ՓՕԼ ՄԱՔԱՐԹՆԻՆ ԵՐԳԵԼՈՒ Է ԱՐՔԱՅԱԶՆ ՈՒԻԼԻԸՄԻ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ

Շուտով Բրիտանական թագաւորական ընտանիքում սպասւում է խոշոր իրադարձութիւն, որը պակաս տպաւորիչ ու ազդեցիկ չի լինելու, քան` վերջերս կայացած Օսքարի մրցանակաբաշխութիւնը: 29 ապրիլին  Լոնտոնում` Ուեսթմինսթերեան տաճարում տեղի է ունենալու Արքայազն Ուիլիըմի եւ Քէյթ Միտլըթընի պսակադրութիւնը: Այն օրուանից, երբ Սկովտիայում ուսանելու ժամանակ արքայազն Ուիլիըմի եւ Քէյթ Միտլըթընի միջեւ սիրավէպ սկսուեց (նրանք ծանօթացել են

2001-ին),  մամուլը չդադարեց տարբեր տեսանկիւններից քննարկել այդ միութինը:  Լուսարձակի տակ դրուեցին բառացիօրէն այն ամէն ինչը, ինչ առնչւում է ապագայ գահաժառանգին եւ նրա հարսնացուին:  Ընդամէնը օրեր առաջ էլ մամուլն արդէն յայտարարեց, որ Մեծն Բրիտանիայի տնտեսութիւնը լրացուցիչ աւելի քան 830 միլիոն տոլարի եկամուտ է ստանալու 29 ապրիլին  կայանալիք հարսանիքից, որը Միացեալ Թագաւորութիւնում նշելու է ընդհանուր առմամբ 6,5 միլիոն մարդ:  

Արքայական այս հարսանիքի շուրջ  հետազօտութիւններ է կատարել Մեծն Բրիտանիայի Սպառողական պահանջարկի հետազօտման կեդրոնը: Փորձագէտների կանխատեսումներով այդ գումարի գրեթէ կէսը ստացուելու է  սննդամթերքի եւ զանազան ըմպելիքների վաճառքից: Ոգելից խմիչքների, այդ թւում` կէս միլիոն շիշ շամփայնի համար բրիտանացիները եւ թագաւորութեան հիւրերը ծախսելու են շուրջ 160 միլիոն տոլար: Գրեթէ 360 միլիոն տոլար, ինչպէս սպասւում է,   ծախսուելու է յուշանուէրների եւ հարսանիքի հետ կապուած զանազան այլ արտադրանքի վրայ, այդ թւում` 5 միլիոն` յուշամետաղադրամների եւ 3 միլիոն` գաւաթների վրայ:

Մեծն Բրիտանիան երբեք զբօսաշրջիկների պակաս չի ունեցել, սակայն  հետազօտութիւնները ցոյց են տուել, որ հարսանիքի օրերին Բրիտանական կղզիներ են այցելելու լրացուցիչ 320 հազար զբօսաշրջիկ, որոնք, ինչպէս սպասւում է, այստեղ ծախսելու են աւելի քան 90 միլիոն տոլար:

Ինչ վերաբերւում է հիւրերին, ապա  Բրիտանիայի արքայական ընտանիքն արքայազն Ուիլիըմի հարսանիքին հրաւիրել է շուրջ 1900 հոգի:

Բացի արքայական ընտանիքի եւ հարսնացուի ընտանիքի մտերիմներից, հարսանեաց հանդէսին ներկայ են լինելու աշխարհի այլ միապետական ընտանիքների ներկայացուցիչներ` Սպանիայից, Պելճիքայից, Նորվեկիայից, Շուէտից, Յորդանանից, Սէուտական Արաբիայից: Հրաւիրուած են  բարեսիրական կազմակերպութիւնների անդամներ, ինչպէս նաեւ` մեծ թիւով քաղաքական գործիչներ եւ արուեստագէտներ… Հարսանիքին չեն հրաւիրուել երկրի ղեկավարներ, միայն ներկայ են  գտնուելու Բրիտանական համադաշնութեան անդամ երկրների ղեկավարները:

Եկեղեցում լինելու են թագաւորական ընտանիքի անդամները, խորհրդարանի երեսփոխանները, ինչպէս նաեւ` այլ երկրների թագաւորական ընտանիքների ներկայացուցիչները: Եւ չնայած ամէն ինչ նախատեսուած է արքայավայել,  թագաւորական գերդաստանը յայտարարել է, թէ ներկայիս տնտեսական ճգնաժամը հաշուի առնելով` տօնակատարութիւնն անցկացուելու է զուսպ, առանց առանձնայատուկ աւելորդութիւնների:  Տօնակատարութեան ծախսերը հոգալու են արքայազն Չարլզի եւ Քէյթ Միտլըթընի ծնողները:

Թէպէտ ապրիլին Մեծն Բրիտանիայի տնտեսութիւն է մուտք գործելու լրացուցիչ գումար, այնուամենայնիւ փորձագէտները հաշուել են, որ այս հարսանիքը նոյն շահութաբերութիւնը չի ունենալու, ինչ երկրի համար գրեթէ երեք տասնամեակ առաջ  ունեցաւ արքայազն Ուիլիըմի հօր եւ մօր` արքայազն Չարլզի եւ իշխանուհի Տիանայի հարսանիքը:

1981 թուականին կայացած այդ հարսանեկան տօնակատարութիւնից Մեծն Բրիտանիայի տնտեսութեան մուտքերն ընդհանուր առմամբ կազմել են ներկայիս գներով 3,5 միլիառ տոլար: Այն ժամանակ Միացեալ Թագաւորութիւն էր այցելել աւելի քան 600 հազար զբօսաշրջիկ, իսկ ամբողջ աշխարհում 750 միլիոն մարդ հեռուստատեսութեամբ դիտել էր Չարլզի եւ Տիանայի պսակադրութեան արարողութիւնը:

Մամուլը բազմիցս արդէն գրել է, որ Քէյթի ծնողները արքայական, իշխանական, նոյնիսկ ազնուական ծագում չունեն, շարքային  մեծն բրիտանացի միլիոնատէրեր են: Հարսնացուի ընտրութիւնը քննարկուել է ընտանեկան ու պետական ամենաբարձր ատեաններում: Ուիլիըմը եւ Քէյթը գահը ժառանգելու հեռաւոր, բայց իրական հեռանկարներ ունեն, ի տարբերութիւն Ուիլիըմի հօր` արքայազն Չարլզի, որ վաղուց պատրաստ է թագադրութեան, բայց Էլիզապէթ Երկրորդ թագուհին առոյգ եւ ամուր ձեռքերում է պահում գահը: Աւանդական անգլիական պահպանողականութիւնը թագուհուն հնարաւորութիւն է տալիս գահակալելու որքան ցանկանայ: Ըստ «Տը Նիուզ աֆ տը Ուըրլտ» պարբերականի անցկացրած հարցման` բրիտանացիների 55 տոկոսը գահին ուզում է տեսնել Ուիլիըմին, 64 տոկոսն այն կարծիքին է, որ Քէյթը պէտք է թագուհու տիտղոս ստանայ, ոչ թէ` իշխանուհի կոնսորտի: Չարլզին թագաւոր է ուզում տեսնել հարցուածների 19 տոկոսը… Մինչ մասնագէտները շարունակում են հարցումներ անցկացնել, մամուլում արդէն հրապարակուել են լուրերն այն մասին, որ արքայազն Չարլզը տառապում է անբուժելի հիւանդութեամբ`  Ալցհայմըրով (սակաւամտութիւն եւ ծերունախտ): Նա  երբեմն կորցնում է յիշողութիւնը, ինչպէս նաեւ ձեռք է բերել այդ հիւանդութեանը բնորոշ այլ ախտանիշներ: Արքայազնին հետեւող բժիշկներն ու արքայական ընտանիքի անդամները յոյս ունեն, որ մինչեւ ապրիլեան արարողութիւն Էլիզապէթ Երկրորդ թագուհու  62-ամեայ որդու վիճակը կը բարելաւուի, եւ նա ներկայ կը գտնուի որդու հարսանիքին: Նրա կինը` Կամիլա Փարքեր-Պոուլզը իր իսկ խօսքով, ցնցուած է այն փաստից, որ Չարլզը կորցնում է յիշողութիւնը:  Բրիտանահպատակները շարունակում են չսիրել Չարլզին ու նրա կնոջը, նրանցից շատերը համոզուած են, որ իշխանուհի Տիանայի մահուան պատճառը եղել են նրանք:

 ՈՍԿԵԴՐԱՄ` Ի ՊԱՏԻՒ ԱՐՔԱՅԱԶՆԻ ՈՒ ՆՐԱ ՀԱՐՍՆԱՑՈՒԻ

Անցեալ տարի նոյեմբերին կայացած նշանադրութեան ժամանակ արքայազն Ուիլիըմը հարսնացուին է նուիրել ադամանդներով երիզուած 18 կարատանոց երկնագոյն շափիւղեայ քարով մատանի, որ պատկանում էր  իշխանուհի Տիանային: Ուիլիըմը յոյս է յայտնել, որ այդ կերպ մայրը ներկայ է գտնւում իր կեանքի կարեւոր օրերից մէկին: Եթէ հարսանիքից շահելու են Մեծն Բրիտանիայի գրեթէ բոլոր բնագաւառները, ապա  նշանադրութիւնից առայժմ շահել են դեռեւս ոչ շատ թուով մասնագէտներ, հիմնականում` ոսկերիչներն ու յուշանուէրներ վաճառողները, ինչպէս նաեւ աւելացել է այդ թեմայով հեռուստահաղորդումների եւ մամուլի հրապարակումների քանակը. նոյեմբերից յետոյ Մեծն Բրիտանիայում եւ Եւրոպայում  խիստ մեծացել է ադամանդազարդ շափիւղաների պահանջարկը, յատկապէս գլխաւոր դիրքում  են կապոյտ ու երկնագոյն գոյնի քարերը: Դա այն գոյնն է, որ զարդարում է Քէյթ  Միտլըթընի մատը: 

Իսկ անցեալ տարեվերջին կայացած  նշանադրութիւնից շաբաթներ անց արդէն Մեծն Բրիտանիայի դրամահատարանը հատել է առաջին ոսկեայ ու արծաթեայ մետաղադրամները` նուիրուած արքայազն Ուիլիըմի եւ Քէյթի հարսանիքին: 5 ֆունթանոց ոսկեայ մետաղադրամը կարելի է ձեռք բերել 1550 ֆունթ սթերլինով, ինչը համարժէք է 2400 ամերիկեան տոլարին: Իսկ ոսկեզօծ արծաթեայ մետաղադրամը արժէ 85 ֆունթ, այսինքն` 132 տոլար, իսկ մաքուր արծաթը` 55,5 ֆունթ, այսինքն` 86 տոլար: Մետաղադրամի  գծագրման հարցերով զբաղուել են իրենք` Ուիլիըմը եւ Քէյթը:

Թողարկուել են  այլ յուշանուէրներ եւս, եւ արդէն մեկնարկել է նրանց պաշտօնական վաճառքը: Այդ յուշանուէրների արժէքը կազմում է 25-ից մինչեւ 40 ֆունթ սթերլին: Հաւանութեան են արժանացել յատկապէս ժանեակների, ինքնահոսների, կրակայրիչների, հովհարների, փչովի եւ բիւրեղապակեայ գնդակների, մատնոցների եւ այլ յուշանուէրների վաճառքը: Ամուսնական զոյգը որոշել է, որ Միացեալ թագաւորութիւնում իրենց վերաբերող բոլոր  յուշանուէրների  պատրաստման ժամանակ պէտք է օգտագործուեն միայն Պաքինկհամեան պալատում հաստատուած Ուիլիըմի եւ Քէյթի լուսանկարները, որի հեղինակը լուսանկարիչ Մարիօ Թեսթինոն է: Բրիտանական «Աստա» հանրախանութային խոշոր ցանցը տեղեկացրել է, որ կայծակնային արագութեամբ  վաճառւում են գաւաթներ, ափսէներ, մոմեր, գլխարկներ եւ այն ամէն ինչը, ինչի վրայ պատկերուած է երիտասարդ զոյգի` երջանկութիւն խորհրդանշող լուսանկարը:

 ԱՐԴԷՆ ԹՈՂԱՐԿՈՒԵԼ ԵՆ ՆԱԵՒ ՀՐԱՒԻՐԱՏՈՄՍԵՐԸ        

Արքայազն Ուիլիըմի եւ Քէյթ Միտլըթընի հարսանիքի հրաւիրատոմսերը ճերմակ նուրբ ստուարաթղթից են` ոսկեզօծ ու միապետական  թագի տակ EIIR դրոշմով, որը կնքուած է թանկարժէք մետաղով: Հրաւիրատոմսերը դրուելու են բաց դարչնագոյն ծրարների մէջ, իսկ դրոշմի տակ  տեղ է թողնուել` հրաւիրեալների անունները լրացնելու համար, որի շարունակութիւնը հետեւեալն է. «Լորտ Չեմպըրլենը թագուհու թոյլտուութեամբ հրաւիրում է Ձերդ պայծառափայլութիւն Ուիլիըմ Ուելսցու միսս Քէթրին Միտլըթընի հետ հարսանիքի, Ուեսթմիսթերական ապպայութիւնում, 2011-ի ապրիլի 29-ին,  ժամը 11:00-ին»: Հրաւիրատոմսում  նշուել է նաեւ այն հագուստի տեսակը, որով պարտադիր պիտի ներկայանան հիւրերը, որպէսզի պահպանուի տօնակատարութեան արքայական շուքը. առաւօտեան այցերի սիւրթուկ` տղամարդկանց համար, կոչումով զինուորականների համար` զինուորական հագուստ`  իսկ կանանց համար` երկարափէշ տօնական զգեստ:

Արքայազն Ուիլիըմը եւ նրա հարսնացու Քէյթ Միտլըթընը  խնդրել են «Պիթըլզի» նախկին մենակատար Փոլ Մաքքարթնիին` երգել հարսանեաց հանդէսին:

Ինչպէս հաղորդում է Պի. Պի. Սի. ն, 68-ամեայ Մաքքարթնին հաճոյքով ընդունել է առաջարկութիւնը: Հարսանիքին հրաւիրուած են նաեւ սըր Էլթըն Ճոնը, ֆութպոլիստ Տէյվիտ Պեքհամը եւ  այլ աստղեր:

Իսկ վերջերս Մեքսիքայի մէջ մի երիտասարդ մեքսիքուհի` Էսթիպալիս Չաւէս անունով, հացադուլ է յայտարարել` արքայական այդ հարսանիքին հրաւէր ստանալու յոյսով:

«Արդեօ՞ք կը թողնեն մեռնեմ միայն այն բանի համար, որ չեն ուզում ինձ թագաւորական հարսանիքի հրաւէր տալ», այսպիսի գրութեամբ թղթիկ է փակցուած 19-ամեայ Էսթիհալիսի վրանին, որը գտնւում է Մեքսիքայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հարեւանութեամբ: Ինչպէս պարզուել է` աղջկայ նման արարքի պատճառն ամենեւին էլ արքայազն Ուիլիըմի նկատմամբ սէրը չէ: Չաւէսն ասել է, որ սա յարգանքի տուրք է նրա մօր` Տիանայի յիշատակին, ում համարում է պատմութեան մէջ ամենագեղեցիկ եւ ամենալաւ կինը:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

 

Share this Article
CATEGORIES
TAGS