմքեր:
5.- Սփիւռքի լրագրողների դասընթաց – 2012, 9-21-ը յուլիսի
Սփիւռքի լրագրողների դպրոցում կը վերապատրաստուեն սփիւռքի ինչպէս հայկական զանգուածային լրատուամիջոցում աշխատող, այնպէս էլ համայնքների կողմից երաշխաւորուած լրագրողներ, ովքեր պատրաստւում են աշխատել տուեալ համայնքի զանգուածային լրատուամիջոցում: Ծրագիրը կ՛իրականացուի «Հայ-թուրքական յարաբերութիւններն արդի փուլում», «Հայ-ազրպէյճանական յարաբերութիւններ» եւ «Ցեղասպանագիտութիւն» թեմատիկ խմբերում: Դասընթացներին սփիւռքի լրագրողները հնարաւորութիւն կ՛ունենան տեսական եւ գործնական գիտելիքներ ստանալ Հայաստանի եւ սփիւռքի ճանաչուած եւ բազմափորձ լրագրողներից, պետական-հասարակական գործիչներից, ծանօթանալ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական հիմնախնդիրներին, ներկայ լինել համահայկական նշանակութեան խնդիրներին նուիրուած դասախօսութիւնների:
Դասընթացների մասնակիցների համար կը կազմակերպուեն մշակութային միջոցառումներ, այցելութիւններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակոյթի գործիչների հետ:
Դասընթացներն անցկացուելու են հայերէնով:
Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները:
Խմբերի դասընթացների կազմակերպման, մասնակիցների համար մշակութային միջոցառումների, շրջայցերի, մասամբ` նաեւ սննդի ծախսերը հոգում է Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը:
Մասնակիցներից կարիք ունեցողները կ՛ապահովուեն գիշերակացով` Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան հաշուին: Ցանկացողներին խնդրում ենք մինչեւ 2012 թուականի յունիսի 10-ը ներկայացնել համապատասխան յայտերը Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւն հետեւեալ հասցէով` ք. Երեւան, Վազգէն Սարգսեան, 26/1:
E-mail: [email protected], [email protected], [email protected] կամ զանգահարել +37410585601 /117/:
«Սփիւռք» ամառային դպրոցի մասին տեղեկատուութիւնը, դասընթացների մասնակցութեան յայտերը զետեղուած են Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան կայքէջում` www.mindiaspora.am եւ «Հայերն այսօր»` www.hayernaysor.am ելեկտրոնային թերթում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ

