Չկան Յաղթողներ, Բայց Հաստատ Պարտուել Է Ժողովրդավարական, Ընկերային Եւ Իրաւական Պետութեան Գաղափարը

 

Ստորեւ կը հրատարակենք յետ ընտրական իրավիճակի մասին Լիլիթ Գալստեանի հետ «Օրակարգ» օրաթերթի կատարած հարցազրոյցը, որ լոյս տեսած է 24 մայիսին:

ԽՄԲ.

ՀԱՐՑՈՒՄ.- Լիլիթ, ինչո՞վ է պայմանաւորուած յետընտրական լռութիւնը: Խորհրդարանական ընտրութիւններից անցել է մօտ երկու շաբաթ, բայց ո՛չ իշխանական, ո՛չ էլ ընդդիմադիր կողմը որեւէ յայտարարութեամբ, որեւէ գնահատականով, եթէ հաշուի չառնենք մամուլից հնչող հատուկենտ յայտարարութիւնները, հանդէս չի եկել:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Իսկապէս, ոչ հաճելի յետընտրական լռութիւն կայ` աղաղակող, տխուր, ցաւեցնող լռութիւն:  Շարունակ մտքիս մէջ «Աւերակացս ոնց թագաւորեմ»  արտայայտութիւնն է: Կարծեմ` այս զգացողութիւնը շատերն են կիսում:

Անցնող տարիների ընթացքում միջազգային դիտորդական կառոյցների կողմից երբեք չէինք ունեցել այսքան դրական գնահատական, եւ միեւնոյն ժամանակ նիւթական գործօնը երբեք այդքան որոշիչ չէր եղել: Ըստ էութեան, մայիսի 6-ին ընդամէնը «օրինականացուեցին» նախընտրական զանգուածային եւ խիստ արհեստավարժ ընտրակեղծիքները: Ցաւօք, արդիւնքում Հայաստանում ջախջախուեցին ժողովրդավարական քաղաքական հաստատութիւններն ու դրանց բովանդակութիւնը:

Մի կողմում 85 առ հարիւրանոց մեծամասնութիւնն է, որի յետեւում ծախուած եւ գնուած ձայներ են, միւսում` 15 առ հարիւրանոց քաղաքացիական հասարակութեան, կողմնորոշուած քաղաքացիների կամ ընդդիմադիր դաշտի ձայներով, որոնք ընդդիմադիր քաղաքական ուժերի տարբեր բեկորների միջեւ բաժանուեցին: Ցաւալին այն է, որ արդիւնքում բոլորը պարտուեցին. պարտուեցին, թէ՛ իշխանութիւնը, թէ՛ ժողովուրդը եւ յատկապէս ժողովրդավարութեան արժէքները: Եւ այս լռութիւնը, կարծում եմ, բոլոր կողմերի` մի կողմից իշխանութեան եւ հասարակութեան  մեղքի գիտակցում ունի իր մէջ:

Այսօր ունենք փսորած հասարակութիւն` իր թերի քաղաքացիներով, միւս կողմում էլ` իբր թէ  ժողովրդավարական երկիր, որի որեւէ հաստատութիւն ժողովրդավարութեան դասական ըմբռնումին,  չափորոշիչներին եւ չափանիշներին չի համապատասխանում: Չկարծէք, թէ պարտուած քաղաքական ուժի զգացողութիւններս եմ բարձրաձայնում. մենք իսկապէս ունեցանք մի իրավիճակ, երբ  չկան յաղթողներ, բայց հաստատ պարտուել է ժողովրդավարական, ընկերային եւ իրաւական պետութեան գաղափարը, որ շարունակում է սահմանադրական հաստատում լինել: Իսկ եթէ  հրաժարւում ենք դրանցից եւ բացարձակապէս այլ արժէքների եւ գաղափարախօսութեան երկիր ենք կառուցում, էդ դէպքում միգուցէ բացատրութիւններ կարելի է գտնել: Բայց չի կարելի անընդմէջ հասարակութեանը սնել ժողովրդավարութեան եւ ժողովրդավարութեան հաստատութիւնների մասին արժէքներով, եւ ամէն ինչ անել կառուցելու հակառակը եւ ջարդելու պետութեան մէջքը, հասարակութեան մէջքը եւ այդպէս սպաննել սեփական քաղաքացուն: Ի վերջոյ, պետութիւնը ազգի կազմակերպման համակարգ է եւ նրա բացառիկ  պատասխանատուութիւնն է սեփական հասարակութեանը արժէքների փոխանցումը:

Հ.- Առկայ լռութիւնը արդեօ՞ք պայմանաւորուած է քոալիսիոն կազմել-չկազմելու հարցի շուրջ տեղի ունեցող առեւտրով:

Պ.- Անշուշտ, ընտրութիւններին յաջորդում են իշխանութեան ձեւաւորման ձեւաչափի շուրջ քոալիսային քննարկումներն ու առեւտուրը: Նախընտրական շրջանում գաղափարական բանավէճ երբեք չծաւալուեց, եւ այսօր էլ քաղաքական օրակարգի հիմնական խնդիրը իշխանութիւն պահելու, վերցնելու, իշխանութիւնը երկարաձգելու հարցն է: Մեր քաղաքական օրակարգում երբեք չդրուեցին` ինչ երկիր ենք կառուցում, որոնք են այդ երկրի արժէքները, ով է նրա քաղաքացին, խնդիրները: Մեզանում, քանի որ գաղափարական ընդհանրութիւնը քոալիսիոն կազմելու նախապայման չէ, չեմ բացառում, որ նախընտրական շրջանում ընդդիմադիր կեցուածք որդեգրած քաղաքական գործիչները կամ ուժերը քոալիսիոնի մաս կազմեն:

Հ.- Բայց Դաշնակցութիւնը արդեօք փորձե՞ց այս անցնող հինգ տարիների ընթացքում ձեւաւորել քաղաքական փիլիսոփայութիւն, քաղաքական մշակոյթ եւ արժէքներ թելադրել:

Պ.- Ցաւօք, Հայաստանի քաղաքական մշակոյթն ու այն իրացնող քաղաքական մեծամասնութիւնը, ուղեկցւում է մեր դէմ խաղ չկայ փիլիսոփայութեամբ, որը ոչ թէ վերջին հինգ տարիների, այլ մեր քաղաքական աւանդոյթի մէջ 1991-ից շրջանառուող վարքագիծ է: Մեծամասնութիւնն իր խաղի կանոնները պէտք է ունենայ` բայց երբեք չնուաստացնելով ու չբացառելով փոքրամասնութեան կարծիքը, մօտեցումները. ի վերջոյ այս երկու բեւեռների բախումից պէտք է ծնուեն քաղաքական ճշմարտութիւնները: Անցնող հինգ տարիների ընթացքում Դաշնակցութիւնը թէ՛ իրավիճակի քաղաքական, տնտեսական գնահատական է տուել, թէ՛ լուծման ուղիներ առաջարկել: Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք, եւ ներկայ բարոյական ճգնաժամը շատ աւելի լուրջ ու դժուար յաղթահարելի է, քան` միւսները: Գրեթէ անկարելի է  տնտեսական եւ այլ  ռազմավարական ծրագրեր իրականացնել, եթէ յուսալքուած, անկումային տրամադրութեան մէջ է քո երկիրը, նրա քաղաքացին: Իսկ դու այդ քաղաքացուն 10-15 հազար գնահատեցիր, խօսքն այս մասին է: Ինչպէ՞ս մեզ յաջողուեց անկախութեան այս 20 տարիներին այսքան ստրուկ եւ մանկուրդ բուծել: Ցաւով եմ հնչեցնում այս  գնահատականը, բայց սա մեր պետութեան գլխաւոր ու աններելի ձախողումն էր: Գուցէ նաեւ դա մտածուած էր արւում, որովհետեւ ստրուկին եւ մանկուրդին կառավարելը հեշտ էր:

Հ.- Դուք, կը շարունակէ՞ք քաղաքական աշխուժութիւն ցուցաբերել Ազգային ժողովից դուրս, թէ՞ դա հնարաւոր է միայն խորհրդարանում:   

Պ.- Ես ասել եմ, որ իմ` քաղաքականութիւնից հեռանալու մասին լուրերը չափազանցուած են,  ես ինձ երբեք դուրս չեմ դնում քաղաքականութիւնից, հաշտուող քաղաքացու եւ մարդու տեսակը չեմ: Այդպէս ստացուեց, որովհետեւ այն արժէքները, որ շատերս էինք կրում` ե՛ւ ես, ե՛ւ ՀՅԴ, ե՛ւ այլ պատգամաւորներ, լուսանցքուեցինք` ոչ միայն անարդար խաղի կանոնների, համատարած ընտրակեղծիքների, այլեւ արժէքային համակարգի պատճառով: Ցեխի եւ սելաւի պէս մեր իրականութիւն յորդեցրեցին «արժէքներ», որոնք նեղացրին   մեր տեսակի կենսական դաշտը:  Բայց չեմ ուզում մեղքը միայն իշխանութեան կամ հասարակութեան վրայ բարդել: Մենք` բոլոր քաղաքական ուժերը, պէտք է կարողանանք նաեւ մեր ձախողումներն ու  թերացումները տեսնել: Միգուցէ ռազմավարական եւ մարտավարական վերատեսութիւնների եւ լուրջ գնահատումների առիթը ունենանք, որովհետեւ, կարծում եմ, այսպէս շարունակել չի կարելի:

 

 

Share this Article
CATEGORIES