Հայ Եկեղեցւոյ Լուսապսակ Սուրբեր. Մեծն Ներսէս Հայրապետ` Լուսաւորիչ Սրտերի
ԿՈՐԻՒՆ ԱՐՔ. ՊԱՊԵԱՆ
Հայ եկեղեցւոյ աստղաքանդակ երկնակամարը զարդարող բազմաթիւ լուսապսակ սուրբերի եւ մարտիրոսների, մշակոյթի ու գրականութեան լուսապայծառ դէմքերի, շնորհալի քերթողների եւ հայրենապաշտ պատմիչների, ճգնասուն վանականների եւ աստուածարեալ աղօթողների, սրբազան հայրերի ու սրբակրօն հայրապետների համաստեղութեան մէջ իր իւրայատուկ տեղն ունի Ս. Ներսէս Պարթեւ հայրապետը: Նա իր առաքելատիպ անձնաւորութեամբ, բացառիկ անհատականութեամբ եւ ժողովրդանուէր ծառայութեամբ արդարօրէն արժանացել է «Մեծն» տիտղոսին եւ իր բանաւոր հօտի զաւակների կողմից հռչակուել է որպէս Լուսաւորիչ Սրտերի:
Նրա յիշատակը, համաձայն մեր Եկեղեցւոյ տօնացոյցի, ոգեկոչւում է Գրիգոր Լուսաւորչի զաւակներից եւ թոռներից առանձին, իր հաւատարիմ տեղապահի եւ գործակիցի` Խադ եպիսկոպոսի հետ: Ստորեւ ներկայացնում ենք նրա կենսագրութիւնն ու կաթողիկոսական տարիների ընթացքին կատարած բարեկարգչական ու բարեգործական, կրօնական ու վանական հաստատութեանց հիմնադրման ու կազմակերպման աշխատանքների համառօտ պատկերը:
Փառէն Աշտիշատեցի կաթողիկոսի մահուանից յետոյ Արշակ Բ. թագաւորը գումարել տուեց մի մեծ ժողով, որի նպատակն էր թափուր մնացած հայրապետական գահի համար ընտրել մի նոր կաթողիկոս: Այդ ժողովին մասնակցող բարձրաստիճան եկեղեցական դասի եւ հայ նախարարների ցանկութիւնն էր տեսնել կաթողիկոսական աթոռին բազմած Ս. Գրիգոր Լուսաւորչի տոհմից մի անձնաւորութիւն, որը միաժամանակ վայելէր ողջ Հայ եկեղեցւոյ զաւակների սէրն ու յարգանքը: Ուստի, ժողովականները իրենց աչքերը սեւեռեցին Լուսաւորչի շառաւիղից միակ վերապրող Յուսիկ հայրապետի թորան` Ներսէս իշխանի վրայ, որը որպէս արքունի սենեկապետ, թագաւորի փառաւոր սուրը բռնած` կանգնել էր այնտեղ: Ի դէպ յիշենք, որ Յուսիկն իր հերթին թոռն էր Գրիգոր Լուսաւորչի, ուստի Ներսէսը թոռան թոռն էր մեր Հաւատոյ Հօր` սրբոյն Գրիգորի Լուսաւորչի: Ներսէսի անձի մէջ յարմարագոյն Հայ Եկեղեցւոյ պետը տեսնելու կարծիքը նաեւ տիրապետող էր վանականների եւ միայնակեացների մէջ. այս կապակցութեամբ արդէն մի տեսիլք էր ունեցել Պարթեւ Գնունի անուն` նախարարական տոհմին պատկանող մի ճգնաւոր:
Ներսէսի մասին ժամանակակից պատմիչ Փաւստոս Բիւզանդացին գրում է, որ նա բարձրահասակ, յաղթանդամ, թիկնեղ, վայելուչ եւ գեղեցկադէմ մի երիտասարդ էր, զինուորական բարձր կրթութեան տէր, թագաւորի սիրելի հազարապետը, նրա սենեկապետը, պալատական գործերի ընդհանուր կառավարիչն էր: Որպէս զինուորական ասպարէզի նուիրուած իշխան, գուցէ արտաքնապէս նա երեւար` հոգեւորականի կոչումից հեռու մի անձնաւորութիւն, սակայն ներքնապէս, բոլորն էլ իմանում էին, որ նա երկիւղած ու բարեպաշտ, Աստուծոյ պատուիրաններին հաւատարիմ, մարդասէր ու զգաստ, բարի եւ առաքինի, մի խօսքով, ամէն ինչի մէջ ամէն կերպ կատարեալ մի անհատականութիւն էր:
Երբ ներկաների եւ թագաւորի յորդորներն ու թախանձագին խնդրանքը` ընդունելու հայրապետական աթոռը, մերժում է Ներսէսը` առարկելով, որ ինք մեղքերով լի, անօրէն մի անձ է, անարժան կոչուելու կաթողիկոսական այդ նուիրական աստիճանին, Արշակ թագաւորը` զայրացած, բարձրանալով իր գահից, անձամբ վերցնում է Ներսէսի ձեռքի սուրը եւ հրամայում` հանել նրա վրայից պալատական շքեղ զարդերն ու զինուորականի պատմուճանը, կտրել նրա երկար ու գանգրագեղ մազերը եւ հագցնել հոգեւորականի սքեմ: Ապա կանչելով պալատական ծերունի Փաւստոս անուն եպիսկոպոսին` կարգադրում է, որ Ներսէսին տեղւոյն վրայ անմիջապէս ձեռնադրի սարկաւագ:
Արդարեւ, յուզիչ էր պահը. ներկաներից շատերը արտասւում էին. ոմանք, հաւանաբար յուզուել էին ի տես` 25-ամեայ երիտասարդ գեղանի իշխանի` աշխարհական կեանքից հեռանալով կրօնաւորի կարգն ու հովուապետի ծանր լուծը իր վրայ վերցնելու արարողութեան: Ուրիշներ արտասւում էին, վստահաբար` երջանկութեան արցունքներով, յուսալով Ներսէսի ընտրութեամբ տեսնել վերածաղկումը Լուսաւորչի գաւազանին, ցանկանալով ողջունել Հայ եկեղեցւոյ հորիզոնի վրայ նոր արշալոյսների ծագումը:
Այնուհետեւ Արշակ թագաւորը հայ նախարարների մի մեծ շքախմբով Ներսէսին ուղարկեց Կապադովկիոյ Կեսարիա քաղաքը: Այնտեղ, հրաշախառն պարագաների ներքոյ, նոյն քաղաքի ապագայի եպիսկոպոս Բարսեղ Կեսարացու հետ, Ներսէս, ձեռամբ Կեսարիոյ Եւսեբիոս եպիսկոպոսի, ստացաւ եկեղեցւոյ նուիրապետական աստիճանները եւ ձեռնադրուեց Եպիսկոպոսապետ Հայ եկեղեցւոյ, 353 թուին: Վերադառնալով Հայաստան` նա արժանացաւ արքունիքի եւ համայն ժողովրդի կողմից կազմակերպուած ջերմ ու շքեղ ընդունելութեան:
Երիտասարդ ու կորովի նոր հայրապետը ստանձնելով իր բարձր պաշտօնը Վաղարշապատում, Հայ եկեղեցին առաւել չափով ամուր հիմքերի վրայ եւ աւելի կազմակերպուած վիճակում տեսնելու նախանձախնդրութեամբ, ձեռնարկեց մի շարք բարեկարգութեանց, որոնց անդրադառնում ենք ստորեւ:
Ներսէս, թագաւորի հաւանութեամբ, Տարօնի Աշտիշատ աւանում, ուր ամէն տարի մեծ թուով ժողովրդի մասնակցութեամբ կատարւում էին տօնակատարութիւններ, գումարեց Աշտիշատի ծանօթ ժողովը, հաւանաբար` 354 թուին, որին հրաւիրուած էին մասնակցելու եպիսկոպոսներն ու աւագ իշխանները: Ներսէս այդ ժողովի որոշումների գործադրութեամբ անձամբ ինք զբաղուեց:
Դժբախտաբար այս ժողովի որոշումները չեն հասել մեզ մեր եկեղեցւոյ ժողովական կանոնների խմբագրութեանց մէջ, այլ նրանց մասին ընդհանուր կերպով տեղեկութիւններ են հաղորդում մեզ Փաւստոս Բիւզանդն ու Մովսէս Խորենացին` իրենց պատմութեան գրքերով: Ուստի, մենք եւս բաւարարւում ենք այստեղ պատմութեան էջերից աւանդաբար մեզ փոխանցուած այդ տեղեկութիւնների յիշատակութեամբ:
Առաջին հերթին յիշենք բարեգործական այն հաստատութիւնները, որոնց հիմնադրութեամբ սկիզբը դրուեց Հայոց եկեղեցւոյ ընկերային ծառայութեան, Քրիստոնէութեան բարոյական հասկացողութեան գործնական արտայայտութեան մէկ նոր շրջանի Հայաստանում:
Ներսէս հայրապետը հրամայեց անպաշտպան մնացած որբերի, ծերերի, չքաւորների համար իւրաքանչիւր քաղաքում եւ գիւղում բացել որբանոցներ ու աղքատանոցներ, որպէսզի յիշեալները այնտեղ ապաստան գտնեն եւ անհրաժեշտ խնամքն ստանան: Նաեւ յանձնարարեց, որ այն ճամբորդները, օտարականները, որոնք իջեւանելու տեղ չունէին, այնուհետեւ ընդունուեն նման ապահով վայրերում:
Սրբազան հայրապետը ամէնուրեք քարոզում էր եւ մղում մարդկանց` բարեգործութեան: Ինք անձամբ հոգում ու խնամում էր որբերին ու չքաւորներին, հիւրասիրում աղքատներին եւ օտարականներին: Իր սեղանից կերակրւում էին կոյրերն ու կաղերը. հիւանդներն ու հաշմանդամները, որոնց վէրքերը յաճախ ինք էր դարմանում ու կապում: Կոչ էր անում բոլորին քաւելու իրենց անօրէն գործերը, մեղաւոր անցեալը` ապաշխարութեամբ, զղջումով, ողորմածութեամբ եւ բարի գործերով:
Ներսէս հայրապետի ժամանակ, նրանից առաջ եւ յետոյ` դարեր շարունակ, ընկերութեան կողմից մերժուած եւ իրենց ճակատագրին անխնամ թողլքուած կոյրերի, քոսոտների, բորոտների եւ այլ վարակիչ ախտեր ունեցող հիւանդների համար նա հաստատեց կուրանոցներ, հիւանդանոցներ եւ այլն:
Որպէսզի բարեգործական այս հաստատութիւնները տնտեսապէս ապահովուեն, Ներսէս հայրապետը նաեւ կարգադրեց, որ եկեղեցական կալուածներից որոշ թուով ագարակների եւ գիւղերի եկամուտները յատկացուեն վերոյիշեալ վայրերի պահպանման: Իսկ քրիստոնէական ու մարդասիրական այս վեհ գործի յարատեւման համար Եկեղեցու հովանու տակ գործող այս բոլոր բարեսիրական հիմնարկութիւնների որպէս ընդհանուր կառավարիչ ու վերատեսուչ նշանակեց իր հաւատարիմ եկեղեցական գործակից Խադ սարկաւագապետին, որը ամբողջական նուիրումով լծուեց այս աշխատանքին:
Ան տարիներ շարունակ մեծ ձեռնահասութեամբ կատարեց այս պաշտօնը` լիովին արդարացնելով Ներսէս հայրապետի` նրա հանդէպ ունեցած վստահութիւնը: Ահա թէ ինչո՛ւ մեր տօնացոյցում Ներսէսի հետ միաժամանակ յիշւում է նաեւ Խադ եպիսկոպոսի անունը եւ, առ այդ, մեր եկեղեցին Ներսէսի եւ Խադի յիշատակը ոգեկոչում է նոյն օրը` որպէս իրարից անբաժան գործակիցների:
Դ. դարի կէսին Հայաստանի զանազան գաւառներում դեռեւս գոյատեւում էին հեթանոսական բազմաթիւ աւանդութիւններ, ընկերային յոռի բարքեր: Օրինակ, մեռելները թաղելու ժամանակ սգաւորները բզքտում եւ արիւնոտում էին իրենց երեսները, պատառոտում` իրենց զգեստները, անյուսութեամբ ողբաձայն լաց ու կոծ էին անում: Ներսէս հայրապետ խստիւ արգելեց այդ բոլորը եւ յանձնարարեց կատարել թաղման կարգը` ըստ քրիստոնէական օրէնքների, այն խորը համոզումով, որ յարութեան հաւատքով ի Քրիստոս ննջեցեալի համար մահը լոկ սկիզբն է յաւիտենական կեանքի:
Նոյնպէս խստիւ արգելեց մերձաւորների ամուսնութիւնը եւ հաստատեց եօթը սերունդի (պորտի) հեռաւորութեան անհրաժեշտութիւնը իրար հետ ամուսնանալ ցանկացողների համար: Այս օրէնքը հաստատուեց յատկապէս ի մտի ունենալով իշխանական, նախարարական դասի անդամներին, որոնք իրենց հայրենի սեփականութիւնը եղող կալուածներն ու հարստութիւնը իրենց տոհմի մէջ պահելու նպատակով յաճախ կնքում էին մօտիկ ազգականների, մերձաւորների միջեւ ամուսնութիւններ. ինչպէս, օրինակ, մօրաքրոջ ու հօրաքրոջ, հօրեղբօր կամ մօրեղբօր զաւակների միջեւ ամուսնութիւններ:
Դատապարտեց զեխ ու ցոփ կեանք ապրողներին, արբեցողներին, ոճրագործներին, ամէն տեսակ չարագործութեանց եւ մոլութեանց հետեւողներին եւ, փոխարէնը, իր անխոնջ քարոզութիւններով յորդորեց իր հօտի զաւակներին` վերածել քրիստոնէութիւնը ամէնօրեայ ապրումի, ապրելակերպի ու գործելակերպի կրօնի:
Ներսէս հայրապետը հրամայեց ամուսնացած զոյգերին հաւատարիմ մնալ իրար հանդէպ, չստել եւ չխաբել միմեանց: Ազատներին, տէրերին, բոլոր նրանց,որոնք իշխանութիւն ունէին իրենց նմանի վրայ, յանձնարարեց ազնւութեամբ վարուել իրենց գերիների, ծառաների, աշակերտների ու կրտսերների հետ: Խօսքը ուղղելով առհասարակ բոլոր նրանց, որոնք հին հեթանոսական սովորութեան համաձայն, բիրտ վերաբերմունք ունէին իրենց ստորադասների նկատմամբ, յորդորեց փոխել իրենց ընթացքը եւ ցուցաբերել աւելի մարդկային, քրիստոնէական համեստ վարուելակերպ:
Ներսէս հայրապետի բարեկարգչական երկրորդ կարեւոր բնագաւառը հանդիսացաւ ի՛նքն եկեղեցին` իր ներքին կառոյցով եւ արտաքին յարաբերութիւնների մէջ: Յատկապէս ոչ մի ջանք խնայեց զարգացած եւ իր կոչումին գիտակից ու նուիրեալ հոգեւորականների մի նոր սերունդ պատրաստելու նուիրական գործում:
Առաջին հերթին նկատելով, որ ամուսնացեալ եւ կուսակրօն հոգեւորականներ, մինչեւ իսկ թեմակալ եպիսկոպոսները ապրում էին քաղաքների մէջ, ժողովրդի հետ, ընտանիքների մէջ, նրանց համար կատարեց հետեւեալ տնօրինութիւնները: Միայնակեացների համար որոշեց, որ նրանք հեռու ապրեն ժողովրդից եւ ունենան իրենց առանձին ճգնարաններն ու հիւղակները: Վանականները ապրեն վանքերի մէջ եւ ունենան իրենց միաբանական կեանքը: Եպիսկոպոսները եւս ապրեն` թէկուզ ժողովրդի մէջ, սակայն իրենց առանձին եպիսկոպոսարաններում:
Որպէսզի վանքերը կարողանան տնտեսապէս ինքնաբաւ լինել, կարգադրեց, որ թագաւորների ու նախարարների, իշխանների ու զօրավարների ու նրանց ընտանեկան պարագաների գերեզմանները վանքերում լինեն եւ դրա փոխարէն յիշեալները իրենց կալուածներից` գիւղերից կամ ագարակներից մի քանիսը նուիրեն տուեալ վանքին: Ինչպէս բարեսիրական ու մարդասիրական հաստատութեանց վրայ վերակացու էր նշանակել Խադ եպիսկոպոսին, նոյնպէս վանականների եւ միայնակեացների հոգեւոր ու կրթական կեանքի բարեկեցութեան համար տեսուչներ նշանակեց իր հետ գտնուող յոյն եւ ասորի եկեղեցականներից շատերի:
Այս բոլորից անկախ, Մեծն Ներսէս հայրապետ իր յատուկ ուշադրութեան առարկայ դարձրեց առհասարակ ամբողջ երկրում ուսման խնդիրը եւ ի մասնաւորի հայ հոգեւորականութեան պատրաստութեան եւ կրօնական դաստիարակութեան առաջնահերթ հարցը: Այս նպատակով, համաձայն Փաւստոս Բիւզանդի վկայութեան, նա Հայաստանի բոլոր գաւառներում հիմնադրեց յունարէն եւ ասորերէն լեզուներով դպրոցներ, կրթական հաստատութիւններ: Այս դպրոցներում դաստիարկուեցին ասորերէն եւ յունարէն լեզուներին քաջածանօթ հոգեւորականներ, որոնք եկեղեցիներում այդ լեզուներով կատարուող կրօնական արարողութեանց ընթացքին, կարդալով սաղմոսներն ու Սուրբ Գրային հատուածները Հին եւ Նոր կտակարաններից, տեղւոյն վրայ բերանացի վերծանում կամ թարգմանում էին հայերէնի` ներկայ հաւատացեալների համար: Նրանք քարոզում էին աւետարանը բնականաբար հայերէնով եւ յօրինում ժողովրդին հասկանալի հայերէն աղօթքներ, մաղթանքներ եւ այլն: Տասնամեակների ընթացքին այս կերպով յառաջ եկաւ զարգացած թարգմանիչ վարդապետների մի նոր սերունդ, որի արժանաւորագոյն ներկայացուցիչները հանդիսացան ռահվիրաները հայոց գրերի գիւտին եւ Սուրբ Գրքի թարգմանութեան, հայերէն գրի ու գրականութեան հիմնադրութեան` Ե. դարի առաջին տասնամեակներին:
Ս. Ներսէս հայրապետը նաեւ կառուցեց բազմաթիւ եկեղեցիներ ու սրբարաններ, վանքեր ու վանական ուսումնարաններ, աճեցրեց ու բազմացրեց կուսակրօն ու ամուսնացեալ հոգեւորականների թիւը, հաստատեց եպիսկոպոսներ իւրաքանչիւր գաւառի ու քաղաքի համար եւ, վերջապէս, իր տարիների հետեւողական անխոնջ աշխատանքի շնորհիւ, ամբողջութեամբ կերպարանափոխուեց Հայաստան աշխարհի դիմագիծը: Երբեմնի կէս հեթանոս ժողովուրդը փայլեց քրիստոնէական առաքինութիւններով: Հայոց եկեղեցին ներքնապէս կազմակերպուեց ու լիցքաւորուեց, արտաքնապէս պայծառակերպուեց իր հայրապետի օրինակով:
Ներսէսի կաթողիկոսութեան առաջին տարիները անցան խաղաղութեամբ, որի ընթացքին նա կարողացաւ ի գործ դնել Աշտիշատի ժողովի որոշումներն ու իր այլ բարեկարգչական նախաձեռնութիւնները: Իր հայրապետութեան սկզբնական շրջանին Արշակ թագաւորի հետ իր յարաբերութիւնները սիրալիր էին: Հայոց հայրապետութիւնն ու թագաւորութիւնը իրար օգնում էին եւ միմեանց զօրավիգ էին հանդիսանում. սակայն թագաւորի զեխ եւ ընտանեկան ցոփ կեանքը, նրա հայրասպանութիւնն ու ապա իր եղբօր որդւոյն` Գնէլի դաւադրաբար սպաննելը եւ նրա կնոջ` Փառանձեմին տիրանալը պատճառ դարձան, որ Ներսէսը դատապարտելով թագաւորի գործած ոճիրները եւ անբարոյ ընթացքը, ի նշան բողոքի, թողնի մայրաքաղաքն ու արքունիքը եւ սրտաբեկ հեռանայ եւ առանձնանայ մի վանքում: Ներսէսի հայրապետական գործերից` Վաղարշապատից հեռանալը տեղի ունեցաւ 359 թուին:
Թէեւ շուրջ չորս տարիներ նա արքունիքի հետ իր կապը խզած էր, մինչեւ 363 թուականը չէր խառնւում հայրապետանոցի քաղաքական եւ վարչական գործերին, սակայն իր կրօնական ու եկեղեցական, կրթական ու բարեսիրական գործունէութիւնը անխափան կերպով շարունակում էր: Յաճախակի այցելութիւններ էր տալիս երկրի զանազան գաւառները եւ որպէս քաջ հովիւ` տէր էր կանգնում իր բանաւոր հօտի զաւակներին: Տեղեկանում ենք իր կենսագրից, որ այս շրջանին իր հովուական այցելութիւնները առաջնորդել էին նրան մինչեւ Վրաստան ու Միջագետք:
363 թուին, երբ Բիւզանդիոնի Յուլիանոս Ուրացող կայսրը մահացաւ եւ նրա փոխարէն իշխանութեան գլուխ եկաւ Յովիանոս Ուղղափառ քրիստոնեայ կայսրը, իր վատ արարքների համար զղջացած Արշակ թագաւորի խնդրանքին ընդառաջելով, ինչպէս նաեւ հայ նախարարների եւ եպիսկոպոսների թախանձագին հրաւէրին տեղի տալով` Ներսէս Տարօնի Աշտիշատ աւանից վերադարձաւ Վաղարշապատ եւ կրկին յանձն առաւ իր հայրապետական պարտականութիւնները:
Ներսէսի քսանամեայ հայրապետութեան տարիներին (353-373) Հայաստան աշխարհ դարձել էր կռուախնձոր եւ ռազմադաշտ` Պարսկաստանի եւ Բիւզանդիոնի բանակների միջեւ: Ներսէս պարտաւոր էր իր գործունէութեան մէջ նկատի ունենալ մէկ կողմից Հայաստանին սպառնացող արտաքին քաղաքական ու զինուորական ուժերի վտանգները, միւս կողմից` Հայաստանի քրիստոնէութեան նկատմամբ պարսից արքայից արքաների եւ բիւզանդական կայսրերի ցուցաբերած փոփոխական քաղաքականութիւնը: Ինչպէս հայոց թագաւորութիւնը, նոյնպէս էլ հայոց հայրապետութիւնը գտնւում էին պարսիկների մուրճի եւ յոյների սալի միջեւ:
Այս բոլորի կողքին, կար նաեւ վերազարթօնք ապրող Հայոց Եկեղեցւոյ եւ թագաւորութեան միջեւ աստիճանաբար զարգացող ներքին պայքարը: Մեծն Ներսէսի բարեկարգութիւնները, Հայոց եկեղեցին զօրացնելու եւ ամրապնդելու, վանական հաստատութիւններով ու վանականներով օժտելու, տնտեսապէս անկախ դարձնելու ճիգերը, մէկ խօսքով, Հայոց եկեղեցւոյ դերակատարութեան ծաւալումն ողջ երկրում եւ հայրապետութեան` որպէս կեդրոնական հաստատութիւն նրա բարոյական ու գործնական հեղինակութեան ընդարձակումն ու բարձրացումը այնքան էլ հաշտ աչքով չէին դիտւում նախ Արշակ թագաւորի եւ ապա նրա որդւոյն Պապ թագաւորի կողմից:
Այս բոլորի մէջ Հայ եկեղեցւոյ նաւը փոթորկայոյզ եւ փրփրադէզ ալիքների վրայից դէպի խաղաղ նաւահանգիստ առաջնորդելու դժուարին դերն էր վիճակուած հայոց հայրապետին: Այդ պատճառով տեսնում ենք նրան, որ մերթ փորձում է յունասէր ու պարսկասէր նախարարների միջեւ եղած մրցակցութիւններն ու երկպառակութիւնները վերացնել, մերթ նախարարների եւ թագաւորի միջեւ գոյութիւն ունեցող թշնամանքը դարմանել: Միաժամանակ ան լծուել էր երկրի վերաշինութեան ու վերելքին, իսկ անհրաժեշտութեան պարագային, որպէս հայոց թագաւորի նուիրակի գտնում ենք նրան Բիւզանդիոնում, աքսորում, բիւզանդական զօրավարների եւ կայսրերի զայրոյթը ողոքողի պարտականութեան մէջ:
Մեր նպատակից դուրս է այստեղ Հայաստանի կրօնական ու քաղաքական վիճակը ներկայացնելը Դ. դարի երկրորդ կէսին` 453-473 տարիների ընթացքին: Այսուհանդերձ, չի կարելի այստեղ խօսել Մեծն Ներսէսի մասին եւ չանդրադառնալ իր հայրապետութեան ժամանակ Արշակ թագաւորի կատարած մէկ այլ պատմական սխալին, որը Արշակաւանի կառուցումն էր: Արշակ թագաւոր, որպէսզի արագ թափով բազմացնի այս քաղաքի բնակիչների թիւը, Արշակաւանը ամէն տեսակ անօրէն ու չարագործ մարդկանց ապաստան քաղաքի վերածեց: Որովհետեւ նրանք, ովքեր այդ քաղաքում բնակւում էին, դատաստանից զերծ էին համարւում, շուտով այնտեղ հաւաքուեցին ամէն տեսակ փախստական մարդիկ, պարտականներ, գողեր, աւազակներ, կինն ու ընտանիքը թողած փախածներ, անբարոյականներ ու ոճրագործներ, որոնք աւելի մեծ թափով շարունակեցին իրենց չարագործութիւնները այնտեղ:
Նախարարներն ու Խադ եպիսկոպոսը, այնուհետեւ անձամբ Ներսէս կաթողիկոս դիմեցին հայոց արքային, որպէսզի յետս կոչի Արշակաւանի վերաբերեալ իր տուած հրամանը, ցրէ տեղի բնակչութիւնը եւ կարգ ու կանոնը հաստատի երկրում, սակայն դժբախտաբար Արշակը ոեւէ մէկին չէր լսում եւ մինչեւ իսկ ծաղրում էր կաթողիկոսի խօսքերը:
Արշակի անտարբերութիւնն ու ամբարտաւանութիւնը պատճառ դարձան, որ նախարարներից շատեր հեռանան նրանից եւ այնուհետեւ իրենց հարազատներից հաւաքուած գունդերով յարձակուեն
Արշակաւանի վրայ եւ սրի քաշեն այնտեղ գտնուող ոճրագործ մարդկանց: Համաձայն Փաւստոս Բիւզանդի, շուտով ինչ-որ վարակիչ հիւանդութիւն ընկաւ նրանց մէջ եւ երեք օրում շուրջ 20.000 տան անդամներ այնտեղ մահացան:
Սակայն Արշակաւանի հիմնադրութիւնն ու կործանումը` նրան յաջորդող եղբայրասպան կռիւների պատճառով, ունեցան աւելի մեծ աղէտալի հետեւանքներ, ամբողջ երկրի զինուորական ուժի թուլացման եւ միաբանութիւնը խախտելու տեսակէտից: Արշակ թագաւոր իր վրէժը լուծեց հայոց նախարարներից եւ ծանրագոյն հարուածը տուեց Կամսարականներին: Քանի որ ընդդիմադիր գունդերի հրամանատարն էր եղել Ներսեհ Կամսարականը, նրանց ամբողջ գերդաստանը կոտորել տուեց: Իսկ այս բոլորից օգտուելով` Շապուհ արքայից արքան յարձակուեց Հայաստանի վրայ ու աւերեց բազմաթիւ գիւղեր ու քաղաքներ: Վերջում Շապուհը հրաւիրեց հայոց թագաւորին Պարսկաստան` երդումով բարեկամական դաշինք կնքելու համար նրա հետ, սակայն նենգութեամբ նրան Անյուշ բերդում բանտարկել տուեց, ուր նա ունեցաւ տխուր մի վախճան:
Փակելուց առաջ Ներսէս հայրապետի կեանքին ու գործին նուիրուած այս ընդհանուր եւ համառօտ ակնարկը, յիշենք, որ Արշակ թագաւորի որդու` Պապի Բիւզանդիոնի զինուորական օժանդակութեամբ Հայաստանի գահին տիրանալու յաջողութեան մէջ կարեւոր դերակատարութիւն էր ունեցել Մեծն Ներսէս: Արտագերս բերդի անկումից եւ Փառանձեմ թագուհու մահուանից յետոյ Ձիրաւի ճակատամարտում, որտեղ պարսիկները մեծ պարտութիւն կրեցին, Ներսէսին տեսնում ենք, նման Մովսէս մարգարէի, ինչպէս Մովսէս Խորենացին է վկայում, Նպատ լերան վրայ հայկական զօրքերի յաջողութեան համար ամբողջ օրը բազկատարած աղօթքի կանգնած:
Երբ Ձիրաւի ճակատամարտի յաղթանակից յետոյ պարսիկները մի առ ժամանակ հեռացան Հայաստանից եւ խաղաղութիւն հաստատուեց երկրում, Ներսէս ջանաց երիտասարդ արքային պահել իր բարի ազդեցութեան ներքոյ եւ ցանկացաւ իր հայրական խորհուրդներով ճիշդ ուղիով առաջնորդել նրան: Փորձեց հայ նախարարներին համախմբել հայոց թագաւորի շուրջ, որպէսզի բոլորը միասին նուիրուեն երկրի վերականգնման ու զօրացման նուիրական գործին. սակայն, դժբախտաբար, Պապ թագաւորը մի առ ժամանակ անց սկսեց բիւզանդական արքունիքում իր սովորած յոռի վարքերը, անբարոյութեան, սեռային զանազան ձեւի ախտերը երեւան բերել, որոնց ի տես` բնականաբար անտարբեր չէր կարող մնալ Ներսէս կաթողիկոս, որովհետեւ թագաւորի ընթացքը առաջնորդում էր երկիրը դէպի քայքայում:
Անշուշտ հայոց հայրապետը նախ փորձեց հայրաբար խրատել ու դարձի բերել նրան, սակայն երբ իր յորդորներն ու ցուցմունքները մնացին անպատասխան եւ իր ջանքերը ի զուր անցան, նա չվարանեց խիստ կեցուածք որդեգրել նրա հանդէպ: Հիմնուելով իր կաթողիկոսի հեղինակութեան եւ իշխանութեան վրայ` բացայայտ կերպով կշտամբեց ու յանդիմանեց նրան եւ, որպէս պիղծի, արգելեց նրա մուտքը եկեղեցի: Այլ խօսքով, նրա անվայել ու դատապարտելի կենցաղի պատճառով Ներսէս հայրապետը թագաւորին արտաքսեց Հայոց եկեղեցւոյ անդամակցութիւնից:
Պապի եւ Ներսէսի միջեւ յառաջ եկած այս վերջնական խզումից յետոյ, ժամանակի պատմիչներն ու Ներսէսի կենսագիրը մանրամասնօրէն պատմում են, թէ ինչպէ՛ս Պապ թագաւորը ելնելով Ներսէսի հանդէպ ունեցած իր ատելութիւնից` Եկեղեաց գաւառի Խախ կոչուած արքունի աւանում ճաշկերոյթի հրաւիրեց Ներսէսին եւ այնտեղ գաղտնօրէն թունաւորեց նրան ու սպաննեց:
Մաղաքիա արք. Օրմանեան իր «Ազգապատում» կոչուած պատկառելի ու ծաւալուն աշխատութեան մէջ, քննելով այս մասին գոյութիւն ունեցող բոլոր փաստերը, անհաւանական է համարում Ներսէսի` Պապի ձեռքով թունաւորումն ու մահանալը, այլ ենթադրում է, որ նա պէտք է վախճանուած լինի ինչ-որ հիւանդութիւնից, բնական մահով:
Յամենայն դէպս, Ներսէսի թաղումը կատարուեց արքայական շուքով: Թագաւորի, նախարարների եւ բարձրաստիճան եկեղեցականների ընկերակցութեամբ, նրա մարմինը տարուեց Եկեղեաց գաւառի Թիլ աւանը եւ թաղուեց Գրիգոր Լուսաւորչի զաւակի` Արիստակէսի մօտ, ուր թաղուած էր նաեւ Ներսէսի Սանդուխտ անուն վաղամեռիկ կինը:
Ներսէսը հազիւ 45 տարեկան էր, երբ խորհրդաւոր պայմանների մէջ վախճանուեց: Նրա մահը սգաց ողջ ազգը` իր նախարարներով ու իշխաններով, ազնուականով ու ռամիկով, հարուստով ու աղքատով, զինուորականով ու Հայոց եկեղեցւոյ բոլոր դասակարգի հոգեւորականներով: Նրա անակնկալ վախճանը դառնօրէն սգաց ողջ երկիրը, որովհետեւ 45 տարեկան համեմատաբար երիտասարդ հասակում, նա արդէն իսկ 20 տարիների հայրապետութեան անցեալ ունէր, 20 տարիների Հայ եկեղեցւոյ եւ ազգի անսակարկ նուիրումի, ամբողջական ծառայութեան, եկեղեցանուէր, ժողովրդանուէր ու ազգաշէն գործունէութեան բարի համբաւ եւ պատկառելի վաստակ ունէր:
Դեռեւս իր կենդանութեան ժամանակ ժողովրդի սրտում նա սուրբի համբաւ ունէր. իսկ անժամանակ ու անակնկալ մահուանից յետոյ նրա գերեզմանի վրայ բազմաթիւ բժշկութիւններ եւ հրաշքներ էին կատարւում: Դարեր յետոյ Յովհաննէս վրդ. Երզնկացին Ներսէսի գովքը հիւսող մի սքանչելի շարական է գրել, որը մինչեւ այսօր երգւում է իր տօնի օրը, մեր եկեղեցում:
Ի զուր չէ, որ ժողովուրդն ու պատմութիւնը նրան ՄԵԾՆ հայրապետի տիտղոսն են տուել: Նրա սիրելի անունն ու սուրբի համբաւը մինչեւ այսօր անջնջելիօրէն դրոշմուած են Հայ եկեղեցւոյ պատմութեան էջերում եւ Հայ Եկեղեցւոյ իւրաքանչիւր անդամի սրտում:
Նա իր սրբակրօն կեանքով եւ աստուածահաճոյ բարեգործութիւններով, իր բացած դպրոցներով, հիմնած վանքերով ու եկեղեցիներով, իր ստեղծած կրօնական ու մշակութային զարթօնքով, իր եզակի անհատականութեամբ եւ կոթողային իրագործումներով արդարօրէն ճանաչուել է որպէս Հայոց Սրտերի Լուսաւորիչը:
Յաւե՜րժ փառք եւ բի՜ւր պատիւ` իր խնկելի յիշատակին:
Յ.Ք.- Սուրբ Ներսէս հայրապետի տօնը այս տարի կը նշուի շաբաթ, 16 յունիս 2012-ին:

