Պատերազմը Լուծում Չէ. Հայաստանին Եւ Արցախին Խաղաղութիւն Է Պէտք

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Վերջին շաբաթներին եւ ամիսներին Հայաստան-Ազրպէյճան եւ Արցախ-Ազրպէյճան սահմաններում իրավիճակը ծայրաստիճան լարուած է. հրադադարը խախտւում է ամէն օր, ամէն ժամ: Հակառակորդ բանակները միմեանց դէմ կրակ են բացում, որի պատճառով սպաննւում են երիտասարդ հայ եւ ազրպէյճանցի տղաներ: Առանց չափազանցութեան կարելի է ասել, որ որդիներին հայկական բանակ ճանապարհող հայ մայրերը նրանց պատերազմ են ուղարկում: Պաշտօնական հաղորդագրութիւնները, որոնք ստացւում են պաշտպանական դիրքերից, 1991-1994 թթ. արցախեան պատերազմի օրերի հաղորդագրութիւններն են յիշեցնում:

Միայն 2012 թուականի ընթացքում հայկական եւ արցախեան բանակները հակառակորդի խափանարարական գործողութիւնների եւ դիպուկահարների արձակած կրակոցների պատճառով կորցրել են շուրջ մէկ տասնեակ զինուորներ, կան նաեւ վիրաւորներ: Ազրպէյճանական կողմը եւս կրում է կորուստներ, եթէ վստահենք հայկական աղբիւրներին` աւելի շատ, քան` հայկական կողմերը: Թէ՛ ճշգրիտ վիճակագրութիւն չկայ, սակայն փորձագիտական մօտաւոր հաշուարկներով, 1994 թ. մայիսեան անժամկէտ հրադադարից յետոյ Հայաստանն ու Արցախը կորցրել են շուրջ 1000, իսկ Ազրպէյճանը` շուրջ 3000 զինուոր:

Յիշեցնենք, որ 1994 թ. հրադադարից ի վեր Հայաստան-Ազրպէյճան եւ Արցախ-Ազրպէյճան սահմանները կամ շփման գիծը գրեթէ փոփոխութեան չեն ենթարկուել: Գուցէ պարկեշտ չէ թուաբանական հաշուարկներ կատարելը, երբ խօսքը վերաբերում է մարդու կեանքին` անգամ մէկ 20-ամեայ հայ երիտասարդի կորստին: Բայց ստացւում է, որ սթաթիւս քուոյի պահպանման  պայմաններում, երբ Հայաստանը, Արցախը եւ Ազրպէյճանը տարածքային չափումով ոչինչ չեն զիջել եւ ոչինչ չեն նուաճել, կորցրել են շուրջ 4000 երիտասարդ տղաների:

Այսօր Հայաստանում, Արցախում եւ յատկապէս Ազրպէյճանում կրկին հնչում են պատերազմի կոչեր: Պատերազմը, սակայն, լուծում չէ: Գուցէ Ազրպէյճանը, ծնելիութեան բարձր ցուցանիշներ ունենալով, չի ափսոսում շփման գծում սպաննուող իր երիտասարդների համար: Գուցէ Իլհամ Ալիեւի եւ Ազրպէյճանում իշխող վարչախմբի համար պատերազմական հռետորաբանութիւնը եւ շփման գծում պատերազմական վիճակը պահպանելը քաղաքականապէս շահեկան է, անգամ եթէ դրա դիմաց նրանք վճարում են մարդկային կորուստներով:

Այն սթաթիւս քուոն, որ այսօր առկայ է Արցախում, ինչ-որ իմաստով տրամաբանական է: Եթէ նայում ենք շփման գիծը կամ երբ քայլելով անցնում ենք շփման գծի երկայնքով` Արաքսի ափից Հորադիզ, այնտեղից գրեթէ ուղիղ գծով դէպի Մարտակերտ, ապա Մռաւի լեռներով դէպի Սեւանայ լիճ, տեսնում ենք, որ այդ սահմանները պաշտպանելու իմաստով ամէնից յարմարն է հայկական կողմի համար: Հայաստան-Ազրպէյճան պետական սահմանի երկայնքով եւս, բացառութեամբ մի քանի հատուածների (Տաւուշի մարզի Նոյեմբերեանի եւ Բերդի որոշ մասերի), հայկական դիրքերը աշխարհագրօրէն աւելի բարձր են: Աւելի պարզ բառերով` հայերը լեռների վրայ են, ազրպէյճանցիները` դաշտավայրում: Լեռների վրայ կանգնած մէկ հայ զինուորը կարող է պաշտպանել ազրպէյճանական տասը զրահամեքենայի գրոհը: Մի ամերիկացի ռազմական փորձագէտ ասել է, որ մինչեւ սպառուեն հայկական կողմի փամփուշտները, ազրպէյճանցիները այլեւս զինուորներ չեն ունենայ:

Հայաստանի եւ Արցախի համար, այսօրուայ պայմաններում, առաւելագոյն նպատակը պիտի լինի սթաթիւս-քուոյի պահպանութիւնը: Պիտի հասկանալ, որ նոր պատերազմը (բացի այն, որ կարող է լինել արիւնալի ու աղէտաբեր` տասնեակ հազարաւոր մարդկային կորուստներով ու աւերածութիւններով) չի բխում առաջին հերթին Հայաստանի եւ Արցախի շահերից: Պիտի հասկանալ, որ իւրաքանչիւր պատերազմ ունենում է յաղթող եւ պարտուող կողմեր: Կարո՞ղ ենք հարիւր տոկոսով համոզուած լինել, որ նոր պատերազմում հայկական բանակը կրկին յաղթանակ կը տանի: Ուրեմն, քանի դեռ անգամ նուազագոյն հաւանականութիւն կայ, որ հայերը կարող են պարտուել, պէտք է խուսափել նոր պատերազմից:

Հայ-ազրպէյճանական կամ արցախեան նոր պատերազմը, լայն հաշուով, կարող է ունենալ երեք հիմնական արդիւնք: Առաջին. Ազրպէյճանը լայնածաւալ նոր պատերազմ է սկսում, սակայն հանդիպելով հայկական դիմադրութեանը` ոչ միայն չի կարողանում տեղաշարժի ենթարկել շփման գիծը, այլ նահանջում է: Օգտագործելով առիթը եւ պատժելով հակառակորդին` հայկական բանակը առաջ է շարժւում է եւ իր վերահսկողութեան տակ առնում նորանոր տարածքներ Ազրպէյճանի խորքում, մինչեւ Կուր-Արաքս միջագետք: Այսպիսով, Հայաստանն ու Ազրպէյճանը եւ Արցախն ու Ազրպէյճանը միմեանցից տարանջատւում են ոչ թէ ցամաքային շփման գծով, ինչպէս այսօր է, այլ գետերով: Սա պատերազմի այն ելքն է, որ շատ հայեր երազում են: Բայց, համաձայնէք, երազանքը սահման չունի: Երազելու հետ մէկտեղ պէտք է հաշուի առնել միջազգային իրադրութիւնը, մեզ շրջապատող թուրքական աշխարհը, Հայաստանի իրական հնարաւորութիւնները, ժողովրդագրական վիճակը:

Հայ-ազրպէյճանական նոր պատերազմի երկրորդ հնարաւոր ելքը կարող է լինել հետեւեալը. Ազրպէյճանը դիմում է ռազմական լայնածաւալ գործողութիւնների, ճեղքում է շփման գիծն ու առաջ շարժւում: Այս պահին ընթերցողը կը հարցնի. բայց չէ՞ որ հայկական բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում: Անկասկած հայկական բանակն ամենամարտունակն է, բայց որեւէ բանակ անպարտելի չէ: Եղել են պահեր, երբ հէնց 1991-1994 թթ. պատերազմում հայկական ուժերը յայտնուել են անելանելի վիճակներում: Օրինակ, յիշո՞ւմ էք, երբ 1992-ի ամրանը ազրպէյճանական բանակը գրաւել էր Լեռնային Ղարաբաղի աւելի քան 40 տոկոսը, մարտերն ընթանում էին Գանձասարի հատուածում, իսկ հայկական բանակում տիրում էր խուճապ: Քանի դեռ անգամ կայ մէկ տոկոս պարտուելու հաւանականութիւն, Հայաստանը պիտի գործի դնի իր ողջ դիւանագիտական եւ քաղաքական զինանոցը եւ իր գործընկեր պետութիւնների, ԵԱՀԿ Մինսքի խմբի ու միջազգային հանրութեան աջակցութեամբ զերոյին հաւասարեցնի պատերազմի վերսկսման հաւանականութիւնը:

Հայ-ազրպէյճանական նոր պատերազմը կարող է ունենալ նաեւ երրորդ ելք: Ազրպէյճանը դիմում է լայնածաւալ ռազմական գործողութիւնների, հայկական եւ ազրպէյճանական բանակները գործի են դնում իրենց ողջ զինանոցը` օդուժը, հեռահար հրթիռակոծութեան զէնքերը, սակայն երկկողմ մարտերի արդիւնքում սթաթիւս քուոն չի փոխւում. հայկական եւ ազրպէյճանական դիրքերը մնում են այսօրուայ շփման գծի երկայնքով: Վերջին տարիներին հակառակորդ բանակները, յատկապէս Ազրպէյճանը, ձեռք է բերել միլիառաւոր տոլարներ արժողութեամբ ժամանակակից ռազմական սարքաւորումներ: Ինչպէս 1991-1994 թթ. պատերազմի տարիներին, այնպէս էլ նոր պատերազմի դէպքում, կողմերը հրթիռակոծելու են խաղաղ բնակավայրերը: Այսօր Ազրպէյճանը Նախիջեւանում տեղակայել է ռազմական այնպիսի զինատեսակներ, որ կարող է հարուածել հէնց Երեւանին: Նախիջեւանի սահմանից մինչեւ Հայաստանի մայրաքաղաք ընդամէնը 50 քմ է: Իր հերթին հայկական ուժերը կարող են հրթիռահարել Ազրպէյճանի մեծ քաղաքները, որոնք հայ-ազրպէյճանական սահմանից հեռու չեն:

Հայաստանի եւ Արցախի այսօրուայ կեցուածքն ու մարտավարութիւնը, այն է` համարժէք եւ անհաւասար պատասխան տալ հակառակորդի ոտնձգութիւններին ու խափանարարական գործողութիւններին, թւում է` չունեն այլընտրանք: Պաշտօնական Երեւանը մի քանի անգամ յայտարարել է, որ իւրաքանչիւր հայ զինուորի սպանութեան դիմաց ազրպէյճանական կողմը կրելու է աւելի ծանր մարդկային կորուստներ: Եթէ անգամ մէկ հայ զինուորի դիմաց Ազրպէյճանը կրի 10 զոհ, միեւնոյնն է, դա սփոփանք չէ այն հայ մայրերի համար, որոնք իրենց որդիներին ուղարկում են սահմանները պաշտպանելու, բայց ստանում են նրանց անշնչացած մարմինները:

Մարդու կեանքը չես կարող վերադարձնել, բայց շատ կարեւոր է, որ յանուն հայրենիքի ընկած զինուորները արժանանան ամենաբարձր պատուի ու մեծարանքի: Մինչեւ այսօր սահմանում սպաննուած հայ զինուորները չեն հերոսացուել, նրանց ընտանիքները կառավարական ֆինանսական ու բարոյական նեցուկին չեն արժանացել, լրատուամիջոցները շատ յաճախ, ընդամէնը մէկ տողով են հաղորդագրութիւն տարածել, որ շփման գծի հատուածում սպաննուել է հայ զինուոր: Մի՞թէ սա է Հայաստան պետութեան եւ հայ հասարակութեան գնահատականը: Մի՞թէ այս տղաները արժանի չեն հերոսի կոչման եւ արդեօք նրանք չե՞ն հէնց իրական հերոսները:

Երկրորդ, քանի որ խախտւում է Հայաստանի պետական սահմանը, պէտք է պատասխանատուութեան ենթարկուեն այն հայ զօրահրամանատարները, որոնց անփութութեան պատճառով Ազրպէյճանից խափանարարական խումբը ներխուժում է Հայաստանի տարածք եւ սպաննում հայ զինուորներին: Պէտք չէ միայն ամբողջ մեղքը բարդել հակառակորդի վրայ: Ինչպէ՞ս է ստացւում, որ հակառակորդը կարողանում է մի քանի անգամ սահմանի նոյն հատուածից ներխուժել Հայաստան: Չնայած պաշտօնական հաղորդագրութիւնները լռեցին, բայց անկախ աղբիւրներից յայտնի դարձաւ, որ այս տարուայ ապրիլի վերջերին Տաւուշի մարզում սպաննուած երեք զինուորականները սպաննուել էին Հայաստանի տարածքի ներսում, այլ` ոչ հէնց սահմանին եւ ոչ դիպուկահարի կրակոցից:

Յատուկ «Ազդակ»-ի համար 

 

Share this Article
CATEGORIES