Ծիրանահամ Յիշողութիւն
* * *
Երկու աղջիկ` ծառի տակ, անտառի փէշին,
Կանաչների մէջ պառկած, երազում էին:
– Ամպի տակից դուրս կը գայ արեւը շուտով,
Երկու տղայ կը քայլեն այս արահետով:
Կը գան, անխօս կը կանգնեն, կը ժպտան բարի
Եւ կը դառնայ ամէն ինչ արդէն անթերի:
Հրաշք չեղաւ, եղաւ պարզ զուգադիպութիւն.
Երկու տղայ անտառից դառնում էին տուն:
Նոյն երազն էր օրօրել գուցէ եւ նրանց.
Ե՛ւ զարմացան բոլորը, ե՛ւ չզարմացան:
Արժէ՞ր, արժէ՞ր էլ հիմա երազն ընդհատել…
Ու երազը կեանք առաւ, սլացաւ եթեր:
… Ամպի տակից դուրս եկաւ արեւը` կրակ,
Տեսաւ… հրդե՜հն է պարում այնտեղ` ծառի տակ:
Եկայ, Տեսայ… Գնացի
Ես բոլորիդ բարի գիշեր մաղթեցի,
Ինքս իմ մէջ, շշնջալով մաղթեցի,
Ու մնացի գիշերապահ ձեր դրան,
Ես ի՛մ կամքով ձեր դրանը մնացի:
Ու մնացի այնպէս, որ դուք չիմանաք,
Որ ինձ համար յանկարծ արթուն չմնաք,
Չասէ՛ք` դրսում մութ է, տխուր է մենակ,
Ես աննկատ ձեր դրանը մնացի:
Մնացի, որ խաւարը ձեզ չդաւի,
Հարկ եղածից գիշերն երկար չտեւի,
Երբ ժամը գայ ելնէ՛ք մթի անձաւից,
Ձեզ «բարի լոյս» տալու համար մնացի:
… Լոյսը բացուեց: Ձեզ «բարի լոյս» մաղթեցի,
Ինքս իմ մէջ, շշնջալով մաղթեցի,
Լոյսի՜ նման ձեր աչքերին մաղուեցի,
Եկայ, տեսայ, անէացայ… գնացի:
Վերադարձ
Եւ անդէմութեան անորոշ ճամբին
Կանգ առանք մէկէն` ցնցումով մի մեծ
Մենք` մեզնից ելած, այս ո՞ւր ենք գնում,
Մեր պատմութիւնը ո՞վ մեր դէմ գոցեց:
Ո՞վ ձեռք բարձրացրեց հաւատի վրայ,
Խաչ ու խաչքարերն արեց ոտնատակ…
Դէմ չեղանք: Եւ դեռ` օժանդակեցինք:
Հինը կորցրինք, նորը չգտանք:
Թեթեւ ու անմիտ մի անհոգութեամբ
Եւ մեր լեզուի դէմ մենք մեղանչեցինք…
Առանց նեղութիւն տալու ուրիշի`
Միշտ պատրաստակամ մենք նուաճեցինք:
Երես չի տուել մեր անցեալը մեզ,
Տանջել է յաճախ իր անգթութեամբ,
Բայց վերջ ի վերջոյ դիմացել ենք մենք
Անշփոթելի, անխառն ինքնութեամբ:
Դուր գայ, դուր չգայ սրան կամ նրան`
Դրանից մենք մեծ երաշխիք չունենք:
Իսկ… վիճակուած է թէ մեռնել անգամ,
Արժէ՞, որ մահը այլ կերպ ընդունենք:
Բայց մահուան մասին թող նա մտածի,
Ով դեռ ապրելիս կորցնում է իրեն,
Մենք ետ ենք դառնում մեր ամրմտներին,
Նա՛ է գոյութեան մեր մեծ մարգարէն:
Զոհերը Միայն Զոհուածները Չեն
Ասել չենք ուզում, չասել չենք կարող,
Որքան էլ որ մենք մեզ յոյս ներշնչենք,
Չի՛ չափւում կորուստն անշունչ թուերով,
Զոհերը միայն զոհուածները չեն:
Զոհերը միայն զոհուածները չեն,
Երբ ժողովուրդն է խոցւում կարեվէր…
Բայց նորի՛ց պիտի մեզ յոյս ներշնչենք,
Որ մեռելներից բարձրանանք ի վեր:
Բախտագուշակութիւն
Ու բախտ են բացում աղջիկներն էլի
Սուրճի բաժակով կամ խաղաթղթով,
Խնդութի՞ւնն արդեօք իրենց կ՛այցելի,
Թէ՞ դառնութիւնը կը լինի յաղթող:
Բացում են այնպէս… իբր անտարբեր,
Իբր ժամանցի, կատակի համար,
Սակայն, վառւում են աչքերն անհամբեր
Յոյսի նշաններ փնտռելով յամառ:
Եւ որ յուզմունքը չերեւայ յանկարծ
Խեղդում են հառաչն ու զիլ քրքջում,
Յիշում եմ հազար առակ ու արկած
Եւ նո՛ր ու նորից ծիծաղն է հնչում:
Որտե՞ղ էք, յոյսի նշաններ պայծառ,
Յայտնուէք իբրեւ սուրհանդակ բախտի,
Որ աղջիկներն այս ծաղկեն, իբրեւ ծառ,
Որ դառնութիւնը նրանց չյաղթի:
Պարտէզում
Որ դրախտում եմ ես չեմ կասկածում
Ու չեմ կասկածում, որ Ադամն եմ ես:
Հայեացքս, սակայն, չորս կողմ եմ յածում
Ու քեզ եմ փնտռում ու չեմ գտնում քեզ:
Քո գոյութեա՛նն էլ ես չեմ կասկածում.
Առանց Եւայի կը լինի՞ դրախտ:
Ո՞ւր ես, յայտնուի՛ր, շատ բան չեմ ուզում,
Թող տրուի նորից ինձ Ադամի բախտ:
Շատրուան
Շատրուանը գիտէ՞ք ինչ է,
Քրքջացող ջրի ճիչն է,
Որ զսպուած էր
Ու վերջապէս
Դուրս է եկել
Արեւերես…
ԵՐՈՒԱՆԴ ՊԵՏՐՈՍԵԱՆ

