Լեւոն Լաճիկեանին Հարազատ Երկիր Լիբանանը
ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Սովորաբար, երբ ներքին մղում եւ արդարացի ցանկութիւն ես ունենում գրելու մարդու, ստեղծագործողի մասին, ապա դրդապատճառն հէնց այդ մարդն է լինում: Իմ գրչընկեր Լեւոն Լաճիկեանի մասին գրելս երկու դրդապատճառ ունի, երկուսն էլ արդարամիտ ու գեղեցիկ: Մէկը` տարիների արժեւորումն է իր բեղուն գործունէութեան: Միւսը… միւսը մեր` իմ եւ նրա սէրն է Լիբանանի հանդէպ: Հայո՜ց Լիբանանի:
Մի օր Լեւոն Լաճիկեանը ասաց ինձ. «Թամա՜ր, երբ ես կարդացի քո պէյրութեան յուշագրութիւնը, որ կոչւում էր «Մայր Արաքսի մայթերով», ապա այն այնքա՜ն յուզեց ինձ, որ ներքին մղում ունեցայ անմիջապէս թղթին յանձնել նաեւ իմ տպաւորութիւնները, իմ յուշերը Լիբանանի մասին: Դրանք անկրկնելի, հոգեհարուստ հետք են թողել իմ սրտում եւ ապրում են իմ մէջ իրենց կենդանի անլռելի ու կանչող ձայնով»:
Ես կրկնակի երջանիկ պահ ապրեցի: Սրտահաճոյ է, երբ կարդում են քեզ, յիշում են գրածդ ու գնահատում: Եւ առաւել սրտահաճոյ է, երբ քեզ եւ մէկ ուրիշին միաբանում, միացնում է ընդհանուր մի սէր: Սէր առ Լիբանանը: Հայո՜ց Լիբանանը. այսպէս է խորագրել Լեւոն Լաճիկեանը իր յուշագրութիւնը: Իր սկզբնական տողերում նա գրում է. «Երբ օդանաւակայանից դէպի Պէյրութ տանող տաքսու արաբ վարորդը իմացաւ հայ լինելս, ապա դրուատանքի խօսքեր չխնայեց` գովաբանելու համար լիբանանահայ գաղութը, ասելով, որ քաղաքացիական պատերազմի տարիներին լիբանանահայերը իրենց տղամարդու պէս պահեցին»:
Այսպիսինն էր Լեւոնին հանդիպած արաբ մարդու գնահատանքը: Երբ ես մէկ անգամ Պէյրութից Այնճար էի ուղեւորւում, տաքսիի հայ վարորդը, իմանալով հայ լինելս, ջերմօրէն խօսեց Լիբանանի արաբ ժողովրդի մասին եւ ասաց. «Ընտանիքս կ՛ուզէ Ամերիկա երթալ, հոն ապրիլ, սակայն ես երբեք չեմ երթայ, ես հոս Լիբանան ունիմ»: Պատմական, ազգային, հոգեբանական, բարոյական փոխադարձ բացառիկ իւրատիպ իրականութիւն է սա, որի վկաներն ենք մենք: Մարդկայնօրէն գնահատելի ու գեղեցիկ: Արաբի արժեւորմամբ, իր երկիր Լիբանանի համար դժուարին օրերին հայը այդտեղ իրեն իսկական տղամարդու պէս է պահում: Հայի արժեւորմամբ, Լիբանան երկիրը, որ բարի սրտաբացութեամբ ընդունել է նրան Հայոց եղեռնի ճակատագրական օրերին, նաեւ ի՛ր` հայի հոգու, էութեան հարազատ մասն է:
… Լեւոն Լաճիկեանը չդրժեց իր խօսքը եւ շուտով լոյս աշխարհ եկաւ նաեւ իր յուշագրութիւնը «Հայոց Լիբանան» խորագրով: Հետաքրքրական, խորանուրբ դիտարկումներով յագեցած ուղեգրութիւն է դա, որը պատեհօրէն հարստացած է իր` Լիբանանում արուած գեղարուեստական գծանկարներով: Պաալպեք, Զմմառ, Անթիլիաս, Այնճար, Պուրճ Համուտ… Սրանցից իւրաքանչիւրն իր ինքնատիպ կերպարանքով ու բարձր հոգեւոր գեղեցկութեամբ նորովի շունչ են առել Լաճիկեանի «Հայոց Լիբանանը» յուշագրութեան մէջ:
«Ի՞նչ է ինձ համար Լիբանանը», այս հարցին Լեւոն Լաճիկեանը պատասխանում է.
«Փոքրուց եւեթ Լիբանանն իր Պէյրութ մայրաքաղաքով ինձ համար աւելի շատ հոգեւոր-զգացական տիրոյթ է եղել, քան աշխարհագրական տարածք: Յիշում եմ` դեռ 1946-ին իմ ծննդավայր Լենինական-Գիւմրի հայրենադարձուած պէյրութահայերն իմ մանկութեան տարիներին` 60-ականների վերջերին, արդէն դարձել էին նորաձեւութեան օրէնսդիրներ` թելադրելով իրենց նուրբ ճաշակն ու վարքուբարքի կանոնները: Աւելի՛ն` աւանդական այդ քաղաքի կենցաղավարութեան մէջ նրանք իսկական յեղափոխութիւն էին արել` ներմուծելով արեւելեան սուրճ ըմպելու արուեստն իր արարողակարգային բոլոր բաղադրիչներով… Աւելի ուշ, երբ սովորում էի Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ծանօթացայ համալսարանական շատ լիբանանահայերի հետ եւ առաջին անգամ կեանքումս հասկացայ, թէ ինչ է նշանակում Մայր հայրենիքն իր տարագիր զաւակների համար: Հետագայում էլ, աշխարհի շատ գաղթավայրերում շրջելիս համոզուեցի, որ դարձեալ լիբանանահայերն են հայապահպանութեան գործի առաջամարտիկները:
Պէյրութն, անտարակոյս, առանձնայատուկ դեր ունի հայկական աշխարհում. այն ոչ միայն Լիբանանի ու լիբանանահայութեան, այլեւ ողջ սփիւռքահայութեան մայրաքաղաքն է, իսկ հայոց Լիբանանը` սփիւռքի ողնաշարը: Պէյրութահայութեան տոկուն ոգուն առնչուել էի դեռ ուսանողական տարիներից: Յիշում եմ. Երեւանի պետհամալսարանում սովորող պէյրութահայ ուսանողներն էին առաջնորդում տեղացիներիս սգոյ երթերը դէպի Ծիծեռնակաբերդի բարձունք` երգելով մինչ այդ մեզ անծանօթ ազգային-հայրենասիրական երգեր: Նրանք էին Պէյրութից մեզ համար բերում Լեւոն Շանթ ու Երուանդ Օտեան, հաղորդակցում կոմունիստական վարչակարգի կողմից արգելուած մեր ազգային միւս արժէքներին: Հետագայում շրջելով գաղութից գաղութ համոզուեցի, որ դարձեալ նրանք են ազգապահպանման ու հայապահպանման գործի առաջամարտիկները:
Հետաքրքիրն այն է, որ չլինելով Լիբանանում, երկար տարիներ աշխատել եմ «Հայաստան-Լիբանան» ընկերութեան վարչութիւնում` իմ համեստ ուժերը ներդնելով մեր երկու երկրների բարեկամութեան ամրապնդման գործում: Ու երբ, վերջապէս, իմ լաւ բարեկամ Պերճ Խանճեանի միջոցով ներկայացաւ Լիբանան այցելութեան պատեհ առիթը, ըմբռնեցի, որ Միջերկրականի արեւելեան ափին թիկնած այդ երկրում մտովի ես բազմիցս էի եղել: Մնում էր պարզապէս սեփական աչօք տեսնելու հայաշունչ Այնճարն ու հոգեշունչ Անթիլիասը, անբացատրելի-անմեկնելի Պուրճ Համուտն ու ամպածրար բարձունքին թառած` Զմմառի հայոց վանքը, Լիբանանի հայկական միւս յիշատակները: Ի հետեւանս արեւշատ այդ երկրի արեւշող հոգու տէր սովորական ու անսովոր շատ հայորդիների հետ ունեցած հանդիպում-զրոյցներիս` Լիբանանն իր մնայուն ու անփոխարինելի տեղը զբաղեցրեց հոգուս մէջ: Ու այլեւս անկարող եմ դիմանալ գայթակղութեանը` նորից ու կրկին լինելու այդ մօտ ու հարազատ երկիր Լիբանանում»:
Այո՛, Լեւոնը, ինչպէս եւ այն լիբանանցի հայը նոյնպէս ունի ի՛ր Լիբանանը: Եւ ե՛ս ունեմ իմը: Շատերն ունեն` թէ իրական, թէ՛ իմաստային գեղեցիկ խորհրդանշանակութեամբ: Մեր հայո՜ց Լիբանանը:
… Արդ, չչարաշահելով ընթերցողի համբերութիւնը, ժամանակն է ներկայացնել ընթերցողին վերը շարադրած տողերի հեղինակին: Լեւոն Լաճիկեան` մշակութային մեկնաբան, արուեստաբան-լրագրող մի քանի տասնամեակ իր գրիչն ու ջանքերը ծառայեցնում է արդի հայ մշակութային կեանքի լուսաբանման եւ մեկնաբանման յոյժ կարեւոր հարցերին: Եւ իր գրական, մշակութային ստեղծագործութեամբ (չորս հեղինակային գիրք, մի շարք խմբագրած գրքեր, հարիւրաւոր յօդուածներ Հայաստանի եւ արտերկրի մամուլում, գծանկարչութիւն) եռանդուն մասնակիցն է մեր օրերի հայ մշակութային կեանքի ընթացքին: Ճշմարտացի է գրել իր մասին Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական դերասան Տիգրան Լեւոնեանը.
«Մշակոյթի վերաբերեալ շատերն են գրել եւ էլի կը գրեն: Սակայն միշտ էլ եղել եմ այն կարծիքին, որ արուեստի, մշակոյթի մասին ընդհանրապէս` ոչ բոլորը պիտի գրեն: Միայն նրանք, ովքեր նախ` սիրում, ապա հասկանում են արուեստը: Լեւոն Լաճիկեանի յօդուածներն առանձնանում են հէնց այդ երկուսի ներդաշն միասնութեամբ: Արդիւնքում ընթերցողը սպասում է նրա յօդուածներին: Մի գնահատական, որ բարձրագոյնը կարող է համարուել ոեւէ հեղինակի համար»:
1990-ականների դժուարին կացութեան օրերին 1992-1994 թթ. Լեւոն Լաճիկեանը ստանձնեց «Ազգ» օրաթերթի մշակոյթի բաժնի պատասխանատուի պաշտօնը, եւ այդ իսկ ժամանակից դարձաւ Հայաստանի մշակութային կեանքի տարեգիրը, որի մասնագիտական եւ մարդկային ուշադրութիւնից չէր վրիպում եւ ո՛չ մի կարեւոր իրադարձութիւն, երեւոյթ: Նրա բարձր արհեստավարժ եւ անաչառ վերլուծութեամբ ու մեկնաբանութեամբ հայ մշակոյթի կարեւոր իրադարձութիւններն իրենց համայն ընթացքի ու պատկերի մէջ, որպէս մնայուն ու արժէքաւոր փաստագրութիւն, ուրոյն տեղն ունեն հայրենեաց մշակութային ասպարէզի լրագրողութեան մէջ: Որտեղ էլ աշխատէր Լեւոն Լաճիկեանը` նշեալ թերթի բաժնի պատասխանատու, Երեւանի պետական համալսարանի արտասահմանեան գրականութեան եւ գրականութեան տեսութեան ամբիոնի դասախօս, Ազգային օփերայի եւ պալետի թատրոնի հանրային կապերի վարիչ, ՀՕՖ-ի (Հայ Օգնութեան Ֆոնտ) մամլոյ քարտուղար, այժմ Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան Ամերիկայի հայ համայնքների վարչութեան պետ, ամէնուր դրսեւորել եւ դրսեւորում է ազնիւ քաղաքացու եւ գիտակ մասնագէտի բարձր յատկանիշներ: Նշելի է, որ Լեւոն Լաճիկեանը արժանացել է մի շարք պարգեւների, դրանց թւում` Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարարութեան ոսկէ մետալի, ԱՕԿՍ-ի (Արտասահմանեան երկրների հետ մշակութային կապերի կոմիտէ) պատուոյ գիրի (հայ-լիբանանեան մշակութային կապերի զարգացման գործում իր ներդրման համար) եւ այլ ու այլ: Ինչպէս նշել է արուեստագէտ, «Շարական» համոյթի գեղարուեստական ղեկավար Դանիէլ Երաժիշտը.
«Լեւոն Լաճիկեան մարդ-արուեստագէտի տաղանդի տարբերանշանը նրբագեղ գեղագիտութիւնն է, որը ոսկէ թելի պէս թափանցում ու միաւորում է նրա արուեստի բոլոր դրսեւորումները` գրականութիւն, արուեստաբանութիւն, գծանկարչութիւն եւ այլն: Եւ ամենաէականը` նրա խօսքն ու գործը համահունչ են: Նա ոչ միայն քննադատում, չափանիշներ է ձեւաւորում արուեստի դաշտում, այլեւ հետեւում է հէնց այդ չափանիշներին»:
Լեւոն Լաճիկեանի ստեղծագործութեան մէջ առանձնակի տեղն ունի 2006-ին հրատարակուած «Խաչուող ճանապարհներ» գիրքը, որում զետեղուած են իր ճանապարհորդական ուղեգրութիւնները: Փարիզ, Մարսէյ, Փրակա, Վենետիկ, Լիւքսամպուրկ, Վիեննա, Պրիւքսէլ, Նիւ Եորք, Մոսկուա, Ղրիմ եւ ի հարկէ Արեւմտեան Հայաստան, Արցախ…
Իւրաքանչիւր վայրի համար նա գտել է ճշմարիտ ու դիպուկ մեկնաբանման մօտեցում, ինքնատիպ մեկնաբանում, իմաստաւորելով այն նաեւ իր հոգու եւ հայորդու ներքին մարդկային յուզումներով: «Սփիւռք» գիտամշակութային կենտրոնի տնօրէն Սուրէն Դանիէլեանը գրել է.
«Լեւոն Լաճիկեանի «Խաչուող ճանապարհներ» շարքը, առանց չափազանցութեան, բացառիկ երեւոյթ է համահայկական գեղարուեստական ճաշակի առումով: Հեղինակը մեզ է վստահում իր նկարչական տեսողութիւնը, իր բացայայտած աշխարհը: Աշխարհ, որի բոլոր անկիւններում հայի հետքը կայ, նրա հոգու դրոշմը: Շատ քիչ է պատահում, երբ գրողը եւ տեսանող-նկարիչը «հաշտ են լինում» ողջ ճամբորդութեան ընթացքում: Արուեստագէտի մտերմութիւնն է դա, երկու բեւեռների միահիւսումը»:
«Խաչուող ճանապարհներ» գիրքը գրաւում է արուեստասէր հանրութեան ուշադրութիւնը ոչ միայն հետաքրքրայարոյց ուղեգրութիւններով, այլեւ հեղինակի գծանկարներով: Վերջին տարիներին Լեւոն Լաճիկեանը արդիւնաւէտ եւ հետեւողականօրէն աշխատում է գծանկարչութեան ասպարէզում, մասնաւորապէս իր ուղեւորութեան վայրերը այդ միջոցով կտաւի վրայ մնայուն դարձնելու նպատակով: Նա վեց հեղինակային ցուցահանդէսներ է ունեցել Հայաստանում եւ արտերկրում, մասնակցել է Հայաստանի եւ միջազգային բազմաթիւ ցուցահանդէսներին: Վերջերս մեծ յաջողութեան արժանացաւ «Հայկական աշխարհ» խորագրով իր գծանկարների ցուցահանդէսը Նիւ Եորքում, «Գալուստեան» սրահում: Ուշագրաւ է Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական նկարիչ Յակոբ Յակոբեանի կարծիքը. «Ես անակնկալ ունեցայ` տեսնելով Լ. Լաճիկեանի գծանկարները: Դրանք սիրով ու զգացումով արուած աշխատանքներ են: Նկարներն հարստացնում են ճամբորդական ուղեգրութիւնները»: Լեւոն Լաճիկեանը համարում է իրեն քաղաքերգակ նկարիչ: «Շէնքերն ինձ համար քարէ անշունչ կառոյցներ չեն, այլ աւելի շատ մարդկային հոգու ամրոցներ են, միջավայր կերտող, բնաւորութիւն ու մտածողութիւն կազմաւորող եւ ճաշակ կրթող երեւոյթներ», ասում է նա: Ծնունդով գիւմրեցի, նա իրաւամբ համարում է, որ Շիրակ աշխարհի սիրտ Գիւմրի քաղաքը ճարտարապետականօրէն իսկապէս բարձր արուեստ է, որ ներառում է իր մէջ ճարտարապետական, քանդակագործական, գեղանկարչական, մետաղագործական մի վեհակերտ համալիր:
Այո՛, շէնքը, քարը բնաւ սոսկ «շինութիւն» եւ «շինանիւթ» չեն: Նրանք ոգի ունեն, հոգի եւ ասելիք: Եւ այդ նուրբ դիտարկում-զգացումն է ապրել ու վայելել Լեւոն Լաճիկեանը նաեւ սփիւռքի սիրտ հայոց Լիբանանում, նրա պէյրութեան Պուրճ Համուտում: «Թէպէտ Պուրճ Համուտում չկան հայ ճարտարապետական կոթողներ, սակայն բացայայտօրէն կայ հայկական ոգի», մտորում է նա: Եւ իր` հայորդու ազգային հպարտութիւնը հայոց Լիբանանի հանդէպ ընդգծում է Անթիլիասի մասին իր յուշագրութեան մէջ յիշատակած Մուշեղ Իշխանի խօսքերով.
… Կը մտնէ ամէն հայ իբրեւ տանտէր հարազատ,
Կը ստանայ սէր ու սնունդ, սրտի հպարտ ցնծութիւն,
Եւ բուրեանէն ու բուքէն հոն կը մնայ միշտ ազատ:
Այս պահին ես` յօդուածիս հեղինակս, չեմ կարող չյիշել Վարդգէս Պետրոսեանի բացառիկ ճշմարիտ բնորոշումը. «Իսկական երկիր Նայիրին նաեւ սփիւռքն է, մի «պետութիւն», որի սահմանները աշխարհի որեւէ քարտէզի վրայ անհնար է գծել-որոշել: Եւ որի երկնքում արեւը մայր չի մտնում երբեք»: Ճշմարիտ է: Եւ իւրայատուկ երջանկութիւն է, երբ սեփական աչքովդ, սրտովդ ու հոգովդ տեսնում, զգում ես սփիւռքի երկնքում չմարող արեւը: Այն, որի ջերմ շողերն են ճառագում Լիբանանի – հայոց Լիբանանի – մեր Լիբանանի – մասին գրուած մեր` հայրենիքից եկածներիս յուշագրութիւններում:
Այս ամէնի վառ ու գեղեցիկ վկայութիւնն են Լեւոն Լաճիկեանի «Հայոց Լիբանանը» յուշապատումը, եւ հայ հոգեւոր կոթողներին նոր շունչ պարգեւած իր լիբանանեան գեղարուեստական գծանկարները: Եւ բնական է դրանց հեղինակի փափաքը` իր այդ լիբանանեան գծանկարները ներկայացնել Պէյրութի իր հայրենակիցների ուշադրութեանը:
Սա` Լեւոն Լաճիկեանին, մեզ` հարազատ երկիր Լիբանանն է:
ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Արուեստագիտութեան դոկտոր
Երեւան

