«Մեր Մշակոյթը Ներկայացնելու Խնդիր Ունենք». Հարցազրոյց «Իմ Հայաստան» Համահայկական Փառատօնի Ղեկավար Սամուէլ Հարոյեանի Հետ
ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն Հարոյեան, նախ հետաքրքիր է իմանալ փառատօնի նախապատմութիւնը: Ե՞րբ է առաջացել նման փառատօն կազմակերպելու մտայղացումը:
ՍԱՄՈՒԷԼ ՀԱՐՈՅԵԱՆ.- Բոլորս գիտենք, որ Հայաստանում կազմակերպւում էր «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական փառատօնը: Այս տարուայ փետրուար ամսին կառավարութիւնը որոշեց անցկացնել նոր ձեւաչափով համահայկական փառատօն` «Իմ Հայաստանը», որը նախորդի իրաւայաջորդն է: Փառատօնի նախաձեռնողը Հայաստանի սփիւռքի նախարարութիւնն է: «Իմ Հայաստան» համահայկական փառատօնն աւելի ընդգրկուն, աւելի ընդլայնուած ծրագրով է ներկայանալու:
Հ.- Նշեցիք, որ փառատօնն իրաւայաջորդն է «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական փառատօնի: Իսկ որո՞նք են տարբերութիւնները` հաշուի առնելով ձեր ընդգծումը փառատօնի նոր ձեւաչափի մասին:
Ս. Հ.- Իրաւայաջորդ ասելով` նկատի ունեմ, որ փառատօնի ընդհանուր ձեւաչափը մէկն էր` մէկտեղել սփիւռքի մշակութային խմբերն ու անհատ կատարողները մայր հայրենիքի դահլիճներում ելոյթ ունենալու համար: Այս ձեւաչափը հիմնականում պահպանուել է, սակայն տուեալ դէպքում այս փառատօնն աւելի քան ծաւալային բնոյթ կը կրի, ինչպէս նաեւ արուեստի ճիւղերը ներկայանալու են առանձին` ըստ սեռերի: Մասնաւորապէս պարարուեստի մրցութային օրերն ունեն յստակ ժամանակահատուած` յունիսի 29-յուլիսի 10-ը, խմբերգային արուեստի օրերը` օգոստոսի 9-14-ը, անհատ կատարողների ելոյթները` յուլիսից մինչ հոկտեմբեր, թէեւ հիմնական հատուածը լինելու է յուլիսի 31-ից օգոստոսի 5-ը, ինչպէս նաեւ նախատեսւում է անցկացնել տուտուկի համահայկական փառատօն, որը տեղի կ՛ունենայ սեպտեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատուածում: Նշեմ նաեւ, որ փառատօնին ներկայացուած թէ՛ յայտերն են բաւական շատ, թէ՛ փառատօնի աշխարհագրութիւնը` Միացեալ Նահանգներ, Քանատա, Մերձաւոր Արեւելքի եւ եւրոպական երկրներ, Ռուսաստան, Վրաստան եւ այլն: Փառատօնին մասնակցում են ընդհանուր 21 երկրների մասնակիցներ: Նշեմ նաեւ, որ փառատօնին մասնակցում է 34 պարախումբ, եւ եթէ իւրաքանչիւր խմբի մասնակիցների միջին թիւը հաշուենք` 50-60 հոգի, ապա դա բաւական մեծ թիւ է կազմում: Բացի դա, փառատօնին մասնակցում է 13 երգչախումբ, 30-40 անհատ կատարողներ եւ 10-ից աւել տուտուկահարներ: Փառատօնի բացումն իրականացնելու ենք Երեւանի Կասկադ համալիրում, յունիսի 29-ին:
Հ.- Ի՞նչ դժուարութիւններ ունեցաք կազմակերպչական փուլում:
Ս. Հ.- Մենք անհամբերութեամբ ենք սպասում փառատօնի բացման օրուան, քանի որ այն լինելու է տօն բոլորիս համար` ոչ միայն մասնակիցների, այլեւ կազմակերպիչների: Ի հարկէ, որպէս կազմակերպիչ` կայ որոշակի պատասխանատուութիւն, անհանգստութիւն, բայց եւ միեւնոյն ժամանակ իշխում է այդ օրուան սպասելու անհամբերութիւնը: Կարծում եմ` լաւագոյն մեկնարկով կ՛ապահովենք նաեւ փառատօնի լաւագոյն շարունակութիւնը: Ինչ վերաբերում է դժուարութիւններին, ապա դրանք կ՛անուանէի աշխատանք, թէ ի՞նչ աշխատանքներ են կատարուել: Իւրաքանչիւր դժուարութիւն լուծւում է աշխատանքի միջոցով: Մենք ունենք բաւական արհեստավարժ աշխատակազմ, եւ համատեղ կարողացել ենք ներդաշնակել նախապատրաստական աշխատանքները, որոնք տեւել են մօտ 6 ամիս` մինչ փառատօնի մեկնարկը: Կարծում եմ` մենք պատրաստ ենք լաւագոյն ձեւով սկսել փառատօնն ու այն հասցնել աւարտին:
Հ.- Այնուամենայնիւ, ինչքանո՞վ են մօտենում Հայաստանն ու սփիւռքը նման ձեռնարկների շնորհիւ: Ինքներդ ի՞նչ արդիւնք էք ակնկալում:
Ս. Հ.- Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը, բացի նշեալ ձեռնարկից, իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք նպաստում են Հայաստան-սփիւռք կապերի մերձեցմանը, սփիւռքի մեր երիտասարդների, մանուկների փոխայցելութիւններին, փոխշփումներին: Ծրագրերից ամենայաջողուածներից մէկը համարում եմ «Արի տուն» ծրագիրը, որի շրջանակներում աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիւ երեխաներ հիւրընկալւում են մեր հանրապետութեան ընտանիքներում, եւ դրա արդիւնքում կարողանում են աւելի սերտ կապեր հաստատել հայրենիքի հետ: Ինչ վերաբերում է «Իմ Հայաստան»-ին, ապա այն աւելի շատ ուղղուած է մշակութային ձեռնարկների միջոցով ամրապնդել հայրենիք-սփիւռք կապը: Կարեւոր է այն հանգամանքով, որ դրսի պարախմբերի, երգչախմբերի, նուագախմբերի, անհատ կատարողների հնարաւորութիւնները բաւական թոյլ են տեղի հնարաւորութիւններին, եւ նման փառատօնների շնորհիւ` նրանք շփւում են արհեստավարժ արուեստագէտների, մշակութային գործիչների հետ` մէկ անգամ եւս վերաիմաստաւորելով, վերակարգաւորելով իրենց գործունէութիւնը: Տուեալ պարագայում կարեւորը ոչ միայն ելոյթներն են, այլեւ` շփումները:
Հ.- Ձեր խօսքից կարելի է ենթադրել, որ փառատօնին աւելի շատ մասնակցում են պարային խմբեր:
Ս. Հ.- Երկար տարիներ աշխատել եմ Մոսկուայում, «Կարօտ» համահայկական փառատօնի գեղարուեստական ղեկավարն եմ եղել: Ռուսաստանում գործում է 150-ից աւել հայկական պարախումբ: Ընդհանրապէս ամբողջ աշխարհում դրանց թիւը բաւական մեծ է, իսկ պարախմբերի գործունէութիւնը հնարաւորութիւն է տալիս երիտասարդներին շփուել, մեր պարը, ինչո՛ւ չէ, նաեւ հայոց լեզուն պահպանելու համար, բայց մենք ունենք նաեւ լուրջ խնդիր` նոյն պարախմբերը որոշակի արհեստավարժութեան աստիճանի հասցնել: Այդ առումով, «Իմ Հայաստան» համահայկական փառատօնն իր լուրջ դերակատարումը կ՛ունենայ վարպետութեան դասերի շնորհիւ:
Հ.- Սփիւռքից մասնակից խմբերն ի՞նչ միջոցներով են Հայաստանում մնալու, այլ կերպ ասած` փառատօնի կազմակերպիչները հոգալո՞ւ են նրանց ծախսերը:
Ս. Հ.- Առաջին անգամ սփիւռքի նախարարութիւնն ընձեռել է բոլոր մասնակիցներին այսպիսի հնարաւորութիւն` չորսօրեայ կեցութիւն եւ սնունդ: Մինչ օրս նման բան երբեւէ` չի եղել: Սա նաեւ պայմանաւորուած է մեծ գումարներով: Պէտք է նշեմ նաեւ, որ տրուած են բոլոր հնարաւորութիւնները` սկսած փոխադրամիջոցներից եւ այլն:
Հ.- Պարոն Հարոյեան, ինչպէս նշեցիք` «Իմ Հայաստան» համահայկական փառատօնը «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» փառատօնի իրաւայաջորդն է: Ինչո՞ւ յանկարծ նմանատիպ փառատօնի կազմակերպման անհրաժեշտութիւն առաջացաւ, երբ նոյն ձեւաչափով եւ մտայղացմամբ փառատօն արդէն կազմակերպուել էր: Արդեօ՞ք նոր փառատօն կազմակերպելու պատճառը նախորդ փառատօնի ժամանակ յայտնի խմորումներն էին:
Ս. Հ.- Ճիշդն ասած, խմորումներից առանձնապէս տեղեակ չեմ, քանի որ գործել եմ հիմնականում Մոսկուայում: Երկու տարի է` գործունէութիւնս շարունակում եմ հայրենիքում: Կարծում եմ` նախկին փառատօնը որոշակի ներդրում ունեցել է, բայց մենք դէպի առաջ գնալու միտում ունենք: Ի հարկէ, կարելի էր հարցին այլ կերպ մօտենալ, որ փառատօնը բոլորովին նոր է եւ այլն, սակայն իրաւայաջորդ բառի շեշտադրումն արուեց` հաշուի առնելով հայրենիք-սփիւռք մշակութային համագործակցութիւնը: Համոզուած եմ` յաջորդ տարի «Իմ Հայաստան» փառատօնն աւելի բարձր աստիճանի է հասնելու` նոր փորձի, նոր աշխատաոճի եւ որոշումների արդիւնքում: Ինչքան էլ ոչ արհեստավարժ լինեն դրսից եկող խմբերն ու անհատ կատարողները, այնուհանդերձ, խնդիր է դրւում որոշակի արհեստավարժութեան աստիճանի հասցնել, քանի որ նրանք ելոյթ են ունենում ոչ միայն հայ, այլեւ օտարազգի հանդիսատեսի առջեւ:
Հ.- Ձեր կարծիքով, Հայաստանն ու սփիւռքն ինչի՞ պակաս ունեն այսօր:
Ս. Հ.- Կարծում եմ` փոխշփումների պակաս ունեն: Երկար տարիներ աշխատելով Ռուսաստանում եւ իրականացնելով մշակութային ծրագրեր` կարող եմ ասել, որ աշխարհում շատ սուղ տեղեկատուութիւն կայ հայի, նրա մշակոյթի մասին: Այսօրուայ հնարաւորութիւնները բազմաթիւ են` նկատի առնելով տեղեկատուական արհեստագիտութիւնների ոլորտը, համացանցը, բայց եւ մարդկային կենդանի շփումների անհրաժեշտութիւնն առաւել քան կայ: Մենք ունենք մեր մշակոյթը, մեզ` որպէս ազգ, ներկայացնելու լուրջ խնդիր:
Հարցազրոյցը`
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ
Յատուկ «Ազդակ»-ի համար

