Ազրպէյճանը Ազերիացման Ճանապարհին. Ազգային Փոքրամասնութիւնները Ժամանակակից Ազրպէյճանում

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Մի քանի օր առաջ ապօրինի թմրանիւթեր պահելու մեղադրանքով Ազրպէյճանում ձերբակալուել է «Թալիշի սատօ» (Թալիշի ձայն) թերթի եւ կայքի գլխաւոր խմբագիր, իրաւապաշտպան Կիլալ Մամետովը: Ազգութեամբ թալիշ Մամետովը արդէն երկու տասնամեակ պայքարում է Ազրպէյճանում բնակուող թալիշների իրաւունքների համար: Երբ 1993-ի ամրանը Ազրպէյճանում իշխանութեան եկաւ Հայտար Ալիեւը, բազմաթիւ այլ թալիշների հետ Մամետովը եւս ստիպուած էր հեռանալ երկրից եւ 12 տարի բնակուել Ռուսաստանում: 2005 թ. նա վերադարձաւ Ազրպէյճան:

Թալիշները Ազրպէյճանում ամենախոշոր ազգային փոքրամասնութիւնն են լեզգիներից յետոյ: Շիի թալիշները, ի տարբերութիւն թուրք ազերիների, հնդեւրոպական ժողովուրդ են, ծագումով եւ լեզուով շատ մօտ են իրանցիներին: Թալիշները գերազանցապէս բնակւում են Կասպից ծովի ափամերձ հատուածում` Ազրպէյճանի եւ Իրանի տարածքում: 1993 թուականի ամրանը թալիշները, Ալիքրամ Կումպաթովի գլխաւորութեամբ, ապստամբեցին Պաքուի կենտրոնական իշխանութիւնների դէմ եւ Ազրպէյճանի հարաւային մի քանի շրջաններ յայտարարեցին անկախ` Թալիշ-մուղանական հանրապետութիւն անունով: Հայտար Ալիեւը արեան մէջ խեղդեց թալիշների անկախութեան ձգտումները:

Ըստ 2009 թուականին Ազրպէյճանում անցկացուած մարդահամարի տուեալների, թալիշների թիւը 112 հազար է: Ոչ պաշտօնական տուեալներով, Ազրպէյճանում թալիշների թիւը 200-ից 400 հազարի սահմաններում է: Իրենք` թալիշները, նշում են կէս միլիոն թիւը: Խորհրդային Ազրպէյճանում անցկացուած մարդահամարների տուեալներով, Ազրպէյճանում թալիշներ որպէս ազգութիւն չի եղել: Միայն Խորհրդային Ազրպէյճանի վերջին` 1989 թ. մարդահամարի ժամանակ է պաշտօնապէս ընդունուել, որ Ազրպէյճանում բնակւում են թալիշներ` ընդամէնը 21 հազար:

Չնայած այն իրողութեանը, որ Խորհրդային Ազրպէյճանի 70 եւ անկախ Ազրպէյճանի 20 տարիներին թալիշները անտեսուել են` ենթարկուելով տարատեսակ ճնշումների, նրանք պահպանել են մայրենին` թալիշերէնը եւ ազգային սովորութիւնները: Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Ազրպէյճանի թալիշները հնարաւորութիւն ստացան շփուել իրենց եղբայրների հետ, ովքեր բնակւում են Իրանի հիւսիսում: Ազրպէյճան-Իրան սահմանային անցակէտերից հիմնականը գտնւում է հէնց թալիշներով բնակեցուած հատուածում` Աստարա քաղաքում:

Լրագրող եւ իրաւապաշտպան Մամետովի ձերբակալութիւնը գրաւել է միջազգային հանրութեան եւ ազրպէյճանցի իրաւապաշտպանների ուշադրութիւնը: Ազրպէյճանում յայտնի իրաւապաշտպան Լէյլա Եունուսովան յայտարարել է, որ Մամետովի ձերբակալութիւնը ճնշում է ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ: Եունուսովան ասել է, որ Ազրպէյճանում բնակուող ազգային փոքրամասնութիւնների խնդիրը քննարկելու է Բաւում հաւատարմագրուած դեսպանների հետ: Եունուսովան ընդգծել է, որ Մամետովը մեծ հեղինակութիւն է վայելում թալիշների շրջանում, իսկ նման անհատների առկայութիւնը պաշտօնական Պաքուն չի հանդուրժում:

Յիշեցնենք, որ ընդամէնը երկու ամսուայ կեանք ունեցած (1993 թ. յունիս-օգոստոս) Թալիշ-մուղանական հանրապետութեան առաջնորդ Ալիքրամ Կումպաթովը երկար տարիներ բանտում անցկացնելուց յետոյ Եւրոպայի խորհրդի ճնշման տակ հնարաւորութիւն ստացաւ դուրս գալ ազատութիւն եւ ապա հեռացաւ Ազրպէյճանից: Կումպաթովից յետոյ Ազրպէյճանի ամենայայտնի թալիշը լեզուաբան Նովրուզալի Մամետովն էր` «Թալիշի Սատօ» թերթի նախկին խմբագիրը, ով ձերբակալուել էր 2008 թ. ձմրանը: Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով 10 տարուայ դատապարտուած Նովրուզալի Մամետովը դատավճռի հրապարակումից ընդամէնը մի քանի ամիս անց մահացաւ բանտում:

Ապօրինի թմրանիւթեր պահելու մեղադրանքով օրերս ձերբակալուած Հիլալ Մամետովը յայտնի անձնաւորութիւն է ոչ միայն Ազրպէյճանում, այլեւ` Ռուսաստանում: Մամետովը վերջերս Աստարա (այս քաղաքում բնակւում են գերազանցապէս թալիշներ) էր ուղեկցել ռուսաստանեան «Էն. Թէ. Վէ.» հեռուստաալիքի խմբին, որը թալիշական հարսանիքի ժամանակ նկարահանել էր ռուսերէնով կատարուած թալիշական մէյհանայ (ազգային երգի տեսակ): Այն համացանցում տեղադրուելուց յետոյ մեծ ճանաչում եւ ժողովրդայնութիւն էր գտել ինչպէս Ազրպէյճանում, այնպէս էլ` Ռուսաստանում: Հէնց Մամետովն էր այդ տեսանիւթը պատրաստել եւ տեղադրել Եու թիուպումում: «Թի քթօ՞ թաքոյ: Տաւայ, տօ սվիտանտա» (ռուսերէնից թարգմանաբար` «Դու ո՞վ ես: Ցտեսութիւն») երգի կատարողները կրքոտ հիւմորով քննադատում էին Իլհամ Ալիեւին եւ Վլատիմիր Փութինին: Այսպէս, երգի կատարման ընթացքում արւում է մեկնաբանութիւն, որ ի տարբերութիւն Իլհամ Ալիեւի, ով «Եւրատեսիլ»-ի Պաքւում անցկացման համար միլիոններ է ծախսել, թալիշական երգը աշխարհին յայտնի կը դառնայ առանց գումար ծախսելու: Ռուսաստանեան ընդդիմութիւնը անմիջապէս վերցրել էր թալիշական այս երգը եւ դարձնելով «Փութին, թի քթ՞ թաքոյ: Տաւայ, տօ սվիտանիա» (ռուսերէնից թարգմանաբար` «Դու ո՞վ ես, Փութի՛ն: Ցտեսութիւն»), տարածել Թուիթըր միքրոպլոկում: Երկու շաբաթուայ ընթացքում քաղաքական այս երգը ունկնդրել է աւելի քան երեք միլիոն մարդ:

Ազրպէյճանում ազգային փոքրամասնութիւնների հանդէպ տարատեսակ ճնշումները յաճախ աւարտուել են ջարդերով: Այս երկրի գոյութեան 95 տարիների ընթացքում (1918-1920 թթ. Ազրպէյճանը եղել է անկախ, 1920-1991 թթ.` Խորհրդային Միութեան կազմում Խորհրդային Ազրպէյճան անունով, 1991-ին կրկին դարձել է անկախ պետութիւն) ճնշումների են ենթարկուել գրեթէ բոլոր ազգային փոքրամասնութիւնները, առաջին հերթին` հայերը: Որոշ ուսումնասիրողներ հայերին համարում են ոչ թէ փոքրամասնութիւն, այլ` Ազրպէյճանի պետականաստեղծ երկու հիմնական ազգերից մէկը: Հայերը, որոնց թիւը Ազրպէյճանում հասել է մինչեւ կէս միլիոնի, պետականօրէն ջարդերի են ենթարկուել 1918 թ. սեպտեմբերին Պաքւում, 1988 թ. փետրուարին` Սումկայիթում, նոյն տարուայ նոյեմբերին` Գանձակում, Ազրպէյճանի այլ վայրերում, եւ 1990 թ. յունուարին` Պաքւում:

Այսօր էլ Պաքուի իշխանութիւնները յայտարարում են, որ պատրաստւում են ռազմական ճանապարհով «կարգաւորել» ղարաբաղեան խնդիրը, եւ որ վաղ թէ ուշ Ստեփանակերտի վրայ ծածանուելու է ազրպէյճանական դրօշը: Սրա հետ մէկտեղ, նրանք փորձում են միջազգային հանրութեանը հաւաստիացնել, որ պատրաստ են Լեռնային Ղարաբաղին տրամադրել ամենաբարձր ինքնավարութիւն Ազրպէյճանի կազմում: Ուշագրաւ ու հեգնական է, որ ըստ պաշտօնական տուեալների, հայերը Ազրպէյճանում այսօր էլ համարւում են ամենամեծ ազգային փոքրամասնութիւններից մէկը: 2009 թ. մարդահամարի տուեալներով, հայերի թիւը Ազրպէյճանում 120 հազար է, ովքեր բնակւում են Լեռնային Ղարաբաղում:

Իրականում Ազրպէյճանում հայեր չեն մնացել, բացառութեամբ այն մի քանի հարիւր (գուցէ հազար) հայուհիների, ովքեր Խորհրդային Միութեան տարիներին ամուսնացել են ազերիների հետ եւ ստիպուած` մնացել Ազրպէյճանում: Խորհրդային Միութեան վերջին` 1989 թուականի մարդահամարի տուեալներով, հայերի թիւը Խորհրդային Ազրպէյճանում կազմել է աւելի քան 475 հազար:

Ազրպէյճանահայութեան ջարդերից եւ արտաքսումից յետոյ Ազրպէյճանում ամենամեծ ազգային փոքրամասնութիւնը լեզգիներն են, ըստ պաշտօնական տուեալների` 180 հազար: Լեզգիները հաւաքական կերպով բնակւում են Ազրպէյճանի հիւսիսային շրջանում: Սիւննի լեզգիները կովկասեան ժողովուրդ են, որոնք Ազրպէյճանից բացի, հիմնականում բնակւում են Ռուսաստանի Տաղստանի Հանրապետութիւնում, որը սահմանակից է Ազրպէյճանին: Ըստ ոչ պաշտօնական տեղեկութիւնների, Ազրպէյճանում լեզգիների թիւը հասնում է 700 հազարի:

Վերջին երեք տասնամեակներում Ազրպէյճանում բնակուող ռուսների թիւը կրճատուել է աւելի քան 4 անգամ` 475 հազարից հասնելով 119 հազարի: Ազրպէյճանում, ըստ պաշտօնական տուեալների, բնակւում են նաեւ աւարներ (կովկասեան ժողովուրդ են)` շուրջ 50 հազար, թուրքեր` 38 հազար, թաթարներ` աւելի քան 25 հազար, թաթեր (իրանական ժողովուրդ է)` աւելի քան 25 հազար, ուքրանացիներ` 21 հազար, ցախուրներ (կովկասեան ժողովուրդ են)` շուրջ 12 հազար, մահմետականացուած վրացիներ` շուրջ 10 հազար, հրեաներ` 9 հազար, քրտեր` 6 հազար:

Ազրպէյճանի վերջին 30 տարիների մարդահամարի տուեալները ցոյց են տալիս, որ մի ժամանակ բազմազգ այս երկիրը վերածւում է միացեղ պետութեան: Այսպէս, եթէ 1979 թ. Ազրպէյճանում ազերիների թիւը 4.7 միլիոն էր, ապա 2009-ին գրեթէ կրկնապատկուել է` հասնելով 8.2 միլիոնի: Առաջիկայ տարիներին Ազրպէյճանի բնակչութեան թիւը կը հասնի 10 միլիոնի: Այսօր, ըստ պաշտօնական տուեալների, Ազրպէյճանում բնակւում է շուրջ 9.2 միլիոն մարդ, իսկ տարեկան ծնւում է շուրջ 170  հազար երեխայ:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES