Իգոր Մուրադեանի Փչացած Ձայնասկաւառակը

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Հայաստանում մարդիկ կան, ովքեր ամէն ինչ գիտեն: Գիտեն, թէ՛ Հայաստանում կատարուող ամէն ինչի եւ թէ՛ տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող ամէն մի բացայայտ ու գաղտնի  անցուդարձի մասին: Այդ մարդկանց թուին է պատկանում նաեւ, ոչ անյայտ, Իգոր Մուրադեանը: Եւ որովհետեւ ինքը ամէն ինչ գիտի, իսկ ուրիշները ոչինչ չգիտեն, նա իր պարտքն է համարում ոչ միայն քամահրաբար գնահատել բոլորին, այլեւ որոշել, թէ ո՛վ ինչ պէտք է անի, որ չի անում: Յատուկ գայթակղութիւն չունենալով սոյն տեսաբանի մտքի գոհարները ներկայացնելու` կատարեմ մէկ փոքրիկ մէջբերում` վերն ասուածն ապացուցելու համար: 2011 թուականի սեպտեմբերի 8-ին, հանդէս գալով լրագրողների առաջ, Իգոր Մուրադեանն ասում է. «Մեր վերնախաւը ընդհանրապէս չի հասկանում, թէ ինչպէ՛ս է զարգանում աշխարհը, իսկ ամենակրթուած մարդիկ, որոնք իրենց դասում են մտաւորականների շարքին, իրենք էլ դժուարութեամբ են հասկացել աշխարհի հիմնական կենտրոնների շահերը»:

Ինչպէս տեսաք, մարդուն դժուար է մեղադրել ինքնագոհ ամբարտաւանութեան պակասի մէջ: Եւ, ի դէպ, սա միակ օրինակը չէ:

Իգոր Մուրադեանի մշտական  թիրախներից մէկն էլ  Դաշնակցութիւն կուսակցութիւնն է: Խիստ մտահոգ լինելով այս կուսակցութեան ճակատագրով ու անելիքների հարցով` մեծ տեսաբանը  թէ «բացայայտում է» կուսակցութեան ներքին «արատները» եւ թէ՛ շանթաժի դիմելով`  փորձում է պարտադրել, որ Դաշնակցութիւնն անի այն, ինչ իր կարծիքով կուսակցութիւնը պէտք է անի: Մեղմ ասած` շատ միամիտ ցանկութիւն չէ՞ որեւէ կազմակերպութեան վարկաբեկելով պարտադրել, որ նա  շարժուի քո ուզածով: Ընդ որում, պարոն Մուրադեանի գաղափարա-քարոզչական թիրախները նոյնքան հին են, որքան` բոլոր այն հակադաշնակցականներինը, ովքեր վաղուց յայտնուել են պատմութեան աղբանոցում:

Արդէն մօտ մէկուկէս տասնամեակ Իգոր Մուրադեանը  յայտարարում է, թէ Դաշնակցութեան ղեկավարութիւնը հեռացել է այս կուսակցութեան արժեհամակարգից եւ խիստ մտահոգ ու բորբոքուած շարքերը  շատ շուտով յեղափոխութիւն են անելու կուսակցութեան ներսում: Անցնող տարիներին Իգոր Մուրադեանի բանդագուշանքներից ոչ մէկը չիրականացաւ, ինչը կարելի է համարել իր «ճշմարտութիւնները» հերքող  լաւագոյն փաստարկ, բայց փոխարէն  սկսուելու` Իգորը  շարունակում է նոյն եռանդով պտտեցնել փչացած ձայնասկաւառակը: Իգոր Մուրադեանն, օրինակ, ամէն անգամ որոշում է, թէ Ղարաբաղում նախագահի որ  թեկնածուին պէտք է սատարի Դաշնակցութիւնը, եւ երբ կուսակցութիւնը նրա որոշումով չի շարժւում, նա մի տեւական ժամանակ զլում է իր նուագարկիչը: Ահաւասիկ այժմ էլ նրան հունից հանել է այն, որ Արցախի ՀՅԴ կառոյցը յայտարարել է գալիք ընտրութիւններում գործող նախագահ Բակոյ Սահակեանին  պաշտպանելու մասին: Հաւանաբար ցանկանալով շարքերին մղել կուսակցական ղեկավարութեան եւ կայացուած  որոշման դէմ` նա յայտարարում է, թէ  այս որոշմանը շարքերը խիստ դէմ են: Արցախի ՀՅԴ կազմակերպութեան Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը  հարցազրոյցով յաւելեալ բացատրութիւն էր տուել, թէ ինչո՛ւ են որոշել պաշտպանել գործող նախագահի թեկնածութիւնը: ԼՂՀ հարցի վերաբերեալ Բակօ Սահակեանի արտայայտած դիրքորոշումները հիմնականում արտայայտում են այս հարցում Դաշնակցութեան սպասելիքները: Բակօ Սահակեանը կողմ է նաեւ ազատագրուած տարածքների  բնակեցման գաղափարին եւ ինչպէս այս, նոյնպէս եւ այլ առիթներով Դաշնակցութեան հետ մասնակցել է տարբեր ձեւաչափի քննարկումների: Կարելի է ենթադրել, որ նախագահի վերընտրութեան դէպքում, համահայկական նշանակութեան այս խնդիրների շուրջ, թէ մօտեցումները չեն փոխուի եւ թէ՛ կը շարունակուեն կուսակցութիւն-ԼՂՀ իշխանութիւն արդիւնաւէտ փոխշփումները: Արդեօ՞ք սրանք  հիմնաւոր  պատճառներ չեն, որպէսզի  կուսակցութիւնը որոշի սատարել մէկին:

Ամբողջ աշխարհում դաշնակցական կառոյցները տուեալ որոշումը, ընդունեցին ի գիտութիւն, իսկ Դաշնակցութեան հետ կապ  չունեցող  Ի. Մուրադեանը  խառնուեց իրար:

Իգոր Մուրադեանը, ՀՅԴ-ին սեւացնելու համար, յայտարարում է, թէ այս կուսակցութիւնն այլեւս գոյութիւն  չունի: Եթէ գոյութիւն չունի, ապա  աւելի ճիշդ չէ՞ր լինի, եթէ  մեծ տեսաբանը յուզուէր իր ծաւալներին համապատասխան, ընդհանրական հարցերի առիթով: Իգոր Մուրադեանն ասում է, թէ  Դաշնակցութիւնը ընտրութիւններում հինգ տոկոս էլ չի հաւաքել: Հետաքրքրական է, որ նա խօսք չի ասում երկրի վարկին  ու ապագային վնաս բերած խայտառակ ընտրութիւնների մասին, բայց հարկ է համարում ասելու բաներ, որոնք թերեւս հաճոյ կարող են լինել իշխանութեան քիմքին: Եւ նման պահուածքը, երեւի ոչ պատահականօրէն, ոմանց առիթ է տալիս պարոն Մուրադեանի անունը դնել իշխանական դհոլների ցուցակում:

Ինչպէս բոլորն են վկայ, Դաշնակցութիւնը թէ՛ այս, թէ՛ նմանատիպ ցեխարձակումներին հազուադէպ է արձագանգում: Պատճառն այն է, որ դրանց մեծ նշանակութիւն չի տրւում: Այս մասին լաւ կը լինէր հասկանար Իգոր Մուրադեանը եւ` ոչ միայն նա: Յաճախ հայհոյանքը վնաս չի բերում հասցէատիրոջը, բայց վարկաբեկում ու նսեմացնում է հայհոյողին: Այս վերջին  դիտարկումը` բարեկամաբար, գուցէ եւ տեղ հասնի:

 

16 յունիս, 2012

 

Share this Article
CATEGORIES