«ԴՐՕՇԱԿ»Ի ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԿԱՆՈ՞Ն, ԹԷ՞ ՕՐԷՆՔ, ԽԱ՞Ղ, ԹԷ՞ ՊԱՅՔԱՐ
Հայաստանի նախընտրական քաղաքական դաշտի շրջագիծն աստիճանաբար աւելի ընկալելի է դառնում: Ընդհանուր հենքը հասարակական ամենալայն շրջանակներում, մի քանի տարիների ընթացքում ձեւաւորուած ենթակայական այն մօտեցումն է, համաձայն որի` «ամէն ինչ կանխորոշուած է», «սրանք նախօրօք մտածուած խաղեր են» եւ այլն: Ըստ այս ենթակայական մօտեցման, Հայաստանի քաղաքական քսանամեայ վերնախաւը նախատեսում է քաղաքական բոլոր քայլերը եւ ի գործ դնում համապատասխան հնարքներ: Կան շօշափելի թուով մարդիկ, ովքեր ոչ միայն Հայաստանի քաղաքական դաշտը, այլ նաեւ ֆութպոլը, համաշխարհային քաղաքականութիւնը եւ նոյնիսկ ցունամին ու Ֆուքոշիմայի աթոմային պայթիւնը պարզապէս «խաղ» են որակում: Այս մտածողութիւնն ունեցողների պատկերացմամբ մարդը չէզոք էակ է` բանականութիւնից, գիտակից կամքից միանգամայն զուրկ: Քաղաքական ճակատագրապաշտութեան եւ սնոտիապաշտական այս մթնոլորտում բազմաթիւ վերլուծաբաններ զբաղուած են պայծառատեսութեամբ, քաղաքական գործիչներից շատերը` «թուղթ ու գիր» անելով, դեղատոմսեր մատուցելով, իսկ կուսակցութիւնները մեծամասամբ նմանւում են պուքմէյքըրական գրասենեակների:
Այս մօտեցումը ձեռնտու է Հայաստանի քաղաքական վերնախաւին, այսինքն` ե՛ւ գործող իշխանութիւնների, ե՛ւ ծայրայեղ ընդդիմութեան առանցքային ուժերին, որոնք այս ընդհանուր համայնապատկերի վրայ մոգոնում են իրենց «խաղ»երը եւ արդէն մշակում այդ «խաղ»երի «կանոն»ները: Նրանց նոյնիսկ չի մտահոգում, թէ իրենց գործածած բառամթերքը, սկզբունքների կոպիտ խախտումներին առընթեր, ինչպիսի քայքայիչ հետեւանքներ է թողնում հասարակական կարծիքի վրայ: Սահմանադրութեան տառով նախատեսուած օրէնքները, մինչեւ իսկ, անուանւում են «խաղի կանոն», բազմակարծութեան, բազմակուսակցականութեան եւ քաղաքական պայքարի հասկացութիւններն ու սկզբունքները բռնաբարւում, ոտնահարւում եւ այլանդակւում են ամէնուրեք` ճատրակի, բռնցքամարտի կամ այլ երկկողմ մրցատեսակների հետ զուգահեռներ անցկացնելով: «Խաղի կանոն» է համարւում եւ հալած իւղի տեղ հրամցւում նաեւ համապետական ընտրութիւնների արդիւնքների յարաբերակցական պատկերի կանխայայտ պահպանումը…
Այնինչ «խաղ»ը ընդամէնը գործելու պատրանք է, իսկ «խաղի կանոն»ը` պատրանքային գործընթացի արդարացումը, օրինականացումը: Ներկայիս քաղաքական կեցուածքներն ու տեսակէտներն այնպիսի դրսեւորումներ են ունենում, որ առաջին հայեացքից կարծես ամէն ինչ տեղաւորւում է նախատեսուած «խաղ»ի շրջագծում եւ ընթանում «խաղի կանոններ»ով: Իսկ երկկողմ ճատրակի կամ բռնցքամարտի փոխարէն քաղաքական ինքնուրոյն պայքարի ելած եւ, կամ «խաղի կանոններ»ի փոխարէն, սահմանադրական օրէնքին հաւատարիմ ուժեր, զանգուածային լրատուամիջոցների մեծ մասի հաւաստմամբ, առհասարակ «չկան», խաղից դուրս լոկ կրօնական ծէսերով են զբաղուած, իսկ քաղաքական բեմահարթակում կա՛մ խաղացող չեն, կա՛մ գրաւ կապող են միայն…
Սակայն, իրականութիւնն այլ բան է ասում մեզ: Օրինակ, ՀՅԴ-ին փնովելու եւ Ժառանգութեանը խրատելու աւանդոյթն արդէն անհետացել է ծայրայեղական ընդդիմութեան լրատուամիջոցներից: Նրանք, հնարաւորինս, խուսափում են խորհրդարանական ընդդիմութեան թեմային անդրադառնալուց, քանզի հասկանում են, որ իշխանութիւնների առանցքային ուժերը նրանց անունը լսել անգամ չեն ցանկանում: Ընտրական օրէնսգրքի մէջ փոփոխութիւնների առաջարկներն ամբողջապէս տապալուեցին «պիոմասսայի» քուէարկութեան միջոցով, առանց մանրամասների մէջ մտնելու, առանց խորքային քննարկումների… Ինչո՞ւ հանրապետական «տեսաբան»ների համար անհրաժեշտ չեղաւ նոյնիսկ մի փոքր «քեալլա տալ», եւ ինչո՞ւ Հայ ազգային քոնկրեսը ոչ մի տեսակէտ էլ չյայտնեց այդ կապակցութեամբ: Պատասխանը պարզ է, հակառակ դէպքում կը կարեւորուէր եւ «շահաբաժիններ» կ՛ապահովէր խորհրդարանական ընդդիմութիւնը, ով, ըստ քաղաքական ընտրանու, ո՛չ խաղացող է եւ ո՛չ էլ «գրաւ կապող»:
«Հայ-թուրքական փրոթոքոլներ»ի ժամանակ, երբ մենք զգուշացնելով զգուշացնում էինք, որ ականապատուած են արձանագրութիւնները, որ նախապայմաններ կան նրանց մէջ, հանրապետականները մեզ, եւ մեզ հետ նաեւ տասնմէկ միւս կազմակերպութիւններին, ներկայացնում էին որպէս հակաթուրք ջղաձգութիւն բարձրացնողների, նեղ ազգայնական քաղաքականութեան հետեւորդների: Այժմ նոյն այդ գործիչները, տեղի ու անտեղի, ժամանակին կամ անժամանակ, բառացիօրէն, կրկնում են մեր հիմնաւորումները: ՀԱՔ-ականներն անհեթեթութիւն էին համարում արտաքին գործերի նախարարի հրաժարականի մեր պահանջը` ասելով, որ «արտաքին քաղաքականութեան գլխաւոր պատասխանատուն Հայաստանի Հանրապետութեան նախագահն է»: Այժմ նրանք պահանջում են վարչապետի, փոխվարչապետի եւ մի շարք այլ պաշտօնեաների հրաժարականը` ի հարկէ Հայաստանի Հանրապետութեան նախագահին «անկիւն սեղմելու մտադրութիւն» չունենալով:
Անշուշտ կը գայ մի օր, երբ ընտրական օրէնսգրքի եւ համակարգի մասին մեր դիտողութիւններն ու սկզբունքային դիրքորոշումները, կ՛արտաբերուեն քաղաքական վերնախաւի բերանից: Սակայն առայժմ այդ դիրքորոշումները հակասում են նրա «խաղի կանոն»ներին եւ դիտողութիւններ անողները դուրս են «խաղ»ից:
Պէտք է վերջ դնել քաղաքական վերնախաւի տուեալ «խաղ»երին եւ դրանց հենք հանդիսացող ենթակայական մօտեցումներին, որոնք չեն յանգեցրել եւ չեն էլ յանգեցնելու այն առաջընթացին, որ օդի ու ջրի պէս անհրաժեշտ է` աշխարհի ժողովրդավարական երկրների շարքում արժանի տեղ գրաւելու համար:
Մարտ, 2011