Յունիսի 15-ը Հայկական Դրօշի Օրն Է
Հայկական բոլոր թագաւորութիւններն ունեցել են իրենց դրօշները: Ասում են` հայոց հողի վրայ առաջին դրօշը պարզել է Հայկ Նահապետը: Դրօշներ են ունեցել նաեւ Արտաշիսեան, Արշակունի, Բագրատունի թագաւորական տոհմերը, Կիլիկիայի հայկական թագաւորութիւնը, նախարարական տոհմերը, այսօր դրօշներ ունեն անկախ Հայաստանի ու Արցախի հայկական հանրապետութիւնները (արցախեան գոյամարտի ժամանակ իրենց դրօշներն են ունեցել նաեւ պատերազմին մասնակցած կամաւորական ջոկատները): Հայոց պատմութեան մէջ դրօշը նշանակութիւն է ունեցել պատերազմների, ծովագնացութեան եւ կրօնական արարողութիւնների ժամանակ: Այսօր էլ Հայաստանի ներկայ արտաքին եւ ներքին կեանքի ու քաղաքականութեան մէջ առաջնահերթ դեր են կատարում Հայաստանի պետական խորհրդանիշները, այդ թւում եւ` դրօշը:
Հնում հայկական արքայական դրօշների վրայ պատկերուած են եղել ուժի, միասնութեան եւ յաղթութեան խորհրդանիշներ` արքայական գաւազան, առիւծ, խաչ, արծիւ… Այսօր գոյների միջոցով է մեր դրօշի վրայ արտայայտւում հայ ժողովրդի մշտական պայքարը` ապրելու, յարատեւելու, կապոյտ երկնքի տակ իր տեղն ունենալու ձգտումը:
Կարմիր, կապոյտ, ծիրանագոյն գոյներով հայոց եռագոյնը վերականգնուել է 1990 թուականի օգոստոսի 24-ին` Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի կողմից: Իսկ 2006 թուականի յունիսի 15-ին Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովն ընդունել է նոր` «Հայաստանի Հանրապետութեան պետական դրօշի մասին» օրէնքը: Երկու տարի առաջ 2010 թուականին յունիսի 15-ը ճանաչուեց իբրեւ հայոց դրօշի օր:
Առաջին հանրապետութեան ժամանակ ստեղծուած հայոց եռագոյնը, ճիշդ է, կիրառուել է 1918 թուականին, սակայն միանգամից չի հաստատուել այն ժամանակուայ պետական մարմինների` կառավարութեան եւ խորհրդարանի կողմից: Եւ միայն 1918 թ. յուլիսին` Թիֆլիսի եւ Երեւանի Ազգային խորհուրդների` Երեւանում կայացած միացեալ նիստում է ընդունուել եռագոյնը` վերջնական հաստատումը թողնելով Սահմանադիր ժողովին: Դրօշակի ձեւի եւ գոյնի մասին երկար խորհրդակցութիւններ են տեղի ունեցել (ինչպէս իր գրութիւններում նշել է Սիմոն Վրացեանը), նկատի են առնուել հայոց պատմական դրօշակները, իր հեղինակաւոր խօսքն է ասել հայագէտ Ստեփան Մալխասեանը, եւ ի վերջոյ որոշուել է ընդունել հորիզոնական կարմիր, կապոյտ եւ ծիրանագոյն երեք գոյները, մի պայմանով, որ վերջնական որոշումը կը կայացնի Սահմանադիր ժողովը, որը պէտք է գումարուէր Հայաստանի երկու հատուածների միացումից յետոյ:
Առանձին պատգամաւորներ հանդէս են եկել դրօշակի գոյների դէմ` նշելով որոշ պատճառներ, բայց Հայաստանի խորհուրդն
այդ պատճառաբանութիւնները նկատի չի ունեցել եւ դրօշի գոյների ընտրութիւնն ու դասաւորութիւնը աւելի շուտ քուէարկութեան պատահականութեան արդիւնք էր:
Պատգամաւորների մի մասի առարկութիւնն այն էր, որ գործնական տեսակէտից Հայաստանում դժուար էր նարնջագոյն կերպաս գտնել: Առաջարկում էին նարնջագոյնի փոխարէն դնել կանաչ գոյնը` նշելով, որ մեր պատմութեան մէջ դեր ունեցած կարեւոր գոյն է կանաչը: Նարնջագոյնը պաշտպանում էր Յովհաննէս Քաջազնունին, որը ղեկավարւում էր գեղասիրական սկզբունքներով. նրան դուր էր գալիս կարմիրի, կապոյտի եւ նարնջագոյնի ներդաշնակութիւնը: Սակայն ինչպէս նշեցինք, նարնջագոյն կտոր այդ օրերին դժուար էր գտնել, եւ ներքին գործերի նախարար Արամ Մանուկեանը ելք է գտնում. 1918 թուականի սեպտեմբերի 19-ին նա շրջաբերական հրահանգ է ուղարկում պետական կառավարման հիմնարկութիւններին` ունենալ եւ կրել «Հանրապետութեան դրօշակ` հետեւեալ գոյներով, ըստ կարգի վերեւից ներքեւ` կարմիր, կապոյտ, դեղին»:
Մեր դրօշի շուրջ խորհրդածութիւններին միացել է նաեւ նշանաւոր նկարիչ Մարտիրոս Սարեանը:
Իր տեսակէտները Հայաստանի պետական դրօշի գոյների եւ դրանց հերթականութեան մասին նա յատուկ նամակով փոխանցել է հանրապետութեան վարչապետ Ալեքսանդր Խատիսեանին:
Նամակը, որ գրուած է ռուսերէն, 1919 թ. յուլիսի 3-ին Նոր Նախիջեւանից, հրատարակուել է նկարչի թոռնուհին` Ռուզան Սարեանը: Ցաւօք հրապարակումը չի ուղեկցւել Մարտիրոս Սարեանի երեք ջրաներկ պատկերների (դրօշի) վերատպումով: Ահա հայոց դրօշի գոյների մասին մեծ նկարչի նամակը.
Մեծարգոյ Ալեքսանդր Իվանովիչ,
Մօտ մէկ ամիս առաջ զեկուցման համար այստեղ էր եկել Հայաստանի ներկայացուցիչ, հայոց խորհրդարանի անդամ Մարտիրոս Յարութիւնեանը: Ի միջի այլոց, ես նրանից եմ իմացել մեր ազգային դրօշի մասին, որը խորհրդանշում է ծիածանը: Գաղափարը բոլոր առումներով հանճարեղ է: Հրաշալի խորհրդանիշ է: Սակայն Մարտիրոս Յարութիւնեանի խօսքերից իմացայ, որ դրօշը վերջնականապէս մշակուած չէ, եւ ես` որպէս նկարիչ, համարձակւում եմ անել մի քանի առաջարկութիւններ:
Ծիածանի հիմնական գոյները հետեւեալն են` կարմիր, դեղին եւ կապոյտ, իսկ լրացուցիչներն են` նարնջագոյնը, կանաչը եւ մանուշակագոյնը: Ընդամէնը վեց գոյն, հետեւեալ հերթականութեամբ`
կարմիր, նարնջագոյն, դեղին, կանաչ, կապոյտ, մանուշակագոյն:
Գոյների նման հերթականութիւնը թողնում են ծիածանի ամբողջական տպաւորութիւն, եւ ինձ թւում է, թէ հէնց այդպիսին պէտք է լինի Հայաստանի դրօշը:
Եռագոյն դրօշներ ընդհանրապէս բաւականին շատ կան: Գոյութիւն ունի նաեւ Դոնի բանակի կապտա-դեղնա-կարմիր դրօշը:
Իմ կարծիքով, մեզ` որպէս արեւելեան ժողովրդի, չափազանց կը պատշաճէր բազմագոյն դրօշը, որն ի յայտ է բերում ինքը` չքնաղ եւ յաւերժ գեղեցիկ ծիածանը:
Նամակին կցում եմ երեք ջրաներկ պատկերներ, որտեղ ամէն ինչ պարզ է:
Ալեքսանդր Իվանովիչ, դիմելով ձեզ, որպէս հին հասարակական գործչի եւ կրթուած մարդու, որ գլխաւորում է մեր կառավարութիւնը, յուսով եմ, որ դուք անուշադրութեան չէք մատնի դիտողութիւններս եւ ձեր ուժերի ներածին չափով ծիածանով կը կամարէք մեր տանջուած եւ սիրուած հայրենիքը:
Անկեղծօրէն ձեզ նուիրուած`
նկարիչ Մարտիրոս Սարեան
1919 թուական 31 յուլիսի
Դոնի Նախիջեւան
1-ին Սոֆիեւսկայա, 27
Սարեանի առաջարկը, սակայն, չընդունուեց եւ դժուար է պատկերացնել, թէ ինչպէս այսօր, իբրեւ պետական դրօշ, եռագոյնի փոխարէն կը նայուէր բազմագոյն դրօշը:
Այսօր մեզ հոգեհարազատ է մեր եռագոյնը, որն անցել է տասնամեականների փորձութեան միջով եւ պահել է միակ ու առաջատար լինելու իրաւունքը:
Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

