Ծիածանը Հնաբերդ Գիւղում
Գրքերի Երամ
Իմ ամէն գիրք` մի թռչուն,
Երգով շունչ ու կեանք առած`
Մէկը մէկի ետեւից
Թեւին տուին ու թռան:
Եւ ճախրեցին խնդութեամբ`
Իբրեւ մի-մի երգարան,
Սակայն եկել են այսօր`
Կազմելու մի կուռ երամ,
Որ առանձին-առանձին,
Ճամբան յանկարծ չկորցնեն,
Մէգ-մշուշի ու մութի,
Ժայռի՛ մէջ էլ դուռ բացեն,
Որ մէկմէկու աջակցեն`
Նպատակով համախումբ,
Եւ երգերն իմ հնչեցնեն
Որպէս երամ-երգչախումբ:
Ամպն Ու Թամբը
Կար երկնքում մի ամպ,
Ամպի վրայ` մի թամբ:
Նո՜ւրբ ու փափուկ մի ամպ,
Թռչո՜ղ, կանչող մի թամբ:
Ով որ հեռուից տեսաւ,
– Գնամ նստեմ,- ասաց:
Սակայն, հե՜շտ է ասել…
Հապա փորձի՛ր նստել:
Ծիտը նստեց` ընկաւ,
Մեղուն նստեց` ընկաւ:
Թիթե՛ռն անգամ թեթեւ
Թամբից ընկաւ ներքեւ:
Եկաւ ուրիշ մի ամպ,
Աւելի մեծ մի ամպ:
– Ճամբա՛յ տուէք,- ասաց,-
Սա իմ ձի՛ն է,- ասաց:
… Կար երկնքում մի ամպ,
Ամպի վրայ` մի թամբ,
Թամբին` հպա՜րտ-հպա՜րտ
Նստած ուրիշ մի ամպ:
Ես Ուզում Եմ
Լինել Ծառ
Ես ուզում եմ լինել ծառ,
Ուրի՜շ, ուրի՜շ, ուրի՜շ ծառ,
Որ ծաղկեմ ու մեծանամ,
Ամպի չափ վեր բարձրանամ:
Ու երբ լցուեմ երգերով,
Տեսա՜կ-տեսակ մրգերով,
Շա՜ղ տամ ինչ որ ունեմ ես
Իմ սերմնացան պապի պէս:
Թռչուններին կանչեմ մօտ,
Ասեմ` օր է արեւոտ,
Ծլվլոց եմ ուզում ես,
Ախր ի՞նչ ծառ` առանց ձեզ:
Ես Մուկիկի Չափ Չկա՞մ
Պապս ունէր մի ջաղաց,
Բայց ցորենը ո՞նց աղար,
Առուն` բարա՜կ, մի կաթ էր,
Ո՞նց մեծ քարը պտտէր:
Ինձ ասում էր պապիկս.
– Կանչի՛, թող գայ մուկիկը,
Չիշիկ անի ու գնա,
Ջուրը մի քիչ շատանայ:
Ես մուկիկին չգտայ,
Բայց առուակի մէջ մտայ,
Ասացի` թող հե՛չ էլ գայ,
Ես մուկիկի չափ չկա՞մ…
Եւ մեր առուն վարարե՜ց,
Մի տարի չբարակեց…
Բայց մտածեց պապիկս,
Թէ օգնել է մուկիկը:
Ծիրանի, Կորիզի
Եւ Իմ Մասին
Ծիրանը սիրուն է,
Եւ սիրում եմ ուտել,
Բայց կորիզը ինչո՞ւ
Նրա մէջ է մտել:
Իմ սուր ատամներով
Ես ուզում եմ կծել
Եւ ոչ մայրիկիս պէս
Ձեռքով քաշել-բացել:
Ու կծում եմ նորից,
Թէկուզ գիտեմ արդէն,
Որ ուզում է կորիզն
Ատամներս ջարդել:
Եւ ճչում եմ ցաւից,
Էլ չեմ ուզում ուտել…
Ո՞նց է կորիզն, ախր,
Ծիրանի մէջ մտել:
Նռան Երգը
Զարմանալի
Մի պտուղ եմ.
Նուռ եմ ես:
Գաղտնիքով լի,
Բայց սուսուփուս,
Լուռ եմ ես:
Բերնէբերան
Լցուած պահեստ,
Ձոր եմ խոր,
Հատիկ ունեմ`
Ինչքան տարին
Ունի օր:
Ի՜նչ հատիկներ…
Ամէն մէկը`
Մի հուր կայծ.
Ով որ տեսնի,
Պիտի մնայ
Բերանբաց:
Հրա՜շք եմ ես,
Ծիծաղեմ թէ մնամ լուռ,
Ո՞վ չգիտի.
Քաղցրահատիկ
Նուռ եմ, նո՜ւռ…

