Քաղաքական Մակաբուծութեան Մասին
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Մակաբուծութիւն» կենսաբանական երեւոյթը բառարանները բացատրում են որպէս տարբեր տեսակի օրկանիզմների փոխյարաբերութիւն, որոնցից մէկը (մակաբոյծ) սնունդ որոնելիս օգտագործում է միւս օրկանիզմը (տէր)` որպէս կենսամիջավայր եւ ջերմուժի աղբիւր: Երեւոյթն, ի հարկէ, չի սահմանափակւում կենսաբանութեան բնագաւառով, այն վաղուց քոչել է քաղաքականութեան եւ հասարակական յարաբերութիւնների ոլորտ: Այստեղ մակաբուծութիւնը տարբեր ձեւեր է ընդունում, դրանցից շատերը յայտնի են հայ ընթերցողին:
Օրինակները հանրայայտ են. իբր ծանրակշիռ կազմակերպութիւնների առաջնորդներ խորհրդարան են անցնում այլ կուսակցութիւնների ցուցակներով, որպէս կանոն` կա՛մ իշխող, կա՛մ շատ հարուստ, ոչ կառավարական կազմակերպութիւնները սնւում են տարատեսակ հիմնադրամներից` իբր օգտակար գործունէութեան համար ստացած դրամաշնորհներով, օտարերկրեայ խորհրդատուներն իրենց վրայ են ծախսում այն գումարները, որոնք իրենց ուղարկած երկիրը կամ կազմակերպութիւնը յատկացրել էր նրանց, ում իբր անհրաժեշտ են այդ խորհրդատուների խորհուրդները, իբր լուրջ վերլուծական հիմնարկները վաստակում են համացանցից «քաշած» «հետազօտութիւնների» հրապարակմամբ եւ այլն: Ընդհանուր առմամբ` պատկերը պարզ է:
Սակայն գոյութիւն ունի քաղաքական մակաբուծութեան քիչ ուսումնասիրուած ձեւ, որին կը ցանկանայինք յատուկ անդրադառնալ: Այն, հաւանօրէն, ինչ-որ կերպ կապուած է տիրոջ օրկանիզմի առանձնայատուկ հմայքի հետ, որին արդէն 120 տարի փորձում են կպչել զանազան մակաբոյծներ: Դուք թերեւս արդէն գուշակեցիք, որ խօսքը Հայ յեղափոխական դաշնակցութեան մասին է, որի գործունէութիւնը` նրա ստեղծման պահից մինչ օրս հանդիսանում է հասարակութեան, պետական կառոյցների, մի խօսքով` բոլորի` թէ՛ բարեկամների, թէ՛ թշնամիների սեւեռուն ուշադրութեան առարկան: Նա դա վաստակել է այն գլխաւորով, ինչին հասել է` հայ ժողովրդին համաշխարհային եւ տարածաշրջանային քաղաքականութեան կրաւորական առարկայից վերածել է նրա գործօն իրաւատիրոջ: Մնացեալը` կուսակցութեան յաղթանակներն ու պարտութիւնները, սխալներն ու նուաճումները, վերելքներն ու անկումները, մանրամասնօրէն համընկնում են Հայաստանի ու հայ ժողովրդի նորագոյն պատմութեան կարեւորագոյն իրադարձութիւնների հետ. աւելի՛ն, դրանք վերջին հարիւրամեակի մեր քաղաքական պատմութիւնն են, եթէ անգամ դա դուր չի գալիս ինչ-որ մէկին:
Ոչ ոքի չի յաջողուել հայ հասարակութեան քաղաքական օրակարգից բացառել Դաշնակցութեան տուած ուղղութիւնը, չնայած բոլոր ջանքերին, որովհետեւ այդ օրակարգը ձեւաւորել է կա՛մ Դաշնակցութիւնն ինքը, կա՛մ ոեւէ մէկի ատելութիւնը նրա հանդէպ: Դաշնակցութեան գոյութեան փաստն ինքնին կեանքի է կոչել քաղաքական կերպարների ամբողջական տողաններ եւ անգամ կուսակցութիւններ, որոնք բացարձակապէս սեփական գաղափարներ չեն ընդհանրացրել, բայց իրենց ամբողջ կեանքը նուիրաբերել են դաշնակցական գաղափարների դէմ պայքարին: Հակադաշնակցականութիւնը դարձել է ոչ միայն կեանքի իմաստ, այլեւ` կերակրուելու միջոց: Ընդդիմախօսների սերունդներ են կերակրուել հակադաշնակցական պայքարի միջոցով, որը երբեմն հովանաւորւում էր հայկական, յաճախ էլ` թշնամական աղբիւրներից:
Նման մակաբուծութեան տարատեսակների բազմազանութեան մէջ երկու ենթատեսակ առաւել յաճախ է հանդիպում: Առաջին` ուղղակի չընդունումը այն ամէնի, ինչն այսպէս, թէ այնպէս կապուած է կուսակցութեան հետ, լիակատար մերժում եւ թուք ցայտող ատելութիւն: Նրանք յիշեցնում են ականջի տակ բզզացող յարձակուող մոծակների, որոնք խանգարում են կենտրոնանալ: Բայց մեզ հիմա այս ենթատեսակը չի հետաքրքրում: Կենսաբաններին յայտնի են մակաբոյծների տեսակներ (օրինակ` փայտոջիլներ կամ տզեր), որոնց խայթոցը սկզբում, կարծես, ցաւոտ չէ, թէեւ իրականում շատ վտանգաւոր է: Սկզբում ցաւ չես զգում, որովհետեւ խայթելիս տիզը վէրքի մէջ ցաւազրկող նիւթ է արտանետում: Իսկ յետոյ վարակն անցնում է արեան մէջ:
Հիմա տեսնենք, թէ ինչպէս է գործում վտանգաւոր ուրուագիծը քաղաքական միջավայրում: Այդպիսի մակաբոյծ տզի լաւագոյն օրինակ է ներկայացնում այն անձնաւորութիւնը, որը գրում է «Իգոր Մուրադեան» ստեղծագործական կեղծանունով` ըստ երեւոյթին փոխառնուած 90-ականների յայտնի քաղաքական ու հասարակական գործչից: Այս անձը վաղուց է պորտաբուծութիւն անում Դաշնակցութեան թեմայով: Սկզբում ցաւազրկում է` կուսակցական գործերի վիճակի համար մտահոգութեան ձեւով, յարգալից խոնարհութիւններ է անում կուսակցութեան պատմական անցեալի, նրա պատկառելի ներուժի առաջ: Յետոյ սկսւում է վարակի ներարկումը վէրքի մէջ: Դա արւում է մի քանի հակադաշնակցական քարոզչական եղանակների արհեստավարժ համադրումով: Ահա այդ եղանակները.
1.- Կուսակցութիւնը հրաժարուել է ճշմարիտ քաղաքական ուղուց (թէ ի՛նչ է ներկայացնում իրենից այդ «ճշմարիտ քաղաքական ուղին»` միշտ մնում է մշուշի քողի հետեւում):
2.- Կուսակցութիւնը կորցրել է ինքնուրոյնութիւնը, ծառայում է օտար շահերի (թերեւս նկատի են առնւում իշխանութիւնները):
3.- Կուսակցութիւնը պառակտման եզրին է:
Այստեղ հնարաւոր են տարբերակներ.
ա) պառակտում` կուսակցութեան շարքային անդամների եւ ղեկավարութեան միջեւ (ընդ որում` ղեկավարութիւնը միշտ վատն է),
բ) պառակտում` Հայաստանի եւ սփիւռքի կամ Հայաստանի եւ Ղարաբաղի կուսակցական կազմակերպութիւնների միջեւ (մեղաւորը միշտ այն կազմակերպութիւնն է, որի տարածքում տեղակայուած է ՀՅԴ Բիւրոն):
«Իգոր Մուրադեան» կեղծանունով գրող անձնաւորութեան խորամանկութիւնը բաւարարում է` չյիշեցնելու, որ ճիշդ այդպիսի մեղադրանքներ դաշնակցականներին ներկայացւում էին ե՛ւ հարիւր տարի առաջ, ե՛ւ կէս դար առաջ, ե՛ւ տասը տարի առաջ: Կարգապահ, իր ազգային իտէալներին հաւատարիմ կուսակցութիւն եւ այդ կուսակցութեան գարշելի, անգրագէտ, դաւաճանական ղեկավարութիւն` այս հակադրութիւնը հնչում է արդէն տասնեակ տարիներ, յետոյ ի՞նչ: Դաշնակցութեան պառակտման մասին երազել ու նրան շուտափոյթ վախճան են կանխագուշակել մոռացուած պատմական կերպարներ, անհետացած կուսակցութիւնների առաջնորդներ, որոնք քաղաքական մոռացութեան գիրկն են անցել, որ ստեղծուած են եղել նրա համար, որպէսզի իրենց հիմնադիրների մակաբուծութիւնն այնքան էլ ակնառու չլինի:
Բայց ժամանակը սլանում է, Դաշնակցութիւնը, ինչպէսեւ ամբողջ Հայաստանը, ինչպէս եւ մեր ողջ ժողովուրդը դժուարութեամբ են յարմարւում նոր աշխարհի պայմաններին: Մեր սխալները մենք ինքներս տեսնում եւ ինքներս էլ ուղղում ենք® Այդ պատճառով մակաբոյծներին հարկ է լինում աշխատել հեշտացուած ուրուագծերով. պատուիրել են` խայթել են: Պատուիրատուները միշտ էլ շատ են: Խայթոցի բնոյթից կարելի է պարզել, թէ ո՛վ է եղել իւրաքանչիւր դէպքում, բայց արժէ՞, արդեօք, ժամանակ կորցնել մանրակրկիտ վերլուծութեան վրայ:
Ահա վերջին դէպքը, օրինակ, շահարկման թեմա դարձաւ Արցախում ընտրութիւններին ոչ թէ ինքնառաջադրուած Վիտալի Բալասանեանին, այլ գործող նախագահին պաշտպանելու որոշումը: «Իգոր Մուրադեան» ծածկանուամբ հանդէս եկող անձնաւորութիւնը ցասման մէջ է. ինչո՞ւ Դաշնակցութիւնը պէտք է պաշտպանի Բակօ Սահակեանին: Կուսակցութեան ղեկավարութեան գլխին հերթական անգամ կեղտ է թափւում, եւ չտրուած, անպատասխան է մնում մի պարզ հարց` իսկ ինչո՞ւ կուսակցութիւնը պէտք է պաշտպանի Վիտալի Բալասանեանին: Նա կարող է աւելի լա՞ւ ապահովել ԼՂՀ պաշտպանունակութիւնը: Աւելի արդար հասարակութեան կառուցո՞ւմը: Բնակչութեան ընկերային անապահով խաւերի բարեկեցութի՞ւնը: Զօրավարի հանդէպ իմ ամբողջ բարեկամական յարգանքով հանդերձ, ես դրան կասկածում եմ: Ե՛ւ նա ինքը, ե՛ւ նրա ընկերներն ու կողմնակիցները, ե՛ւ այն Իգոր Մուրադեանը, որի անունից այսօր ստորագրւում են Դաշնակցութեան թեմայով մակաբուծութիւն անող յօդուածները, պէտք է 90-ական թուականների փորձից յիշեն, որ այդ խնդիրների լուծումն այնքան էլ կախուած չէ ղարաբաղցի նախագահի անձից, իսկ դրանց լուծման բանալին ոչ միայն Ստեփանակերտում է:
Ի դէպ, ես միտք էլ չունեմ բանավէճի մէջ մտնելու յօդուածների հեղինակի հետ, ում շարժիչ ուժը այնքան է հեռացել նրանից, ինչը մի ժամանակ միաւորում էր մեզ: Ես այս օրինակը բերեցի իմ ընկերների համար, որպէսզի հասկանալի լինի հնարովի մեղադրանքների սինութիւնն ու անհաստատութիւնը: Եւ չարժէ, որ «Իգոր Մուրադեան» կեղծանուամբ գրող անձնաւորութիւնն այդպիսի ողբերգականութեամբ մտահոգութիւն ձեւացնի Դաշնակցութեան քաղաքական ուղղութեան եւ ներքին սերտութեան համար: Դա սրտխառնուք է առաջացնում, քանի որ կապկումի յետեւում յստակ երեւում է քայքայելու, սասանելու եւ վնասելու առաջադրանքը:
Բայց վերջին յօդուածներում արդէն ահագնացած ջղայնութիւն է զգացւում: Այն պարզ է բացատրւում. ջղայնութիւն է առաջացնում Դաշնակցութեան քաղաքական ուղու հետեւողականութիւնը: Ջղայնութիւն է առաջացնում այն, որ կուսակցութիւնը չի դառնում ո՛չ մէկի գործիքը, այն, որ կանխագուշակած պառակտումը տեղի չի ունենում: Դաշնակցութեան դիմադրողականութիւնը թերագնահատել են: Նշանակում է` մակաբոյծի սնուելու միջավայրը փոքր է, ջերմուժը` քիչ: Պատուիրատուն տեսնում է, որ յօդուածների արգասիքը քիչ է, եւ տզին կամ փայտոջիլին հետ կը քաշի լիութիւնից: Սա էլ կը վազի նորին փնտռելու (առաջին անգամը չէ), իսկ ճանապարհին մէկ էլ տեսար` ճխլեցին:
«Երկիր»
16. 06. 2012

