Վարդան Օսկանեանը Լքելո՞ւ Է «Բարգաւաճ Հայաստանը». ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ԵՒ ՕԵԿ-ը Կրկին Քոալիսիոն Կամ Ազգային Համաձայնութեան Կառավարութիւն Կը Կազմեն

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնների վերջնական արդիւնքներով իշխանական քոալիսիոնի մաս կազմող երեք կուսակցութիւնները` Հանրապետականը (ՀՀԿ), «Բարգաւաճ Հայաստանը» (ԲՀԿ) եւ «Օրինաց երկիրը» (ՕԵԿ), համամասնական ընտրակարգով ստացել են քուէների շուրջ 80 տոկոսը. ՀՀԿ-ն 44.02, ԲՀԿ-ն` 30.12, ՕԵԿ-ը` 5.51 տոկոս: Մեծամասնական 41 ընտրատարածքներից իշխանական այս երեք կուսակցութիւնները յաղթել են 39-ում. ՀՀԿ-ն` 29 ընտրատարածքում, ԲՀԿ-ն` 9-ում, ՕԵԿ-ը` մէկ ընտրատարածքում: Միւս երկու տեղերից մէկը բաժին է հասել ՀՅԴ-ի թեկնածուին, եւ մէկ ընտրատարածքում յաղթել է անկուսակցական թեկնածուն:

Այսպիսով, իշխանական քոալիսիոն կազմող կուսակցութիւնները խորհրդարանի ընդհանուր 131 աթոռներից զբաղեցնելու է 112-ը, որից Հանրապետական` 69 տեղ, «Բարգաւաճ Հայաստանը»` 37 տեղ, «Օրինաց երկիրը»` 6 տեղ: Ընդիմութեանը բաժին հասաւ ընդամէնը 18 մանտա, որից 7-ը` Հայ ազգային քոնկրեսին (ՀԱԿ), 6-ը` ՀՅԴ-ին, 5-ը` «Ժառանգութեանը»:

Եթէ տոկոսային յարաբերակցութեամբ հաշւում ենք, ստացւում է, որ այս խորհրդարանական ընտրութիւններում իշխանութիւնը ստացաւ քուէների աւելի քան 85 տոկոսը: Սա աննախադէպ ցուցանիշ է Հայաստանի ընտրութիւնների պատմութեան մէջ: Ճիշտ է, խորհրդարանական նախորդ բոլոր ընտրութիւններում եւս յաղթել են իշխանական կուսակցութիւնները, սակայն մայիսի 6-ի ընտրութիւններում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի` համամասնական ընտրակարգով ստացած  ընդհանուր քուէները` աւելի քան 1.2 միլիոն ձայն, ծաղրանք է Հայաստանի քաղաքացիների հայկական ժողովրդավարութեան հասցէին:

Իշխանութեան ղեկին գտնուող երեք կուսակցութիւնները նման երեւակայական արդիւնք են արձանագրել այն պայմաններում, երբ նրանց համատեղ կառավարման նախորդ հինգ տարիներին Հայաստանում ընկերային-տնտեսական իրավիճակը, անգամ ըստ պաշտօնական տուեալների, անկում է ապրել, արտագաղթը հասել վտանգաւոր չափերի, աղքատների թիւը աւելացել է մի քանի հարիւր հազարով, առաջին անհրաժեշտութեան ապրանքների գները բարձրացել են, կեանքը դժուարացել է: Ինչպէ՞ս բացատրել այս հակասութիւնը. Հայաստանում կեանքը վատթարանում է, իսկ իշխանութիւնների ստացած քուէն` աւելանում: Իշխանութիւնները պատասխանում են. ժողովուրդը իրենց վստահում է, մինչդեռ ընդդիմութիւնը պնդում է, որ ընտրութիւնները կեղծուել են աննախադէպ ծաւալներով:

Ընդդիմադիր ՀՅԴ, ՀԱԿ, Ժառանգութիւն եւ Ազատ դեմոկրատներ կուսակցութիւնները իշխանական ՀՀԿ եւ ԲՀԿ կուսակցութիւնների ստացած բարձր քուէները բացատարում են նրանով, որ համատարած ընտրակաշառք է բաժանուել, ընտրացուցակները եղել են ուռճացուած մի քանի հարիւր հազարով (սա նշանակում է հետեւեալը. այն ընտրողները, որոնք արտագաղթել են Հայաստանից, սակայն շարունակում են գրանցուած մնալ Հայաստանում, «ընտրում» են իշխանական կուսակցութիւններին), բանակը, ոստիկանութիւնը, անվտանգութեան ուժերը գրեթէ հարիւր տոկոսով քուէարկել են ՀՀԿ-ի օգտին:

Խորհրդարանական ընտրութիւններին ընտրողների աւելի քան 62 տոկոս մասնակցութիւնը եւս կասկածելի թիւ է: Բազմաթիւ ընտրատեղամասերում ընտրութիւններին մասնակցել է բնակչութեան աւելի քան 95 տոկոսը: Կեդրոնական ընտրական յանձնաժողովը հաստատել է, որ 8 ընտրատեղամասերում ընտրութիւններին մասնակցութիւնը եղել է 100 տոկոս: Իսկ ամենազաւեշտալին այն է, որ Արագածոտնի ընտրատեղամասերից մէկում մասնակցութիւնը եղել է 102 տոկոս: Ահա այս անհեթեթ թուերի պայմաններում իշխանութիւնները յայտարարում են, որ կազմակերպել են 21-րդ դարին վայել փայլուն ընտրութիւններ:

«Փայլուն ընտրութիւնները» անցեալ են, իսկ կուսակցութիւնները արդէն ձեռնամուխ են եղել իրենց քաղաքական օրակարգի միւս հարցերին` նոր կառավարութեան ձեւաւորմանը եւ 2013 թ. փետրուարին կայանալիք նախագահական ընտրութիւնների նախապատրաստութեանը:

Հայկական քաղաքական շրջանակներում եւ  լրատուամիջոցներում այս օրերին քննարկուող հիմնական թեմաներն են.

Առաջին. ՀՀԿ եւ ԲՀԿ-ն քոալիսիոն կամ ազգային համաձայնութեան կառավարութիւն կը կազմե՞ն, թէ՞ ոչ:

Երկրորդ. ովքե՞ր են զբաղեցնելու հանրապետութեան բարձրագոյն երկրորդ եւ երրորդ աթոռները` Ազգային ժողովի եւ վարչապետի պաշտօնները:

Երրորդ. «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը յայտարարելո՞ւ է առաջիկայ նախագահական ընտրութիւններում Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը պաշտպանելու մասին:

ՀՀԿ-ի 69 մանտաները լիովին բաւարարում են, որպէսզի այս կուսակցութիւնը միանձնեայ կազմի կառավարութիւն: Սակայն կուսակցութեան ղեկավար եւ երկրի նախագահ Սերժ Սարգսեանը մտադիր է ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ կազմել կառավարութիւն: ԲՀԿ որոշ ներկայացուցիչներ, այդ թւում արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանեանը եւ Հայաստանի քաղաքագէտների միութեան նախագահ Հմաեակ Յովհաննիսեանը անընդունելի են համարել ձեւական քոալիսիոնների ձեւաւորումը:

Խորհրդարանական ընտրութիւններում ԲՀԿ-ն ստացել է 37 մանտա` 12-ով աւելի, քան նախորդ խորհրդարանում: Սպասւում է, որ նոր կառավարութեան կազմում ԲՀԿ-մ կ՛ունենայ նախարարական 6 աթոռ: Այսօրուայ կառավարութիւնում ԲՀԿ-ն ունի 4 նախարար: ՕԵԿ-ը, որ այսօրուայ կառավարութեան կազմում ունի նախարարարական երեք աթոռ, նոր կառավարութեան կազմում հաւանաբար կ՛ունենայ մէկ կամ երկու նախարար:

Ենթադրւում է, որ վարչապետի պաշտօնը կը շարունակի զբաղեցնել գործող վարչապետ Տիգրան Սարգսեանը: Հայկական լրատուամիջոցները գրում են, որ Ազգային ժողովի նախագահի պաշտօնը կրկին զբաղեցնելու է Յովիկ Աբրահամեանը, ով այդ պաշտօնից հեռացել էր ժամանակաւորապէս, որպէսզի գլխաւորի Հանրապետական կուսակցութեան նախընտրական գրասենեակը` խորհրդարանական ընտրութիւններում:

Թէ ինչու՛ է Սերժ Սարգսեանը ձգտում քոալիսիոն կառավարութիւն ձեւաւորել, հասկանալի է: Նախագահական ընտրութիւններին մնացել է ընդամէնը ինը ամիս, իսկ գործող նախագահին անհրաժեշտ է, որ ԲՀԿ-ն եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկեանը լինի իր կողքին եւ նախագահի թեկնածու չառաջադրեն ի դէմ Վարդան Օսկանեանին կամ այլ մարդու: Սկզբունքօրէն, ԲՀԿ-ին եւս ձեռնտու է մաս կազմել կառավարութեանը եւ լինել իշխանութիւնների կողքին, քանի որ այս կուսակցութեան ղեկավար կազմը գործարարներ են եւ չեն ցանկանում լարուած յարաբերութիւններ ունենալ իշխող Հանրապետական կուսակցութեան եւ նախագահ Սերժ Սարգսեանի հետ: Հայաստանում քաղաքականութիւնը եւ պիզնըսը սերտաճել են: Կուսակցութիւնների առաջնորդներն ու պատգամաւորները իրենց քաղաքական քայլերը պայմանաւորում են իրենց պիզնըսը հարուածի տակ չդնելու եւ կուտակած դրամագլուխը չկորցնելու հեռանկարով: Գագիկ Ծառուկեանը Հայաստանի ամենաունեւոր մարդկանցից է:

Հայկական լրատուամիջոցները գրում են, որ եթէ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կազմի կառավարութիւն, ինչը շատ հաւանական է, ապա Վարդան Օսկանեանը, ով ընդամէնը երկու ամիս առաջ է անդամակցել ԲՀԿ-ին, կը լքի կուսակցութիւնը, սակայն չի հրաժարուի պատգամաւորական իր մանտայից: Օսկանեանը ամէն պատեհ առիթով յայտարարում է, որ խորհրդարանական ընտրութիւնները կեղծուել են յօգուտ ՀՀԿ-ի, կոշտ քննադատութեան է ենթարկում կառավարութեանը նախագահ Սերժ Սարգսեանին: Տպաւորութիւն է ստեղծւում, որ Օսկանեանը հաստատ որոշել է հեռանալ ԲՀԿ-ից:

Արտաքին գործերի նախկին նախարարին մօտ կանգնած «Օրակարգ» օրաթերթը մայիսի 18-ի իր խմբագրականում գրել է, որ եթէ ԲՀԿ-ն յայտարարի, որ սատարելու է գործող նախագահին 2013 թ. ընտրութիւններում, ապա կը ստացուի, որ խորհրդարանական ընտրութիւններից առաջ Բհկ-ն կեղծ օրակարգ է ունեցել եւ զբաղուած է եղել ընտրողներին մոլորեցնելով կամ այնքան սկզբունքային եւ վճռական չէր, որ չկարողացաւ պաշտպանել սեփական օրակարգը եւ մինչեւ վերջ տէր չկանգնեց տուած խոստումներին: «Օրակարգը» հարց է տալիս. եթէ ԲՀԿ-ն պիտի սատարէր Սերժ Սարգսեանին, ապա ազնիւ չէ՞ր լինի արդեօք, որ դա անէր 2011թ. աշնանը եւ ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով մասնակցէր մայիսի 6-ի խորհրդարանական ընտրութիւններին:

Ճիշտ է, ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրութիւնների նախընտրական շրջանում, մնալով քոալիսիոն կառավարութեան կազմում, իշխող ՀՀԿ-ի հանդէպ հանդէս էր գալիս որպէս այլընտրանք, երբեմն` ընդդիմադիր դիրքերից, սակայն երբեք չէր քննադատում Սերժ Սարգսեանին: Բացառութիւն էր կազմում Վարդան Օսկանեանը, ով Հայաստանի նախագահի ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը քննադատում էր նաեւ նախքան Բհկ-ին անդամակցելը: Յիշեցնենք, որ 2011 թուականի փետրուարին ԲՀԿ-ն ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ ստորագրել է յուշագիր` վստահեցնելով, որ 2013 թուականի նախագահական ընտրութիւններում պաշտպանելու է Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը:

Մայիսի 6-ի ընտրութիւնների արդիւնքները, ինչպէս նաեւ ստեղծուած ներքաղաքական իրավիճակը, թւում է, հնարաւորութիւն են տալիս Հանրապետական կուսակցութեանը իրականացնելու իր հիմնական նպատակը, այն է` Սերժ Սարգսեանի համար, ի տարբերութիւն 2008-ի, ապահովել անցնցում յաղթանակ 2013 թ. փետրուարին կայանալիք նախագահական ընտրութիւններում:

Հայաստանի վերջին երկու տասնամեակների պատմութիւնը յուշում է, որ եթէ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ ժողովուրդը դուրս չի գալիս փողոց եւ չի պայքարում իր ոտնահարուած իրաւունքների համար, ապա նախագահական ամէն ընտրութիւնից յետոյ ներքաղաքական իրավիճակը դուրս է գալիս թոյլատրելիի սահմաններից:

 

Յատուկ «Ազդակի» համար

 

Share this Article
CATEGORIES