ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ՕՍՔԱՐԱԿԻՐ «ԱՐՔԱՅԻ ՃԱՌԸ»

Անցեալ շաբաթ Շարժանկարային արուեստի ամէնէն հեղինակաւոր մրցանակաբաշխութեան արարողութիւնը մեծ պաստառներուն դիմաց գամեց միլիոնաւոր հեռուստադիտողների, որոնք յուզմունքով հետեւում էին Օսքարի 83-րդ արարողութեանը: Ամերիկեան կինոակադեմիան այս տարի մի առանձնակի շքեղութեամբ էր բեմադրել Օսքարը, որը շարժանկարային մրցանակաբաշխութիւն լինելուց բացի,  ի՛նքն էր նման մի հետաքրքիր շարժանկարի:

Կարծես թէ սպասւում էր, որ գլխաւոր մրցանակին պիտի արժանանայ  «Արքայի ճառը» («Տը Քինկզ Սփիչ»)  շարժանկարը, որ մինչեւ այդ արդէն գրաւել էր քննադատների եւ մասնագէտների ուշադրութիւնը:

Բրիտանա-աւստրալա-ամերիկեան համատեղ արտադրութեան «Արքայի ճառը» շարժանկարը շահել է չորս Օսքար եւ ոչ միայն` «Լաւագոյն շարժանկար» անուանակարգում: Շարժանկարը   նկարահանած Թոմ Հուփըրը

ճանաչուել է լաւագոյն բեմադրիչ` համապատասխան անուանակարգում, գլխաւոր դերում հանդէս եկած Քոլին Ֆիրթը` լաւագոյն դերակատար, իսկ Տէյվիտ Սիտլըր Օսքար է ստացել լաւագոյն ինքնատիպ բեմագրութիւն գրելու համար: Շարժանկարն արդէն առցանց տիրոյթում է, այն կարելի է ներբեռնել համացանցից եւ դիտել, սակայն ի հարկէ, մեծ պաստառէն դիտելու եւ  այն ամբողջութեամբ զգալու եւ ընկալելու հաճոյքն անփոխարինելի է: Բայց եւ այնպէս, անգամ համակարգիչի պաստառին դիտելով, կարելի է զգալ օսքարակիր այս  շարժանկարի  ինքնատիպութիւնը: Երիտասարդ  ու համակրելի կինը այցելում է լեզուական արատների հարցով մասնագէտի գրասենեակ եւ, նրա հետ զրուցելով, յայտնում, որ իր ամուսինը խօսելու դժուարութիւն ունի` կակազում է: Կինն օգնութիւն է խնդրում- յուսահատօրէն նշելով, որ ամուսինն այդ արատը յաղթահարելու բազում փորձերի է դիմել, սակայն` ապարդիւն: Նա ասում է, որ իր ամուսինը դիրքի բերումով պարզապէս չի կարող խուսափել հասարակութիւնից, պարտաւո՛ր է խօսել մարդկանց հետ: Մասնագէտը հարց է տալիս.  «Այդ դէպքում գուցէ նա պարզապէս փոխի՞ աշխատանքը»: «Հեշտ էք ասում` փոխել, իսկ եթէ նա արքա՞յ է», պատասխանում  է կինը…

Պատմութիւնը Մեծն Բրիտանիայի Ճորճ 6-րդ արքայի մասին է, որին շատ նեղութիւն եւ մտահոգութիւն է պատճառում մանկութեան տարիներից մնացած  կակազութիւնը: Լեզուական արատների մասնագէտի մօտ այցելած այդ կնոջ անունը Էլիզապէթ է, ով լոյս աշխարհ է բերել Մեծն Բրիտանիայի ներկայիս թագուհի Էլիզաբեթ երկրորդին եւ ապագայում հռչակուել է Մայր թագուհի: Շարժանկարում նա    ամէն կերպ սատարում է յուսահատուած ամուսնուն:

Շարժանկարը ցոյց է տալիս Բրիտանիայի համար ծանր ժամանակաշրջաններից մէկը: 1936 թուականին  մահանում է Ճորճ 5-րդ արքան, Էտուարդ 8-րդը արքայ է հռչակւում, բայց այդպէս էլ չի թագադրւում: Գահը ստանձնելուց շաբաթներ անց Բրիտանիայում սահմանադրական ճգնաժամ է սկսւում, քանի որ Էտուարդը յայտնում է, որ ցանկանում է ամուսնանալ ոչ ազնուական ծագումով ամերիկուհի Ուոլիս Սիմփսընի հետ:

Բրիտանական հարստութիւնը, օրէնսդիր ու գործադիր իշխանութիւնը, ամբողջ ազնուական վերնախաւը դէմ են կանգնում այդ որոշմանը: Էտուարդ 8-րդը, ի նշան բողոքի հրաժարւում է գահից եւ, յաջորդ թեկնածուն,  ըստ օրէնքի,    դառնում է Էտուարդի կրտսեր եղբայրը` Ճորճը, ով երբեւէ չէր մտածել գահակալութեան մասին եւ միշտ եղել էր Էտուարդի ստուերում:

Այդպէս Մեծն Բրիտանիայում գահը ստանձնում է Ճորճ 8-րդը, որին  ընտանիքում կոչում են Բերթի: Նա  իր լեզուական արատի պատճառով սարսափում է ելոյթներից ու հանրային կեանքից,  չի կարողանում փոքրիկ հրամաններ տալ նոյնիսկ  պալատի ծառաներին ու աշխատողներին,  դժուար է հաղորդակցւում անգամ ընտանիքի անդամների հետ: Բերթլին դառնում է անվստահ ու ինքնամփոփ, մինչդեռ դա մի շրջան էր, երբ Եւրոպան եւ ամբողջ աշխարհը թեւակոխել էին վտանգաւոր ժամանակներ. Գերմանիայի առաջնորդը Ատոլֆ Հիթլերն էր, եւ շատ երկրների ղեկավարներ արդէն գիտակցել էին, որ մեծ պատերազմն անխուսափելի է… Գահաժառանգի լեզուական արատի պատճառով ստեղծուած վիճակը լուրջ վտանգ է սպառնում Մեծն Բրիտանիայի գահին:

Շարժանկարը մի կողմից զարգանում է  պատերազմի վտանգի ներքոյ, իսկ միւս կողմից լեզուական արատների մասնագէտը, որին արքայի կինը գտել էր շատ պատահականօրէն, օգնում է թագաւորին` նրան փորձելով ազատել կակազելու անէծքից…

Մրցանակների յանձնման արարողութեան ժամանակ շարժանկարի բեմադրիչ Թոմ Հուփըրը յայտարարել է, թէ շարժանկարն  իրականութիւն չէր կարող  դառնալ առանց իր մայրիկի միջամտութեան, ով կարդացել էր Անգլիայի ապագայ արքային կակազութիւնը յաղթահարելու գործում նրան օգնութիւն ցուցաբերող խօսքի թերապեւտի մասին իր ստեղծագործութիւնը: Մայրը բեմադրիչ որդուն առաջարկել էր շարժանկար նկարահանել նոյն այդ նիւթի մասին:

Անցած շաբաթ` 28 փետրուարին չորս Օսքար է վաստակել նաեւ «Սկիզբը» շարժանկարը,  երեք Օսքար` «Ընկերային ցանցը», երկուքական Օսքար են վաստակել  «Ռազմիկը», «Խաղալիքների պատմութիւն-3» եւ «Ալիսը հրաշքների աշխարհում» շարժանկարները, իսկ մէկ Օսքար էլ  շահել է «Սեւ կարապ»ը. այս շարժանկարում մարմնաւորած դերի համար լաւագոյն դերասանուհի է ճանաչուել Նաթալի Փորթմընը:

Յ.Գ.- «Արքայի ճառը» շարժանկարը կարելի է ներբեռնել www.filmaser.com հայկական կայքից:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Share this Article
CATEGORIES
TAGS