Քլինթընի Այցը Կարեւոր Է. Հայաստանին Անհրաժեշտ Են Խորքային Յարաբերութիւններ Միացեալ Նահանգների Հետ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլըրի Քլինթընը յունիսի 4-ից 7-ը այցելելու է Հայաստան, Վրաստան, Ազրպէյճան եւ Թուրքիա: Ամերիկեան կողմի տարածած պաշտօնական հաղորդագրութեան մէջ  ասւում է, որ այդ երկրներում Քլինթընը քննարկելու է տարածաշրջանային անվտանգութեանը, ժողովրդավարութեանը, տնտեսական զարգացմանն ու հակաահաբեկչական պայքարին վերաբերող հարցեր: Անգարայում, մասնաւորապէս, առաջնային է լինելու Իրանի միջուկային եւ Սուրիոյ ներքին խնդիրը:

Միացեալ Նահանգները աշխարհի հզօրագոյն պետութիւնն են: Համաշխարհային ուժ լինելուց բացի` Ուաշինկթընը նաեւ շրջանային ուժ է, այդ թւում նաեւ` սեծովեան-կովկասեան հատուածում, քանի որ այս գերտէրութիւնը լաւ յարաբերութիւններ ունի ինչպէս Թուրքիայի ու Վրաստանի, այնպէս էլ` Հայաստանի ու Ազրպէյճանի հետ: Ճիշդ է նաեւ, որ նշուած չորս երկրներից իւրաքանչիւրի հետ Միացեալ Նահանգներ ունին տարբեր որակի եւ խորութեան կապեր, տարբեր առաջնահերթութիւններ:

Անգարան, չնայած վերջին տարիների թուրք-ամերիկեան որոշակի հակասութիւններին, շարունակում է մնալ Ուաշինկթընի ռազմավարական ու ռազմա-քաղաքական կարեւորագոյն դաշնակիցը եւրասիական տարածաշրջանում: Միացեալ Նահանգներ ու Թուրքիան ռազմական դաշնակիցներ են նաեւ ՆԱԹՕ-ի շրջանակներում: Իրանի հետ Միացեալ Նահանգները յարաբերութիւնները խզել են 1979 թուականի իսլամական յեղափոխութիւնից յետոյ:

Ազրպէյճանը Միացեալ Նահանգների համար կարեւոր պետութիւն է նախ եւ առաջ կասպեան հարուստ ուժանիւթով ու Ազրպէյճան-Վրաստան-Թուրքիա-Եւրոպա նաւթա-կազախողովակներով: Վրաստանը Միացեալ Նահանգների համար գրաւիչ է առաջին հերթին իր ռազմավարական ու աշխարհագրական դիրքով` սահմանակից լինելով Ռուսաստանին ու Սեւ ծովին: Հայաստանում Միացեալ Նահանգների շահերն ու առաջնահերթութիւնները այլ ոլորտներում են` ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորում, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների հաստատում, ժողովրդավարութիւն եւ տնտեսական զարգացում:

Հայաստանի համար Միացեալ Նահանգները կարեւոր են մի քանի հիմնական առումներով: Նախ, ինչպէս նշեցինք, Միացեալ Նահանգներն այսօր գերտէրութիւն են եւ, թւում է, առաջիկայում եւս, պահպանելու են այդ մենաշնորհը: Անշուշտ պատմական, աշխարհագրական մերձաւորութեան, հոգեբանական տեսակէտներից Ռուսաստանը շատ աւելի արժէք ունի Հայաստանի համար, սակայն երբեք պէտք չէ Հայաստան-Միացեալ Նահանգներ յարաբերութիւնները պայմանաւորել Ռուսաստանի քմահաճոյքներով ու կայսերական յաւակնութիւններով: Միացեալ Նահանգները Հայաստանի համար կարեւոր են նաեւ նրանով, որ այդ երկրում ունենք ամենաստուար հայութիւնը Հայաստանից ու Ռուսաստանից յետոյ: Հայ-ամերիկեան տնտեսական յարաբերութիւնները եւ դրանց խորացումը կարեւոր խթան կարող են հաղորդել Հայաստանի տնտեսական զարգացմանը: Եւ վերջապէս, Միացեալ Նահանգները ղարաբաղեան կարգաւորման ԵԱՀԿ Մինսքի խմբի եռանախագահող պետութիւններից են, այդ երկրի դիրքորոշումը կարեւոր է ինչպէս Արցախի հարցում, այնպէս էլ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններում:

Այսօր, չնայած պաշտօնական հաւաստիացումներին, Հայաստան-Միացեալ Նահանգներ յարաբերութիւնները հեռու են բաւարար լինելուց: Երկկողմ կապերի խորութիւնն ու ամրութիւնը գնահատելու տարբեր չափանիշներ կան: Դրանցից կարեւոր է նախ եւ առաջ այն, թէ ի՛նչ մակարդակով են տեղի ունենում փոխադարձ այցերը: Վերջին անգամ Հայաստանի նախագահը պատիւ է ունեցել Սպիտակ տուն այցելել շուրջ 12 տարի առաջ. 2000 թուականի յունիսին Օղակաձեւ պալատում Ռոպերթ Քոչարեանին ընդունեց Պիլ Քլինթընը` այսօրուայ արտաքին գործերի նախարար Հիլըրի Քլինթընի ամուսինը: 2001 թուականի ապրիլին Քոչարեանը Սպիտակ տանը հանդիպեց նախագահ Ճորճ Պուշ կրտսերի հետ, սակայն դա տեղի ունեցաւ ոչ թէ երկկողմ յարաբերութիւնների շրջանակներում, այլ` ղարաբաղեան կարգաւորման. այդ օրերին Քոչարեանն ու հանգուցեալ Հայտար Ալիեւը բանակցում էին Ֆլորիտայի Քի Ուեսթ քաղաքում: Տունդարձին նրանց 15-ական րոպէ ժամանակով, առանձին-առանձին, ընդունեց Միացեալ Նահանգների նախագահը: Ճիշդ է, հետագայում եւս Հայաստանի ու Միացեալ Նահանգների նախագահները հանդիպել են, բայց դրանք եղել են «ոտքի վրայ»` տարբեր միջազգային համաժողովների շրջանակներում: 2010 թուականի ապրիլին  Ուաշինկթընում` միջազգային անվտանգութեան հարցերով գագաթաժողովում տեղի ունեցաւ Պարաք Օպամայի եւ Սերժ Սարգսեանի հանդիպումը:

Այսպիսով, եթէ երկկողմ յարաբերութիւնները բնութագրելու համար ընտրենք փոխադարձ այցերը, ապա կարող ենք ասել, որ Երեւան-Ուաշինկթըն համագործակցութիւնը ցանկալի մակարդակի վրայ չէ: Ի դէպ, Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը վերջին չորս տարիներին բաւականին ջանքեր թափեց, որպէսզի կազմակերպի Սերժ Սարգսեանի գոնէ աշխատանքային այցը Միացեալ Նահանգներ եւ մուտքը Սպիտակ տուն, սակայն` անյաջող: Պատճառներից մէկն այն էր, որ 2008-ին Սարգսեանը նախագահ էր դարձել վիճելի ընտրութիւնների արդիւնքում: Աւելի՛ն, տեղի էր ունեցել մարտի 1-ը: Այսօր, երբ Միացեալ Նահանգներ Երեւանում իրենց դեսպանի շուրթերով 2012 թուականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրութիւններին տուել է դրական, բարձր գնահատական, հնարաւոր է թւում կազմակերպել Սերժ Սարգսեանի այցը Ուաշինկթըն, թէեւ պէտք է հաշուի առնել, որ Միացեալ Նահանգներում նախագահական մրցապայքարը մտել է վճռական փուլ, իսկ Օպաման ու ամերիկեան գործող  վարչակազմը սեւեռուած են  երկրի ներքին խնդիրների վրայ:

Նշենք նաեւ, որ Քոչարեանից բացի, Հայաստանի առաջին նախագահը եւս հիւրընկալուել է Սպիտակ տանը, ընդ որում` մի քանի անգամ: 1991 թուականի հոկտեմբերին նախագահի պաշտօնում ընտրուելուց յետոյ Լեւոն Տէր Պետրոսեանը առաջին արտասահմանեան այցը տուեց հէնց Միացեալ Նահանգներ: Ուաշինկթընում նրան ընդունեց Ճորճ Պուշ աւագը: Տէր Պետրոսեանը 1994-ին եւս այցելեց Միացեալ Նահանգներ` Սպիտակ տանը հանդիպելով Պիլ Քլինթընի հետ:

Ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտօնեան, ով այցելել է Հայաստան, եղել է հէնց Հիլըրի Քլինթընը, ով 2010 թուականի յուլիսին կովկասեան երկրներ այցի շրջանակներում եղաւ նաեւ Երեւանում: Մինչեւ այդ, 1992 թուականի սկզբին նորանկախ Հայաստան, Ազրպէյճան եւ մի քանի նախկին խորհրդային հանրապետութիւններ էր այցելել այն օրերի արտաքին գործերի նախարար Ճէյմս Պէյքըրը: Ե՛ւ Պէյքըրը, եւ Քլինթընը այդ այցերի ընթացքում գիշերեցին Երեւանում եւ ոչ Պաքուում կամ Թիֆլիսում: Յիշեցնենք նաեւ, որ 2005 թուականի մայիսին Վրաստան է այցելել Միացեալ Նահանգների նախագահ Ճորճ Պուշ կրտսերը: Նախկին տարիներին Թիֆլիսում են եղել նաեւ Միացեալ Նահանգների փոխնախագահներ Տիք Չէյնին ու Ճօ Պայտընը, ինչպէս նաեւ` նախկին արտաքին գործերի նախկին նախարար Քոնտոլիզա Ռայսը:

Հայաստան-Միացեալ Նահանգներ տնտեսական յարաբերութիւնները եւս հեռու են բաւարար լինելուց: Երկկողմ ապրանքաշրջանառութիւնը տարեկան շուրջ 200 միլիոն տոլարի սահմաններում է ընդամէնը: 2008 թուականի վիճելի նախագահական ընտրութիւնների եւ յետընտրական զարգացումների պատճառով Ուաշինկթընը դադարեցրեց «Հազարամեակի մարտահրաւէր» ծրագիրը: Տասնեակ միլիոնաւոր տոլարների հասնող այս ծրագիրը դադարեցուեց այն ընթացքում, երբ Հայաստանին հարուածեց նաեւ միջազգային տնտեսական ճգնաժամը: 2008 թուականի ռուս-վրացական պատերազմից յետոյ Միացեալ Նահանգներ շուրջ մէկ միլիառ տոլարի օգնութիւն տրամադրեց Վրաստանին, սակայն չ՛օգնեց Հայաստանին, թէեւ Հայաստանի տնտեսութիւնը եւս տուժել էր վրաց-ռուսական պատերազմից: Հայաստանի տնտեսութեան մէջ ամերիկեան ներդրումները չնչին են:

Վերջին տարիներին հայ-ամերիկեան համագործակցութիւնը խորացել է անվտանգութեան եւ խաղաղապահութեան հարցերում: 2001 թուականից ի վեր Հայաստանը խաղաղապահ գործողութիւնների է մասնակցել Քոսովոյում, Իրաքում եւ Աֆղանիստանում` արժանանալով ամերիկեան կողմի երախտիքի խօսքերին: Այսօր էլ հայ խաղաղապահները իրենց առաքելութիւնը շարունակում են Քոսովոյում եւ Աֆղանիստանում: Ուաշինկթընը բարձր է գնահատում նաեւ Հայաստան-ՆԱԹՕ համագործակցութիւնը:

Երկիմաստ է Միացեալ Նահանգների կեցուածքը ղարաբաղեան կարգաւորման գործընթացում: Որպէս ԵԱՀԿ Մինսքի խմբի եռանախագահ պետութիւն, Ուաշինկթընը չափաւոր յայտարարութիւններ է անում` չկանխորոշելով Արցախի ապագայ կարգավիճակը: Մինչդեռ արտաքին գործերի նախարարութեան զեկոյցներում յաճախ նշւում է, որ` «հայ անջատողականները գրաւել են Լեռնային Ղարաբաղն ու յարակից եօթ շրջանները»: Մէկ ուշագրաւ իրողութիւն եւս. Միացեալ Նահանգներ ֆինանսական օժանդակութիւն են տրամադրում Արցախին, սակայն տրամադրուող օգնութիւնը միշտ չէ, որ ծախսւում է: Այսպէս, 1998 թուականից ի վեր Միացեալ Նահանգների օգնութիւնը Արցախին կազմել է շուրջ 40 միլիոն տոլար, մինչդեռ այդ գումարի կէսից աւելին չի ծախսուել: Այսպիսով, մի կողմից Միացեալ Նահանգներ Քոնկրեսի անդամները գոհացնում են ամերիկահայերին, միւս կողմից Ուաշինկթընը` խուսափելով Արցախում ներդնել գումարների մի մասը, մեղմում է Ազրպէյճանի զայրոյթը:

Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններում եւ Հայոց ցեղասպանութեան հարցում եւս Միացեալ Նահանգների կեցուածքը միանշանակ չէ: Իւրաքանչիւր ընտրութիւնից առաջ խոստանալով գործածել «ցեղասպանութիւն» բառը, Միացեալ Նահանգների նախագահները դրժում են խոստումը: Հայաստան-Թուրքիա «ֆութպոլային դիւանգիտութեան» գործընթացը համընկաւ Պարաք Օպամայի նախագահութեան առաջին տարուայ հետ: Պատճառ բերելով հայ-թուրքական գործընթացը, Օպաման հրաժարուեց իր ապրիլ 24-եան ուղերձում «Հայոց ցեղասպանութիւն» եզրոյթն օգտագործել` բաւարարուելով «Մեծ եղեռն»-ով, ինչը արժանացաւ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանի գովեստին:

Յիշեցնենք նաեւ, որ 2010 թուականի յուլիսին, Հայաստան այցի ընթացքում, Հիլըրի Քլինթընը այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, սակայն կարճ ժամանակ անց Երեւանում Միացեալ Նահանգներ դեսպանութիւնը յայտարարուեց, որ դա եղել է «անձնական այցելութիւն»:

Երկուշաբթի օրը` յունիսի 4-ին, արտաքին գործերի նախարար Քլինթընը, ինչպէս հաղորդուել է աւելի վաղ,  հանդիպումներ կ՛ունենայ նախագահ Սարգսեանի եւ այլ բարձրաստիճան պաշտօնեաների հետ: Յունիսի 5-ին Քլինթընը կը լինի Թիֆլիսում, իսկ 7-ին` Պաքուում, որտեղից կ՛ուղեւորուի Պոլիս:

 

Յատուկ «Ազդակի» համար

 

 

Share this Article
CATEGORIES