Արեւմտահայ Լեզուի Եւ Գրականութեան Հմայքը Հայրենի Աշակերտների Մէջ

Արդէն տասը տարի է` Փարիզի «Մաշտոց» հայ լեզուի պաշտպանութեան միութիւնը (գիտամեթոտական ղեկավար` Սորպոնի համալսարանի տոլքթոր, փրոֆ. Հիլտա Գալֆայեան-Փանոսեան) եւ «Խ. Աբովեան» հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» գիտաուսումնական Կենտրոնը (տնօրէն` դոկտոր, Փրոֆ. Սուրէն Դանիէլեան) Երեւանի, Հայաստանի Հանրապետութեան մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի դպրոցներում իրագործում են արեւմտահայ լեզուի եւ գրականութեան մէկամեայ փորձնական ծրագիր (շաբաթական չորս ժամ ծանրաբեռնուածութեամբ), որին ընդգրկուել են շուրջ եօթը տասնեակ դպրոցներ:

Դասընթացի աշխատանքները համակարգում էին «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի տեսուչներ` Քնարիկ Աբրահամեանը, Յովհաննէս Եղոյեանը եւ Մարօ Խաչատրեանը:

«Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնում յունիսի 9-ին մէկտեղուեցին 2011-2012 ուստարուայ ծրագրի մասնակից դպրոցների սաները` ներկայացնելու իրենց ամբարած գիտելիքները.

1. Երեւան, թիւ 10 հիմնական դպրոց, ուսուցիչ` Սուսան Ուռումեան, տնօրէն` Սիլվա Ապետնակեան,

2. Երեւանի թիւ 84 հիմնական դպրոց, ուսուցիչ` Անահիտ Ղազարեան, տնօրէն` Արկադի Էլոյեան,

3. Երեւանի թիւ 179 հիմնական դպրոց, ուսուցիչ` Անահիտ Յովհաննիսեան, տնօրէն` Անուշ Օհանեան,

4. Սիսիանի թիւ 3 աւագ դպրոց, ուսուցիչ` Կարինէ Գրիգորեան, տնօրէն` Նայիրա Ներսիսեան,

5. Ճամբարակի թիւ 2 դպրոց, ուսուցիչ` Փառանձեմ Օհանեան, տնօրէն` Մեխակ Աւալեան,

6. Գեղարքունիքի մարզի Կարմիրգիւղի թիւ 1 հիմնական դպրոց, ուսուցիչ` Սեդա Ասատրեան, տնօրէն` Դորվարդ Սահակեան,

7. Գեղարքունիքի մարզի Վարդենիկի կրթահամալիր, ուսուցիչ` Օլգա Դաւթեան, տնօրէն` Կամօ Բադալեան,

8. Վարդենիսի թիւ 1 աւագ դպրոց, ուսուցիչ` Արմինէ Ալէեան, տնօրէն` Ոսկան Ոսկանեան:

Անցած ուսումնական տարում կատարուեց վիթխարի աշխատանք. իւրացուեցին արեւմտահայ լեզուի հիմնարար տարրերը, դասական ուղղագրութեան կանոնները, արեւմտահայ դասական եւ սփիւռքահայ գրական շրջանները: Անցկացուել են դասալսումներ, քննարկուել են ուսումնական գործընթացի հետ կապուած առօրեայ խնդիրներ, ուսուցիչներն ստացել են յանձնարարականներ եւ խորհուրդներ: Գրողների ստեղծագործութիւնների ծրագրային իւրացումը ուղեկցուել է համակարգչային նորագոյն եղանակների կիրառութեամբ: Աշակերտների օգնութեամբ կազմուել են ուսումնական ցուցափեղկեր, կազմակերպուել են հանդիսութիւններ, ուղղագրական կանոններին վերաբերող պաստառներ: Շատ ուսուցիչներ փոխադարձ դասալսումներ են իրականացրել, ինչից հարստացել է իրենց ուսումնամեթոտական զինանոցը: Աշակերտները այցելել են թատրոն` ներկայացումների, Գրողների Միութիւն` գրքի շնորհանդէսների, ընդունել են Սփիւռքի գրողներից լիբանանահայ Արամ Սեփեթճեանին: Պանթէոնում Պետրոս Դուրեանի յուշաքարի մօտ անցկացուել է արեւմտահայ բանաստեղծութեան գողտրիկ փառատօն: Հանրային հեռուստատեսութեան Առաջին լրատուականը յունիսի 2-ին առանձին տեսանիւթով անդրադարձել էր այս դասընթացներին` հաղորդում պատրաստելով Կարմիրգիւղի դպրոցի կրթական առօրեայից:

Մրցոյթ-ստուգատեսի ընթացքում աշակերտները հնարաւորութիւն ունեցան ի ցոյց դնելու իրենց գիտելիքները` պատասխանելով քննատոմսի 10 տարաբնոյթ հարցերի:

Ընդգծենք, որ մրցոյթին դպրոցներից մասնակցում էին վեցական աշակերտ: Յանձնախումբը, ելնելով աշակերտների պատասխանների անմիջական արդիւնքներից, կազմեց առաջադիմութեան ամփոփիչ սանդղակ:

Առաջին տեղն անվիճելիօրէն գրաւեցին Վարդենիսի թիւ 1 աւագ դպրոցի աշակերտները (45,8 միաւոր): Երկրորդ տեղում Երեւանի թիւ 84 դպրոցի 8-րդ դասարանցի սաներն էին (40,4 միաւոր), երրորդում` 179 դպրոցի աշակերտները (37,05 միաւոր): Լաւագոյնների շարքում էին` Էլեն Ղազարեանը, Լիլիթ Յովանեանը, Միլենա Բարսեղեանը, Լիլիթ Վարդանեանը, Զարինէ Գրիգորեանը, Մարիանա Հայրապետեանը եւ ուրիշներ:

Միւս տեղերում յաջորդաբար հանգրուանեցին Սիսիանի, Ճամբարակի, Կարմիրգիւղի եւ Երեւանի թիւ 10 դպրոցի աշակերտները:

Յունիսի վերջին, երբ Երեւանում կը լինի «Մաշտոց» Միութեան նախագահ փրոֆ. Հիլտա Գալֆայեանը, յանձնախումբը կ՛այցելի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գիւղի կրթահամալիր` տեղում ստուգելու աշակերտների` արեւմտահայ գրամշակութային աշխարհի իմացութեան աստիճանը:

Ուսուցիչները, աշակերտները, դպրոցների ներկայացուցիչները, ծնողները շնորհակալութիւն յայտնեցին դասընթացի կազմակերպիչներին` յատկապէս ընդգծելով փրոֆ. Հիլտա Գալֆայեան-Փանոսեանին նուիրումը այս աշխատանքներին:

«ՍՓԻՒՌՔ»
ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԱԿԱՆ ԿԵԴՐՈՆ

Share this Article
CATEGORIES